Լիահոնա
Ինչ հայտնաբերեցի, երբ հեռացա սոցիալական ցանցերից
Մարտ 2024


«Ինչ հայտնաբերեցի, երբ հեռացա սոցիալական ցանցերից», Լիահոնա, մարտ 2024:

Ինչ հայտնաբերեցի, երբ հեռացա սոցիալական ցանցերից

Սոցիալական ցանցերի օգտագործման նվազեցումը ինձ թույլ է տվել ավելի շատ ներկա լինել երեխաներիս կյանքում և բարելավել իմ հարաբերությունը Փրկչի հետ:

Նկար
կինը՝ ձեռքին անջատված լարեր, մինչդեռ սոցիալական ցանցերի պատկերակները լողում են նրա շուրջը

Նկարները` Դեյվիդ Գրինի

Վերջին մի քանի տարիների ընթացքում ես գիտեի, որ Աստված հուշում էր ինձ հեռանալ սոցիալական ցանցերից: Ես գիտեի, որ ընդմիջումները սոցիալական ցանցերից հրաշալի ազդեցություն ունեին իմ կյանքում, բայց նաև գիտեի, որ ինձ դուր է գալիս այն համայնքը, որը ես գտել էի այնտեղ: Ես չգիտեի, թե ինչպես համաձայնեցնել իմ կյանքի այս երկու ոլորտները. ես պարզապես գիտեի, որ ինչ-որ բան պետք է փոխվի:

Հետո կարդացի մի գիրք, որն ինձ ստիպեց խորհել հետևյալ հարցի շուրջ. «Որքա՞ն ժամանակ պետք է ծախսեմ սոցիալական ցանցերում, որպեսզի օգուտ քաղեմ համայնքին մասնակցելուց՝ առանց բոլոր բացասական ազդեցությունների»: Ինձ համար այս հարցի պատասխանն էր՝ մոտ 20 րոպե … ամիսը: Ես նպատակ դրեցի իրականացնելու դա, և Տիրոջ օգնությամբ ավելի հեշտ էր, քան կարծում էի: Ես չէի ակնկալում, որ այս փոփոխությունը կուժեղացնի իմ հարաբերությունները իմ Փրկչի հետ: Ես սկսեցի ավելի լավ զգալ այն սերը, որ Փրկիչն ունի իմ հանդեպ, սկսեցի ավելի հստակ հասկանալ այն ծրագիրը, որը Նա ունի ինձ համար, նաև սկսեցի ավելի պարզ տեսնել ինձ շրջապատող մարդկանց կարիքները:

Թույլ չեմ տա, որ սելֆիները որոշեն իմ անձնական արժանավորությունը

Ես միշտ իմացել եմ, որ Աստծո զավակն եմ, և Նա սիրում է ինձ: Ես զգացել եմ իմ Փրկչի սերը իմ կյանքի դժվարին օրերին: Բայց շատ հաճախ ես թույլ էի տալիս, որ սոցիալական ցանցերը թելադրեն, թե ես ինչպես եմ տեսնում ինքս ինձ և ինչ եմ մտածում իմ մասին: Որքան էլ փորձում էի համոզել ինձ, որ սոցիալական ցանցերում երևակայական պատկերները չեն ազդել ինձ վրա, այնուամենայնիվ, պարզվում է, որ ազդել են: Սոցիալական ցանցերում իմ ժամանակի կրճատումը թույլ տվեց տվեց գտնել հոգեկան խաղաղություն և հանգիստ, որի կարիքը ես ունեի՝ լսելու, թե Փրկիչն ինչպես է պատմում ինձ, թե Նա ինչ է զգում իմ հանդեպ: Ես չէի գիտակցում, թե որքան շատ էի կարոտել Նրա ձայնը, մինչև որ ավելի շատ ժամանակ հատկացրեցի Նրան:

Ես միշտ հավատացել եմ փրկության ծրագրին: Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը կենտրոնական դեր ունի այդ ծրագրում: Բայց ես հավատում եմ, որ Երկնային Հայրը ծրագիր ունի մեզանից յուրաքանչյուրի համար: Լարի Մ. Գիբսոնը՝ Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահության նախկին առաջին խորհրդականը, ուսուցանել է. «Ես գիտեմ, որ Երկնային Հայրը մտածում է մեզանից յուրաքանչյուրի մասին և մեր հավերժական ճակատագրին հասնելու համար անհատական ծրագիր ունի նախատեսած»։1

Ես շատ ժամանակ ծախսեցի սոցիալական ցանցերում՝ փորձելով պարզել, թե որն է իմ նպատակը: Սոցիալական ցանցերում լինելն ինձ հնարավորություն տվեց շատ լավ տեսնել այն բոլոր ստեղծագործ, հրաշալի բաները, որոնք մարդիկ անում էին: Ես շատ բան սովորեցի այդ մարդկանցից, բայց ավելի շատ ժամանակ էի ծախսում փնտրելու, քան անելու վրա: Սոցիալական ցանցերից հեռանալուց ի վեր ես հուշում եմ զգացել, որ պետք է իմանամ, թե Երկնային Հայրը հատկապես ինչ է ուզում, որ ես անեմ: Դրանցից շատերը զարմանալի ու տարբեր են եղել իմ պատկերացրածից, բայց դրանք իմ կյանքն ավելի բովանդակալից և առատ են դարձրել:

Փրկիչը եկավ, որպեսզի մենք կարողանանք կյանք ունենալ և ավելի առատ կյանք ունենալ (տես Հովհաննես 10.10): Ես երախտապարտ եմ այն նուրբ հուշումների համար, որոնք Սուրբ Հոգին տալիս է մեզ՝ օգնելով ավելի առատ կյանք ունենալ:

Կյանքը էկրանից այն կողմ

Փրկիչը տեսավ նրանց, ովքեր վրիպել էին ուրիշների ուշադրությունից: Ես սիրում եմ պատմություններ կարդալ այն մասին, որ Նա ծառայում է նման մարդկանց և սովորեցնում է նրանց իրենց արժեքը: Սոցիալական ցանցերում չափազանց շատ ժամանակ անցկացնելը խանգարում էր ինձ իսկապես տեսնել մարդկանց իմ կյանքում՝ ներառյալ իմ ընտանիքի անդամներին: Ես հասկացա, որ եթե երեխաներս կարևոր, արժանի և ճանաչված չզգային իմ կողմից, ապա նրանք շուտով կդիմեին արտաքին աղբյուրներին՝ իրենց արժեքը հաստատելու համար:

Ես զարմացած եմ այն մեծ սիրով, որ տածում եմ իմ զավակների հանդեպ, քանի որ ես ավելի շատ եմ ներկա եղել նրանց կյանքում: Ավելի քան երբևէ, ինձ դուր է գալիս որպես մայր իմ դերը անցած տարում: Ես ծանոթացել եմ հարևանների հետ և ավելի ակտիվ եմ եղել իմ համայնքում: Ծառայության իմ հնարավորություններն ավելացել են։ Ես կարծում էի, որ սոցիալական ցանցերն ինձ օգնում են ավելի իրազեկ լինել, բայց իրականում ես այնքան էլ չէի ապրում ներկայով, որպեսզի իսկապես տեսնեմ իմ շրջապատի կարիքները:

Սոցիալական ցանցերի օգտագործման նվազեցումը փոքր և հասարակ բան էր թվում, բայց դա ինձ թույլ է տվել նշանակալի մեծացնել իմ հավատքը և բարելավել իմ հարաբերությունը իմ Փրկչի հետ: Ես գիտեմ, որ Երկնային Հայրը սիրում է մեզ, ծրագիր ունի մեզ համար և ունի զավակներ, որոնք պետք է իրենց նկատված զգան մեր կողմից:

Հեղինակն ապրում է Նյու Յորքում (ԱՄՆ):

Տպել