Լիահոնա
Բաց մի թողեք ավագ միսիայում ծառայելու հնարավորությունը
Հուլիս 2024


«Բաց մի թողեք ավագ միսիայում ծառայելու հնարավորությունը» Լիահոնա, հուլիս 2024

Ինչպես ծերանանք հավատարմությամբ

Բաց մի թողեք ավագ միսիայում ծառայելու հնարավորությունը

Մեր ուխտերը հրավիրում են մեզ ծառայել միմյանց, կանգնել որպես Աստծո վկա և մխիթարել նրանց, ովքեր մխիթարության կարիք ունեն: Որպես ավագ միսիոներ ծառայելը այս հրավերներն իրականացնելու ճանապարհներից մեկն է՝ օրհնելով մեր կյանքը և նրանց, ում ծառայում ենք:

Նկար
Ավագ զույգը շտապում է ինքնաթիռ նստել

Այժմ կան 34000 ավագ միսիոներներ, որոնք ծառայում են լիաժամկետ կամ ծառայողական միսիաներում, որոնք, ինչպես իրենց երիտասարդ գործընկերները, շատ ուրախություն են գտնում ճամփորդության ընթացքում: Միայնակները և զույգերը կարող են ծառայել որպես ավագ միսիոներներ տարբեր հանձնարարություններում:

Իսկ կարիքները զգալի են։ 2023 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովում Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ա. Ռասբենդը խրախուսեց տարեց անդամներին մտածել ավագ միսիայի մասին: Նա հարցրեց. ««Ի՞նչ եք դուք անում ձեր կյանքի այս փուլում»: Ավագ միսիոներները ունեն շատ հնարավորություններ, որոնք չունեն ուրիշները։ Դուք բարիք գործելու մեծագույն ուժ եք, փորձառու՝ Եկեղեցու գործերում և հնարավորություն ունեք խրախուսելու և փրկելու Աստծո զավակներին»:

Բացատրելով, թե ինչպես են կանչվում ավագ միսիոներները, նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է. «Ավագ միսիոներների հնարավորությունները բազմազան են և հսկայական: Ծառայության նրանց կանչերը պաշտոնապես արվում են այն բանից հետո, երբ աղոթքով քննարկվել է նրանց մասնագիտական փորձը, լեզվական գիտելիքները և անձնական հնարավորությունները: Բոլոր արժանիքներից ծառայելու ցանկությունը կարող է ամենակարևորը լինել»։ Նա նաև նկարագրել է ավագ միսիոներների ներդրումները որպես «անփոխարինելի»:

«Որոշ ավագ միսիոներներ աշխատում են միսիայի գրասենյակում կամ BYU–Pathway-ի կամ մարդասիրական նախաձեռնությունների հետ, որոնք ունեն հստակ սահմանված կառուցվածք»,- նշել է մի ավագ միսիոներ: «Մենք ինքներս ծառայել ենք այդ տեսակի միսիաներից մի քանիսում: Այսպիսով, մենք մի փոքր վարանում էինք, երբ մեզ կանչեցին MLS (անդամների և ղեկավարների աջակցություն) միսիա: Երբ սկսեցինք, մեզ շատ դուր եկավ այն ճկունությունն ու ստեղծագործականությունը, որը մեզ տվեց այդ տեսակի միսիան՝ այցելելու անդամներին և ամրապնդելու տեղական ճյուղերը»:

Այցելուների կենտրոնում ծառայող ավագ քույրն ասաց. «Երբ ամուսինս մահացավ, ես վստահ չէի, թե ինչ անել իմ ժամանակի հետ: Հիմա անելիքներ ունեմ, գնալու տեղեր, տեսնելու մարդիկ: Ինձնից կախված մարդիկ ունեմ»:

«Վախենալու կարիք չկա, նույնիսկ, եթե դուք չեք ծառայել երիտասարդ ժամանակ»,- նկատեց մի քույր իր ավագ միսիայից տուն վերադառնալուց հետո: «Սա նոր դեր է բոլորի համար: Մենք բոլորս միասին սովորեցինք ապավինել Տիրոջը, ինչպես նաև միմյանց և գտանք, որ «փոքր և հասարակ բաներով են իրականցվում մեծ բաները» [Ալմա 37.6]:

Օրհնություններ միսիոներների համար

Ավագ միսիաները նույնքան տարբեր են, որքան ավագ միսիոներները: Կան բոլոր տեսակները՝ յուրաքանչյուրն իր մարտահրավերներով, ուրախություններով և անձնական առավելություններով: Սակայն ավագ միսիայի ցանկացած տեսակի համար կան մի քանի ընդհանրություններ. սուրբ գրությունների բովանդակալից ուսումնասիրություն, հաճախակի և ջերմեռանդ աղոթքներ, գրավիչ ծառայություն, շարունակական առաջնորդություն Սուրբ Հոգուց և փոփոխություն անելու բացառիկ հնարավորություն:

«Ես երբեք ավելի մոտ չեմ զգացել Տիրոջը, քան երբ մենք ծառայում էինք որպես ավագ միսիոներներ», - ասաց մի ավագ միսիոներ: «Ես գիտեի, որ որոշ բաներ իմ վերահսկողությունից դուրս էին, հատկապես տունը՝ երեխաների և թոռների հետ: Ուստի, ես ապավինում եմ Տիրոջը և Նրան եմ հանձնում տան հոգսերը: Եվ Նա օրհնեց մեր ընտանիքը: Մենք երբեք ավելի մոտ չէինք եղել մեր թոռների հետ, քանի որ ամեն շաբաթ Zoom-ով զրուցում էինք նրանց հետ: Մենք խոսում էինք բաների մասին, որոնցով նրանք նախկինում չէին հետաքրքրվում: Թեև դա բոլորի հետ չի պատահում, սակայն մեր դեպքում մեր կրտսեր որդին վերադարձավ եկեղեցի, մինչ մենք ծառայում էինք, իսկ մյուս որդին կրկին ամուսնացավ և հետագայում կնքվեց տաճարում»:

Մեկ այլ ավագ միսիոներ ասաց. «Մեր ամենօրյա անձնական և ընկերակցական սուրբ գրությունների ուսումնասիրությունն ավելի իմաստալից դարձավ, քանի որ մենք ուղիներ էինք փնտրում սուրբ գրությունները կիրառելու, այլ ոչ թե պարզապես դրանք կարդալու համար: Ես պարզապես չէի կենտրոնանում կարդացած սուրբ գրությունների քանակի վրա, ինչպես երբեմն անում էի անցյալում: Մեր ծառայության ընթացքում թվում էր, թե ես անընդհատ հիշում էի սուրբ գրությունը, որը մենք կարդացել ենք այդ օրը կամ այդ շաբաթ, ուստի սկսեցի ակնկալել օգտագործել վերջին սուրբ գրությունները, որոնք կարդացել էի յուրաքանչյուր օրվա ընթացքում: Ես ավելի քիչ պասիվ էի իմ սուրբ գրությունների ուսումնասիրության մեջ՝ ակնկալելով, որ կանդրադառնամ օրվա ընթացքում կարդացածս որևէ բանի»:

«Միսիա ծառայելն ինձ նոր շունչ է տվել», - ասաց մի ավագ քույր: «Այն ինձ տվեց իմաստալից նպատակ, ապրելու նոր եռանդ և անելու ինչ-որ բան, որը տարբեր է գոլֆ խաղալուց կամ թոռնիկներին դայակ լինելուց»:

«Ծառայությունը երկկողմանի ճանապարհ է»,- ասաց մեկ այլ ավագ միսիոներ: Ծառայություն իրականացնող անձը նույնքան օգուտ է քաղում ծառայությունից, որքան այն անձը, որին նա ծառայում է: «Երբ մենք մի փոքր ամբարտավանորեն մտածում էինք, թե որքան շատ ենք անում ուրիշների համար, մենք մեծ հաջողության չէինք հասնում: Բայց երբ մենք հասկացանք, թե որքան ենք սովորում և աճում ինքներս, ոչ միայն փոխվեցինք, այլև ուրիշները ավելի շատ հետաքրքրվեցին մեր ասածով և արածով: Մեր ստացած օգուտը շատ ավելի մեծ է եղել, քան ակնկալում էինք»։

Ավելի ամուր հարաբերություններ

Երբ մարդիկ ծառայում են որպես ավագ միսիոներներ, նրանք զարգացնում են խորը հարաբերություններ, որոնք շարունակվում են ողջ կյանքում: Շատերը մտերմանում են այն մարդկանց հետ, որոնց հետ ծառայում են: Նրանք նաև ամուր հարաբերություններ են զարգացնում այլ միսիոներների և տեղական ղեկավարների հետ: «Մենք ընկերացանք ավելի երիտասարդ միսիոներների, այլ զույգերի և մարդկանց հետ, որոնց երբեք չէինք հանդիպի, եթե տանը մնայինք»,- ասաց ավագ միսիոներներից մեկը: «Մենք դեռ կապի մեջ ենք միմյանց հետ։ Միևնույն ժամանակ, երբ ես կարծում էի, որ ամեն օր նույնն է լինելու, միսիա գնալը մեզ նոր սկիզբ տվեց և նոր ընկերներ, որոնք մեզ հետ կիսեցին ճանապարհը»:

Ավագ միսիաները կարող են օգնել զույգերին նաև ամրապնդել իրենց ամուսնությունները: Երբ մարդիկ թոշակի են անցնում կամ կրճատում են աշխատանքի ժամանակը, զույգերը կարող են համարել, որ պետք է միասին վերանայեն ընդհանուր նպատակը, քանի որ նրանք այլևս երեխաներ չեն մեծացնում իրենց տանը: Նրանք կարող են նաև վարժված լինել իրենց սեփական տիրույթին՝ իրենց սեփական ժամանակացույցով: Ծերանալը կամ թոշակի անցնելը կարող են փոխել դա: Միասին սկսելով նոր, ընդհանուր փորձառություն, լինի դա տնից ծառայելը, թե լիաժամկետ ավագ միսիայում, զույգը կարող է ստեղծել նոր նպատակ և ամրապնդել միմյանց նկատմամբ իրենց վստահությունը:

«Հին ասացվածք կա, որ թոշակի անցնելիս դուք ստանում եք եկամտի կեսը և երկու անգամ ավելի շատ ժամանակ ձեր ամուսնու հետ՝ ինչպես նախկինում»,- ծիծաղելով ասաց մի քույր: «Միսիա ծառայելը տնից հեռու մի վայրում մեզ թույլ տվեց խոսել այս փոփոխությունների մասին այնպես, ինչպես մենք երբեք չէինք կարողանա խոսել մեր միսիայից առաջ: Ամուսնուս թոշակի անցնելուց հետո մենք ուղղակի չէինք շփվում մեր հակասությունները լուծելու համար, այլ պարզապես ներքուստ ավելի ու ավելի էինք զայրանում միմյանց վրա: Այժմ, մեկուսանալու և միմյանց անտեսելու փոխարեն մենք չենք ցանկանում բացասական ազդեցություն ունենալ Տիրոջ աշխատանքի վրա, ուստի խոսում ենք այն մասին, ինչը մեզ անհանգստացնում է»:

«Ես և կինս ամեն գիշեր սկսեցինք խոսել այն գորովագութ ողորմությունների մասին, որը մենք ունեինք ամեն օր՝ մեր միսիայում ծառայելիս»,- ասաց ավագ միսիոներներից մեկը: «Դա ոչ միայն օգնեց մեզ ավելի շատ կենտրոնանալ տեղի ունեցածի վրա և ավելի քիչ՝ ինքներս մեզ վրա, այլև հնարավորություն տվեց տեսնելու բարությունը մեր շուրջը, նույնիսկ երբ օրվա որոշ հատվածներ լավ չեն անցել»:

«Եվ քանի որ դա վերջին բանն էր, որ անում էինք ամեն գիշեր,- ավելացրեց նրա կինը,- մենք քնում էինք ավելի քիչ ճնշված և ավելի գոհ, քան տարիներ շարունակ: Դա նույնիսկ օգնեց ինձ ավելի լավ քնել»:

Օրհնություններ նրանց համար, ում նրանք ծառայում են

Կյանքն ունի իր վերելքներն ու վայրէջքները՝ իր լավ և վատ օրերը: Այդպես է նաև միսիայում ծառայելիս: Սակայն Տիրոջը ծառայելն ունի բազմաթիվ բնորոշ պարգևներ՝ ոչ միայն միսիայի ավարտից հետո, այլ նաև միսիայի ընթացքում: Ինչպես Եսթերի զարմիկ Մուրթքեն ասաց նրան. «Ով գիտե, գուցե մի այսպիսի ժամանակի համար ես դու թագուհության հասել» (Եթեր 2.25, շեշտադրումն ավելացված է)։ Հետադարձ հայացքգցելով իրենց ծառայությանը՝ շատ ավագ միսիոներներ զգացել են, որ իրենց հանձնարարել են մի առաջադրանք կամ տարածք, որտեղ նրանք եզակի որակավորում են ստացել՝ որոշակի կարիք բավարարելու համար:

Ես զգացի այն հզոր բարիքը, որ կարող է գործել ավագ միսիոներ զույգը, երբ ապրում էի Լուիզիանայում (ԱՄՆ): Երբ կանչվեցի ծառայելու Նոր Օռլեան Լուիզիանա ցցի բարձրագույն խորհրդում, ինձ հանձնարարվեց աջակցել Պորտ Սուլֆուր մասնաճյուղին: Ճյուղում ընդամենը մի քանի ակտիվ քահանայության եղբայրներ կային: Ուսուցչական և ղեկավար պաշտոնների մեծ մասը զբաղեցնում էին կանայք, որոնց ամուսինները անդամ չէին: Երբեմն, ավագ միսիոներներ կամ ցցի ղեկավարներ էին նշանակվում ճյուղում, բայց նրանք սահմանափակ հաջողություններ էին ունենում այս մասնակի անդամ ընտանիքներին օգնության հասնելու հարցում:

Այնուհետև Վայոմինգից (ԱՄՆ) մի տարեց զույգ նշանակվեց ճյուղին աջակցելու համար։ Նրանք երկար տարիներ ֆերմեր էին եղել և աշխատում էին իրենց տան մոտ գտնվող տեղի պանրի գործարանում։ Իրենց աշխատանքային և կյանքի փորձի շնորհիվ նրանք հեշտությամբ շփվում էին Պորտ Սուլֆուրի շատ մարդկանց հետ, որոնք աշխատում էին նավթարդյունաբերության մեջ: Ավագ զույգը շատ ժամանակ էր ծախսում ճյուղի անդամ ընտանիքների հետ հարաբերություններ կառուցելու և նրանց հետ ծառայելու համար: Նրանց ծառայության և սիրո շնորհիվ Պորտ Սուլֆուրում գտնվելու ընթացքում ճյուղը անսովոր կերպով հզորացավ և օրհնվեց՝ նրանց հավատարիմ ծառայության միջոցով: Այս մասնակի անդամ ընտանիքներից մի քանի տղամարդ միացան Եկեղեցուն՝ ամրացնելով երեցների քվորումը և ճյուղը:

Ավագ միսիոներներն օրհնում են կյանքեր՝ ինչպես իրենց, այնպես էլ ուրիշների: Բաց մի թողեք ծառայելու և աճելու հրաշալի հնարավորությունները:

Հղումներ

  1. Ռոնալդ Ա. Ռասբանդ, «Որքան մեծ կլինի ձեր ուրախությունը», Լիահոնա, նոյ. 2023, 53:

  2. Ռասսել Մ. Նելսոն, «Ավագ միսիոներները և ավետարանը», Լիահոնա, նոյ. 2004, 81:

  3. Ռասսել Մ․ Նելսոն, «Քարոզել խաղաղության ավետարանը», Լիահոնա, մայիս 2022, 7։

  4. «Ուրախություն։ Հույս։ Պահպանող զորություն Աստծուց։ Պաշտպանություն գայթակղությունից։ Բժշկում։ Այս բոլորը, և ավելին (ներառյալ ներում մեղքերից) իջնում են մեզ վրա երկնքից, երբ մենք կիսվում ենք ավետարանով» (Մարկուս Բ. Նեշ, «Բարձր պահեք ձեր լույսը», Լիահոնա, նոյ. 2021, 72):

Տպել