Լիահոնա
Դուք պատկանում եք
Մարտ 2024


«Դուք պատկանում եք», Լիահոնա , 2024 մարտ:

Չափահաս երիտասարդներ

Դուք պատկանում եք

Մենք կարող ենք գտնել մեր պատկանելության զգացումը, երբ զարգացնում ենք իմաստալից հարաբերություններ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Նկար
Հայր Աստվածը և Հիսուս Քրիստոսը թևատարած ողջունում են իրենց շրջապատող մարդկանց

Հատված Փառքի աստիճանները, նկարից, Էննի Հենրի Նեյդերի

Մեզանից յուրաքանչյուրը ծնվել է պատկանելու բնածին պահանջով: Մենք, բնականաբար, փափագում ենք այդ պատկանելությունը մեր ընտանիքների, ընկերների, գործընկերների, ծխերի և մեր կյանքի այլ մարդկանց հետ ընկերակցություններում: Մեր սրտերը կարծես թե ունեն այս երկնային ցանկությունները՝ պատկանելու խոր և մշտական կարիքի համար:

Ես և դուք մեր Երկնային Հոր հավերժական ընտանիքի մի մասն էինք (և դեռևս ենք)՝ երկիր գալուց շատ առաջ: Սուրբ գրությունները մեզ նկարագրում են որպես՝ «օտարներ և պանդուխտներ երկրի վրա» (Եբրայեցիս 11.13, Վարդապետություն և Ուխտեր 45.13): Լքելով մեր երկնային տունը և գալով՝ շփոթմունքով, մենակությամբ և սրտի ցավով լի այս աշխարհ՝ մենք կարող ենք մեզ զգալ թափառականների նման, որոնք կարոտում են իրենց հավերժական տունն ու հարաբերությունները:

Եթե դուք երբևէ զգացել եք երկնային տան կարոտը, գուցե դա այն պատճառով է, որ մեր իսկական տունն ու ինքնությունը կապված են մեր Երկնային Հոր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետ: Ահա թե ինչու է այդքան կարևոր Նրանց հետ խոր կապ ունենալը: Երբ Նրանց հետ կապված ենք մեր ուխտի հարաբերությունների միջոցով, կգտնենք պատկանելության իրական զգացումը, որին ձգտում են մեր հոգիները:

Մեր ուխտի հարաբերությունները Աստծո հետ

Մեր գործողություններն ու մեր մտքերը արտացոլում են մեր հարաբերությունները, որոնք մենք արժևորում ենք: Նույնը վերաբերում է մեր Երկնային Հոր և Փրկչի հետ մեր ուխտի հարաբերություններին:

Երբ մենք գնահատում ենք Աստծո հետ մեր ուխտի հարաբերությունները, ամեն ինչ փոխվում է: Աշխարհի ազդեցությունն ընդունելու փոխարեն մենք ընդունում ենք Նրա ազդեցությունը և ավելի ենք նմանվում Նրան: Մեր կյանքը սկսում է ավելի շատ իմաստ, հոգևոր կայունություն և ուժ ստանալ: Հանկարծ «պատկանելությունը» գերազանցում է մահկանացու ոլորտը, որն ըստ մեզ, նշանակում է «պատկանելություն»:

Երբ Աստծո հետ այդ ուխտի փոխհարաբերությունն առաջին տեղում է, աշխարհիկ սին շեղումները կորցնում են իրենց ամրությունը, և մենք գտնում ենք իսկական անձնական խաղաղություն և պատկանելություն: Աշխարհը գրեթե ոչինչ անվճար չի տալիս, իսկ մեր Երկնային Հայրը սիրով տարածում է Իր ուխտի օրհնությունները՝ անկախ այս աշխարհում մեր կարգավիճակից (տես 2 Նեփի 9.50–51):

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հստակ ուսուցանել է, որ «երբ մենք ուխտ ենք կապում Աստծո հետ, մենք ընդմիշտ հեռանում ենք չեզոք հողից: Աստված չի խզի Իր հարաբերությունները նրանց հետ, ովքեր նման կապ են հաստատել Իր հետ: Իրականում, բոլորը, ովքեր ուխտ են կապել Աստծո հետ, արժանանում են հատուկ սիրո և ողորմության»:1

Մենք ենք որոշում՝ արդյոք սերտ հարաբերություններ ունենք Աստծո հետ. Նա մշտապես մեզ հետ է, սակայն մենք ինքներս պետք է ընտրենք մշտապես լինել Նրա հետ: Իսկ այդ աստվածային ընտրությունը և զորացնող է, և ազատող: Այդ ընտրությունը մեզ ազատում է կեղծ պատկերացումներից, թե ով ենք մենք, նաև ազատում է աշխարհիկ ակնկալիքների սահմանափակող շղթաներից:

Եվ երբ մենք գտնում ենք այդ պատկանելությունը մեր Երկնային Հոր հետ, ապա կարող ենք նայել մեր շուրջը և տեսնել ուրիշներին այնպես, ինչպես Նա է տեսնում: Երբ ես հասկանում եմ, թե Նա ինչ է զգում իմ հանդեպ, ես ավելի լավ եմ հասկանում, թե Նա ինչ է զգում քո հանդեպ, իսկ ուրիշներին հասնելու և հավաքելու իմ կարողությունն ու ցանկությունը մեծանում են:

Նկար
Նավուի տաճարը մայրամուտին

Նավուի տաճարի նկարը մայրամուտին, նկարը՝ Մաքս Դ. Ուիվերի

Ուխտերը բացում են օրհնությունները

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում են, որ մենք ուխտեր կապենք Իրենց հետ, որպեսզի Նրանք կարողանան օրհնել մեզ այն ձևերով, որոնց կարիքն ունենք և փոխեն մեզ այնպիսի ձևերով, որոնք թույլ կտան մեզ վերադառնալ Իրենց ներկայություն:

Ես կհրավիրեի ձեզ որքան հնարավոր է հաճախ այցելել Տիրոջ տուն: Երբ պարտավորվում եմ հաճախակի և միտումնավոր գնալ այնտեղ, ես թեթևանում եմ աշխարհիկ հոգսերից, և իմ մտքերն ու բնույթը ազնվանում են:

Մեր ուխտերը պահելու միջոցով մենք ստանում ենք քահանայության զորություն, որը բացում է Փրկչի Քավության օրհնությունները մեր կյանքում: Այդ օրհնությունները ներառում են՝ բժշկում, առաջնորդություն, պաշտպանություն, օգնություն, ուժ, խաղաղություն, հեռանկար և ուրախություն: Երկնային Հայրը ցանկանում է օրհնել մեզ այս բոլոր բաներով մեր ուխտի փոխհարաբերությունների միջոցով:

Եթե դուք դեռ չեք ստացել տաճարի օրհնությունները, ես հրավիրում եմ ձեզ ուսումնասիրել տաճարի օրհնությունները, քահանայության զորությունը, ուխտերը և այն, ինչ Աստված ցանկանում է ձեզ համար: Մի սպասեք, որ ստանաք Նրա սփոփանքը, զորությունը և սիրալիր օգնությունը:

Նախագահ Նելսոնն ասել է․

«Ես կհորդորեի ձեզ չսպասել ամուսնությանը՝ Տիրոջ տանը օժտվելու համար: Այժմ սկսեք սովորել և զգալ, թե ինչ է նշանակում զինված լինել քահանայության զորությամբ:

Եվ ձեզանից յուրաքանչյուրին, ով տաճարային ուխտեր է կապել, խնդրում եմ, որ աղոթքով և հետևողականորեն ձգտեք հասկանալ տաճարային ուխտերն ու արարողությունները: Հոգևոր դռներ կբացվեն: Դուք կսովորեք, թե ինչպես բաժանել երկնքի ու երկրի միջև եղած վարագույրը, ինչպես խնդրեք Աստծո հրեշտակներին, որ աջակցեն ձեզ և ինչպես ավելի լավ ստանաք երկնքի առաջնորդությունը։ Եթե եռանդուն ջանքեր գործադրեք դրա համար, կամրապնդեք և կզորացնեք ձեր հոգևոր հիմքը»:2

Պատկանել ապաշխարության միջոցով

Մշտական ապաշխարությունը ևս մեկ գեղեցիկ և հզոր միջոց է՝ մոտ մնալու Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Հաճախ մենք սխալմամբ կարծում ենք, որ եթե շատ ենք ապաշխարում, ուրեմն պետք է որ հեռու լինենք Նրանցից: Բայց ճիշտ հակառակն է։

Ապաշխարությունը ձեզ չի հեռացնում նրանցից, այն ձեզ ավելի է մոտեցնում Նրանց:

Դուք կարող եք ավելի մեծ պատկանելություն և ավելի խորը հարաբերություններ գտնել Նրանց հետ՝ Նրանց օգնության համար դիմելու և ներում ստանալու ձեր ջանքերի միջոցով:

Մեզանից յուրաքանչյուրը կարող է կատարելությունից ավելի հեռու զգալ, քան կցանկանար, բայց ես չեմ կարծում, որ Երկնային Հայրն այնքան մտահոգված է դրանով, որքան Նա մտահոգված է նորից փորձելու մեր ցանկությամբ ու ջանքերով: Նա սիրում է մեզ, Նա գիտի, թե ուր ենք մենք գնում, և Նա սիրով կուղեկցի մեզ:

Մեր թուլություններն ու սխալներն ընդունելը խոցելիություն է պահանջում, սակայն ապաշխարելով՝ մենք հրավիրում ենք Երկնային Հորը մոտ լինել մեր այդ խոցելի մասի հետ: Այդ մոտիկությունը թույլ է տալիս Նրան տարածել Իր մեծ սերը մեզ վրա և ապահովել մեզ անհրաժեշտ բժշկում, ներում և անվտանգություն: Աստծո հանդեպ այս կապով է, որ մենք կզարգացնենք վստահություն և կգտնենք քաջալերանք ու իսկական պատկանելություն:

Նկար
Արարումը

Արարումը, Էննի Հենրի Նեյդեր

Բարձրագույն հեռանկարի որոնում

Մեր հեռանկարը կարող է նպաստել Տիրոջ Եկեղեցում մեր պատկանելության զգացմանը: Մենք կարող ենք ընտրել այն հեռանկարը, որ մեր սեփական գործողությունները կարող են օգնել մեր ծխին, մեր Սփոփող միությանը կամ մեր երեցների քվորումին՝ դառնալու սիրառատ վայր: Օգնելով ուրիշներին պատկանել՝ իրականում մեծացնում ենք մեր սեփական պատկանելության զգացումը:

Քանի որ դուք Աստծո զավակն եք, դուք պատկանում եք, անկախ նրանից, թե ուրիշներն ինչպես են ընկալում ձեզ կամ ինչպես կարող եք ընկալել ինքներդ ձեզ: Հոր երջանկության ծրագիրը նախատեսված է ձեզ համար, և դուք կարևոր դեր ունեք դրանում: Ձեզանից յուրաքանչյուրը կարող է եզակիորեն նպաստել և պատկանել Աստծո արքայությանը՝ անկախ ձեր ամուսնական կարգավիճակից, կրթությունից կամ ծագումից:

Ինձ բազմիցս այցելել է այն միտքը, որ «երիտասարդ ամուրիներ», «չափահաս երիտասարդներ» և «չափահաս ամուրիներ» եզրույթները չեն, որ իրականում բնութագրում են ձեզ: Սրանք ժողովրդագրական տերմիններ են, որոնք օգնում են նկարագրել տարիքը և ամուսնական կարգավիճակը, բայց դրանք իսկական հավերժական ինքնության, նպատակի և կարողությունների համարժեք բնութագրիչներ չեն:

Պիտակները կամ համեմատությունները կարող են սահմանափակել այն, թե մենք ինչպես ենք տեսնում մեզ և մեր արժեքն ու ներուժը Աստծո արքայությունում: Իրականությունն այն է, որ դուք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եք: Դուք ուխտեր եք կապել Աստծո հետ: Դուք հասանելիություն ունեք Նրա քահանայության զորությանը: Դուք Սփոփող միության կամ երեցների քվորումի անդամ եք: Դուք, ինչպես նախագահ Նելսոնն է ուսուցանել, Աստծո զավակն եք, ուխտի զավակը և Հիսուս Քրիստոսի աշակերտը: Ահա թե ով եք դուք իրականում նախ և առաջ, և դա այն է, ինչը ձեզ «կառաջնորդի դեպի հավերժական կյանք Աստծո սելեստիալ արքայությունում»:3

Ավետարանը վերականգնվել է չափահաս երիտասարդ մարգարեի՝ Ջոզեֆ Սմիթի միջոցով: Դա խորհելու հզոր միտք է։ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը այդ տարիքում Մարգարեին և նրա համախոհներին վստահեցին Եկեղեցու վերականգնումը: Աստված նաև վստահում է, որ դուք կլինեք այս մեծ աշխատանքի մի մասը այս վերջին օրերին:

Եթե ցանկանում եք իմանալ, թե ով եք դուք, և արդյոք ձեզ սիրում և գնահատում են, հարցրեք ձեր Երկնային Հորը: Նա միշտ ձեզ կասի ճշմարտությունը ձեր մասին: Նա կօգնի ձեզ տեսնել ինքներդ ձեզ այնպես, ինչպես Նա է տեսնում ձեզ՝ հսկայական կարողությամբ ու սիրով: Նա կարող է ձեզ առաջնորդել դեպի մեծ հնարավորություններ և աճ, որը դուք դժվար թե պատկերացնեք:

Թող որ մենք բոլորս աչքեր ունենանք տեսնելու միմյանց և ինքներս մեզ, ոչ թե տարիքի կամ ամուսնական կարգավիճակի, այլ ուխտը պահողների, Հիսուս Քրիստոսի ընկերների, եղբայրների և քույրերի, նաև Աստծո որդիների ու դուստրերի միավորող ոսպնյակների միջոցով: Եվ այդ հավերժական դերերում ու հարաբերություններում մենք կգտնենք պատկանելության ամենաբարձր և իրական զգացումը:

Տպել