Լիահոնա
Կրկին սերմանել հավատքի սերմը
Մարտ 2024


«Կրկին սերմանել հավատքի սերմը», Լիահոնա, 2024 թ.

Կրկին սերմանել հավատքի սերմը

Դասեր նրանցից, ովքեր վերադարձան հավատքին

Նկար
ծառերի բները և տերևները

Մի աշխարհում, որը հաճախ է անդրադառնում հավատքի կորստի պատմություններին, հավատքին վերադառնալու ավելի սահուն ճամփորդությունները երբեմն աննկատ են մնում: Սակայն դարձի գալու պատմությունները ցույց են տալիս, թե ինչպես են ավետարանի եղբայրներն ու քույրերը հաղթահարում իրենց կասկածները՝ նույնիսկ Եկեղեցուց հեռանալուց հետո: Նրանց պատմությունները ցույց են տալիս, թե ինչ է ուսուցանում Ալման սերմը ցանելու մասին: Ալման նկարագրում է հավատքի գործընթաց, որը ոչ միայն օգնում է ամրապնդել նրանց, ովքեր փորձում են մեծացնել իրենց հավատքը, այլև օգնում է նրանց, ովքեր պայքարում են հարցերի և մտահոգությունների դեմ:

  • Նախ՝ մենք պետք է հասկանանք, որ «հավատքը կատարյալ գիտելիք ունենալը չէ» (Ալմա 32․21

  • Այնուհետև մենք «գործադրում ե[ն]ք հավատքի մի մասնիկ» կամ նույնիսկ պարզապես «հավատալու [ցանկություն]» (հատված 27):

  • Մենք սերմանում ենք սերմը՝ Աստծո խոսքը, մեր սրտում (տես հատված 28):

  • Ընթացքում մենք հոգևոր արմատները սնուցում ենք համբերությամբ և ավետարանի ընկերներից օգնություն ենք ընդունում՝ աճեցնելու Քրիստոսով տնկված ծառ՝ «դեպի հավիտենական կյանք վեր խոյացող մի ծառ» (հատված 41):

«Հավատքը բաների մասին կատարյալ գիտելիք ունենալը չէ. հետևաբար, եթե դուք ունեք հավատք, դուք հույս ունեք բաների համար, որոնք տեսանելի չեն, որոնք ճշմարիտ են» (Ալմա 32.21)

Նկար
Ալբա Ֆոնսեկա

Ալբա Լյուսիա Ֆոնսեկան՝ Եկեղեցու մի անդամ Միացյալ Նահանգներից, համացանցում տեսավ նյութեր, որոնք մտահոգություններ առաջացրին նրա կրոնական համոզմունքների վերաբերյալ, և նա արագ կորցրեց իր հավատքը: Սկզբում նա իր կասկածներով դուրս հանեց հավատքի սերմը, բայց հետո սկսեց խոսել հոգատար և բանիմաց մի անդամի հետ ու հասկացավ, որ իր անհավատությունը նույնպես հարցեր է առաջացնում:

«Ավետարանի հասկացությունների և Եկեղեցու պատմության իմ ըմբռնումն այնքան էլ համապարփակ չէր, որքան ես ենթադրում էի», - բացատրում է նա: «Դա խոնարհեցրեց ինձ և օգնեց հասկանալ, որ ես դեռ շատ բան ունեի սովորելու, և որ հավատքը չի հասնում այն կետին, որ ստանաս բոլոր հարցերի պատասխանները»: Ալբան հասկացավ, որ կյանքի այլ «արժեքավոր բաները, ինչպիսիք են՝ ընտանիքը, կրթությունը, մասնագիտությունը, ներառում են ռիսկեր, զոհաբերություններ, անորոշություն և ջանքերի գործադրում ողջ կյանքում: Ես վերադարձա Եկեղեցի և կարող եմ հաստատել, որ հավատքի պահպանումը նույնպես արժե այս տեսակի ջանքերը»:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Տերը չի պահանջում կատարյալ հավատք, որպեսզի կարողանանք օգտվել Իր կատարյալ զորությունից»: Այդուհանդերձ, նա նաև նշում է, որ մեր հավատքը շարունակական ջանքեր է պահանջում, որպեսզի շարունակենք աճել:1 Թեև Սոլթ Լեյքի տաճարի սկզբնական հիմքը լավ ծառայեց ավելի քան մեկ դար, այն այժմ լուրջ վերանորոգման կարիք ունի, բացատրել է Նախագահ Նելսոնը: Մենք նույնպես պետք է երբեմն ամրապնդենք մեր սեփական հոգևոր հիմքերը՝ «դիմակայելու գալիք վտանգներին և ճնշումներին»:2 Քանի որ մենք երբեմն հանդիպում ենք դժվարին նյութի, ինչպես Ալբան, վստահություն ունենալու մեր ցանկությունը կարող է մեզ տանել պարզ հավատքից դեպի պարզ անհավատություն՝ բաց թողնելով մեր հոգևոր հիմքը ամրացնելու և ամրապնդելու համար անհրաժեշտ ջանքերը:

Նրանք, ովքեր ուսումնասիրում են հավատքի վերադարձի պատմությունները, օգտակար են համարել դիտարկել հավատքը որպես կյանքի երկարատև, բազմաքայլ ճամփորդություն:3 Մենք կարող ենք սկսել մանուկ հասակում՝ պարզ համոզմունքից, բայց ինչ-որ պահի այդ մանկական հավատքը բախվում է հարցերի և մտահոգությունների: Թեև մեր չփորձված հավատքը կարող է լավ ծառայել որպես հոգևոր հիմք, մենք այժմ պետք է պարզ հավատքից անցնենք բարդության միջով՝ դեպի հասուն հավատք, որն ի վիճակի է դիմակայել ապագա մարտահրավերներին:4 Հավատքից հրաժարվելը կարող է թվալ ավելի հեշտ, գրեթե որպես թեթևացում, բայց հարուստ պարգևները ուղեկցում են նրանց, ովքեր դիմում են Աստծուն և շարունակում են սնուցել իրենց հավատքի սերմերը:

Շվեդ Սամուել Հոգլունդի համար հավատքի փորձությունները սկսվեցին, երբ ընտանիքի անդամները հարցեր բարձրացրին: Նա անցավ «ստանալ մեկ հարցի պատասխան, որպեսզի հանդիպեք մեկ այլ հարցի» փուլի միջով, - բացատրում է նա: «Իմ հավատքը տատանվում էր հավատքի և անհավատության միջև, մինչև ես հասկացա, որ այս գործընթացը և վստահության իմ կարիքն անկայուն էին»: Յուրաքանչյուր, համեմատաբար փոքր, հարց լուծելու փոխարեն՝ Սամուելը որոշեց ուսումնասիրել կարևոր հարցեր, որոնք կարևոր են Հիսուս Քրիստոսի ամուր հիմքի համար։ Աղոթքի և սուրբ գրությունների ուսումնասիրության միջոցով Սամուելի որոնումները, ինչպես Ալբայի որոնումները, ուսուցանեցին նրան, թե դեռ ինչքան պետք է սովորեր, և բերեց նրան ավելի հասուն համոզմունքների: «Փորձը անչափ ամրապնդեց իմ հավատքը, - ասում է նա, - և նաև սովորեցրեց ինձ, որ այն, ինչ իսկապես փնտրում ես, կգտնես»:

«Բայց ահա, եթե դուք արթնացնեք և զարթնեցնեք ձեր ունակությունները, մինչև անգամ իմ խոսքերի վրա մի փորձարկմամբ, և գործադրեք հավատքի մի մասնիկ, այո, նույնիսկ եթե դուք չեք կարող ավելին, քան ցանկանալ հավատալ, թույլ տվեք, որ այդ ցանկությունը գործի ձեր մեջ» (Ալմա 32.27)

«Հավատք գործադրելը կարող է ճնշող թվալ», - խոստովանել է նախագահ Նելսոնը: «Երբեմն գուցե մտածենք՝ հնարավո՞ր է բավականաչափ հավատք զարգացնել, որպեսզի ստանանք այն օրհնությունները, որոնց կարիքը մենք այդքան շատ ունենք»:5 Բայց նույնիսկ հավատքի փոքրիկ քայլերը, որոնք սկսվում են «հավատքի մասնիկից», կարող են «գործել ձեր մեջ» և սկսել հոգևոր վերածնունդ:

Քոլեջի տարիներին հոգևորապես թափառելուց հետո, Միացյալ Նահանգներից Ամանդա Ֆրիբեյրնը կատարեց աղոթելու փոքրիկ քայլը, որը ստիպեց նրան հետևել իր տեղական տաճարի տարածքը այցելելու հուշմանը: «Այնտեղ ես զգացի Հոգին և դա կրկին բորբոքեց իմ հավատքը», - ասում է նա: Եկեղեցի վերադառնալը և Երեխաների միությունում ուսուցանելու կոչումն ընդունելը խորացրեց նրա հավատքը, և նա շարունակեց քայլեր ձեռնարկել, որոնք ստիպեցին նրան լիովին ընդունել ավետարանը: Հավատքի վերագտման ճանապարհին Ամանդան նկատում է. «Ես գտա այն հարցերի պատասխանները, որոնք ինձ այնքան անհրաժեշտ էին»։

Նկար
Դեն Էլսվորթ

Մի պահ Դեն Էլսվորթը, որը նույնպես Միացյալ Նահանգներից էր, վստահ չէր, որ հավատքի մի մասնիկ է մնացել, որը պետք է գործադրի: Նրա նախնական ծանոթությունը Հին Կտակարանի ակադեմիական և պատմական մոտեցումներին թուլացրեց նրա հավատքը Աստվածաշնչի հանդեպ և ազդեց նրա հավատքի վրա՝ բոլոր սուրբ գրությունների նկատմամբ: Բայց Դենը շարունակում էր գնալ եկեղեցի և որոշեց վեց ամիս փորձեր կատարել՝ աղոթելու, ծոմ պահելու և Եկեղեցում ծառայելու ծրագրով: Երբեմն նա խնդրում էր իր փոքր դուստրերին աղոթել իրենց հայրիկի հավատքի համար:

Որոշ ժամանակ անց Դենը սկսեց հոգևոր փորձառություններ ունենալ և գտնել իրեն ամենից շատ հուզող որոշ հարցերի պատասխանները: Մի օր, երբ գրադարանում էր, նա հուշում զգաց դիտարկել գրքերի մի շարք և ընտրել մեկը: Դրանում նա գտավ խորաթափանց հակափաստարկներ այն գրքի վերաբերյալ, որն ի սկզբանե սասանեց նրա հավատքը Աստվածաշնչի հանդեպ։ Թեև այս փորձառությունը չպատասխանեց բոլոր հարցերըին, սակայն որոշ կարևոր դասեր տվեց Դենին. «Նախ՝ ես պետք է խոնարհ լինեի և հասկանայի, թե որքան կարող եմ իրականում ինքնուրույն իմանալ: Եվ երկրորդ՝ բանականության հետ մեկտեղ կան ճշմարտություն գտնելու այլ ուղիներ՝ հոգևոր տպավորություններ, Հոգու պտուղներից դրական արդյունքներ և մտավոր բեկումներ խթանող գաղափարներ, որոնք բոլորը հանգեցրին շատ ավելի ամուր համոզմունքների և հավատքի, քան ես ունեի նախկինում»:

Նկար
Զակ Մարշալը և ընտանիքը

Անգլիայից Զակ Մարշալի համար Մորմոնի Գրքի մասին կրթական տեսանյութ դիտելու պարզ քայլը ստիպեց նրան մտածել, որ գիրքը կարող է արժանահավատ լինել: «Ես նախկինում կարդացել էի այն սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության ժամանակ և ինքնուրույն՝ առանց անկեղծ միտումի», - բացատրում է նա: «Բայց ես դադարեցի Եկեղեցում ակտիվ լինել դեռահաս տարիքում, ուստի այն ապացույցը, որ տեսա տեսանյութում, ստիպեց ինձ առաջին անգամ նպատակադրված կարդալ Մորմոնի Գիրքը»: Աստծո խոսքի վրա փորձեր կատարելուց հետո Զակը սկսեց կասկածը փոխարինել հավատքով: Նա այժմ ասում է. «Եկեղեցին, որը ես ժամանակին դիտարկում էի որպես սահմանափակող, այժմ դիտարկում եմ որպես ազատագրող, ինչպես որ Հիսուսն ասում է. «Ճշմարտությունը կազատի ձեզ» [Հովհաննես 8.32]:

«Բայց, եթե դուք անտեսեք ծառը, և չմտածեք այն սնուցելու մասին, ահա, այն արմատ չի գցի» (Ալմա 32.38)

Հավատքը սնուցելու համար փոքր քայլեր ձեռնարկելիս մենք նաև պետք է տեղյակ լինենք մեր մտածելակերպի մասին, որը խոչընդոտում և խանգարում է հավատքին: Տարբեր երկրներում Եկեղեցու անդամների հավատքի վերադարձի պատմություններն ուսումնասիրելիս Բրիգամ Յանգ-Այդահո համալսարանի պրոֆեսորներ Էրիկ և Սառա դ’Էվենիները նկատում են «այն, թե ինչպես ենք մենք մտածում, կարող է նույնքան կարևոր լինել, որքան այն, ինչ մենք մտածում ենք»: Օրինակ՝ ակնկալել, որ կրոնական նվիրվածությունը մեզ կազատի կյանքի անհարմարությունից և վշտացնող մարտահրավերներից, ճիշտ չէ և անիրատեսական ենթադրություններ է ստեղծում: Հիսուս Քրիստոսը խոստացավ երբեք չլքել մեզ, բայց զգուշացրեց՝ «աշխարհում նեղություն պիտի ունենաք» (Հովհաննես 16․33)։ Այդուհանդերձ, կյանքի դժվարությունները, ըստ Սառայի, կարող են «մեզ դրդել, որ բացասական լույսի ներքո տեսնենք ավետարանը: Երբեմն մենք մերժում ենք իդեալը, երբ բախվում ենք որևէ ոչ իդեալական բանի»:

Հեղինակ և անկախ պատմաբան Դոն Բրեդլին Միացյալ Նահանգներից բախվել է Եկեղեցու պատմության վերաբերյալ հարցերին մի ժամանակ, երբ նա բացատրում է. «Ես պարզապես երջանիկ չէի և թերահավատ կարծիք ունեի: Որևէ մեկի նկատմամբ հոռետեսական վերաբերմունքը բացասաբար էր անդրադառնում հարաբերությունների վրա, և ես կորցրի իմ հավատքն ու հարաբերությունները Աստծո հետ»։ Տարիներ անց Դոնը սկսեց աշխատել իր անձնական կյանքում հույսի և երախտագիտության վրա:

Նա նաև սկսեց ուսումնասիրել կազմակերպված կրոնի մտավոր և ֆիզիկական առողջության օգուտների վերաբերյալ ուսումնասիրությունները: «Ես չէի կարող հերքել այդ ուսումնասիրություններում առկա պնդումներն ու ապացույցները», - հիշում է Դոնը: «Աստիճանաբար ես հասկացա, որ թերահավատությունը փոխարինում էի քննադատական մտածողությամբ, և կյանքի հանդեպ ավելի հուսադրող վերաբերմունքով ես վերականգնեցի իմ հավատն առ Աստված և Հիսուս Քրիստոս»։ Դոնը վերադարձավ պատմական տեղեկատվությանը, որը մի ժամանակ կասկածի տակ էր դրել նրա հավատքը, բայց այժմ այս նույն նյութը հանգեցրեց համոզման, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն է:

«Բայց, եթե դուք կամենաք սնուցել խոսքը, այո, սնուցել ծառը, երբ այն սկսում է աճել, … դուք պիտի հնձեք ձեր հավատքի, ձեր ջանասիրության և համբերության և երկայնամտության վարձքը» (Ալմա 32.41, 43)

Նույնիսկ Աստծո խոսքի վրա փորձեր անելու և հուսադրող մտածելակերպ ունենալու պատրաստակամությամբ, հավատքին և եկեղեցի հաճախելուն վերադառնալը կարող է լինել վախեցնող, գրեթե ճնշող գործընթաց: Նախաձեռնությունը պահանջում է ոչ միայն համբերություն, քաջություն և խոնարհություն, այլև ընկերների և ընտանիքի անդամների սերը։ Անկեղծ ընկերների օգնությունն ընդունելը սնուցում է սերմը և թույլ է տալիս, որ այն արմատավորվի, այլ ոչ թե կծկվի:

Նկար
Լեո Ուայնգար

Երբ Միացյալ Նահանգներից Լեո Ուայնգարն առաջին անգամ հանդիպեց Եկեղեցու պատմության վերաբերյալ հարցերի, նա իմացավ կարեկցող ընկերների կարևորությունը: «Իմ վկայությունը թուլացավ», - բացատրում է նա, - «երբ ես անցնում էի մենության և խավար հուսահատության մի շրջանի միջով, երբ անգամ պայքարում էի աղոթելու համար»: Մի օր Լեոն հուշում ստացավ կապ հաստատել Եկեղեցու պատմության պրոֆեսորի հետ: Նա ոչ միայն խրախուսեց Լեոյին վերանայել կասկածի իր ուղին, այլև դարձավ նրա մտերիմ ընկերը։ Լեոյի վկայությունն աստիճանաբար վերադարձավ՝ Լեոյի ուսուցչի և տարիների հուսադրող ուսումնասիրության օգնությամբ: Ժամանակի ընթացքում նա գտավ շատ հարցերի պատասխաններ։ «Ես հավերժ երախտապարտ եմ իմ Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որ ինձ կրկին առաջնորդեց դեպի ավետարանի ուղին, - բացատրում է նա, - և այն ընկերների համար, որոնք ներկայացնում էին Նրան»:

«Եթե ընկերներն ու ընտանիքը … հեռանան Եկեղեցուց, շարունակեք սիրել նրանց», - խորհուրդ է տվել Նախագահ Նելսոնը: «Դուք չէ, որ պետք է դատեք ուրիշների ընտրությունը, ինչպես որ դուք արժանի չեք քննադատության՝ հավատարիմ մնալու համար»։6

Նկար
Լետիցիա Ռուլ

Նման քննադատության վախը 20 տարի ավետարանից հեռու պահեց Անգլիայից Եկեղեցու անդամ Լետիցիա Ռուլին: Նա հաճախ էր ցանկանում վերադառնալ, բայց «պարզապես վախենում էր անցնել դռնով, քանի որ զգում էր, որ կարծես ճիշտ չէր ապրել»: Միայն կյանքին վտանգ սպառնացող ախտորոշումը նրան քաջություն տվեց այդ դժվարին քայլն անելու։ Անդամները ջերմությամբ և սիրով դիմավորեցին նրան՝ օգնելով նրան ցանկանալ նորից ապրել ավետարանով:

«Սերմանեք այս խոսքը ձեր սրտերում, և երբ այն սկսի ուռչել՝ սնուցեք այն հենց այսպես, ձեր հավատքով: Եվ ահա, այն կդառնա մի ծառ, վեր խոյանալով ձեր մեջ դեպի հավիտենական կյանք» (Ալմա 33.23)

Երբ Ալման ավարտում է իր քարոզը, նա պարզ է դարձնում, որ թեև սերմը սնուցելու ջանքերը վճռորոշ են, բայց դրանք հենց սերմը չեն: Փոխարենը, մենք տնկում ենք ճշմարիտ սերմը, երբ «սկս[ում ենք] հավատալ Աստծո Որդուն, որ նա գալու է՝ փրկագնելու իր ժողովրդին, և որ նա պիտի տառապի ու մեռնի՝ նրանց մեղքերը քավելու համար» (Ալմա 33.22):

Մայքլ Աուրասը Գերմանիայից կարևոր դասեր է քաղել ավետարանի առաջնահերթությունների մասին այն բանից հետո, երբ նա մոլորվել է երիտասարդ տարիքում: «Այնքան լավ բաներ և հարաբերություններ կան ավետարանում, բայց միայն Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը կպահի մեր վկայությունները», - բացատրում է նա: «Ես և հայրս մի որոշ ժամանակ տատանվում էինք մեր հավատքի մեջ տարբեր հարցերի վերաբերյալ, բայց վերադարձանք, երբ Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը դասեցինք ամեն ինչից վեր»:

Նախագահ Նելսոնը վստահեցնում է մեզ. «Փրկիչը երբեք ավելի մոտ չէ ձեզ, քան երբ դուք հավատքով կանգնած եք կամ բարձրանում եք լեռը»:7 Հիսուսն Ինքը խոստանում է. «Ես ձեզ հետ եմ միշտ, նույնիսկ մինչև աշխարհի վերջը» (Մատթեոս 28.20): Նա կքայլի մեզ հետ, կսիրի մեզ «հավիտենական սիրով» (Երեմիա 31.3) և ավելի առատ կյանք կտա (տես Հովհաննես 10.10): Նրանք, ովքեր ցանկանում են սերմանել այս սերմը, կգտնեն, որ նույնիսկ իրենց փոքր հավատքը կարող է Փրկչի միջոցով դառնալ մի «ծառ, վեր խոյանալով ձեր մեջ դեպի հավիտենական կյանք» (Ալմա 33.23):

Հեղինակն ապրում է Յուտայում (ԱՄՆ):

Տպել