2023
Դժվարությունների հաղթահարումը հարաբերություններում
Հունվար 2023


«Դժվարությունների հաղթահարումը հարաբերություններում», Լիահոնա, հունվար 2023։

Դժվարությունների հաղթահարումը հարաբերություններում

Ընտանեկան խնդիրները կարող են հաղթահարվել, եթե մենք պատրաստ լինենք փնտրելու Տիրոջ օգնությունը՝ փոխվելու և կատարելագործվելու համար։

Նկար
կինը և տղամարդը կանգնած են իրար դիմաց՝ կոտրված կամրջի վրա

Նկարները՝ Ալե+Ալե

Ընտանեկան հարաբերություններում դժվարությունների հաղթահարումը կարող է մեզ հնարավորություն տալ փորձարկելու մեր զգացմունքային սահմանները։ Ես՝ որպես թերապևտ, տեսել եմ բազմաթիվ սրտաճմլիկ իրավիճակներ։ Բայց ես նաև ականատես եմ եղել օրհնությունների նրանց կյանքում, ովքեր բախվել են իրենց ընտանեկան խնդիրներին՝ փնտրելով Տիրոջ օգնությունը, որպեսզի բարելավեն իրենց հաղորդակցությունը, մեծացնեն իրենց սերն ու հասկացողությունը և միասին աշխատելու կարևոր փոփոխություններ կատարեն։ Տիրոջ օգնությամբ նրանք ուժ են գտել աճելու՝ իրենց խնդիրների միջով անցնելիս։

Քրիստոսանման հաղորդակցությունը կարող է բերել սեր և հասկացողություն

Թոմը և Ջոանը (անունները փոխված են) երկուսն էլ կորցրել էին իրենց ամուսնական զույգին։ Թոմի կինը մահացել էր քաղցկեղից, իսկ Ջոանի ամուսինը կախվածության պատճառով հեռացել էր և այլ հարաբերությունների մեջ էր մտել։ Թոմը և Ջոանը հանդիպել են ամուրիների համաժողովում և անհամբեր սպասում էին ամուսնությանը։

Նրանցից յուրաքանչյուրը երեխաներ ուներ՝ 15 տարեկան և փոքր։ Նրանց ընտանիքները միասին մի քանի անգամ գնացել էին զբոսնելու, և Թոմն ու Ջոանը հնարավոր խնդիրներ են նկատել ընտանիքների միավորման հարցում։ Նրանք եկան խորհրդատվություն ստանալու որոշ գաղափարների շուրջ, թե ինչպես ձևավորել առողջ շփում, որպեսզի ճիշտ կողմնորոշվեն իրենց կյանքի այս նոր փուլում։

Ես խորհուրդ տվեցի, որ նրանք վերանայեն Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահի՝ նախագահ Մ. Ռասսել Բալլարդի ուղերձը ընտանեկան խորհուրդների վերաբերյալ։ «Երեխաները մեծապես կարիք ունեն, որ ծնողները լսեն իրենց,- ուսուցանել է նա,- իսկ ընտանեկան խորհրդի ժամանակ ընտանիքի անդամները կարող են սովորել հասկանալ ու սիրել իրար»։1

Իրենց ընտանեկան խորհուրդների ժամանակ նրանք որոշեցին հետևել հետևյալ օրակարգին․

  1. Նշել խնդիրը։

  2. Փնտրել լուծումներ։

  3. Ընտրել ծրագիր։

  4. Կյանքի կոչել այն։

  5. Գնահատել ծրագրի հաջողությունը հաջորդ շաբաթ և անհրաժեշտության դեպքում վերանայել ծրագիրը։

Բացի ընտանիքով միասին խորհրդակցելուց, Թոմն ու Ջոանը սովորեցին, որ երբ հարաբերությունների լարվածությունը մեծ է, կարող է անհրաժեշտություն առաջանալ սովորելու, թե ինչպես բարելավել նաև անհատական հաղորդակցությունը։

Թոմը և Ջոանը սովորեցին մի քանի եղանակներ, որոնք օգնեցին նրանց բարելավել իրենց հաղորդակցությունը և իրենց երեխաների հետ հարաբերությունները։

  • Ծնողները միահամուռ ուժերով լուծումներ էին փնտրում երեխաների հետ կապված խնդիրների առնչությամբ։

  • Եթե երեխան դժվարանում էր կատարել իր առօրյա գործերը, ծնողներից մեկը ժամանակ էր անցկացնում նրա հետ՝ քննարկելով օրը, մինչ նրանք աշխատում էին ավարտին հասցնել գործերը։

  • Նրանք ամեն շաբաթ ժամանակ էին հատկացնում՝ խորացնելու իրենց հարաբերությունները յուրաքանչյուր երեխայի հետ։

  • Նրանք ի սկզբանե որոշել էին, որ չպիտի երբևէ թույլ տան, որ «զգացմունքային» ուղեղը (գոռգոռոցը) տիրի «ռացիոնալ» որոշումների վրա կենտրոնացած ուղեղին (քննարկում)։

  • Ամեն անգամ, երբ ծնողի և երեխայի միջև իշխանության համար պայքար էր ընթանում, ծնողը նման բան նկատելով հետ էր քաշվում և ավելի ուշ վերադառնում՝ նոր լուծում մտածելու։

Երբ ընտանիքն ամեն ինչ անում էր հարաբերությունների բարդ խնդիրներին հավատարիմ, առողջ ձևերով մոտենալու համար՝ քննարկելով իրենց մարտահրավերները և միասին հաղթահարելով դրանք, Թոմն ու Ջոանը կարևոր աճ նկատեցին իրենց երեխաների, ինչպես նաև իրենց մոտ։

Փոխըմբռնումն ու սերը մեզ ավելի են մտերմացնում

Երբ երեխաները դառնում են չափահաս, միշտ չէ, որ կատարում են մեր երազած ընտրությունները։ Ինչպե՞ս ենք մենք արձագանքում նման իրավիճակներում։ Ինչպե՞ս կարող ենք պահպանել կամ նույնիսկ ամրապնդել մեր հարաբերությունները, որպեսզի կարողանանք շարունակել աջակցող, արդար ազդեցություն ունենալ նրանց կյանքում։

Թերին և Բրյուսը եկան իմ գրասենյակ այն բանից հետո, երբ Թերին և նրանց որդին՝ Սեթը, վիճել էին հեռախոսազրույցի ժամանակ։ Սեթը երեք տարի սովորում էր քոլեջում և ապրում էր ընտանիքից հեռու։ Նա լուրջ հիվանդություն ուներ և դեռ պետք է գտնվեր բժշկի խնամքի ներքո։ Իր հիվանդության պատճառով նա միսիա չէր ծառայել։ Թերին և Բրյուսը չգիտեին, թե որքան ամուր էր նրա վկայությունը, կամ արդյոք նա եկեղեցի էր հաճախում։ Նրանք անհանգստանում էին, որ Ջոլինը՝ Սեթի նոր ընկերուհին, այն ազդեցությունը չուներ Սեթի կյանքում, որը նրանք կցանկանային։ Ծնողներին վրդովեցրել էր նրա ընտրած ուղին։

Մինչ մենք խոսում էինք այն մասին էինք, թե նրանք ինչ կարող էին անել, մենք քննարկեցինք կորած ոչխարի առակը։ Հովիվը հավանաբար նախ լսել էր ոչխարի բառաչը, հետո գտել, սիրել և հետ էր բերել հոտ (տես Ղուկաս 15․6)։ Թերին և Բրյուսը հասկացան, որ չէին կարող փոխել Սեթին, բայց նրանք որոշեցին փորձել լսել նրան, սիրել և հրավիրել տուն։ Նրանք չէին կարող ընտրել կին կամ կյանքի ուղի նրա համար, սակայն կարող էին հիշեցնել նրա հանդեպ և ավետարանի հանդեպ ունեցած իրենց ընտանիքի սիրո մասին։

Թերին զանգեց Սեթին և ներողություն խնդրեց վիճաբանության համար։ Նա պարզապես լսում էր, երբ որդին ասում էր, որ ամաչում էր, քանի որ միսիա չէր ծառայել։ Նա մտածում էր, թե ինչպես կարող էր ժամադրվել եկեղեցուց որևէ աղջկա հետ։ Նրանք Սեթին և Ջոլինին տուն հրավիրեցին քոլեջի արձակուրդների ժամանակ։

Սեթը և Ջոլինը եկան։ Սեթի քույրերը ջերմ ընդունելության արժանացրին զույգին։ Ծնողները սիրով ընդունեցին Սեթի վերադարձը տուն և ասացին նրան այդ մասին։ Թերին և Բրյուսը սկսեցին ավելի հաճախակի կապվել Սեթի հետ։ Թերին հաղորդագրություններ էր ուղարկում շաբաթական մի քանի անգամ։ Ընտանիքը ամեն կիրակի տեսակապով ժողովներ էր անցկացնում։ Սեթի հայրը ժամանակ էր հատկացնում նրա հետ գոլֆ խաղալու և ձկնորսության գնալու համար։ Սեթը դանդաղ, բայց ավելի ամուր կապեր հաստատեց ընտանիքի հետ։ Ի վերջո, Սեթը որոշեց, որ Ջոլինի ընտրած ուղին ճիշտ չէր իր համար։ Ավելի ուշ նա ամուսնացավ մի հրաշալի աղջկա հետ, ում նա մկրտեց։

Թերին և Բրյուսը գտան իրենց կորած գառնուկին՝ լսելով, սիրելով և հրավիրելով վերադառնալ հոտ։

Նկար
տղամարդը և կինը միասին վերանորոգում են կամուրջը

Փոփոխության վրա միասին աշխատելը կարող է ամրապնդել հարաբերությունները և խթանել աճը

Մերին և նրա ամուսինը՝ Դեյվիդը, երկար տարիներ ամուսնացած էին և իրենց համայնքի հարգված անդամներ էին։ Բայց մի օր Մերին պատահաբար իմացավ, որ Դեյվիդը հարաբերությունների մեջ է մեկ այլ կնոջ հետ։

Մերին մտավ իմ աշխատասենյակ՝ միաժամանակ զգալով բարկություն, վիշտ և տխրություն։ Նա հեկեկալով պատմում էր եղելությունը և գիտեր, որ պետք է ասեր Դեյվիդին, թե ինչ է զգում, բայց ոչ զայրացած, որպեսզի Հոգին լիներ իրենց հետ։

Աղոթքով նախապատրաստվելուց հետո նա ասաց Դեյվիդին, որ սիրում է նրան, բայց ցնցված է՝ իմանալով նրա հարաբերությունների մասին մեկ այլ կնոջ հետ։ Նրանք պետք է հանդիպեն եպիսկոպոսի հետ և քննարկեն իրենց ամուսնության ճակատագիրը։ Դեյվիդը չէր ցանկանում կորցնել իր կնոջը կամ ընտանիքը։ Եպիսկոպոսի օգնությամբ նա սկսեց ապաշխարության գործընթացը։

Մերին գիտեր, որ կան բաներ, որ նրանցից յուրաքանչյուրը պետք է անի, որպեսզի ապաքինում գտնի անհատապես և որպես զույգ։ Մերին խնդրեց Դեյվիդին մնալ իր ծնողների տանը որոշ ժամանակ, մինչ ինքը կկարգավորեր իր զգացմունքները։ Նա այցելում էր տաճար՝ հայցելով Տիրոջ օգնությունը։ Նա շարունակեց թերապիան՝ ամրապնդելով իր հաղորդակցման հմտությունները և սովորելով սահմանել համապատասխան սահմաններ։

Մերին և Դեյվիդը միասին․

  • Կարդում էին սուրբ գրությունները ամեն երեկո։

  • Աղոթում էին։

  • Կիսվում էին առօրյա իրադարձություններով։

  • Շաբաթը մեկ անգամ երեկոյան ժամադրություն էին կազմակերպում։

Նրանք սկսեցին շփվել ավելի ազատ։ Մերին հայտնում էր իր կարծիքը, իսկ Դեյվիդը լսում էր։ Նրանք սկսեցին խոսել միմյանց հետ այնպես, ինչպես խոսում էին, երբ նոր էին ամուսնացել:

Մերին պատմում էր, որ ոչ միայն Դեյվիդը, այլ նաև ինքը փոխվեց։ Նա իրեն ավելի ուժեղ և ինքնավստահ էր զգում։ Դեյվիդն ապաշխարեց և տուն եկավ։

Տիրոջն իրենց առօրյա կյանքում ներառելը ավելի մեծ վստահություն և սեր բերեց նրանց հարաբերություններին։ Երկուսն էլ զգացին, որ Տիրոջ օգնությամբ այս մարտահրավերը հաղթահարելու ջանքերը զորացրել են իրենց։

Քրիստոսի խոսքերը կառաջնորդեն մեզ

Երբ մենք քննարկում ենք բարդ ընտանեկան հարաբերություններ, թող որ բոլորս հիշենք Տիրոջ հետ խորհրդակցելու մասին։ Երբեմն նա մեզ կասի, թե ինչ պետք է անել։ Երբեմն մենք կարող ենք ընտրել։ «Քանզի ահա, լավ չէ, որ ես պատվիրեմ բոլոր բաներում» (Վարդապետություն և Ուխտեր 58․26)։ Բայց կան նաև այլ դեպքեր, երբ մենք պետք է ապավինենք Տիրոջը։ Եթե մենք ունենանք հավերժական հեռանկար, հավերժության հարստությունները մերը կլինեն «և բոլոր բաները միաժամանակ կգործեն [մեր] բարիքի համար» (Վարդապետություն և Ուխտեր 90.24

Տպել