2023
Աստվածային ծրագրի որոնումը մեր «անկատար» ընտանիքի համար
Հունվար 2023


«Աստվածային ծրագրի որոնումը մեր «անկատար» ընտանիքի համար», Լիահոնա, հունվար 2023

Չափահաս երիտասարդներ

Աստվածային ծրագրի որոնումը մեր «անկատար» ընտանիքի համար

Մահկանացու կյանքում «կատարյալ» ընտանիք չունենալը կարող է ցավալի լինել, բայց մենք կարող ենք օգտագործել մեր իրականությունը, որպեսզի ավելի մոտենանք Փրկչին։

Նկար
չափահաս երիտասարդ կինը մտածում է ընտանիքի մասին

Նկարները՝ Դեյվիդ Գրինի

Ոչինչ չի բերում իմաստի, ուրախության, կարոտի և ցավի ավելի խորը զգացումներ, որքան մեր երկրային փորձառության առանցքային նշանակություն ունեցող հարաբերությունները՝ մեր ընտանեկան հարաբերությունները։ Եվ քանի որ այդ հարաբերությունները շատ կարևոր են, մեր Եկեղեցու ղեկավարները ոգեշնչվեցին ստեղծել «Ընտանիք. հայտարարություն աշխարհին» հռչակագիրը։1 Դրա ճշմարտությունները վկայում են սիրառատ Հոր մասին, ով ցանկանում է, որ մենք իմանանք աստվածային օրինաչափությունները, որոնք տանում են դեպի հավերժական երջանկություն ընտանեկան կյանքում։

Նախագահ Հենրի Բ. Այրինգը՝ Առաջին Նախագահության երկրորդ խորհրդականը, ուսուցանել է. «Քանի որ մեր Հայրը սիրում է իր զավակներին, նա չի թողնի մեզ գուշակել, թե ինչն է ամենակարևորն այս կյանքում, երբ մեր ուշադրությունը կարող է երջանկություն բերել, կամ մեր անտարբերությունը կարող է տխրություն բերել»։2 Սա ներառում է անհամար սուրբ ընտանեկան դերերը, որոնք մենք կարող ենք ունենալ այս կյանքում՝ դուստր կամ որդի, քույր կամ եղբայր, մայր կամ հայր, մորաքույր կամ հորեղբայր, տատիկ կամ պապիկ։

Ընտանեկան հռչակագրի ճշմարտությունները լուսավորում են «հավերժական կատարելության» ուղին, որի փափագն ունեն մեզանից շատերը՝ ամուր, երջանիկ հավերժական ընտանեկան հարաբերություններ։ Խնդիրն այն է, որ մենք ապրում ենք «մահկանացու իրականության մեջ»։ Եվ այդ բացը «իրականի» և «կատարելության» միջև կարող է ցավալի լինել։ Երբեմն, մեզ առաջնորդող լույսի փոխարեն ընտանիքի հռչակագիրը կարող է հանդես գալ որպես ցայտուն հիշեցում այն մասին, թե որտեղ ենք «թերացել» «կատարելության» հասնելու ճանապարհին։

  • Գուցե մենք փափագում ենք ամուսնություն, բայց չենք տեսնում դա որպես հնարավորություն։

  • Գուցե մենք ամուսնացել ենք և ունեցել կործանարար ամուսնալուծության փորձառություն։

  • Գուցե մենք փափագում ենք երեխաներ ունենալ, բայց չենք կարողանում։

  • Գուցե մենք բռնության ենք ենթարկվել ընտանեկան հարաբերություններում, որոնց վստահում էինք։

  • Գուցե մենք զգալի ցավ ենք ապրել ընտանիքի սիրելի անդամների ընտրությունների պատճառով։

  • Գուցե մենք մեզ մասնատված ենք զգում՝ չնայած մեր սիրելիների միջև միասնություն հաստատելու մեր լավագույն ջանքերին։

  • Գուցե մենք նույնիսկ հիասթափվել ենք չկատարված ցանկությունների և խոստումների պատճառով։

Իրականում մենք բոլորս ընտանեկան կյանքում կունենանք դժվարություններ, ցավ ու վիշտ՝ ոմանք ավելի շատ, քան մյուսները։ Ինչ-որ չափով մենք բոլորս շեղվում ենք ընտանիքի հռչակագրում նշված կատարյալ օրինաչափություններից։

Այն, ինչ մենք կարող ենք չգիտակցել, աստվածային նախագիծն է այդ իրականության մեջ։

Փնտրենք և հնազանդվենք Փրկչին

Ես՝ որպես չամուսնացած կին, որը երկար տարիներ երազում էր ամուսնանալ և երեխաներ ունենալ, ցանկանում էի և հավատում, որ իմ կյանքի հիմնական նպատակը կատարյալ ընտանեկան կյանքի հասնելն է, ինչպիսին նկարագրված է ընտանիքի հռչակագրում։ Այնուամենայնիվ, չնայած իմ ամենաանկեղծ ջանքերին, ես կարծես թե չկարողացա դրանք իրականացնել այնպես, ինչպես կարծում էի, որ պետք է լիներ։ Այդ պայքարը ցավալի էր։

Այդ ժամանակ ես չէի կարող տեսնել այն հրաշք գործը, որը Տերը կատարում էր իմ սրտում այդ պայքարի միջոցով։

Հետ նայելով ես հասկանում եմ, որ իմ չիրականացած երազանքները սուրբ դեր խաղացին իմ սիրտը դարձնելու դեպի իմ Քավիչը՝ խաղաղություն և ուղղություն փնտրելու հարցում, որը Նա միայն կարող էր ապահովել և խորացնել իմ վստահությունը Իր կատարյալ սիրո և հնարավորություններ տվող զորության հանդեպ։ Ամենօրյա աղոթքը և սուրբ գրությունների ուսումնասիրությունը, և հատկապես գերագույն համաժողովի ելույթները, դարձան հույսի և առաջնորդության փրկօղակ։ Ես ստիպված դիմեցի իմ հայրապետական օրհնության խոսքերին, և քահանայության այլ օրհնությունների, որպեսզի գտնեմ սեր և ուղղորդում, որոնք անձնապես ինձ էին տրված իմ Հավիտենական Հոր կողմից։

Երբ ես իմ սիրտը բացեցի Տիրոջ առաջ, նույնիսկ երբ գայթակղվեցի դառնությամբ երես թեքել, սրբազան տպավորություններ եկան իմ մտքում և սրտում, որոնք ինձ վստահեցրին, որ Նա գիտեր, թե որտեղ եմ ես, որ իմ կյանքը գեղեցիկ ծրագիր ուներ, և որ ես կարող էի վստահել Նրան։ Իմ Քավչին պատկանելու ուխտը3 դարձավ մեծ խաղաղության և ուրախության մի աղբյուր, որը գերազանցում է իրականություն դարձած կամ երջանկության ցանկացած այլ աղբյուրի։

Ես հասկացա, որ չնայած հավատում էի, որ իմ կյանքի նպատակը կատարյալ ընտանիքի մասին իմ երազանքներին հասնելն էր, Տերը հնարավոր էր դարձնում այն, ինչ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն անվանեց մահկանացու կյանքի հիմնական նպատակը։ Մեջբերելով Բենիամի թագավորի խոսքերը, նա բացատրել է․ «Թերևս հիմնական նպատակն է … դառնալ «սուրբ Տեր Քրիստոսի քավության զորության միջոցով», որը մեզանից կպահանջի դառնալ «ինչպես մի երեխա՝ ենթարկվող, հեզ, խոնարհ, համբերատար, սիրով լի, հոժար ենթարկվելու բոլոր բաներին, որոնք Տերը հարմար է տեսնում բերել նրա վրա, ճիշտ ինչպես երեխան է ենթարկվում իր հորը»։4

Փրկչի օգնության և զորության կարիքը ստիպեց ինձ փնտրել և զգալ Նրա սրտի հնազանդությունը, հեզությունը, խոնարհությունը, համբերությունը և սերը։ Այդ ընթացքում ես փոխվեցի Նրա արտոնող զորության միջոցով։ Եվ իրականում դա հենց այն էր, ինչը ես ամենաշատն էի ցանկանում։ Այն, ինչ թվում էր այդքան «անկատար», իրականում ճանապարհ էր հարթել դեպի ամենագեղեցիկ «կատարելությունը»։

Իմ մտերիմ գործընկեր Թայ Մենսֆիլդը նկարագրել է նմանատիպ մի ճշմարտություն։ Լինելով միասեռական գրավչություն ապրող տղամարդ՝ Թայը ականատես եղավ այն հոգևոր աճին, որը կարող է տեղի ունենալ, երբ մենք խարսխում ենք մեր կյանքը Հիսուս Քրիստոսում և պատրաստակամորեն Նրան հանձնում մեր ամբողջ սիրտը՝ թույլ տալով Նրան սրբագործել բոլոր դժվար փորձառությունները մեր օգտի համար։ Թայի համար այն սկսվեց նրանով, որ Հոգին սովորեցրեց նրան, որ «անկախ նրանից, թե ես երբևէ կամուսնանամ, թե ոչ, Աստված անսահման սիրում է ինձ և ընդունում։ Իմ պարտականությունն էր շարունակել ապրել տվյալ օրը՝ փնտրելով և հետևելով Հոգու առաջնորդությանը»։5 Եվ, ի վերջո, Աստծուն վստահելը Թային մղեց ուրախ, գեղեցիկ, հավերժական ամուսնության իր կնոջ հետ։

Զարգացնենք ավելի խորը հարաբերություններ Փրկչի հետ

Ես նույնպես վերջապես ամուսնացա այն բանից հետո, երբ մտածում էի, թե արդյոք երբևէ կամուսնանամ։ Բայց Հիսուս Քրիստոսում խորապես խարսխված լինելու անհրաժեշտությունը միայն շարունակվել է, եթե ոչ ավելացել այն տարիներին, երբ ես կնքվել եմ ամուսնուս հետ։ Ես նորից սկսեցի փնտրել Նրա խաղաղությունը, քանի որ պայքարում էի անպտղության դեմ։ Ես չգիտեի, թե ինչպես կարող եմ երբևէ ունենալ այն ուրախությունը, որն ակնկալում էի ընտանեկան կյանքում, եթե երեխաներ չունենայի։ Բայց նույնիսկ այն բանից հետո, երբ ես և ամուսինս օրհնվեցինք երկու երեխաներով, ես՝ որպես մայր, հաճախ կենտրոնանում էի իմ թույլ կողմերի վրա։ Թեև ես վերջապես ունեցա այն, ինչը միշտ ցանկացել էի, որոշ առումներով «կատարյալի» և «իրականի» միջև բացը կարծես թե մեծացել էր։

Այս հանգամանքները ինձ հրավիրեցին վերաիմաստավորել մահկանացու կյանքի նպատակները և Աստծո կողմից սահմանված գործընթացները, որոնց միջոցով մենք աճում ենք։ Միգուցե կյանքի նպատակը իրականում կատարյալ ընտանիք ունենալը չէ։ Գուցե մահկանացու կյանքում նույնիսկ գոյություն չունի կատարելություն։ Գուցե ընտանիքը, փոխարենը, առաջընթացի հնարավորություն է։

Գուցե իրականությունը, որը ցավոք «հեռու է կատարելությունից», իրականացնում է սուրբ նպատակ՝ խթանելու մեզ դեպի աճ, որն անհրաժեշտ է իսկապես «կատարյալ» հարաբերություններ զարգացնելու համար։ Գուցե զորությունը նրանում է, որ իրականի և կատարյալի միջև առկա մեծ բացը մեզ հրավիրում է ավելի խորը հարաբերությունների Հիսուս Քրիստոսի հետ, որտեղ Նա բուժում և սրբացնում է այն, ինչը կոտրված է թվում՝ այդ ընթացքում զարգացնելով իմաստություն, ուժ և սեր։ Հրաշք է այն, որ Նրա շնորհի ու փրկագնման և միայն Նրա միջոցով մենք կարող ենք դառնալ այնպիսի մարդիկ այնպիսի հարաբերություններով, ինչպիսիք մենք ձգտում ենք ունենալ երկնքում։

Ես եկել եմ այն համոզման, որ ընտանեկան հարաբերություններում որևէ մեկը չի հասնում «կատարելության»՝ գոնե այս կյանքում։ Բայց ազնվությունը, պարկեշտությունը և անկեղծ մտերմությունը հնարավոր է։ Իրականում, կատարելություն ձևացնելը կամ ակնկալելը կխանգարի Աստծո, մեր ընտանիքների և այլոց հետ իրական մերձեցմանը։ Փոխարենը, երբ թույլ ենք տալիս, որ Քրիստոսը, մեր ընտանիքները և մյուսները մեզ տեսնեն այնպիսին, ինչպիսին մենք իրականում կանք, ներառյալ այն ամենը, ինչ «հեռու է կատարելությունից», մենք կարող ենք Նրա սրբագործող զորությունը հրավիրել մեր կյանք։ Մենք կարող ենք զգալ Նրա հրաշագործ զորությունը, որը լուծում է առաջարկում անլուծելի թվացող խնդիրներին, լցնում մեզ Նրա սիրով և փոխելով մեզ դարձնում այնպիսի էակներ, որոնք ավելի խորը հարաբերություններ ունեն Նրա և մեր սիրելիների հետ։

Թերևս ընտանիքի հռչակագրի ամենասուրբ նպատակը մեզ վստահեցնելն է, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ «կատարյալ» ընտանիքը կարող է լինել մեզանից յուրաքանչյուրի հավերժական ճակատագիրը։

Մենք՝ որպես երկնային ծնողների սիրելի որդիներ ու դուստրեր, բոլորս պատկանում ենք հավերժական ընտանիքի։ Մահկանացու կյանքում մեր եզակի փորձառությունը մեր Հոր ծրագրի էական մասն է, որը կօգնի մեզ աճել և «ի վերջո գիտակցել [մեր] աստվածային ճակատագիրը՝ որպես հավերժական կյանքի ժառանգորդներ»6․ նույն գեղեցիկ ընտանեկան կյանքը, որը Նա ունի է, որքան էլ այժմ տարբերվի մեր ընտանեկան փորձառություններից։ Ինչպես հայտարարել է Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիսթոֆերսոնը. «Մենք վստահաբար վկայում ենք, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը նախատեսված էր և, ի վերջո, կփոխհատուցի բոլոր նրանց զրկանքներն ու կորուստները, ովքեր դիմում են Նրան։ Ոչ ոքի համար նախատեսված չէ, որ պետք է ստանա ավելի քիչ, քան ամենը, որ Հայրն ունի Իր զավակների համար»։7

Ճիշտ ինչպես Տերը խոստացավ Հակոբին իր «անկատար» ընտանիքի մարտահրավերների ընթացքում, Նրա հետ ուխտի միջոցով փոխհարաբերություններ ունենալը վստահեցնում է մեզ. «Ես քեզ հետ եմ և ամեն տեղ, ուր էլ գնաս, ես կպահպանեմ քեզ և քեզ կվերադարձնեմ [տուն], որովհետև քեզ չեմ թողնի, մինչև որ չկատարեմ այն, ինչ որ ասել եմ քեզ» (Ծննդոց 28․15)։ Երբ մենք հետևում ենք Նրան, անկախ նրանից, թե ինչպիսին է մեր անկատար իրականությունը, Նա չի «թողնի մենք հեռանանք», մինչև մենք չդառնանք այնպիսին, ինչպիսին ցանկանում ենք լինել՝ հավիտյան կապված ընտանեկան հարաբերությունների մեծ ուրախությամբ։

Տպել