Լիահոնա
Աստված ինձ ցույց տվեց, որ ես նպատակ ունեի
Հուլիս 2024


«Աստված ինձ ցույց տվեց, որ ես նպատակ ունեի», Լիահոնա, հուլիս 2024:

Դիմանկարներ հավատքի թեմայով

Աստված ինձ ցույց տվեց, որ ես նպատակ ունեի

Ես ընկա ծառից, բայց Տերը փրկեց ինձ, որպեսզի կարողանամ շրջել իմ կյանքը և օգնել ինձ նման հաշմանդամություն ունեցող մարդկանց:

Նկար
տղամարդը անվասայլակով՝ իր ընտանիքի հետ

Լուսանկարները՝ Քրիստին Հեյրի

Ես քրոջս հետ մասնակցում էի կրոնական համաժողովի, երբ նա խնդրեց ինձ բարձրանալ ծառը և համաժողովի համար մի փունջ կոկոս վերցնել: Երբ կոկոս էի հավաքում ծառի գագաթին, հանկարծ կորցրի գիտակցությունս և ընկա։ Ես ողջ ծանրությամբ ընկա մեջքիս վրա և այլևս չէի զգում ոտքերս։

Ինձ տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ բժիշկները կայունացրին ողնաշարիս ոսկորները։ Երեք ամիս հիվանդանոցում մեջքի վրա պառկած էի, նույնիսկ չէի կարողանում նստել։ Զգացմունքային և ճնշող ժամանակ էր: Ես պարզապես պառկած էի այնտեղ և մտածում էի, թե ինչ է լինելու ինձ հետ, և ինչ եմ անելու հետո:

Խորհրդակցեք Տիրոջ հետ

Երեք ամիս անց ինձ ասացին, որ գնամ Նոր Զելանդիա՝ ողնաշարս վիրահատելու։ Վիրահատությունն օնեց ինձ, որ ես կարողանամ նստել՝ միայն պառկելու փոխարեն։ Երբ Նոր Զելանդիայի հիվանդանոցում էի, հանդիպեցի մի աղջկա, որն աշխատում էր այնտեղ։ Նա հարցրեց ինձ. «Ես ճանաչո՞ւմ եմ քեզ: Դու ծանոթ տեսք ունես»։

Սկսեցինք զրուցել։ Նա կիսվեց Հիսուս Քրիստոսի ավետարանով և տվեց ինձ Մորմոնի Գիրքը: Սկզբում ես չէի կարդում այն։ Անշարժ դրված էր մահճակալիս կողքին։ Մի օր, սակայն, ես մենակ էի, և հեռուստացույցով որևէ հետաքրքիր բան չկար: Հետո ես տեսա Մորմոնի Գիրքը իմ սեղանին: Բացեցի, սկսեցի կարդալ ու չկարողացա կտրվել։

Երբ կարդում էի, զգացի, որ Մորմոնի Գիրքը ինչ-որ կերպ առանձնահատուկ է, և որ այն պետք է պարունակի Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ավետարանը: Հիվանդանոցում գտնվող աղջիկը նշել էր մի քանի հատված, որոնցից մեկն էր Ալմա 37.37. «Խորհուրդ արա Տիրոջ հետ քո բոլոր գործերում, և նա ուղղություն ցույց կտա քեզ բարու համար»:

Այդ բառերը ինձ շատ նկատելի ու կարևոր թվացին և ստիպեցին ինձ մտածել։ Որպեսզի իմանամ՝ արդյոք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ճշմարիտ Եկեղեցի էր, ես գիտեի, որ պետք է խորհրդակցեի Տիրոջ հետ: Ես նաև ցանկանում էի ինքս գնալ ու տեսնել այդ եկեղեցին:

Ես կարծես կրկին հույս ձեռք բերեցի

Երբ Նոր Զելանդիայից տուն վերադարձա, հրավիրեցի միսիոներներին ուսուցանելու ինձ: Ինչպես հասկացա, ես վկայություն էի ձեռք բերել, որ սա Քրիստոսի Եկեղեցին է: Ես երախտապարտ եմ միսիոներներին, որոնք ուսուցանեցին ինձ: Իմ մկրտության ժամանակ նրանք բավականաչափ ուժ ունեին ինձ ընկղմելու ջրի մեջ. մեկն ինձ իր գրկում էր պահում, իսկ մյուսը կատարում էր իմ մկրտությունը:

Իմ մկրտությամբ անհետացան ընկճվածության ու հուսահատության զգացումները, որոնք ես ունեի երկար ժամանակ: Ես գիտեի, որ կյանքի նպատակ ունեմ, և Աստված սիրում է ինձ:

Նախքան մկրտվելը՝ ամաչում էի անվասայլակիս պատճառով։ Սակայն մկրտվելուց հետո ես սկսեցի ամեն կիրակի գալ ծուխ և մասնակցել չափահաս ամուրիների միջոցառումներին: Ես նույնիսկ մասնակցում էի ցցի պարերի միջոցառումներին՝ անվասայլակով պարելով ամեն երգի տակ: Ես նաև միացա ողնաշարի վնասվածքներով սամոացիների ցանցին:

Ես հասկացա, որ ապաքինվել եմ այն զգացումից, որ պետք է թաքնվեմ: Եկեղեցու միջոցով ես կրկին մարդկանց մեջ գտնվելու վստահություն ձեռք բերեցի:

Տերը նաև օգնեց ինձ առաջ ընթանալ և աճել, երբ ինձ խրախուսեցին մասնակցել եռամյա ծրագրին՝ Կամբոջայի Պրոթեզավորման և օրթեզավորման դպրոցում (CSPO): Ես վստահ չէի, որ կարող եմ միանալ ծրագրին, քանի որ անվասայլակով որևէ մեկը երբևէ չէր դիմել: Այնուամենայնիվ, հանգամանքներն ի վերջո թույլ տվեցին ինձ մասնակցել Կամբոջայի CSPO-ին: Ես ավարտեցի ծրագիրը՝ որպես հաշմանդամություն ունեցող առաջին ուսանողը ծրագրի պատմության մեջ:

Նկար
տղամարդ՝ ձեռքի պրոթեզը ձեռքին

Նախքան մկրտվելը Պոսենայը ամաչում էր, որ նստած է անվասայլակին։ Բայց իր մկրտությունից հետո նա ասում է. «Ես վստահություն ձեռք բերեցի կրկին դուրս գալ մարդկանց մեջ»։

Սամոա վերադառնալուց հետո Երիտասարդ ամուրիների հոգևոր հավաքի ժամանակ ես ելույթ ունեցա առողջության մասին: Համաժողովից հետո մի երիտասարդ կին մոտեցավ ինձ, որպեսզի սեղմի ձեռքս և ասի, որ իրեն դուր եկավ իմ ելույթը: Լագիմանոֆիան նոր էր վերադարձել միսիայից։ Նրա հետ ծանոթանալու պահից ես զգացի, որ նա լրացնում է ինձ։ Ես աղոթում էի գտնել մեկին, ով կարող էր լինել ուղեկից, և կսիրեր ու կընդուներ ինձ:

Երբ ես և Լագիմանոֆիան սկսեցինք հանդիպել, նա հոգ էր տանում իմ մասին և ընդունում ինձ, իսկ նրա ընտանիքը աջակցում էր ինձ: Մենք ամուսնացանք, և մեր կյանքը ընդմիշտ փոխվեց, երբ որդեգրեցինք Պոսենայ կրտսերին: Աստված պատրաստեց մեզ որդեգրելու նրան: Նա մեր կյանքը շատ երջանիկ է դարձրել։

Արդյոք ես կկարողանա՞մ ծառայել

Եկեղեցում ինձ կանչեցին որպես ծխի գործավար, իսկ ավելի ուշ՝ որպես եպիսկոպոսության խորհրդական: Ես չէի կարող հավատալ, որ անվասայլակով ինչ-որ մեկը կարող է ծառայել: Իմ դժբախտ պատահարը ստիպել էր ինձ զգալ, որ ես անպետք եմ, բայց Եկեղեցում աշխատելը ստիպեց ինձ օգտակար զգալ և օգնեց ինձ հասկանալ, որ կարող եմ իմ ներդրումն ունենալ: Ես սիրում եմ Հիսուս Քրիստոսին ավելի մոտենալու հնարավորությունը, երբ ծառայում եմ:

Ես՝ որպես եպիսկոպոսության խորհրդական, ուղղորդման կարիք ունեի, որպեսզի ավելի լավ կատարեի իմ կոչման պարտականությունները: Դա ինձ ստիպեց ավելի շատ պատրաստվել յուրաքանչյուր կիրակի: Ես սուրբ գրությունները կարդալու սովորություն ձեռք բերեցի և հնարավորություն ունեցա բերելու իմ վկայությունը: Եկեղեցում ղեկավար լինելը նույնիսկ օգնեց ինձ ղեկավար դառնալ աշխատանքի մեջ: Ես ձևավորեցի այն զգացումը, որ կարող եմ ղեկավարել և անկեղծորեն բարձրաձայնել կարծիքս, որն ինձ թույլ տվեց ղեկավարել այլ ոլորտներում:

Այժմ ես աշխատում եմ որպես պրոթեզավորման և օրթեզավորման բաժանմունքի տնօրեն Տուպուա Տամասեզե Մեաոլե հիվանդանոցում, որը Սամոայի գլխավոր հիվանդանոցն է: Իմ բաժանմունքը տարեկան տեղավորում է մոտ 500 մարդու՝ քայլելու համար նախատեսված սարքավորումներով և անվասայլակներով: Եկեղեցին Սամոայի Առողջապահության նախարարության միջոցով օգնում է ապահովել անհրաժեշտ անվասայլակներ և պրոթեզներ պատրաստելու համար անհրաժեշտ նյութեր (տես philanthropies.ChurchofJesusChrist.org/humanitarian-services): Այս օժանդակ միջոցներն օգնում են մարդկանց վերադառնալ աշխատանքի և դառնալ ինքնավստահ: Նրանք նաև հույս են տալիս մարդկանց և վերադարձի ճանապարհ՝ դեպի կյանք, որն ըստ իրենց, կորցրել էին:

Նկար
տղամարդը հաշմանդամի սայլակով օգնում է մեկ այլ տղամարդու, որը ոտքի պրոթեզով է

«Եկեղեցում աշխատելը ստիպեց ինձ օգտակար զգալ և գիտակցել, որ կարող եմ իմ ներդրումն ունենալ»,- ասում է Պոսենայը: «Ես սիրում եմ Հիսուս Քրիստոսին ավելի մոտենալու հնարավորությունը, երբ ծառայում եմ»:

Ապավինիր Տիրոջը

Եթե ես խորհուրդներ տայի հաշմանդամություն ունեցող մարդկանց, կասեի. «Թույլ մի տվեք, որ ձեր հաշմանդամությունը խանգարի ձեզ հավատալ նրան, ինչին ձգտում եք: Ձեր լավագույն ջանքերը գործադրեք ինչ-որ բանի հասնելու համար և քրտնաջան աշխատեք դրա ուղղությամբ: Հետո, երբ դուք փնտրեք Տիրոջ օգնությունը, Նա կօրհնի ձեզ [տես 2 Նեփի 32.9]»:

Այդ համոզվածությամբ ես շարունակում եմ առաջ ընթանալ, և դա ինձ դարձնում է այնպիսին, ինչպիսին ես կամ այսօր: Կարծում եմ, որ ինձ դրեցին այստեղ և ես փրկվեցի մի նպատակով: Ես ընկա այդ ծառից, բայց Տերը փրկեց ինձ, որպեսզի կարողանամ շրջել իմ կյանքը և կատարել այս աշխատանքը, որն օգնում է այս բոլոր մարդկանց: Տերն ուսուցանել է ինձ, որ ես կարող եմ օգնել շատ մարդկանց, ոչ թե իմ հաշմանդամության պատճառով, այլ դրա շնորհիվ:

Տպել