Լիահոնա
Բոլորի Փրկիչը, Ավետարան բոլորի համար
Մարտ 2024


«Բոլորի Փրկիչը, Ավետարան բոլորի համար», Լիահոնա, մարտ 2024

Բոլորի Փրկիչը, Ավետարան բոլորի համար

Հիսուս Քրիստոսի ավետարանը, Քավությունը և Հարությունը օրհնում են Աստծո բոլոր զավակներին:

Նկար
Քրիստոսը և անդամալույծ մարդը

Քրիստոսը և անդամալույծ մարդը, Ջ. Քըրք Ռիչարդս, բազմացումն արգելվում է

Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը՝ առաջին հերթին, ամենակարևորը և հավիտյանս՝ հավիտենական երջանկության, իսկական խաղաղության և ուրախության աղբյուրն է բոլորի համար այս վերջին օրերում: Օրհնությունները, որոնք բխում են ավետարանից և Քրիստոսի անսահմանափակ բարերարությունից, երբևէ նախատեսված չեն եղել միայն մի քանի ընտրյալների համար՝ հին կամ նոր ժամանակներում:

Անկախ նրանից, թե որքան անհամարժեք ենք մենք զգում, և անկախ մեղքերից, որոնք կարող են մեզ որոշ ժամանակ հեռացնել Նրանից, մեր Փրկիչը վստահեցնում է մեզ, որ «նա առաջ է մեկնում իր ձեռքը դեպի [մեզ], ողջ օրվա ընթացքում» (Հակոբ 6.4)՝ հրավիրելով մեզ բոլորիս գալ Իր մոտ և զգալ Իր սերը:

Ավետարանի օրհնությունները ողջ աշխարհի համար են

Հիսուս Քրիստոսի ավետարանը «վերականգվել է այս վերջին օրերում՝ բավարարելու երկրի վրա յուրաքանչյուր ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի հիմնական պահանջները»:1 Ավետարանը հասանելի է յուրաքանչյուր ազգի, ռասայի և մշակույթի մարդկանց՝ ուսուցանելով, որ «բոլորը նույնն են Աստծո համար» (2 Նեփի 26.33):2 Մորմոնի Գիրքը այս ճշմարտության ուշագրավ վկայությունն է:

Այս հրաշալի հիշատակարանը վկայում է, որ Քրիստոսը հիշում է բոլոր ազգերին (տես 2 Նեփի 29.7) և «նա ինքը հայտնվում է բոլոր նրանց, ովքեր հավատում են իրեն, … [և] գործ[ում է] հզոր հրաշքներ, նշաններ և զարմանալիքներ մարդկանց որդիների մեջ» (2 Նեփի 26.13): Այս հզոր հրաշքների, նշանների և զարմանալիքների թվում է ավետարանի տարածումը: Ուստի մենք միսիոներներ ենք ուղարկում աշխարհով մեկ՝ վկայելու ավետարանի բարի լուրի մասին: Մենք նաև կիսվում ենք ավետարանով մեզ շրջապատող մարդկանց հետ: Ողջերի և մահացածների համար վերականգնված քահանայության բանալիների օգտագործումը երաշխավորում է, որ ավետարանի լրիվությունն ի վերջո հասանելի կլինի մեր երկնային ծնողների յուրաքանչյուր որդու և դստեր համար՝ անցյալում, ներկայում կամ ապագայում:

Այս ավետարանի ամենից կարևոր կողմը՝ երբևէ կանչված յուրաքանչյուր մարգարեի և առաքյալի գլխավոր ուղերձն այն է, որ Հիսուսը Քրիստոսն է, և Նա եկավ օրհնելու բոլորին: Մենք՝ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, հայտարարում ենք, որ Նրա քավիչ զոհաբերությունը ողջ աշխարհի համար է:

Անսահման և հավերժական քավության կարիքը

Երբ ես շրջում եմ աշխարհով մեկ, հարցազրույցներ եմ անցկացնում Եկեղեցու անդամների լայն շրջանակի հետ: Ես ոգեշնչվում եմ՝ լսելով, թե նրանք ինչպես են զգում Հիսուս Քրիստոսի Քավության օրհնություններն իրենց կյանքում, նույնիսկ երբ խոստովանում են վաղուց գործած մեղքը: Հրաշալի է, որ Նրա Քավության մաքրագործող մխիթարությունը միշտ հասանելի է բոլորիս:

«Պետք է մի քավություն», - Ամուղեկը հայտարարել է, … «այլապես, ողջ մարդկությունն անխուսափելիորեն պիտի կորչի»։ Մենք հավիտյան կլինենք «ընկ[ած և … կորած], … եթե չլինի քավությունը, որն անհրաժեշտորեն պետք է արվի»: Քանի որ «մի անսահման քավությունից զատ ոչ մի բան չի կարող լինել, որ բավարարի աշխարհի մեղքերի համար» (Ալմա 34.9, 10, 12):

Մեծ մարգարե Հակոբը նույնպես ուսուցանել է դա, քանի որ «մահն անցավ բոլոր մարդկանց վրա, … պետք է անպայման լինի հարության մի զորություն», որպեսզի տանի մեզ դեպի Տիրոջ ներկայություն (2 Նեփի 9.6):

Պետք է հաղթվեին և մեղքը, և մահը: Սա Փրկչի առաքելությունն էր, որը Նա խիզախորեն ավարտեց Աստծո բոլոր զավակների համար:

Նկար
Քրիստոսը Գեթսեմանիում

Գեթսեմանի, նկարը՝ Ջ. Քըրք Ռիչարդս, բազմացումն արգելվում է

Մեր Փրկչի զոհաբերությունը

Իր մահկանացու կյանքի վերջին գիշերը Հիսուս Քրիստոսը մտավ Գեթսեմանիի պարտեզ: Այնտեղ Նա ծնկի իջավ ձիթենու ծառերի տակ և սկսեց ընկղմվել խոր տառապանքի մեջ, որը ես և դուք երբեք չենք հասկանա:

Այնտեղ Նա սկսեց իր վրա վերցնել աշխարհի մեղքերը: Նա զգաց ցավեր ամեն տեսակի, կսկիծ և վիշտ, և Նա համբերությամբ տարավ այն բոլոր վշտերն ու տառապանքները, որ կրել ենք ես, դուք և յուրաքանչյուր մարդ, որը երբևէ ապրել կամ ապրելու է: Այս մեծ ու անսահման տառապանքը «ստիպեց [Նրան], …բոլորից մեծագույնին, ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից» (Վարդապետություն և Ուխտեր 19.18)։ Միայն Նա կարող էր դա անել:

«Չկար մեկը ավելի լավ

Տալու վարձը մեղքի:

Նա էր միայն, որ բաց արավ

դարպասը երկնքի»:3

Այնուհետև Հիսուսին տարան Գողգոթա և այս աշխարհի պատմության ամենից ողբերգական ու անարդար պահին Նա խաչվեց: Ոչ ոք չէր կարող Նրանից խլել Նրա կյանքը: Լինելով Աստծո Միածին Որդին՝ Նա ուներ ֆիզիկական մահը հաղթելու զորությունը: Նա կարող էր աղոթել Իր Հորը, և հրեշտակների գունդը կգար՝ հաղթելու Նրան տանջողներին և ցույց տալու Նրա գերիշխանությունը բոլոր բաների վրա: «Բայց ինչպե՞ս կիրականանա Սուրբ Գիրքը», - Հիսուսը հարցրեց մատնության պահին, - «թե՝ այսպես պետք է լինի»: (Մատթեոս 26․54)

Իր Հոր հանդեպ կատարյալ հնազանդությունից և մեր հանդեպ կատարյալ սիրուց մղված՝ Հիսուսը պատրաստակամորեն տվեց Իր կյանքը և ավարտեց Իր անսահման ու հավերժական քավող զոհաբերությունը, որի հետևանքները տարածվում են դեպի անցյալ և դեպի ապագա՝ ամբողջ հավերժության համար:

Մեր Փրկչի հաղթանակը

Հիսուսը պատվիրեց Իր առաքյալներին շարունակել Իր աշխատանքը Իր մահից հետո: Նրանք ինչպե՞ս պետք է անեին դա: Նրանցից մի քանիսը հասարակ ձկնորսներ էին, և ոչ ոք ծառայության համար ուսուցանված չէր ժողովարանում։ Այդ պահին թվում էր, թե Քրիստոսի Եկեղեցին դատապարտված է վերացման: Բայց առաքյալները ուժ գտան ընդունելու և կատարելու իրենց կոչման պարտականությունները և ազդեցություն ունենալ աշխարհի պատմության վրա:

Ի՞նչն էր պատճառը, որ ուժ ծնվեց նման ակնհայտ թուլությունից: Անգլիկան եկեղեցու առաջնորդ և գիտնական Ֆրեդերիկ Ֆարարն ասել է. «Կա միայն մեկ հնարավոր պատասխան՝ հարություն մեռելներից: Այս ողջ հսկայական հեղափոխությունը պայմանավորված էր Քրիստոսի հարության զորությամբ»:4 Որպես հարություն առած Տիրոջ վկաներ՝ առաքյալները գիտեին, որ ոչինչ չի կարող խանգարել այդ աշխատանքի առաջընթացին: Նրանց վկայությունը աջակցող զորության աղբյուր էր, քանի որ վաղ շրջանի Եկեղեցին հաղթահարեց բոլոր դժվարությունները:

Այս Սուրբ Զատիկի տոներին, ես՝ որպես Նրա ձեռնադրված վկաներից մեկը, հայտարարում եմ, որ մի գեղեցիկ կիրակի վաղ առավոտյան Տեր Հիսուս Քրիստոսը հարություն առավ մահից՝ զորացնելու մեզ և կոտրելու մահվան կապանքները բոլորի համար: Հիսուս Քրիստոսն ապրում է։ Նրա շնորհիվ մահը մեր վերջը չէ։ Հարությունը Քրիստոսի անվճար և համընդհանուր պարգևն է բոլորին:

Նկար
Քրիստոսը և Մարիամ մագդաղենացին գերեզմանի մոտ

Քրիստոսը և Մարիամը գերեզմանի մոտ, նկարը՝ Ջոզեֆ Բրիքիի

Եկեք Քրիստոսի մոտ

Հիսուս Քրիստոսի ավետարանը և Քավությունը բոլորի, այսինքն՝ ամեն մեկի համար են: Միակ եղանակը, որով մենք զգում ենք Փրկչի քավող զոհաբերության լիակատար օրհնությունները, նրա հետևյալ հրավերն անհատապես ընդունելն է. «Եկեք ինձ մոտ» (Մատթեոս 11.28):

Մենք գալիս ենք Քրիստոսի մոտ, երբ հավատք ենք գործադրում Նրա հանդեպ և ապաշխարում: Մենք գալիս ենք Նրա մոտ, երբ մկրտվում ենք Նրա անունով և ստանում Սուրբ Հոգու պարգևը: Մենք գալիս ենք Նրա մոտ, երբ պահում ենք պատվիրանները, ստանում ենք արարողությունները, հարգում ուխտերը, ընդունում տաճարային փորձառությունները և ապրում ենք Քրիստոսի աշակերտի կյանքով:

Երբեմն դուք կբախվեք հուսահատության և հիասթափության։ Գուցե դուք շատ տխրեք ձեր կամ սիրելի մարդու հանգամանքների պատճառով։ Դուք կարող եք ծանրաբեռնված լինել ուրիշների մեղքերով: Ձեր թույլ տված լուրջ սխալները կարող են ստիպել ձեզ մտածել, որ խաղաղությունն ու երջանկությունը ընդմիշտ հեռացել են ձեզանից: Նման դեպքերում հիշեք, որ Փրկիչը ոչ միայն բարձրացրեց մեղքի բեռը, այլև տարավ «ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»՝ ներառյալ ձերը (Ալմա 7.11): Քանի որ Նա ձեզ համար անցավ ամեն տեսակի չարչարանքների ու ցավերի միջով, Նա անձամբ գիտի, թե ինչպես օգնել ձեզ, երբ դուք ընդունում եք Նրա՝ կյանք փոխող հրավերը. «Եկեք ինձ մոտ»:

Բոլորն արտոնված են զգալու և օգուտ քաղելու Հիսուս Քրիստոսի սիրուց

Հիսուս Քրիստոսը հստակեցրեց, որ Երկնային Հոր բոլոր զավակները հավասար իրավունք ունեն Իր ավետարանի և Քավության օրհնությունների նկատմամբ: Նա հիշեցնում է մեզ, որ «բոլոր մարդիկ արտոնյալ են, մեկը մյուսի նման, և ոչ ոքի արգելված չէ» (2 Նեփի 26.28):

«Նա հրավիրում է նրանց բոլորին՝ գալ իր մոտ և ճաշակել իր բարությունից. և նա չի մերժում ոչ մեկին, որ գալիս են դեպի իրեն, սև թե սպիտակ, ստրուկ թե ազատ, այր թե կին» (2 Նեփի 26.33):

«Եվ նա հրավիրում է նրանց բոլորին», - նշանակում է մեզ բոլորիս: Մենք չպետք է մակերեսային պիտակներ և արհեստական տարբերակումներ ստեղծենք մեր կամ ուրիշների համար։ Երբևէ չպետք է որևէ արգելք դնենք Փրկչի սիրո համար կամ արթնացնենք մտքեր, որ մենք կամ ուրիշները Նրա հասանելիությունից դուրս են: Ինչպես նախկինում ասել եմ. «Որքան էլ խորը լինի ձեր անկումը, Քրիստոսի Քավության անսահման լույսի շողը հասանելի է ձեզ»։5

Փոխարենը, ինչպես ես և քույր Հոլլանդը ուսուցանում էինք նրա մահից ընդամենը մի քանի ամիս առաջ, մեզ պատվիրված է «գթություն ունենալ, գթություն, որը սեր է» (2 Նեփի 26.30):6 Դա այն սերն է, որը Փրկիչը ցույց է տալիս մեզ, քանի որ «Նա չի անում որևէ բան, բացի դա լինի ի օգուտ աշխարհի. քանզի նա սիրում է աշխարհն այնքան, որ նա վայր է դնում իր սեփական կյանքը, որպեսզի կարողանա ձգել բոլոր մարդկանց իր մոտ» (2 Նեփի 26.24):

Ես վկայում եմ, որ ավետարանը և Հիսուս Քրիստոսի Քավությունը բոլոր մարդկանց համար են: Ես աղոթում եմ, որ դուք ուրախությամբ ընդունեք Նրա տված օրհնությունները:

Հղումներ

  1. Howard W. Hunter, “The Gospel—A Global Faith,” Ensign, Nov. 1991, 18.

  2. Sես Հովարդ Վ. Հանթեր, “Jesus Christ—Our Master and More” (Brigham Young University fireside, Feb. 4, 1979), 1 -5:

  3. There Is a Green Hill Far Away,” Hymns, no. 194.

  4. Frederic W. Farrar, The Life of Christ (1994), 656։

  5. Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Այգու մշակները», Լիահոնա, մայիս 2012, 33։

  6. Ջեֆրի Ռ. Հոլլանդ և Պատրիցիա Տ. Հոլլանդ, «Հույսով լցված ապագա», (Համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, 8 հունվարի 2023 թ․), broadcasts.ChurchofJesusChrist.org:

Տպել