2023
Պիտի լինես քո տղայի կողքին
Հունվար 2023


«Պիտի լինես քո տղայի կողքին», Լիահոնա, հունվար 2023

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Պիտի լինես քո տղայի կողքին

Այն բանից հետո, երբ Հոգին խոսեց հորս հետ իմ քահանայության կարգման ժամանակ, նա հիմնովին փոխեց իր կյանքը։

Նկար
տղան կարգվում է

Չորս սերունդ, Կվանի Պովի Վինդեր

Ես ակտիվացա Եկեղեցում, երբ հորեղբայրս՝ Բիլը, երկու քույրերիս և ինձ տարավ Երեխաների միություն։ Երեխաների միության իմ ուսուցիչը՝ Ջին Ռիչարդսոնը, բարի մոր կերպար էր։ Ինձ դուր եկան նա և եկեղեցու իմ նոր ընկերները, ովքեր շատ ավելի բարի էին իմ հանդեպ, քան իմ բակի երեխաները։ Ուստի, ես որոշեցի մնալ։

Երբ ես դարձա 12 տարեկան, եպիսկոպոս Դալ Գայմոնը հրավիրեց ինձ ստանալ Ահարոնյան Քահանայություն և ձեռնադրվել սարկավագ։ Ես վստահ չէի, թե ինչ է դա, սակայն ասացի՝ այո։ Ապա նա ասաց. «Գուցե դու խնդրես քո հայրիկին, որ հաջորդ կիրակի քեզ բերի այստեղ, և մենք քեզ կձեռնադրենք»։

Հայրս և իր ընտանիքը դադարել էին հաճախել եկեղեցի, երբ նա մոտ 13 տարեկան էր։ Չափահաս դառնալուց հետո հանգստի օրերի մեծ մասը նա անցկացրել էր բարերում կամ ձկնորսության էր գնացել։ Նա ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում Երկրորդ համաշխարհային պատերազմի և կորեական պատերազմի ժամանակ։ Նա սիգար էր ծխում, խմում էր և հայհոյում, բայց մեր փոքրիկ Մոնտանա քաղաքում ազնիվ և արդար մարդու համբավ ուներ։

Երբ հաջորդ կիրակի հայրս ինձ տարավ եկեղեցի, դա մեծ իրադարձություն էր։ Երբ ժամանակը եկավ, եպիսկոպոս Գայմոնը կանչեց ինձ և խնդրեց նստել աթոռին։ Մի քանի տղամարդ, բայց ոչ հայրս, ձեռքերը դրեցին գլխիս և կատարեցին արարողությունը։

Ես ինձ վրա զգացի մի քանի մեծ ձեռքերի ծանրությունը։ Հայրիկը, որը նստած էր նստարանին՝ մի քանի ոտնաչափ հեռավորության վրա, կրծքավանդակում մի տեսակ ճնշում զգաց։ Մի ձայն ներսից ասում էր նրան․ «Երբ հաջորդ անգամ նման արարողություն կատարվի, դու պիտի լինես քո տղայի կողքին»։

Հաջորդ շաբաթների ընթացքում հայրիկը հիմնովին փոխեց իր կյանքը և սկսեց ամեն կիրակի հաճախել եկեղեցի։ Շուտով Եկեղեցին դարձավ մեր ընտանեկան կյանքի կենտրոնը։

Հայրս դարձավ իմ սարկավագների, ուսուցիչների և քահանաների քվորումի խորհրդականը. իմ կիրակնօրյա դպրոցի ուսուցիչը և իմ բասկետբոլի, սոֆթբոլի և վոլեյբոլի մարզիչը։ Մինչ մենք տնային ուսուցման զուգընկերներ էինք, հայրս օգնեց այլ տղամարդկանց և ընտանիքների վերադառնալ և ակտիվ լինել Եկեղեցում։

Հորս աջակցությամբ ես ունեցա իմ անձնական և փոխակերպող դարձի փորձառությունը։ Այդ ժամանակից ի վեր ես փորձել եմ ուշադիր լինել այն տղամարդկանց հանդեպ, որոնք, ինչպես հայրիկս, կարող են արձագանքել հրավերին՝ դառնալով լավագույն հայրը, որ կարող են լինել։

Ես հավերժ երախտապարտ կլինեմ այն ամենի համար, ինչ իմ հորեղբայր Բիլը, Երեխաների միության բարի ուսուցիչը, իմաստուն եպիսկոպոսը և հայրս արեցին ինձ համար 60 տարի առաջ։

Տպել