Լիահոնա
Իմ հոգին տենչում էր լինել այնտեղ
Հուլիս 2024


«Իմ հոգին տենչում էր լինել այնտեղ», Լիահոնա, հուլիս 2024:

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Իմ հոգին տենչում էր լինել այնտեղ

Սուրբ գրությունների սիրված պատմությունը եկավ որպես պատասխան՝ իմ Երկնային Հոր և Նրա Որդու հետ մոտ լինելու իմ փափագին:

Նկար
Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը

Երկրորդ Գալուստը, Հարրի Անդերսոն

Մի օր ես եկա տաճար՝ սրտումս ունենալով մի հարց. «Երկնային Հայր, ես ի՞նչ առաջընթաց ունեմ ավետարանում»:

Իմ թերությունները հատկապես գերակշռում էին այդ շաբաթ: Նեփիի նման ես ինձ ծանրաբեռնված էի զգում այն մեղքերով, որոնք այդքան հեշտությամբ շրջապատել էին ինձ: Բայց, ինչպես Նեփին, ես գիտեի, թե ում էի վստահել (տես 2 Նեփի 4.18–19): Ես հույս ունեի, որ այդ առավոտ Տիրոջ հետ Նրա տանը ժամանակ անցկացնելը կօգնի ինձ զգալ, որ ավելի ամուր հարաբերություններ ունեմ Տիրոջ հետ:

Ես ուշադիր լսեցի օժտման նիստի ընթացքում և երախտապարտ զգացի այն ուժի և գիտելիքի համար, որն այն տվեց ինձ: Սակայն երբ մտա սելեստիալ սենյակ, սիրտս տխուր էր ինչ-որ բանից: Ինչպե՞ս կարող էի իմանալ Տիրոջ կարծիքն իմ մասին:

Ես նստեցի և խորհեցի մի քանի րոպե, իսկ հետո, զգալով, որ պատասխան չեմ ստանա, փորձեցի ոտքի կանգնել: Սակայն ինչ-որ բան ինձ հետ քաշեց՝ ավելի խորացնելով բազմոցի մեջ: «Ես չեմ ուզում հեռանալ»,- մտածեցի ես:

Ես նայեցի շուրջս և տեսա Հիսուս Քրիստոսի ծանոթ նկարը, որը շրջապատված էր հրեշտակներով, իսկ նրա ձեռքերը պարզված էին դեպի ինձ: Սիրված սուրբ գրության խոսքերը միտքս եկան. «Իմ հոգին տենչում էր լինել այնտեղ» (տես Ալմա 36.22):

Ես հաճախ եմ խորհել այդ հատվածի նշանակության մասին Ալմայի պատմության մեջ: Նախկինում գործած իր մեղքերի պատճառով Աստծո առաջ կանգնելու միտքը Ալմային լցրեց «աննկարագրելի սոսկումով» (Ալմա 36.14): Բայց Քրիստոսին դառնալուց հետո նա տեսավ Աստծուն՝ շրջապատված հրեշտակներով, և նրա «հոգին տենչում էր լինել այնտեղ»։ Սուրբ գրային այս հակադրությունը ինձ միշտ հիացրել է իր գեղեցկությամբ: Դեպի Տերը դառնալու Ալմայի փոքր ջանքերը հսկայական ազդեցություն ունեցան նրա սրտի վրա:

Ես հասկացա, որ պատրաստ չէի լքելու սելեստիալ սենյակը, որովհետև Ալմայի նման իմ հոգին տենչում էր լինել այնտեղ՝ և տաճարում այդ օրը, և ի վերջո Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ՝ իմ երկնային տանը: Սուրբ Հոգին օգտագործեց իմ սիրած սուրբգրային պատմությունը, որպեսզի ասի, որ Աստված գիտի իմ սիրտը: Ինձ հիշեցրին, որ չնայած իմ թերություններին, Տերն ընդունեց Իրեն մոտ լինելու իմ ջանքերը: Նա գիտեր, որ ես շատ էի ցանկանում այնտեղ լինել:

Տպել