2023
Որտե՞ղ էիր
Հունվար 2023


«Որտե՞ղ էիր», Լիահոնա, հունվար 2023

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Որտե՞ղ էիր

Ես ստիպված էի ընդունել Աստծո ժամանակն ու նպատակները, երբ սովորում էի սիրել իմ տատիկին այնպես, ինչպես Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսն են սիրում նրան։

Նկար
տատիկը և թոռնիկը միասին ծիծաղում են

Չնայած տատիկի հիվանդությանը, այն ամենը, ինչ նա անում է ինձ համար, իմ հանդեպ ունեցած նրա սիրո շնորհիվ է։

Լուսանկարները տրամադրել է հեղինակը

«Որտե՞ղ էիր, զավակս»,- հարցրեց տատիկս, երբ նա պատասխանեց իմ դռան թակոցին։ Ես նոր էի վերադարձել Սալվադորի լիաժամկետ միսիայից։ Տատիկի աչքերը ուրախությամբ լցվեցին, երբ նորից տեսավ ինձ։ Նրա ձեռքերը փափուկ և տաք էին, երբ նա փաթաթվեց իմ պարանոցին։

Մենք զվարճալի զրույց ունեցանք, մինչ ես պատասխանում էի իմ միսիայի վերաբերյալ նրա հարցերին։ Ես հուզվում էի, երբ պատմում էի նրան իմ միսիայի մարդկանց, սննդի, քրտնաջան աշխատանքի և հրաշքների մասին։ Երբ ես ավարտեցի, նա հանկարծ լռեց։ Հետո հարցրեց. «Որտե՞ղ էիր, զավակս»։

Ըստ երևույթին, նա չէր լսում։ Այսպիսով, մենք նորից սկսեցինք մեր զրույցը։ Չէր անցել նույնիսկ 20 րոպե, երբ նա երրորդ անգամ հարցրեց. «Որտե՞ղ էիր, զավակս»։

Ինչ-որ բան այնպես չէր։ Շուտով ես իմացա, որ իմ միսիայի մեկնելուց մոտ մեկ տարի անց տատիկիս մոտ Ալցհեյմերի հիվանդություն էր ախտորոշվել։

Ես մեծ ցանկություն ունեի օգնելու տատիկիս։ Երկու տարի ես քարոզել էի այն սերը, որն Աստված ունի Իր զավակների հանդեպ։ Այժմ ես հնարավորություն ունեի կյանքի կոչել այդ ուսմունքները։ Թեև գիտեի, որ դժվար է լինելու, ես առաջարկեցի տեղափոխվել նրա մոտ, որպեսզի կարողանայի օգնել նրան։

Առաջին մի քանի ամիսները ամենաբարդն էին։ Ինչպես միսիայի ժամանակ, համբերություն ունենալը և հիասթափությունը վերահսկելը դարձավ լրիվ դրույքով աշխատանք։ Եվ ինչպես իմ միսիայում, ես ստիպված էի ընդունել Աստծո ժամանակն ու նպատակները, երբ սովորում էի սիրել իմ տատիկին այնպես, ինչպես Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսն են սիրում նրան։

Տատիկի հետ ապրելը երբեմն նման է երեք տարբեր մարդկանց հետ ապրելուն։ Երբեմն նա տանել չի կարողանում, երբ տանը ուրիշ մեկն էլ է լինում։ Երբեմն նրա համար ցանկալի են իմ խնամքն ու ուշադրությունը, և ուրախ է, որ մենակ չէ։ Երբեմն նա կարողանում է մտածել միայն այն մասին, թե ինչով հյուրասիրի իր թոռանը, որը նոր է վերադարձել միսիայից։ «Մի՛ արա» արտահայտությունը կարող է արագ դառնալ «Ինչո՞ւ չես անում»։

Տատիկս, այնուամենայնիվ, մեծ օրհնություն է եղել ինձ համար։ Ես գիտեմ, որ չնայած տատիկի հիվանդությանը, այն ամենը, ինչ նա անում է ինձ համար, իմ հանդեպ ունեցած նրա սիրո շնորհիվ է։

Իմ տատիկի ամենաքաղցր և ամենաանկեղծ խոսքերը հնչում են ամեն անգամ, երբ ես տուն եմ վերադառնում քոլեջից կամ աշխատանքից։ Քնքուշ հայացքով նա գրկում է ինձ, համբուրում այտերս և սիրով հարցնում. «Որտե՞ղ էիր, զավակս»։

Տպել