Լիահոնա
Կախվածություն հեռուստասերիալից. ինչպես ես թույլ տվեցի, որ Աստված տնօրինի
Մարտ 2024


«Կախվածություն հեռուստասերիալից. ինչպես ես թույլ տվեցի, որ Աստված տնօրինի», Լիահոնա, մարտ 2024։

Կախվածություն հեռուստասերիալից. ինչպես ես թույլ տվեցի, որ Աստված տնօրինի

Երբ ես հրաժարվեցի դիտել այդ սերիալը, զգացի, որ Սուրբ Հոգու ազդեցությունը նկատելիորեն մեծացավ իմ կյանքում:

Նկար
կինը հեռուստացույց է դիտում, երբ կերպարը դուրս է գալիս հեռուստացույցից և դիպչում նրա ուսին

Նկարները՝ Բենեդետտա Վիալիի / Սալզման Ինթերնեյնշլ

Հիսուս Քրիստոսին ընտրելը մեծ զորություն է բերում. «Իսկ գալիք օրերին որքան ենք ունենալու Նրա զորության կարիքը»:1 Մեր աշխարհը մեծ իրարանցման մեջ է։ Թվում է, թե հակառակորդն ավելի մեծ ազդեցություն ունի Աստծո շատ զավակների վրա: Անսրբությունը փառավորվում է, իսկ գայթակղությունները շեղում են մեզ և հեռացնում այն ամենից, ինչը մեզ կմոտեցնի Տիրոջը:

Դա հաղթահարելու համար մեր կյանքում պետք է մեծ եռանդով ընտրենք Հիսուս Քրիստոսին և հրաժարվենք այն ամենից, ինչը վիրավորում է Հոգուն: Մորոնին մեզ խորհուրդ է տվել. «Իմաստուն եղեք ձեր փորձության օրերին. հանեք ձեզանից ամեն անմաքրություն» (Մորմոն 9.28) և հրավիրել է մեզ. «Եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք նրանում, և հրաժարվեք ամեն անաստվածությունից. և սիրեք Աստծուն, ձեր ողջ զորությամբ, մտքով և ուժով» (Մորոնի 10.32):

Ինչպե՞ս կարող ենք հրաժարվել աշխարհիկ բաներից և ավելի մեծ նպատակով գալ Քրիստոսի մոտ: Մեզանից յուրաքանչյուրը այս գործընթացում տարբեր մակարդակի վրա է: Մենք բոլորս կարող ենք հրաժարվել այն ամենից, ինչը խոչընդոտում է լիարժեք զգալ Սուրբ Հոգու ազդեցությունը: Դա անելու համար մեզ անհրաժեշտ է Փրկչի Քավության զորությունը, և այն սկսվում է Նրան ընտրելու մեր ազատ կամքն օգտագործելուց:

Պատկանելու ցանկությունը

Երբ ես սովորում էի ավագ դպրոցում, ամենահմուտ երկրպագուների թիմի անդամ էի: Ամեն օր պարապմունքների ժամանակ իմ թիմի աղջիկները խոսում էին այն մասին, թե ինչ է կատարվում ցերեկային հեռուստասերիալում: Երբևէ չէի դիտել դա ու գիտեի, որ այդ շոուն աչքի էր ընկնում ցածր բարոյական արժեքներով։ Այնուամենայնիվ, ամեն օր պարապմունքի ժամանակ ես բացառվածության զգացում ունեի այդ սոցիալական խմբից, քանի որ աղջիկները հուզված խոսում էին շոուի մասին: Հոգին շշնջաց ինձ, որ չդիտեմ այն, բայց ես հուսահատ ուզում էի ընդգրկվել նրանց խոսակցությունների մեջ, ուստի ես սկսեցի դիտել:

Այն ինձ այնքան էլ վատը չթվաց: Ես հիմնավորեցի, որ դա ինձ վրա չի ազդի: Ես գիտեի, որ չեմ պատրաստվում անել այն վատ բաները, որոնք ես տեսա կերպարների գործողություններում: Ես կախվածության մեջ ընկա և ամեն օր դիտում էի հաղորդումը: Երբ ընդունվեցի Բրիգամ Յանգ համալսարան, կարգավորեցի իմ դասացուցակն այնպես, որ կարողանամ ամեն օր դիտել այն: Երբևէ որևէ դրվագ բաց չեմ թողել:

Ես ամուսնացա և ունեցա իմ առաջին երեխան։ Ես նրան ամեն օր քնեցնում էի շոուի ժամանակ, որպեսզի կարողանամ դիտել այն:

Տարիների ընթացքում Հոգին բազմիցս շշնջաց ինձ, որ ես պետք է դադարեմ դիտել այդ շոուն: Բայց ես հրաժարվեցի անել այդ: Ես շատ էի ներգրավվել հերոսների կյանքի մեջ: Դա իմ հանգստանալու միջոցն էր, ուստի ես շարունակեցի դիտել: Ես համոզված էի, որ դա ինձ չի վնասում։

Նկար
կինը հեռանում է հեռուստացույցից, երբ կերպարը ձեռքը մեկնում է հեռուստացույց միջից և բռնում նրա թևը

Հրավերը

Ավագ դպրոցն ավարտելուց 19 տարի անց ես դեռ ամեն օր դիտում էի հաղորդումը: Գերագույն համաժողովի ժամանակ քույր Շերի Լ. Դյուն, որն այն ժամանակ Սփոփող միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդականն էր, խոսում էր աշխարհից հեռանալու և անսուրբ բաների մասին: Հետո նա ասաց. «Ես հրավիրում եմ մեզանից յուրաքանչյուրին բացահայտել առնվազն մեկ բան, որ մենք կարող ենք անել՝ աշխարհից դուրս գալու և Քրիստոսին ավելի մոտենալու համար»:2

Այդ հրավերից հետո ես զգացի Հոգու մեծ զեղում և մտքումս լսեցի. «Դու հիմա պետք է դադարես դիտել այդ հաղորդումը»: Կոչը այնքան հզոր էր, կարծես նման էր սթափեցնող հարվածի: Ակնթարթորեն հասկացա, որ այլևս չեմ կարող անտեսել այս հուշումը: Ես հրատապություն զգացի՝ այլևս երբեք չդիտելու շոուն: Ես գիտակցեցի, որ ոչ մի կերպար որևէ առաքինի կամ պատվաբեր բան չի անում: Ես ամեն օր իմ կյանք էի հրավիրում մի բան, որի մեջ չկար ոգևորիչ ու լուսավորող որևէ նշույլ: Հենց այդ պահին ես պարտավորվեցի Տիրոջը, որ այլևս երբեք չեմ դիտի այն:

Դա հեշտ չէր: Դժվար էր դադարեցնել տասնինը տարվա սովորությունն ու կախվածությունը: Եկավ երկուշաբթի օրը, և ժամանակն էր, որ շոուն սկսվեր։ Ես մոտեցա հեռուստացույցի հեռակառավարման վահանակին: Շատ էի ուզում միացնել այն: Ես հիշեցի Տիրոջ հանդեպ իմ պարտավորությունը, որ այլևս չեմ դիտի այն: Ապա հեռացա։

Հետո ես մտածեցի իմ սիրելի կերպարի մասին և մտածեցի, թե ինչ կարող է պատահել նրա հետ և վերադարձա դեպի հեռակառավարման վահանակը: Ես գիտեի, որ Աստծո օգնության կարիքն ունեմ, ուստի ծնկի իջա, աղոթեցի և կամքի ուժ խնդրեցի, որ կարողանամ չդիտել այն: Ես մտածեցի Երկնային Հորը տված իմ խոստման մասին և դուրս եկա սենյակից: Ես ընտրեցի հետևել հուշումներին, որոնք ստացել էի Սուրբ Հոգուց, և հարգել իմ պարտավորությունը:

Այդ սցենարը կրկնվում էր ամեն օր՝ այդ շաբաթ և հաջորդ շաբաթ: Ամեն օր ես ծնկի էի իջնում, աղոթում և ուժ էի խնդրում չդիտելու համար, և ամեն օր ընտրում էի Հիսուս Քրիստոսին ու հեռանում հեռուստատեսային շոուից, որը որևէ բարոյական արժեք չուներ: Ես հաղթելու ուժ ստացա այն զորությունից, որն առաջարկում է Փրկիչը՝ Իր Քավության միջոցով:

Որոշ ժամանակ անց դա անելուց հետո հրաշք տեղի ունեցավ։ Ես ամբողջովին կորցրի շոուն դիտելու ցանկությունս՝ 19 տարի ամեն օր դիտելուց հետո։ Պարզապես ապշեցուցիչ էր: Ես նաև կորցրի ցանկությունը դիտելու այն բոլոր կասկածելի հաղորդումները, որոնք դիտում էի, ուստի լիովին դադարեցրի։

Իմ գիտակցությունը վերագտավ զգոնությունը, և ես ճանաչեցի չարիքն այնպիսին, ինչպիսին այն կար։ Ես անկեղծորեն ցանկանում էի խուսափել չարիքի ցանկացած դրսևորումից (տես Ա Թեսաղոնիկեցիս 5.22): Ես այլևս դրա նկատմամբ զգայունություն չունեի։

Նկար
մարդ, որն օգտագործում է հեռակառավարման վահանակը հեռուստացույցն անջատելու համար

Ամենազարմանալի օրհնությունը

Բայց ամենից զարմանալին այն էր, որ ես զգացի, որ Սուրբ Հոգու ազդեցությունը անչափ մեծացավ իմ կյանքում, որը նախկինում երբևէ չէի զգացել: Իմ հոգևոր առաջընթացը մեծապես արագացավ: Այդ բոլոր տարիներին ես կարծում էի, որ վայելում եմ Սուրբ Հոգու ընկերակցությունը, բայց իրականում ես զգում էի միայն մի փոքր մասն այն ամենի, ինչ կարող էի զգալ: Ես հասկացա, որ ամբողջ ժամանակ այդ շոուները դիտելը իրոք ազդել էր ինձ վրա: Ես բաց էի թողել Աստծո հետ ավելի ամուր հարաբերություններ ունենալու այդքան տարիները: Երբ ես օգտագործեցի իմ ազատ կամքը և հրաժարվեցի անսուրբ, աշխարհիկ բաներից, Հոգին ազատությամբ ինձ մոտ եկավ շատ ավելի մեծ չափով, և անհավատալի փոփոխություն առաջացրեց, որն իմ ողջ կյանքում զորացրեց, մխիթարեց և առաջնորդեց ինձ:

Մենք հակված ենք ամուր կառչել անարժեք բաներից, որոնք իրականում փակում են դուռը այն օրհնությունների համար, որոնք Աստված ցանկանում է բերել մեր կյանք: Ինչո՞ւ ենք մենք հոգու հզոր, արտոնող ազդեցությունը փոխում զվարճանքի կամ հանրաճանաչի հետ: Գուցե հեռուստասերիալ դիտելը մեծ բան կամ մեղք չէ, բայց դա խոչընդոտեց, որ Սուրբ Հոգին առատությամբ ներկա լինի իմ կյանքում և դանդաղեցրեց իմ հոգևոր առաջընթացը:

Ես այնքան շնորհակալ եմ, որ Տերը չհրաժարվեց ինձնից, այլ համբերատարությամբ շարունակեց ինձ խնդրել, որ հրաժարվեմ ինչ-որ անսուրբ բանից, որպեսզի Նա կարողանար լցնել իմ կյանքն Իր ազդեցությամբ:

Հեղինակն ապրում է Յուտայում (ԱՄՆ):

Հղումներ

  1. Ռասսել Մ․ Նելսոն, «Տաճարը և ձեր հոգևոր հիմքը», Լիահոնա, նոյեմբեր 2021 թ․, 94։

  2. Շերի Լ․ Դյու, «Մենք Աստծո կանայք ենք», Լիահոնա, նոյեմբեր, 1999թ․, 120:

Տպել