Լիահոնա
«Խնդրում ենք օգնեք նրան»
Հուլիս 2024


«Խնդրում ենք օգնեք նրան», Լիահոնա, հուլիս 2024:

Վերջին Օրերի Սրբերի ձայները

«Խնդրում ենք օգնեք նրան»

Ընտանեկան պատմությունը և փոխարինող տաճարային աշխատանքը օգնեցին ինձ հաղթահարել անհաջողության և միայնության զգացումները:

Նկար
Մանիլայի (Ֆիլիպիններ) տաճար

Մանիլայի (Ֆիլիպիններ) տաճարի լուսանկարը՝ Ռասել Սուն Դե Լա Կրուզի կողմից

Մի օր աշխատանքի ժամանակ ես ինձ տխուր ու միայնակ էի զգում: Ես հավատում էի, որ ձախողել եմ իմ նախնիների համար կատարվող տաճարային աշխատանքը՝ իմ թույլ տված բազմաթիվ սխալների պատճառով: Ես աղաչեցի իմ Երկնային Հորը, որ ուժ տա ինձ:

Մեկ կամ երկու շաբաթ անց մի քույր մոտեցավ ինձ եկեղեցուց հետո և հարցրեց՝ արդյոք ես Ջեննի Կասաման եմ: Նա ինձ ներկայացավ որպես Միշել (Միչ) Բաուտիստա՝ մեր ծխի տաճարային և ընտանեկան պատմության խորհրդատուներից մեկը: Նա բացատրեց, որ երազ է տեսել, երբ երեք կանայք՝ սպիտակ հանդերձներով և Կասամա ազգանունով, դիմել են իրեն օգնության համար։ Նրանք խնդրեցին քույր Բաուտիստային. «Խնդրում ենք, օգնեք նրան»:

Քույր Միչը հասկացավ, որ այս կանայք խնդրում էին իրեն օգնել իրենց հարազատին՝ ինձ, ավելին իմանալ տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի մասին:

Քույր Միչն ասաց ինձ. «Եկեք տեսնենք, արդյոք մենք կարող ենք գտնել այդ կանանց ձեր տոհմածառում»:

FamilySearch կայքում մենք հայտնաբերեցինք հետևյալ գրանցումները՝ իմ տատիկ Դամասա Կասաման, նրա քույրը՝ Էմիլիանա Կասաման և իմ մեծ մայրը՝ Եվգենիա Կասաման։ Առանց որևէ կասկածի, մենք գիտեինք, որ նրանք երազի կանայք են: Խաղաղության մի քաղցր զգացում իջավ վրաս, և ես զգացի, որ իմ նախնիների սերն էր պարուրել ինձ հենց այդ պահին։ Մենք լաց եղանք այն երջանկությունից, որ զգացինք մեր սրտերում: Ես զգացի, որ նրանք շատ են հոգում իմ մասին, և ի պատասխան՝ սիրտս լցվեց նրանց հանդեպ սիրո խոր զգացումով։

Այնուհետև ես հասկացա իմ պատասխանատվությունը՝ օգնելու նրանց և իմ մյուս նախնիներին ստանալ տաճարային արարողությունները: Մեր նախնիները սպասում էին, ոմանք երկար ժամանակ, որ մենք երկրի վրա իրենց համար կատարենք այս սուրբ արարողությունները:

Ավելի ուշ՝ այդ տարի ես մկրտվեցի տաճարում այս երեք նախնիների համար: Ես վկայում եմ ընտանեկան պատմության աշխատանքի գեղեցկության և այն զորության մասին, որը այն բերում է իմ կյանք:

Ինչպես ասել է նախագահ Ռասել Մ. Նելսոնը. «Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը զորություն ունի օրհնելու ոչ միայն նրանց, ովքեր վարագույրի այն կողմում են, այլև նրանց, ովքեր ապրում են: Այն մաքրագործող ազդեցություն ունի նրանց վրա, ովքեր զբաղված են դրանով: Նրանք բառիս բուն իմաստով օգնում են վեհացնել իրենց ընտանիքները»:

Ես գիտեմ, որ Եկեղեցին ճշմարիտ է, և որ մենք չենք կարող կատարյալ դառնալ առանց մեր նախնիների:

Տպել