2023
Օրինակի զորությունը
Հունվար 2023


«Օրինակի զորությունը», Լիահոնա, հունվար 2023

Նկարներ հավատքի թեմայով

Օրինակի զորությունը

Ես գիտեի, որ միակ ճանապարհը, որով կարող էի իմ կնոջը բերել Եկեղեցի, իմ օրինակն էր։ Երբ ես փոխեցի վարքագիծս, նա սկսեց զգալ Աստծո Հոգին։

Նկար
ամուսինը և կինը աղոթում են

Լուսանկարը` Քոդի Բելլի

Մի օր աշխատանքի գնալիս ես տեսա երկու երիտասարդների, որոնք Աստծո խոսքն էին քարոզում փողոցում։ Նրանք կանգնեցրին ինձ և հարցրին՝ արդյոք ցանկանում եմ ավելին իմանալ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին։ Այդ ժամանակ ես չգիտեի, թե հոգևոր առումով ուր է գնում իմ ընտանիքը։ Մենք հոգևոր կողմնացույց չունեինք մեր ճանապարհը գտնելու համար։

Այդ առավոտ ես ալկոհոլ էի օգտագործել, ուստի շատ բան չեմ հիշում այն ամենից, ինչ ասում էին միսիոներները։ Բայց նրանք ինձ տվեցին Մորմոնի Գիրքը և մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին գրքույկ՝ իրենց հեռախոսահամարի հետ միասին։ Ավելի ուշ՝ այդ օրը ես սկսեցի կարդալ։ Ինչ-որ բան հուզեց իմ հոգին, երբ ես կարդացի Մորմոնի Գիրքը, և զարմացա, թե ինչպես կարող էր 14-ամյա տղան այդպիսի հրաշալի տեսիլք ունենալ։

Ես փնտրում էի ճշմարտությունը, ուստի սկսեցի հանդիպել միսիոներների հետ։ Դասերի մեծ մասը անցնելուց հետո ես հասկացա, որ պետք է մկրտվեմ։ Բայց երբ մոտենում էր իմ մկրտության օրը, մենք մի դաս ունեցանք, որն ինձ համար դժվար էր լսել։ Այդ դասը Իմաստնության խոսքի մասին էր։

Այդ դասն ինձ համար ծանր էր, քանի որ ես շատ էի խմում։ Իմ աշխատանքային միջավայրը ծանր էր։ Բոլորը, ում հետ աշխատում էի, խմում էին, և ես էլ էի խմում։ Հաճախ աշխատանքից հետո գնում էի խմելու և ուշ գիշերով տուն գալիս։

Սակայն միսիոներները շատ լավ աշխատեցին ինձ հետ։ Ես շարունակում եմ սիրել նրանց դրա համար։ Նրանք սովորեցրին ինձ, որ Աստված ցանկանում է, որ մենք ուժեղ լինենք, և որ Նա մեզ տվել է Իմաստության խոսքը՝ մեզ օրհնելու համար։ Այդ օրենքին հնազանդվելն իսկապես դժվար էր ինձ համար, բայց կամաց-կամաց սկսեցի պահել այն։ Հիշում եմ, որ ամեն օր զանգում էի միսիոներներին, տեղեկացնում նրանց իմ առաջընթացի մասին և ասում, որ ես այդ օրը չեմ խմել։ Նրանք շատ էին ուրախանում իմ առաջընթացի համար։

Նրանց օգնությամբ ես մկրտվեցի և մտա Հիսուս Քրիստոսի հոտը։ Այդ գեղեցիկ օրը ես զգացի Հոգին։ Սակայն ես մենակ էի, երբ միացա Եկեղեցուն։ Ես ցանկանում էի, որ իմ ընտանիքը լիներ ինձ հետ։

Երբ կնոջս՝ Քլիրիմի հետ խոսեցի Եկեղեցու մասին, նա սկզբում չլսեց ինձ։ Նրա պապը պատկանում էր այլ կրոնի, և նա զարմանում էր, թե ինչու է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին նույնիսկ եկել Ալբանիա։ Ես գիտեի, որ միակ ճանապարհը, որով կարող էի նրան բերել Եկեղեցի, իմ օրինակն էր։ Մեր գործողությունների միջոցով մարդիկ կարող են տեսնել, թե իրականում ով ենք մենք։

Քլիրիմը փոփոխություններ նկատեց իմ մեջ, երբ ես թողեցի ալկոհոլը և սկսեցի շուտ տուն վերադառնալ աշխատանքից։ Իմ մեջ տեղի ունեցող փոփոխությունների շնորհիվ նա սկսեց զգալ Աստծո Հոգին, մինչ ես նրան պատմում էի Եկեղեցու մասին։ Չեմ կարող նկարագրել այն ուրախությունը, որ ունեցա, երբ նա ինձ ասաց, որ մի օր ինքը նույնպես կմկրտվի։ Շուտով նա սկսեց մասնակցել միսիոներական դասերին և ես օգնեցի միսիոներներին ուսուցանել։ Ես հատկապես ուրախացա, երբ նա նշանակեց իր մկրտության օրը՝ իմ մկրտությունից վեց ամիս հետո։

Նրա և մեր երկու երեխաների մկրտությունից հետո, երբ յուրաքանչյուրը ութ տարեկան դարձավ, ես զգացի, որ մենք կարող ենք դառնալ հավերժական ընտանիք։ Սակայն մկրտությունը միայն սկիզբն էր։ Պատրաստվելով գնալ տաճար՝ մենք գիտեինք, որ պետք է հետևենք Աստծուն մինչև մեր կյանքի վերջը՝ պահելով պատվիրանները, գնալով եկեղեցի, ճաշակելով հաղորդությունը, ծառայելով կոչումներում, կարդալով սուրբ գրությունները և ավելին սովորելով ուխտերի և փրկության ծրագրի մասին։

Այն օրը, երբ մենք ընտանիքով կնքվեցինք Ֆրանկֆուրտի (Գերմանիա) տաճարում, ևս մi գեղեցիկ օր էր։ Տաճարում ես ավելին հասկացա երջանկության ծրագրի մասին, որը մեր Աստված ունի մեզ համար, և ես զգացի Նրա սերը։

Ես դեռ հիշում եմ այն խոստումները, որ ես ու Քլիրիմը տվեցինք տաճարում։ Ամեն անգամ, երբ ինչ-որ բան այն չէ, կամ մենք դժվար ժամանակներ ենք ունենում, իմ միտքը վերադառնում է այդ խոստումներին։

Մենք՝ որպես ընտանիք, փորձում ենք ներդաշնակ ապրել միմյանց հետ, քանի որ դա այն է, ինչ մենք զգացինք տաճարում։ Ամեն անգամ, երբ մտածում եմ տաճարի մասին, ես ինձ երջանիկ ու օրհնված եմ զգում։ Ես գիտեմ, որ Աստված իրական է, Նա սիրում է մեզ և ցանկանում է, որ մենք երջանիկ լինենք։

Տպել