Լիահոնա
Ապահով առաջնորդվենք այնտեղ, որտեղ մենք պետք է լինենք
Մարտ 2024


«Ապահով առաջնորդվենք այնտեղ, որտեղ մենք պետք է լինենք», Լիահոնա, մարտ 2024։

Եկ, հետևիր ինձ

2 Նեփի 25-32

Ապահով առաջնորդվենք այնտեղ, որտեղ մենք պետք է լինենք

Փրկիչը հետևողականորեն կօգնի մեզ մեր ճամփորդության ընթացքում ուշագրավ ձևերով:

Նկար
ոտքերը քայլում են ձյան մեջ

Երբ ես 12 տարեկան էի, իմ ընտանիքը մերձարևադարձային Հոնկոնգից տեղափոխվեց մի վայր, որտեղ ցուրտ, անծանոթ ձմեռներ էին: Շուտով ինձ հրավիրեցին իմ առաջին ձմեռային արշավին իմ ծխի երիտասարդ տղաների հետ:

Մեր քայլարշավի օրը ես հագա բոլոր հնարավոր տաք հագուստներս: Երբ մենք բարձրանում էինք ոլորապտույտ լեռնային արահետով, ես ոգևորված էի, տեսնելով, թե ինչպես է ձյունը ծածկում գետինը: Այնուամենայնիվ, իմ հագուստը չէր համապատասխանում ոչ տեղանքին, ոչ եղանակին, և ես դժվարությամբ էի հետևում իմ խմբին: Ես նրանց ասացի, որ առաջ գնան, իսկ ես կմիանամ նրանց, ում կարծում էի, որ գալիս էին մեր հետևից:

Երբ ես շարունակեցի իմ տեմպով, կոշիկներս ու հագուստս թրջվեցին, իսկ ձեռքերս, ոտքերս ու դեմքս թմրեցին: Այնուհետև այնքան ուժեղ ձյուն եկավ, որ ես այլևս չէի կարողանում տեսնել արահետը։ Որոշ ժամանակ թափառելուց հետո ես հասկացա, որ մոլորվել եմ, մենակ եմ և վստահ չեմ՝ արդյոք որևէ մեկը գիտի, որ ես կորել եմ:

Կյանքի ճամփորդության ընթացքում երբեմն մենք կզգանք, որ անպատրաստ ենք, մոլորված կամ հետ ենք մնացել: Մենք կարող ենք կորցնել ուղղության զգացումը և մեր առջև գտնվող ճանապարհի տեսանելիությունը: Կարող է թվալ, որ որքան ավելի շատ ենք փորձում առաջ գնալ, այնքան ավելի ենք հեռանում մեր նպատակակետից: Հիասթափությունը կարող է սկսվել, և հանձնվելու գայթակղությունը դառնում է գրավիչ:

Փրկիչ Հիսուս Քրիստոսը նախախնամությամբ սահմանված զորություն ունի մեզ ուղղորդելու, բարձրացնելու, երբ մենք սայթաքում ենք (տես Սաղմոս 37.23–24), և պարգևելու հանգստություն (տես Մատթեոս 11.28), բժշկում (տես Եսայիա 53.5, Ալմա 15.8), Վարդապետություն և Ուխտեր 42.48), վստահություն (տես Վարդապետություն և Ուխտեր 121.45) և խաղաղություն (տես Մոսիա 4.3, Ալմա 38.8, Վարդապետություն և Ուխտեր 19.23): «Մոտեցեք ինձ, - ասել է Նա, - և ես կմոտենամ ձեզ. փնտրեք ինձ ջանասիրաբար, և կգտնեք ինձ. խնդրեք, և կստանաք. թակեք, և ձեզ կբացվի» (Վարդապետություն և Ուխտեր 88.63): Անմիջական ճանապարհը միշտ չէ, որ հստակ է, բայց մենք կարող ենք հետևել Փրկչին այն հավատքով, որ մեր ճամփորդությունը կավարտվի գեղեցիկ և հաղթական, քանի որ Նա ապահով կառաջնորդի մեզ այնտեղ, որտեղ մենք պետք է լինենք:

Մենք միշտ կարող ենք նայելՀիսուս Քրիստոսին, քանի որ Հիսուս Քրիստոսն է «ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14.6):

Մեր ճամփորդության ճիշտ ուղին

Այս տարի Մորմոնի Գրքի մեր ուսումնասիրության ժամանակ մենք հետևել ենք Լեքիին և նրա ընտանիքին՝ դեպի խոստացված երկիր նրանց ճամփորդության ընթացքում: Մտածեք, թե ինչ փորձությունների դիմացավ Լեքիի ընտանիքը ճամփորդության ընթացքում.

  • ծաղր՝ մարգարեներին հավատալու և հետևելու համար

  • ծանոթ հարմարավետության փոխանակում անհայտ անապատի հետ

  • ճամփորդություն առանց հստակ հեռավորության, նպատակակետի կամ տևողության

  • սով, վիշտ, հիվանդություն և մահ

  • դժվար առաջադրանքներ, երբեմն՝ առանց հասկանալու դրանց պատճառները կամ ինչպես իրականացնել դրանք

  • անհաջողություններ, ուշացումներ, տարաձայնություններ և հիասթափություններ

  • դժվարին հանգամանքներ երիտասարդ ընտանիքների աճի համար

Ճանապարհին մենք նաև նկատեցինք, թե ինչպես է Տերը հետևողականորեն օգնում նրանց: Նա տրամադրեց՝

  • մարգարեական առաջնորդություն և անձնական հայտնություն,

  • սուրբ գրություններ, որոնք պարունակում են խոստացված օրհնություններ և ուխտեր,

  • տոհամաբանական գրանցումներ և ընտանեկան պատմություն,

  • նոր գործիքներ և եղանակներ՝ նրանց կարիքները հոգալու համար,

  • դժվարություններին դիմանալու կարողության աճ,

  • իմաստություն և հրահանգներ՝ անծանոթ առաջադրանքներ կատարելու համար,

  • Լիահոնան (գործիք, որն ուղղորդում է նրանց ճամփորդության ընթացքում) և

  • անվտանգություն ու պաշտպանություն նրանց ընտանիքների համար:

Ինչպես Լեքիի ընտանիքի համար, մեր ճամփորդությունները ևս չեն լինի առանց մարտահրավերների և զոհաբերությունների: Փրկիչը նույնպես հետևողականորեն կօգնի մեզ ուշագրավ ձևերով: Նեփին ուսուցանել է. «Ճիշտ ճանապարհը Քրիստոսին հավատալն է … ձեր ողջ զորությամբ, մտքով, և ուժով, և ողջ ձեր հոգով» (2 Նեփի 25.29): Եթե մենք ընտրենք հավատքն առ Հիսուս Քրիստոս, խոնարհաբար ընդունենք Նրա խոսքը և գործելու քաջություն ունենանք, մենք ուրախություն և օրհնություններ կգտնենք այն դժվարությունների մեջ, որոնց հանդիպում ենք: Ճանապարհին մենք կարող ենք վստահություն ունենալ, որ կարող ենք իրականացնել այն, ինչ Նա ցանկանում է, որ մենք անենք (տես 1 Նեփի 3.7):

Ստորև բերված են մի քանի եղանակներ, որոնց միջոցով Փրկիչը շարունակաբար օգնում է մեզ:

Նկար
Հիսուս Քրիստոսի դիմանկարը

Ավելի պայծառ օրվա լուսաբացը, Սայմոն Դյուի

Նա մեզ տալիս է իր վարդապետությունը

Հիսուս Քրիստոսը գիտի «վերջը սկզբից» (Աբրահամ 2.8): Նա նաև «նշեց ուղին և ցույց տվեց ճանապարհը»։1 Նրա վարդապետությունը, որը սուրբ գրություններում հայտնի է որպես Քրիստոսի վարդապետություն, այն ճանապարհն է, որով մենք բոլորս պետք է գնանք՝ փրկվելու համար:

Մենք պետք է շարունակաբար հավատք գործադրենք Հիսուս Քրիստոսի հանդեպ, կանոնավոր կերպով ապաշխարենք, մկրտվենք, ստանանք Սուրբ Հոգու պարգևը, մտնենք ուխտերի մեջ և փորձենք հնարավորինս դիմակայել փորձություններին: Փոխարենը՝ մեզ խոստացված է ներում, հույս և հավերժական կյանք (տես 2 Նեփի 31․2-20։)

Տարբեր ու հակասական ուղիների աշխարհում Քրիստոսի վարդապետությունը տալիս է հստակ և գործող ուղղություն, որին մենք կարող ենք հետևել՝ ճիշտ ճանապարհով գնալու համար (տես 2 Նեփի 31.21):

Նա մեզ սփոփանք է պարգևում

Իր քավիչ զոհաբերության միջոցով Փրկիչը գիտի, թե ինչ է նշանակում լինել իսկապես միայնակ ու լքված: Նա նաև հիանալի գիտի, թե ինչպես սփոփել մեզ։ Նա ասաց. «Ձեր սրտերը թող չխռովվեն» (Հովհաննես 14.1) և «Ես ձեզ որբ չեմ թողնի. կգամ ձեզ մոտ» (Հովհաննես 14.18):

Նրանց, ովքեր հավատում են Իրեն, Փրկիչը խոստացել է Մխիթարիչի պարգևը, որը Սուրբ Հոգին է: Նա ասել է, որ Մխիթարիչը «ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի» (Հովհաննես 14.26):

Նա մեզ տրամադրում է Աստծո Խոսքը

Մեր օրերում Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման միջոցով Տերը մեզ տվել է հին և վերջին օրերի սուրբ գրություններ, որոնք պարունակում են Աստծո խոսքը: Նեփին ուսուցանել է, որ «նրանք, ովքեր ականջ կդնեն Աստծո խոսքին և ամուր կբռնեն դրանից, երբեք չեն կորչի» (1 Նեփի 15.24):

Ամեն օր Աստծո խոսքով սնվելը պաշտպանություն է բերում և մեզ առաջնորդում է առատորեն զգալ Աստծո սերը: Նրա խոսքերը լուսավորում են մեր ճանապարհը (տես Սաղմոս 119.105) և «կասեն [մեզ] բոլոր բաները, որ [մենք] պետք է անենք» (2 Նեփի 32.3):

Նա առաջնորդում է մեզ Իր ծառաների՝ մարգարեների և առաքյալների միջոցով

Հիսուս Քրիստոսը կանչել է մարգարեներին և առաքյալներին՝ օգնելու մեզ: Նրանց խորհուրդներն ու ուսմունքները մեզ և մեր օրերի համար են: Եթե ձեր ճամփորդության ընթացքում մոլորվեք կամ ապակողմնորոշվեք, գուցե օգտակար լինի, որ խորհեք հետևյալ երեք հարցերի շուրջ.

  1. Մարգարեների և առաքյալների խոսքերի միջոցով Տերը ինչպե՞ս է պատրաստել ինձ իմ ապրած փորձությունների համար:

  2. Ի՞նչ են այսօր հրավիրում ինձ անել մարգարեներն ու առաքյալները՝ պատրաստվելու առջևում սպասվող մարտահրավերներին:

  3. Ի՞նչ եմ ես հիմա անում՝ մարգարեական հրավերների համաձայն գործելու համար:

Այս հարցերի շուրջ խորհելով՝ մենք կարող ենք գիտակցել մարգարեների և առաքյալների առաջնորդության կարևորությունը: Մենք կարող ենք ավելի լավ լսել Տիրոջ ձայնը և նկատել, թե Նա ինչպես է հետևողականորեն օգնում մեզ: Եթե ընտրենք, մենք կարող ենք լսել մարգարեներին ու առաքյալներին և գտնել առաջնորդություն, բարգավաճում ու պաշտպանություն այն ճանապարհին, որը տանում է դեպի Երկնային Հայրը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը:

Նկար
Երեց Թայը լեռան գագաթին

Երեց Թայը Կալիֆորնիայի Սիերա Նևադայի տարածքում մոտ 1988 թ. Նրա պատմությունը տեղի է ունեցել Բադեն Փաուել լեռան վրա՝ Կալիֆորնիայի Սան Գաբրիել լեռներում, 1984 թվականին:

Լուսանկարները տրամադրել է հեղինակը

Առաջ շարժվելու հավատք

Տարիներ առաջ, մոլորված, ցուրտ և միայնակ այդ ձյունառատ լեռան վրա կանգնած, ես հուսահատվեցի: Չիմանալով ինչ անել, ես ծնկի իջա նոր թափված ձյան մեջ և աղոթեցի իմ Երկնային Հորը օգնության համար: Ես կիսվեցի Նրա հետ իմ դժվարությամբ և վախերով և աղաչեցի, որ ինձ գտնեն ու փրկեն:

Երբ վեր կացա, ձյունը իջավ շուրջս, և գեղեցիկ, հանգիստ լռություն լցվեց ծառերի վրա: Այդ անդորրը խաթարվեց, երբ մոտակա թփերի միջից խշշոց լսեցի։ Երկու ավագ տարիքի տղաներ հայտնվեցին։ Նրանք արդեն հասել էին գագաթին, և արահետով գնալու փոխարեն, որոշել էին ցած սահել սարից: Եվ նրանք սահեցին հենց այնտեղ, որտեղ ես էի:

Երբ ինձ հարցրին, թե ինչ եմ անում այնտեղ, ես ասացի, որ մոլորվել եմ: Նրանք ինձ հրավիրեցին միանալ իրենց, և մենք միասին ապահով սահեցինք դեպի լեռան ստորոտում գտնվող արահետը: Ի վերջո, ես վերամիավորվեցի մեր խմբի մնացած անդամների հետ:

Երբ մենք հավատքով, նվիրվածությամբ և տոկունությամբ առաջ ենք շարժվում մեր անձնական ճամփորդությունների ուղիներով, թող որ գիտակցենք, թե ինչպես է Փրկիչը քայլում մեզ հետ և ակտիվորեն օգնում մեզ: Հիսուս Քրիստոսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Թող Նրա հանդեպ մեր հավատքը խաղաղություն բերի մեր մտքերին և ուրախություն՝ մեր ճամփորդության ընթացքում:

Հղում

  1. «Ինչ մեծ է իմաստությունն ու սերը», Հիմներ, հ. 19:

Տպել