Լիահոնա
Ես գիտեի, որ պաշտպանված եմ
Մարտ 2024


«Ես գիտեի, որ պաշտպանված եմ», Լիահոնա, 2024 թ. մարտ:

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Ես գիտեի, որ պաշտպանված եմ

Դրսում մոլեգնում էր պատերազմը, բայց երբ ես կարդում էի Մորմոնի Գիրքը, խաղաղություն զգացի և չէի վախենում:

Նկար
կինը գիրք է կարդում

Նկարը՝ Ալեքս Նաբաումի

1992 թվականին Հարավսլավիայում մոլեգնում էր պատերազմը։ Մեր Մոստար քաղաքը ամեն օր ռմբակոծվում էր։ Կասեցվել էին բոլոր հանրային ծառայությունները, այդ թվում՝ փոստային ծառայությունը։

Սակայն ապրիլի 1-ին իմ դուռը թակեցին։ Երբ բացեցի այն, մի անծանոթ մարդ ինձ մի փաթեթ հանձնեց իմ դստեր կողմից, որն այն ժամանակ ապրում էր Մալագայում (Իսպանիա), որտեղ նա միացել էր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն: Ներսում կար Մորմոնի Գրքի օրինակը:

Ես սկսեցի կարդալ այն հենց այդ օրը: Դրսում պատերազմ էր ընթանում, բայց երբ կարդում էի, խաղաղություն էի զգում ու չէի վախենում։ Ավելի ուշ ես իմացա, որ խաղաղությունը, որը ես զգացի, Սուրբ Հոգին էր: Ես գիտեի, որ պաշտպանված եմ և չեմ մեռնի:

Երբ կարդում էի, ես իմացա Հիսուս Քրիստոսի մասին, և որ Նա դեռ ապրում է: Ես իմացա մկրտության և Փրկչի եկեղեցու մասին: Ես զգացի, որ այն ամենը, ինչ կարդացել եմ, ճիշտ է։ Ժամանակ առ ժամանակ դուստրս պատասխանում էր իմ հարցերին։

Երբ ամուսինս մահացավ 2019 թվականին, ես որոշեցի մեկնել Միացյալ Նահանգներ, որտեղ այժմ ապրում է դուստրս։ Ես ուզում էի տեսնել նրան և ավելին իմանալ վերականգնված Եկեղեցու մասին:

Ես մնացի Սոլթ Լեյք Սիթիում (Յուտա) չորսուկես ամիս: Ամեն շաբաթ դստերս հետ գնում էի եկեղեցի: Ես այնպիսի զգացողություն ունեի, որը չէի կարող նկարագրել։ Ես մասնակցեցի միսիոներական դասերին: Ես գիտեի, որ այդ ամենը ճիշտ է: Ես ապրեցի իմ կյանքի ամենագեղեցիկ օրը, երբ մտա մկրտության ջրերը և հաստատվեցի որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ 2019 թվականի հուլիսի 27-ին:

Երբ ես մտա սենյակ՝ մկրտությունից հետո հաստատվելու համար, բոլորն արտասվում էին: Մկրտվելը և Սուրբ Հոգու պարգևը ստանալը մեծ պարգև է մեր Երկնային Հոր կողմից: Իմ հաստատումից հետո ես զգացի, որ երկինքը բաց է, և որ մենք բոլորս այնտեղ ենք: Այնուհետև իմ հայրապետական օրհնության մեջ ես շատ հատուկ, հավերժական խոստումներ ստացա:

Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Կարդալով և աղոթելով դրա մասին՝ մենք կարող ենք ձեռք բերել մեր սեփական վկայությունը դրա մասին: Այդ վկայությամբ մենք կիմանանք, որ Ջոզեֆ Սմիթը մարգարե է, և որ նրա միջոցով Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին վերականգնվեց երկրի վրա:

Տպել