2023
Բռնություն, որդեգրում և բժշկում
Հունվար 2023


«Բռնություն, որդեգրում և բժշկում», Լիահոնա, հունվար 2023

Չափահաս երիտասարդներ

Բռնություն, որդեգրում և բժշկում

Իմ ընտանիքը դաժան ու անկայուն էր, բայց Քրիստոսի շնորհիվ ես այժմ հույսեր եմ կապում իմ ապագա ընտանիքի հետ։

Նկար
չափահաս երիտասարդ կինը մահճակալին նստած աղոթում է

Լուսանկարը՝ մոդելի մասնակցությամբ

Ես մեծացել եմ անկայուն միջավայրում։ Իմ կենսաբանական ծնողները բռնության են ենթարկել և անտեսել են ինձ, և ես շատ դժվար մարտահրավերներ եմ ունեցել։ Ես պայքարում էի անհանգստության, մարմնի ձևի հետ կապված խնդիրների, անորեքսիայի և իրավիճակային ընկճախտի դեմ, որոնք ինձ տարիներ շարունակ գերության մեջ էին պահում։

Իմ կենսաբանական ծնողները կնքվել էին տաճարում, բայց ութ տարեկանում՝ իմ մկրտվելուց անմիջապես հետո, նրանք սկսեցին հեռանալ Եկեղեցուց։ Եվ որքան շատ էին նրանք հեռանում իրենց ուխտերից, այնքան մեր վիճակը վատանում էր։

14 տարեկանում ես խնամում էի աուտիզմով հիվանդ եղբորս և մորս։ Ես մոլորվել էի և հսկողությունից դուրս մնացել։ Ես ատում էի ինձ և իմ վիճակը և կարծում էի, որ իմ կյանքը երբեք չի փոխվի։

Սակայն այնուհետև մի հրաշք պատահեց։ Իմ կենսաբանական մայրը հասկացավ, որ չի կարողանում հոգ տանել իմ մասին և զանգահարեց Սինգապուրում գտնվող իր եղբորը՝ հարցնելով, թե արդյոք նա կորդեգրի ինձ։ Լեփ-լեցուն պայուսակներով և արցունքոտ աչքերով ես նստեցի ինքնաթիռ՝ սկսելու նոր կյանք՝ առանց չարաշահումների։ Բայց ինձ որդեգրած ընտանիքին և նոր մշակույթին հարմարվելը դժվար էր, և ես պայքարում էի առաջ շարժվելու համար։

Ինձ որդեգրած ծնողներս անում էին ամեն հնարավոր բան, որ օգնեն ինձ։ Ես այցելում էի թերապևտների և բժիշկների։ Ես նաև սկսեցի նորից եկեղեցի գնալ, բայց ինձ համար դժվար էր սովորել Երկնային Հոր մասին, ով սիրում է ինձ և նպատակ ունի ինձ համար, քանի որ ես չէի հավատում դրան այն ամենից հետո, ինչի միջով անցել էի։

Ես երջանիկ չէի։ Ես չգիտեի, թե ինչպես բուժել անցյալի վերքերը և դեռ չէի կարողանում հույսեր կապել ապագայի հետ։

Բժշկվելու ցանկություն

Մի օր ես մտածում էի, թե որքան կարճ է մահկանացու կյանքը։ Ես չէի ցանկանում կյանքս տխուր անցկացնել։ Ես պետք է սովորեի իմ փորձություններից, կիրառեի իմ սովորած ավետարանի սկզբունքները և հրավիրեի Քրիստոսին իմ կյանք։

Ես որոշեցի ուժ գտնել իմ մեջ և հավատ գործադրել․ սկսեցի ծնկի գալ և ամեն օր Երկնային Հորից զորություն խնդրել՝ ներելու իմ կենսաբանական ծնողներին, փոխելու իմ վախը հավատքի, գտնելու բժշկում, երջանկություն և սեր իմ կյանքում։ Ես հաճախեցի ինստիտուտ և սկսեցի ուսումնասիրել սուրբ գրությունները և կիրառել ավետարանի ճշմարտությունները իմ կյանքում։

Ես իսկապես փնտրեցի Հիսուս Քրիստոսի բուժիչ զորությունը և Նրա Քավությունը։ Եվ ժամանակի ընթացքում իմ կյանքը սկսեց փոխվել։ Քանի որ ես համբերատար էի, այցելում էի թերապևտին և ստանում դեղորայք, և ամեն օր լցնում էի իմ կյանքը Հոգով, սկսեցի բուժվել. ես դարձա ավելի շփվող և սկսեցի վերագտնել ինքս ինձ։ Ես ինձ ապահով էի զգում։ Ես ծառայում էի ուրիշներին։ Ես սիրեցի, ներեցի և ընդունեցի ինքս ինձ։ Ես հաստատեցի առողջ, սիրալիր հարաբերություններ։ Ես սկսեցի զգալ Երկնային Հոր սերն իմ հանդեպ։ Եվ իմ կյանքում առաջին անգամ ես զգացի իսկական ուրախություն։

Քրիստոսն առաջարկում է հույս մեր ապագայի համար

Ես չեմ կարող փոխել իմ անցյալը, բայց ինչպես ասվում է Վարդապետություն և Ուխտեր 122․7 հատվածում, «այս բոլոր բաները փորձառություն կտան [ինձ] և կլինեն [իմ] օգտի համար»։ Այժմ ես գիտեմ, որ Փրկիչը աջակցել է ինձ իմ պայքարում։ Չնայած դրան՝ ես շատ եմ աճել փոխվելու իմ ցանկության շնորհիվ և որովհետև շարունակում եմ դիմել Նրան։

Եթե դուք գտնվում եք ընտանեկան բարդ իրավիճակում, իմացեք, որ դուք ունեք Երկնային Հայր, ով գիտի ձեզ, սիրում է ձեզ և դռներ կբացի պայծառ ապագայի համար։ Նախքան որդեգրվելը՝ ես ինքս ինձ ասում էի, որ իմ հանգամանքները երբեք չեն փոխվի, ես երբեք չեմ ամուսնանա և երեխաներ չեմ ունենա, քանի որ վախենում էի, որ նրանք կտառապեն ինձ նման։ Բայց ես սովորեցի, որ անկախ նրանից, թե ինչ դժվարություններ ենք ունեցել մեր ընտանիքներում, երբ փնտրում ենք Քրիստոսին, մենք կարող ենք կառուցել մեր ապագա տները և հավերժական ընտանիքները՝ հույսով, ավետարանի ճշմարտություններով և սիրով։

Ինչպես ուսուցանել է Յոթանասունից երեց Քլարկ Գ․ Գիլբերտը․ «Մենք բոլորս … սկսում ենք տարբեր տեղերում՝ կյանքի տարբեր օժտումներով։ Ոմանք ծնվում են բարձր ելակետերով, որոնք լի են հնարավորությամբ: Մյուսները բախվում են դժվարին … թվացող … հանգամանքների։ Հետո մենք առաջ ենք ընթանում անձնական առաջընթացի թեք գծի երկայնքով: Մեր ապագան ավելի քիչ կորոշվի մեր ելակետով և ավելի շատ՝ մեր թեք գծով: Հիսուս Քրիստոսը տեսնում է աստվածային ներուժ, անկախ նրանից, թե որտեղից ենք մենք սկսել։ … Իր հաշվարկով Տերը կանի այն, ինչ կարող է`օգնելով մեզ դեպի երկինք շրջել մեր թեք գծերը»։1

Ինչպիսին էլ լինեն ձեր հանգամանքները, Հիսուս Քրիստոսում կա հույս և բժշկում։ Նա ձեզ հետ է, և Նա կառաջնորդի ձեզ դեպի խաղաղություն և ուրախություն, մինչ դուք մշտապես փնտրում եք Նրան։

Տպել