Լիահոնա
Ճշմարտության խոսքեր
Մարտ 2024


«Ճշմարտության խոսքեր», Լիահոնա, մարտ 2024։

Դիմանկարներ հավատքի թեմայով

Ճշմարտության խոսքեր

Ես շատ հարցեր ունեի, բայց իմ փեսացուն և Եկեղեցին օգնեցին ինձ գտնել պատասխանները:

Նկար
կին և տղամարդ՝ մկրտության հագուստով՝ Փրկչի պատկերի դիմաց կանգնած

Լուսանկարները տրամադրել է հեղինակը

Մեծանալով Թայվանի ոչ քրիստոնեական մշակույթում՝ ես կրոնական դաստիարակություն չեմ ստացել: Ես իսկապես հավատում էի Աստծուն, բայց ոչինչ չգիտեի Հիսուս Քրիստոսի մասին: Իմ կրոնը իմ կարիերան էր և զբաղված սոցիալական կյանքը, որն առաջացել էր իմ կարիերայի արդյունքում: Դա ներառում էր շատ խմիչք և ծխախոտ։ Ես նաև խմում էի շատ սուրճ ու թեյ։ Այս ամենը մեր բիզնես մշակույթի մի մասն է:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հետ ես ծանոթացա իմ փեսացուի և նրա ընտանիքի միջոցով: Չեյզը ամերիկացի էր։ Նա մեծացել էր Եկեղեցում և ծառայել էր միսիայում, բայց այդ ժամանակ ակտիվ չէր: Նրա ավագ որդին, սակայն, պատրաստվում էր ծառայել միսիայում, և Չեյզը աջակցեց նրա որոշմանը:

COVID-19-ի արգելափակման ժամանակ մենք մասնակցում էինք հաղորդության ժողովին Չեյզի ծնողների տանը՝ դիտելով հեռարձակումները, որոնք անցկացվում էին նրանց եկեղեցու հավաքատանը: Երբ ելույթներն ավարտվում էին, Չեյզի երկու որդիները օրհնում և փոխանցում էին հացն ու ջուրը:

Ես շատ հարցեր ունեի: Իմ փեսացուն համբերատար պատասխանում էր յուրաքանչյուրին. Ո՞վ է Հիսուսը։ Ի՞նչ զգացողություն կար իմ սրտում ամեն անգամ, երբ մենք հավաքվում էինք՝ անցկացնելու եկեղեցու ժողովները: Դա մի զգացում էր, որը նախկինում երբեք չէի ունեցել: Ի՞նչ էին ներկայացնում հացն ու ջուրը: Ինչո՞ւ արտասվեցի, երբ հաղորդություն ընդունեցի: Ի՞նչ էր նշանակում խաղաղությունը, որը ես զգում էի:

Մի գիշեր ես գտա մի կայք իմ մայրենի լեզվով, որը բացատրում էր, թե ով է Հիսուսը և պատմում էր Նրա կյանքի մասին: Հաջորդ օրը ես իմ փեսացուի մորն ասացի, որ հասկանում եմ, թե ով է Հիսուսը և հավատում եմ Նրան:

Մի կիրակի եպիսկոպոսը եկավ տուն, քանի որ Չեյզի ավագ որդին պատրաստվում էր իր կրտսեր եղբորը քահանա ձեռնադրել: Երբ ավագ որդին ձեռքերը դրեց եղբոր գլխին, ես չկարողացա լացս զսպել։ Ես համակված էի ուժեղ զգացմունքներով և հույզերով և չկարողացա զսպել արցունքներս։ Ավելի ուշ, փեսացուս բացատրեց, որ ես զգացի Սուրբ Հոգին, և որ նա նույնպես զգաց:

Ես տեսնում էի, որ իմ փեսացուի սերն իր եկեղեցու հանդեպ վերադառնում էր: Ինչ-որ կերպ ես գիտեի, որ այն ամենը, ինչ զգում եմ, կապված է Աստծո և ինչ-որ ճշմարիտ բանի հետ: Ես զգացի այնպիսի սեր, ինչպիսին նախկինում չէի զգացել:

«Ես կանչեցի Աստծուն»

Իմ տուրիստական վիզան ավարտվեց, և ես ստիպված էի վերադառնալ Թայվան։ Հետագա ամիսներին մենակ ապրելով՝ ես կարոտում էի այն ամենը, ինչ զգացել էի։ Որոշ ժամանակ ես լցված էի հուսահատությամբ և խավարով։ Այդ զգացումներն այնքան ճնշող էին, որ ես ուզում էի հանձնվել: Ես իսկապես չգիտեի, թե ինչպես աղոթել, բայց դիմեցի Աստծուն և ասացի Նրան այն ամենը, ինչ զգում և մտածում էի: Խաղաղության զգացում եկավ. նույն զգացումը, որը ես ունեցել էի, երբ հաճախում էի մեր տնային եկեղեցին: Ես գիտեմ, որ դա Սուրբ Հոգին էր: Նա ինձ հանգստացրեց։

Դրանից հետո փեսացուս ուղարկեց միսիոներներին՝ ինձ ուսուցանելու: Ես նրանց ասացի, որ արդեն գիտեի, որ վերականգնված ավետարանը ճշմարիտ է, և հասկացել էի, թե ինչպիսին էր Սուրբ Հոգին: Բայց ես մտահոգված էի, որ ինձ համար դժվար կլինի թողնել ծխելը, նաև սուրճ ու թեյ խմելը։

Ես սկսեցի հաճախել եկեղեցի, կարդալ Մորմոնի Գիրքը և շաբաթը երեք կամ չորս անգամ հանդիպել քույր միսիոներների հետ: Ի վերջո, Սուրբ Հոգին օգնեց ինձ դադարեցնել ծխելը, նաև սուրճ ու թեյ խմելը:

Իմ մանկության ընկերուհին սկսեց շաբաթ առ շաբաթ փոփոխություններ տեսնել իմ մեջ: Ես նրան հրավիրեցի իմ միսիոներական ժողովներին: Երբ նա լսում էր, նույնպես զգաց Սուրբ Հոգին և ստացավ վկայություն: Երբ COVID-19-ի ճգնաժամն դանդաղեց, իմ փեսացուն, որն այժմ ակտիվ է Եկեղեցում, վերջապես կարողացավ գալ Թայվան: Մենք ամուսնացանք, և նա ինձ մկրտեց։ Ես նոր մարդ էի։

Նկար
մարդկանց խումբը կանգնած է Փրկչի պատկերի դիմաց

Քույր Ուայլինգ Չեն Քենֆիլդը (Վինի) քույր միսիոներների և ծխի անդամների հետ, որոնք ուսուցանել և ընկերակցել են նրան: «Մենք դեռ խոսում ենք ամեն շաբաթ և միասին ծառայում ենք Եկեղեցու իմ նոր կոչման մեջ՝ Սփոփող միությունում», - ասում է նա:

Իմ ողջ կյանքի ընկերներն ու բիզնես գործընկերները՝ ներառյալ որոշ բանկիրներ և ֆոնդային շուկայի գործակալներ, ասացին, որ տեսնում էին, որ ես փոխվել եմ և ավելի երջանիկ եմ: Ես նրանց հրավիրեցի իմ մկրտությանը, և նրանք եկան: Հետո նրանք ինձ ասացին, որ զգացել են մի բան, որը նախկինում երբևէ չեն զգացել:

Ես չեմ վախենում ուրիշներին ասել, թե ինչ գիտեմ և ինչ եմ զգում Հիսուս Քրիստոսի մասին. այն, ինչ ես գիտեմ, ճշմարիտ է: Ես գիտեմ, որ իմ վկայությունը ամուր ու անսասան է։ Մյուսները, ովքեր ինձ ճանաչում են իմ ամբողջ կյանքում, տեսնում են սա: Իմ հավատքի հանդեպ նրանց հարգանքը նույնիսկ խանգարել է նրանց ծխել ու խմել գործնական հանդիպումների և ընթրիքների ժամանակ: Սա մի եզակի բան է մեր բիզնես մշակույթում:

Նկար
երկու կին կանգնած են եկեղեցու շենքի դիմաց

Քույր Քենֆիլդը Ջին Հուայի՝ ընկերոջ հետ, որը հետաքրքրվեց Եկեղեցով Քույր Քենֆիլդի դարձի շնորհիվ:

Ես չեմ վախենում թույլ տալ, որ ուրիշները տեսնեն, լսեն և զգան իմ վկայությունը: Ես հավատում եմ, որ շատ մարդիկ, որոնք չգիտեն, թե ինչպես գտնել Աստծուն և Հիսուս Քրիստոսին, կզգան նույնը, ինչ ես զգացի, երբ լսեն ճշմարտության խոսքերը: Ես միշտ պատրաստ կլինեմ կիսվել այն խոսքերով, որոնք փոխեցին իմ կյանքը։

Տպել