Լիահոնա
Խավարից դեպի երջանկություն
Հուլիս 2024


«Խավարից դեպի երջանկություն», Լիահոնա, հուլիս 2024:

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Խավարից դեպի երջանկություն

Երբ մտքումս կրկնում էի տաճարային արարողությունների խոսքերը, մի զարմանալի բան տեղի ունեցավ:

Նկար
ծալված ձեռքերը՝ հենված գրքի վրա

1988 թվականին բրիտանացի այլ ուսուցիչների հետ ես գնացի դասավանդելու Սուդանի դպրոցում: Երեխաները հաճելի էին, և մենք արագ հարմարվեցինք զարգացող երկրում ապրելու դժվարություններին: Սակայն պարզվեց, որ մեր գործատուն ճնշող ու դաժան ղեկավար է, որը հետապնդում էր ցանկացածին, ում ընկալում էր որպես իրեն հակառակորդ։ Նա ատում էր ինձ այն օրվանից, երբ ես պաշտպանեցի մեկին, ում նա բռնության էր ենթարկել:

Մի օր նա ինձ կանչեց իր աշխատասենյակ։ Ավելի քան կես ժամ նա ինձ ենթարկեց ամեն տեսակ բառացի վիրավորանքների և սպառնալիքների։ Ես շոկի մեջ դուրս եկա սենյակից։ Անգամ չեմ հիշում, թե ինչպես անցավ մնացած ուսումնական օրը: Ամբողջ երեկո չկարողացա մտքիցս հանել նրա սարսափելի խոսքերը։

Քնելուց առաջ ես նստեցի իմ անկողնու վրա և կարդում էի սուրբ գրությունները: Հետո ես ծնկի իջա և ջերմեռանդորեն աղոթեցի մխիթարության և հանգստության համար, բայց ոչ մի նմանատիպ զգացում չունեի: Ես մտա անկողին, բայց չկարողացա քնել: Եվս երկու անգամ վեր կացա, կարդացի, ծնկի իջա և աղոթեցի, բայց ապարդյուն։

«Դե լավ,- մտածեցի ես,- Երկնային Հայրը միշտ չէ, որ պատասխանում է մեր աղոթքներին այնպես, ինչպես և երբ ուզում ենք»: Ես տհաճությամբ ընդունեցի, որ տխուր ու անքուն գիշեր է լինելու:

Բայց երբ նորից պառկեցի, մտածեցի. «Մի բան ևս կարող եմ անել»: Ես մտքումս սկսեցի կրկնել տաճարային արարողությունների խոսքերը: Երբ ես դա արեցի, զարմանալի հրաշք տեղի ունեցավ: Ամբողջ թշվառությունն ու խավարը դուրս էին հոսում ինձնից, և ամենահիասքանչ խաղաղությունն ու ուրախությունը հոսում էին ներս և լցնում իմ ողջ էությունը:

Ես վեր կացա և աղոթեցի՝ արցունքոտ աչքերով շնորհակալություն հայտնելով Երկնային Հորը: Հետո նորից պառկեցի անկողին և քնեցի։ Հաջորդ օրը, որը պետք է լցված լիներ վախով և թշվառությամբ, ամենաերջանիկ օրն էր, որ երբևէ անցկացրել եմ երեխաների հետ:

Ես հասկացա, որ Տերը ցանկանում էր, որ ես խորհեմ տաճարային արարողությունների շուրջ: Նավուի Տաճարում իրենց օրհնությունները ստանալուց հետո հարթավայրերն անցնող Սրբերին նախագահ Բրիգամ Յանգը (1801–1877) ասաց. «Տիրոջ տանը կապած ձեր ուխտի կրակը թող վառվի ձեր սրտերում, ինչպես անմար բոցը»։ Երբ մեր տաճարային ուխտերը վառվում են մեր սրտերում ու մտքերում, մենք նույնպես ուժ, խաղաղություն և մխիթարություն կգտնենք:

Տպել