Լիահոնա
Միսիոներական հաջողության պատմություն. 60 տարի՝ ցանկալի արդյունքի համար
Հուլիս 2024


«Միսիոներական հաջողության պատմություն. 60 տարի՝ ցանկալի արդյունքի համար», Լիահոնա, հուլիս 2024:

Միսիոներական հաջողության պատմություն. 60 տարի՝ ցանկալի արդյունքի համար

Ուրախալի փորձառություն էր ինձ համար լսել, որ տարիներ առաջ տնկված ավետարանի սերմը պտուղ տվեց:

Նկար
սերմերը գետնին և աճող բույսը մրգերով

Նկարը՝ Քերոլին Վիբերտի

Ես միշտ սիրել եմ Վարդապետություն և Ուխտեր 18․10 հատվածը. «Հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում»։ Եվ երբեմն մեզանից շատերը միասին աշխատում են՝ կիսվելով վկայությամբ, որպեսզի հոգիներ բերեն Փրկչի մոտ (տես Բ Կորնթացիս 13.1):

Հավաքական միսիոներական աշխատանքի այս գեղեցիկ գաղափարը հիշեցվեց ինձ, երբ մի օր է-նամակ ստացա: Մի եղբայր, որն ասում էր, որ միսիայի նախագահի որդին է Կանզասի Վիչիտա քաղաքում, հետաքրքրվում էր՝ արդյոք ես Ռոբերտ Մոնսոնի կինն եմ: Եղբայրը գրում էր, որ փնտրում է երեց Մոնսոնին, որը ծառայել է Կենտրոնական Նահանգներ միսիայում 1959 թվականին: Դա իմ ամուսինն էր։

Նա ինձ պատմեց երկու երիտասարդ երեցների մասին, որոնք վերջերս ոգեշնչվել էին մտնել մի բազմաբնակարան շենք: Նրանք թակեցին առաջին դուռը և այնտեղ ապրող տարեց տիկինը խնդրեց նրանց վերադառնալ հաջորդ օրը: Նրանք ժամանակ նշանակեցին վերադառնալու համար:

Հանդիպման ժամանակ իմացան, որ այդ տարեց քույրն ուներ հին եռահատորը (Մորմոնի Գիրք, Վարդապետություն և Ուխտեր և Թանկագին Մարգարիտ), որը միսիոներները տվել էին նրան 1959թ.-ին: Նա բազմիցս կարդացել էր այն և գիտեր, որ դրա ուսմունքները ճշմարիտ են: Այդ ժամանակ նա չէր միացել Եկեղեցուն, քանի որ ամուսինը չէր ցանկացել, որ նա եկեղեցի հաճախի կամ մկրտվի: Նրա ամուսինը վերջերս մահացել էր, և նա աղոթել էր, որ կարողանա նորից գտնել միսիոներներին: Նրա եռահատորի մեջ նշված էին 1959 թվականի երկու միսիոներների անունները՝ Ռոբերտ Մոնսոն և Գրանադ Քուրրան՝ իմ ամուսինը և նրա զուգընկերը:

Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում այս կինը իմացավ փրկության ծրագրի և տաճարի օրհնությունների մասին: Նրա որդին մահացել էր 22 տարեկանում, և նա ոգևորված էր նրա հետ վերամիավորվելու հնարավորությամբ։ Երբ միսիոներները նրան հրավիրեցին մկրտվելու, նա ուրախությամբ ընդունեց նրանց հրավերը:

Եվ ամուսինս, և նրա զուգընկերը՝ երեց Քուրանը, մահացել են, բայց ես պատկերացնում եմ, որ նրանք ներկա են եղել այդ գեղեցիկ մկրտությանը՝ վարագույրից այն կողմ:

Երբ միսիայի նախագահի որդին պատմեց ինձ այդ պատմությունը, ես հիշեցի, որ Փրկիչը չի մոռանում մեզանից ոչ մեկին: Նա միշտ մեզ հետ է, եթե թույլ տանք Նրան մտնել մեր կյանք: Նոր Կտակարանը պատմում է Զաքեոսի պատմությունը, որը մագլցեց թզենու վրա՝ Փրկչին տեսնելու համար (տես Ղուկաս 19.1–10): Նույնիսկ ծառի վրա Փրկիչը գտավ Զաքեոսին, և ասաց, որ ճաշելու է նրա տանը: Նմանապես, մի տարեց քույր աղոթեց և սպասեց, որ միսիոներները թակեն իր դուռը, և նրանք դա արեցին: Փրկիչը ճանաչում է մեզ բոլորիս: «Որովհետև Մարդու Որդին եկել է կորածին փնտրելու և փրկելու» (Ղուկաս 19.10):

Միսիոներների երկու խումբ՝ մեկը ավելի քան 60 տարի առաջ, իսկ հետո մյուսը՝ վերջերս, այս քրոջը բերեցին Հիսուս Քրիստոսի մոտ և փոխարենը ամրապնդեցին իրենց սեփական վկայությունները և ուրախություն գտան Տիրոջով: Ես խոնարհված եմ, որ այս պատմության մեջ կարող էի ընդամենը ականատես լինել՝ զգալով այս քրոջը Փրկչի մոտ բերելու գործում ներգրավված բոլոր մարդկանց ուրախությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 18.15):

Հեղինակն ապրում է ԱՄՆ Յուտա նահանգում:

Տպել