Լիահոնա
Գորովագութ ողորմություն 25 տարի անց
Մարտ 2024


«Գորովագութ ողորմություն 25 տարի անց», Լիահոնա, մարտ 2024։

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Գորովագութ ողորմություն 25 տարի անց

Ես երախտապարտ եմ, որ Աստված օգտագործեց մի մոռացված նամակ՝ գործադրելու Իր գորովագութ ողորմություններից մեկը:

Նկար
հայր և դուստր Նիագարայի ջրվեժի մոտ

Լուսանկարը տրամադրել է հեղինակը

Երբ ես դասավանդում էի վաղ առավոտյան սեմինարիայում Կալիֆորնիայի Էվրիկա քաղաքում (ԱՄՆ), խնդրեցի իմ ուսանողներին մտածել, թե ինչպիսին կլիներ իրենց ապագան 10 տարի անց: Հետո ես խնդրեցի նրանց նամակ գրել, որի մեջ կլինի ավետարանի մասին իրենց վկայությունը և այն ամենը, ինչով կցանկանային կիսվել իրենց ներկայիս ինքնության մասին: Ես նրանց ասացի, որ նամակները կուղարկեմ 10 տարի հետո:

Ժամանակն անցավ, և ես չհասցրի նամակներն ուղարկել: 25 տարի անց, մի օր իմ դուստրը՝ Հայդին, գտավ նամակները և հարցրեց դրանց մասին։ Երբ ես բացատրեցի, թե ինչ էի ծրագրել, նա փնտրեց իմ նախկին ուսանողների հասցեները՝ օգտագործելով սոցիալական կայքերի գործիքները:

Նկար
մի ձեռքը ծրարներ է փոխանցում մյուս ձեռքին

Նկարը` Ալեքս Նաբաումի

Երբ նա ուղարկեց նամակները, մենք ստացանք հրաշալի պատասխաններ: Սեմինարիայի իմ նախկին ուսանողուհիներից մեկը գրել էր.

«Ես ցանկանում եմ, որ ձեր հայրն իմանա, որ նա հենց հիմա գտել է այդ նամակները մի պատճառով: Իմ 18-ամյա դուստրը մաքառումների մեջ է իր վկայության հետ և զգում է, որ «Վերջին Օրերի կատարյալ սուրբ աղջիկ» լինելն իր համար չէ: Նա իր զգացմունքներով չի կիսվում մեզ հետ: Մենք անցնում ենք դժվարությունների միջով»:

Իմ նախկին ուսանողուհին վրդովված էր որոշ մտքերից, որոնք նրա դուստրը վերջերս գրել էր մի բլոգում:

«Ես գիտեի, որ պետք է խոսեմ նրա հետ այդ մասին: Ինչպես միշտ, երբ մենք զրուցում էինք, նրա դեմքը քարացած էր և արհամարհական, և նա ոչինչ չէր ասում: Ես նրան հանձնեցի իմ նամակը և ասացի, որ ուզում եմ, որ նա կարդա այն:

Ես տեսա, որ նա մի քանի անգամ վերընթերցեց առաջին պարբերությունը: Ես գրել էի, որ չգիտեի՝ արդյոք ունեմ վկայություն, որ կատարյալ Վերջին Օրերի սուրբ լինելը ինձ համար չափազանց ծանր բեռ էր, և գուցե ինձ համար չէր:

Դուստրս սկսեց լաց լինել։ Ինձ պետք էր, որ նա իմանար, որ ես իսկապես հասկանում եմ իր մաքառումները: Առանց այդ նամակի նա երբեք չէր հավատա դրան։ Նա թողել է իր որոշ էմոցիոնալ խոչընդոտներն ու վերապահումները և այժմ ավելի պատրաստ է կիսվել իր զգացմունքներով ու մտքերով, և ես իսկապես զգում եմ, որ այս նամակը գորովագութ ողորմություն էր այդ պահին: Եթե ես այն ստանայի 10 տարի առաջ, գուցե դեն նետեի կամ կորցնեի։ Խնդրում եմ, շնորհակալություն հայտնեք ձեր հայրիկին, որ մեզ ստիպել է գրել այդ նամակները և դրանք սխալ տեղ է դրել այս տարիների ընթացքում: Ոչինչ պատահական չէ»։

Մեր սիրառատ Երկնային Հայրը հսկում է Իր բոլոր «ոչխարներին» և Իր սքանչելի ժամանակացույցին: Նա կարող է գորովագութ ողորմություններ և հրաշքներ գործել մեզանից յուրաքանչյուրի միջոցով, որպեսզի հետ բերի նրանց, ովքեր հեռացել են «հոտից»:

Տպել