2023
Ընտանեկան կարևոր զրույցներ
Հունվար 2023


«Ընտանեկան կարևոր զրույցներ», Լիահոնա, հունվար 2023

Ընտանեկան կարևոր զրույցներ

Կարևոր զրույցները կօգնեն մեր երեխաներին իմանալ, թե ինչին են իրենք հավատում և ինչու են հավատում դրան։

Նկար
հայր և որդի մագլցում են սարը

Նկարները՝ Նոա Ռեգանի

Որդին խնդրեց հորը ուսուցանել իրեն սար մագլցելու մասին։ Հայրը սովորեցրեց բոլոր կարևոր բաները, ներառյալ ծրագրելը, անվտանգությունը, նախապատրաստությունը և սարքավորումները։ Որդին հարցրեց, թե երբ են պատրաստվում խոսել արտակարգ իրավիճակների դեպքում նախատեսվող գործողությունների մասին։ Հայրն ասաց, որ չի ցանկանում վախեցնել որդուն, և որ այս խոսակցությունը կարող է սպասել, մինչև էական դառնալը։

Նրանք ավարտեցին իրենց ուսուցումը և գնացին դեպի Ռեյներ լեռը Սիեթլի մոտ (Վաշինգտոն)՝ կատարելու իրենց առաջին լեռնագնացության արշավը։ Սկզբում նրանք հրաշալի փորձառություն ունեցան, պայմանները հրաշալի էին, մինչև եղանակը վատացավ, և նրանք շուտով հայտնվեցին ձնակույտի առաջ։

Նրանք չգիտեին՝ ինչ անել, քանի որ չէին քննարկել նման իրավիճակ։ Որդին հարցրեց հորը․ «Հայրի՛կ, իսկ հիմա ես պատրա՞ստ եմ, որ խոսենք արտակարգ իրավիճակների ժամանակ նախատեսվող գործողությունների մասին»։

Մեր ընտանիքների ապահովության վերաբերյալ կարևոր զրույցները կարող են օգնել մեզ նախապատրաստվելու կյանքի ձյունակույտերին։

«Տիեզերքի մեծագույն ճշմարտությունն այն է, որ Աստված սիրում է մեզ», - ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը։1 Նրա խոսքերը հիշեցնում են մեզ, որ սերն է հիմքը ողջ հավերժության և մեր ամենօրյա կյանքի համար։ Այդ սերն է նախադրյալը կարևոր զրույցների ու կապերի, որոնք մենք ունենում ենք մեր ընտանիքի հետ։

Ես՝ որպես ամուսին, հայր, դպրոցի խորհրդատու և հոգեկան առողջության արտոնագրված խորհրդատու, հասկացել եմ, որ ընտանեկան զրույցները կարևոր են և չպետք է հետաձգվեն։ Ջոյ Դ․ Ջոնսը՝ Երեխաների միության նախկին գերագույն նախագահը, ասել է․ «Մենք չենք կարող սպասել, որ դարձը պարզապես տեղի ունենա մեր երեխաների կյանքում։… Հիսուս Քրիստոսի ավետարանի շուրջ ընտանեկան զրույցները … կարևոր զրույցներ են, … կարող են հրավիրել Հոգուն»։2

Ի՞նչ են իրենցից ներկայացնում կարևոր զրույցները

Քույր Ջոնսը սահմանում է կարևոր զրույցները՝ որպես «պարզ, հոգատար զրույցներ[, որոնք] կարող են առաջնորդել երեխաներին [և մեզանից յուրաքանչյուրին] իմանալ ոչ միայն այն, ինչին նրանք հավատում են, այլ ամենակարևորը, թե ինչու են հավատում դրան»։3 Այս սահմանման մեջ ինձ դուր եկած բառերից մեկն է պարզ բառը: Կարիք չկա, որ մեր երկխոսությունը լինի խորը կամ բարդ կամ նույնիսկ՝ ծրագրված։ Իրականում, լավագույն զրույցներից մի քանիսը, որոնք մենք երբևէ կունենանք, չեն կարող ծրագրվել, այլ միայն կարող ենք նախապատրաստվել դրանց՝ միշտ ունենալով Հոգին մեզ հետ, որ օգնի մեզ։

Քույր Ջոնսը նաև ուսուցանել է․ «Պատահական դարձը Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունք չէ։ Մեր Փրկչի նման դառնալը պատահականորեն տեղի չի ունենա»։4 Դա տեղի է ունենում տող առ տող, ժամանակ տրամադրելով և ջանք գործադրելով։

Ի՞նչ հաճախականությամբ պետք է տեղի ունենան կարևոր զրույցները

Մենք պետք է ամեն օր խոսենք մեր երեխաների հետ։ Որքան հաճախ մենք ունենանք կարևոր զրույցներ, այնքան դրանք ավելի նորմալ, բնական և լուսավոր կդառնան։

Կարևոր զրույցներ ունենալու ամենավատ տարբերակը դրանք ընդհանրապես չունենալն է։ Մենք հաճախ մտածում ենք, որ ճիշտ ժամանակը չէ, չափազանց բարդ է կամ մեր երեխաները չեն հասկանա։ Մենք չենք ցանկանում վիրավորել, սխալ բան ասել կամ անհարմարություն պատճառել որևէ մեկին։ Ինչևէ, զրուցելու փորձ կատարելն ավելի լավ է, քան ոչինչ չասելը։

Իսկ մենք ինչպե՞ս ենք կարևոր զրույցներ ունենում մեր երեխաների հետ

Ես բացահայտել եմ կարևոր զրույցներ ունենալու պարզ բաղադրատոմսը՝ սիրել, լսել և փոխվել։ Թեև մենք կարող ենք կատարյալ չլինել դրանցից որևէ մեկում, մենք կարող ենք ձգտել հետևողականորեն հետևել օրինակին։

Սիրել․ Առանց սիրո հիմքի և կիրառման մենք չենք կարող ունենալ ամենաարդյունավետ կարևոր զրույցները։ Սերը պետք է լինի այն ամենի շարժառիթը, ինչ անում ենք մեր ընտանիքում։ Մեր երեխաները պետք է ապահով զգան մեզ հետ շփվելիս, և սերն է ապահովում այդ կարևոր միջավայրը։ Մենք կարող ենք միշտ սեր ցուցաբերել։ Հիսուս Քրիստոսը մեզ ցույց է տվել, թե ինչպես։

Քույր Ջոնսն ասել է․ «Երբ մեր երեխաներին դաստիարակում և նախապատրաստում ենք, մենք թույլ ենք տալիս նրանց ազատ կամք դրսևորել, մենք սիրում ենք նրանց ամբողջ սրտով, մենք նրանց ուսուցանում ենք Աստծո պատվիրանները և ապաշխարության Նրա պարգևը, և մենք երբեք, երբեք չենք կորցնում նրանց հանդեպ մեր հավատը։ Ի վերջո, չէ՞ որ Տերը հենց այդպես է վարվում մեզանից յուրաքանչյուրի հետ»։5

Լսել․ Ես իմ սեփական սխալների միջոցով սովորել եմ, որ ուշադիր լսելը ցանկացած կարևոր զրույցի կարևոր մասն է։ Մենք պետք է նախ լսենք և լսենք խոսելուց երկու անգամ շատ։ Հիսուս Քրիստոսը կարևոր զրույցներ ունենալու և ուշադիր լսելու կատարյալ օրինակ է։ Հովհաննես 8-րդ գլխում մենք սովորում ենք, որ երբ փարիսեցիները նրա մոտ բերեցին շնության մեջ բռնված կնոջը, Նա նախ հարցրեց նրան. «Քեզ ամբաստանողները որտե՞ղ են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց» (հատված 10)։ Որպեսզի օգներ հասնել անհրաժեշտ ուսուցմանը, Նա հարցեր տվեց և լսեց՝ նախքան ուսուցանելը։

Փոխվել․ Երբ մենք արդեն իսկ սիրել, լսել և զրուցել ենք, ո՞րը պետք է լինի մեր հաջորդ քայլը։ Արդյո՞ք մենք պետք է ապաշխարենք, սովորեցնենք, ավելի շատ լսենք, ծառայենք, ներողություն խնդրենք, ներենք։ Կարևոր զրույցները մեզ պետք է հնարավորություն տան փոխվելու։ Հուսով եմ, որ մենք միշտ ձգտում ենք լինել, ինչպես նախագահ Ռասսել Մ. Նելսոնն է ուսուցանել, «Մի փոքր ավելի լավը ամեն օր»։6

Նկար
հայր և որդի զրուցում են

Ինչպե՞ս կարող ենք ավելի հաճախ ունենալ կարևոր զրույցներ։

Դուք կառաջնորդվեք հայտնությամբ, թե ինչը կարող է լավագույնս օգնել ձեր ընտանիքին։ Խորհեք այս առաջարկների շուրջ՝ մեր ընտանիքի փորձառությունից։

Սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրություն․ Երբ ես հարցրի մեր երեխաներին, թե մենք ինչ ենք անում, որն ամենաշատն է օգնում նրանց ավետարանական զրույցներ ունենալ, նրանք ասացին, որ դա ամեն երեկո միասին սուրբ գրություններն ուսումնասիրելն է՝ օգտագործելով Եկ, հետևիր ինձ ձեռնարկը։

Վկայությունների ընտանեկան ժողով՝ ամեն ծոմապահության կիրակի․ Սա սովորաբար վկայության պաշտոնական ժողով չէ, այլ ժամանակ, երբ մեր ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է կիսվել իր զգացմունքներով, համոզմունքներով, դժվարություններով և հաջողություններով։ Ես և կինս միշտ ձգտում ենք վկայել Հիսուս Քրիստոսի մասին։ Այս ժողովը դարձել է մեր տան ամենաազդեցիկ փորձառություններից մեկը։

Ընտանեկան ընթրիք․ Երբ ընթրիքի ընթացքում ասում ենք՝ «Ժամը քանիսն է», երեխաները գիտեն, որ ժամանակն է, որ յուրաքանչյուրը կիսվի մի բանով, որը լավ է անցել, և մի բանով, որը նրանք կցանկանային, որ ավելի լավ լիներ այդ օրը։ Դա հաճախ հանգեցնում է երախտագիտության, սիրո, երբեմն՝ հիասթափությունների, իսկ հաճախ՝ ավետարանի շուրջ կենտրոնացած խոսակցությունների, որոնք այլ պայմաններում տեղի չէին ունենա։

Առանձին զրույցներ․ Ինձ համար շատ թանկ է այն ժամանակը, երբ ամեն ամիս ծոմի կիրակի օրը ես նստում եմ իմ երեխաներից յուրաքանչյուրի հետ առանձին, աղոթում նրանց համար անուն առ անուն, նայում նրանց աչքերի մեջ և հարցեր տալիս։ Ես փորձում եմ լսել և հասկանալ նրանց զգացմունքներն ու կարիքները։ Սկզբում դա կարող էր տարօրինակ լինել նրանց համար, բայց հիմա նրանք կարոտում են, եթե չենք ունենում այդ զրույցները։ Հուսով եմ, որ նրանք գիտեն, որ իրենց հետ անցկացրած ժամանակն ինձ համար ավելի կարևոր է, քան որևէ այլ բան, և որ ես ուզում եմ ամեն օր կարևոր զրույցներ ունենալ նրանց հետ։

Նպատակների վերանայում․ Ամեն տարի հունվարին մենք սահմանում ենք անհատական և ընտանեկան նպատակներ։ Այնուհետև մենք ամեն ամիս քննարկում ենք դրանց հետ կապված մեր աճն ու առաջընթացը սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ կամ ընտանեկան երեկոյի դասի ժամանակ։ Արդյունքում մենք ունենում ենք կարևոր զրույցներ։

Զույգերի կամ ծնողների համագործակցությունը․ Ամեն կիրակի երեկոյան, երբ ես և կինս վերանայում ենք մեր շաբաթվա օրացույցը, նաև հարցնում ենք միմյանց ինքնազգացողության, դժվարությունների մասին կամ ինչում օգնության կարիք ունենք։ Մենք կարևոր զրույցներ ենք ունենում մեր ամուսնության և մեր յուրաքանչյուր երեխայի մասին, և թե ինչ պետք է անենք, որպեսզի շարունակենք սերմանել Հիսուս Քրիստոսի ավետարանը մեզանց յուրաքանչյուրի սրտում։

Իմ կնոջ մոտ դիմացինին լսելը շատ ավելի լավ է ստացվում, քան ինձ մոտ, և նա շատ ավելի լավ է օգնում մեզ հավասարակշռված մնալ և կենտրոնանալ ուխտի ուղու վրա։ Ես շատ բան եմ սովորել նրանից և անչափ օրհնված եմ, որ նա ընտրել է ինձ հավերժության համար։

Մեր ընտանիքը կատարյալ չէ այս բոլոր քայլերը կատարելիս, բայց մենք գործադրում ենք մեր լավագույն ջանքերը և շարունակում փորձել։

Պատրաստվեք՝ նախքան ձյունակույտի հայտնվելը

Մի սպասեք, մինչև կյանքի ձնակույտերը հարվածեն ձեր ամուսնությանը, երեխաներին կամ այլ հարաբերություններին։ Դրանք անխուսափելի են։ Ավետարանը և այլ կարևոր զրույցները մեզ լավագույնս պատրաստում են միայն այն դեպքում, եթե տեղի են ունենում կանխամտածված և կանոնավոր կերպով։

Կնոջս, երեխաներիս և ընտանիքիս հետ հավերժ միասին լինելն իմ ամենամեծ նպատակն է և այն ամենի նպատակը, ինչ ես անում եմ, ներառյալ յուրաքանչյուր կարևոր զրույց։

Ես անկատար եմ, ինչպես բոլորս, բայց Հիսուս Քրիստոսի զորության և ապաշխարության միջոցով ես բարձրացվում եմ։ Փրկիչը խոստացել է ամրացնել մեզ Իր զորությամբ և հույսի կատարյալ պայծառությամբ, որը Նա տալիս է մեզ Իր Քավության միջոցով։ Պարտադիր չէ, որ մենք կատարյալ լինենք, բայց մենք պետք է ձգտենք կատարելության։ Մեզանից յուրաքանչյուրին հասանելի է այդ զորությունը։ Դուք չեք ձախողվի։ Հաջողությունը միշտ բխում է ջանքերից։

Նախագահ Նելսոնը խոստացել է, որ «եթե դուք ընտրեք թույլ տալ, որ Աստված տնօրինի ձեր կյանքը, ինքներդ կզգաք, որ մեր Աստվածը «հրաշքների Աստված է» [Մորմոն 9․11]»։7 Դա կարող է ներառել այն, որ թույլ տանք Աստծուն տնօրինել մեր կարևոր զրույցները։ Բոլոր բաները հնարավոր են մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, ներառյալ այս կարևոր զրույցները։ Սերն է միշտ Նրա պատասխանը։

Հեղինակն ապրում է Վաշինգտոնում, ԱՄՆ:

Տպել