Լիահոնա
Ինչպե՞ս կարող էի ապավինել Երկնային Հորը, երբ զգացի, որ ես մենակ եմ
Հուլիս 2024


«Ինչպե՞ս կարող էի ապավինել Երկնային Հորը, երբ զգացի, որ ես մենակ եմ», Լիահոնա հուլիս 2024

Չափահաս երիտասարդներ

Ինչպե՞ս կարող էի ապավինել Երկնային Հորը, երբ զգացի, որ ես մենակ եմ

Ես փորձում էի հավատք ունենալ, բայց շարունակում էի դիմակայել բազմաթիվ դժվարությունների: Ինչպե՞ս կարող էի շարունակել ապավինել Տիրոջը:

Նկար
Չափահաս երիտասարդ կինը նստած է և մտածկոտ տեսք ունի

Նկարները` Քեթլին Պետերսենի

Իմ զարմիկները ինձ ծանոթացրին միսիոներների հետ, երբ ես ինը տարեկան էի: Ես միացա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն, բայց իմ անմիջական ընտանիքի միակ անդամն էի, որը արեց դա: Այդ ժամանակից ի վեր ես սովորել եմ ավելի ու ավելի սիրել Հիսուս Քրիստոսի ավետարանը: Այնուամենայնիվ, որոշ ժամանակ ինձ համար չափազանց դժվար էր ապավինել Երկնային Հորը և Նրա ճշմարտություններին, և ես իսկապես պայքարում էի հավատքով առաջ գնալու համար:

Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ աշխարհից տարբերվող կյանքով ապրելը կարող է դժվար լինել ամենուր, բայց Հոնկոնգում մեծանալը՝ որպես Եկեղեցու անդամ, ավելի դժվար էր, քան ոմանք կարող են ակնկալել:

Առաջին հերթին, այս տարածքում շատ մարդիկ չեն սիրում Եկեղեցին և կարծում են, որ այն կապված է վատ բաների հետ: Նախկինում օգտագործված «Մորմոն» բառը, որը վերաբերում էր Եկեղեցուն, ներառում էր մի հնչյուն, որն այն կապում էր չինարեն «սատանա» բառի հետ: Ոմանց համար դա ստեղծեց Եկեղեցու արժեքների սխալ ընկալում:

Բացի այդ, քանի որ Հոնկոնգում կան արդեն հաստատված շատ այլ ավանդական կրոններ և Եկեղեցու քիչ անդամներ, հեշտ է զգալ միայնակ կամ մեկուսացած: Շատ մարդիկ կասկածի տակ են դնում Եկեղեցին՝ լիովին չհասկանալով նրա ուսմունքները և չցանկանալով ունկնդրել, թե անդամներն ինչով են ուզում կիսվել:

Ես ամենից շատ զգացի այդ խոչընդոտների ազդեցությունը, երբ դեռահաս էի, բայց այդ փորձառությունների միջոցով ես շատ բան սովորեցի այն մասին, թե ինչ է նշանակում ապավինել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Արժե՞ր արդյոք ապրել ավետարանով

Ավագ դպրոցում ծնողներս ընկերներ էին իմ ուսուցիչներից մեկի հետ։ Այդ ուսուցիչը մեկ այլ դավանության քրիստոնյա էր: Այդ ժամանակ ես Եկեղեցու միակ անդամն էի իմ դասարանում, և շատ դասընկերներ ու ուսուցիչներ արդեն որոշ ենթադրություններ ունեին Հիսուս Քրիստոսի Եկեղեցու և նրա անդամների մասին:

Հատկապես այս ուսուցչուհին խիստ բացասական կարծիքներ ուներ իմ հավատքի մասին, ինչը բարդացրեց ամեն ինչ, քանի որ նա մեր ընտանիքի ընկերն էր:

Առաջին հերթին, ես հաճախ քնկոտ էի նրա դասին, քանի որ շուտ էի արթնանում վաղ առավոտյան սեմինարիա գնալու համար, ինչը նրան ստիպում էր անհանգստանալ, որ ես հետ եմ մնալու իմ դպրոցական աշխատանքից: Նա մարտահրավեր նետեց ինձ և ստիպեց ինձ տեղում անմիջապես պատասխանել բազմաթիվ բարդ վարդապետական հարցերի, որոնց պատասխանը ես չգիտեի: Նա ինձ նույնիսկ դպրոցական հանձնարարություններ տվեց՝ կարդալու հակաեկեղեցական գրականություն։ Նա ամեն կերպ փորձում էր համոզել ինձ հեռանալ իմ հավատքից:

Սա դժվար ժամանակ էր իմ հավատքի համար: Ինչո՞ւ, երբ ես փորձում էի մոտ մնալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, հավատարիմ մնալը մարտահրավերներ ու դժվարություններ էին ստեղծում իմ կյանքում: Արդյո՞ք ես չպետք է օրհնվեի պատվիրանները պահելու և սեմինարիա գնալու համար քունը զոհաբերելու պատճառով:

Փոխարենը՝ իմ գնահատականները աստիճանաբար նվազում էին, հավատքս պակասում էր, իսկ իմ հարաբերություններն իմ ուսուցիչների, ընտանիքիս և Երկնային Հոր հետ վատանում էին:

Որոշ ժամանակ ես սկսեցի մտածել՝ արժե՞ արդյոք ապրել ավետարանով: Ես սկսեցի բաց թողնել սեմինարիան և շուտով զգացի, որ հավատքս մարում է: Թվում էր, թե ավելի հեշտ է տրվել այն ամենին, ինչ շրջապատող աշխարհն էր ստիպում ինձ անել:

Ես ընտրեցի ապավինել Երկնային Հորը

Ես շարունակեցի աղոթել Երկնային Հորը առաջնորդության և հասկացողության համար: Չնայած խոր շփոթությանն ու հիասթափությանը, որ ես զգում էի իմ իրավիճակի վերաբերյալ, իմ սրտում ինչ-որ բան շարունակում էր հավատալ: Ես խոսեցի հավատարիմ ընկերների հետ և եկեղեցու հասակակիցներիս վստահեցի այն ամենը, ինչի միջով անցնում էի: Նրանք ինձ խրախուսեցին իմ մաքառումների մասին խոսել իմ սեմինարիայի ուսուցչի հետ:

Նա կարեկցանքով արձագանքեց և խրախուսեց ինձ շարունակել սեմինարիա հաճախել հույսով լցված սրտով: Նա խոստացավ ինձ, որ ես կտեսնեմ օրհնությունները, եթե շարունակեմ կառչել հավատքից և ապավինել, որ Տերը շատ բան է պատրաստել ինձ համար և կնվիրագործի իմ չարչարանքները իմ օգտի համար (տես 2 Նեփի 2.1–2):

Ուստի, չնայած իմ առջև ծառացած մարտահրավերներին, ես որոշեցի ապավինել:

Նկար
երիտասարդ չափահաս կինը ժպտում է

Որոշ ժամանակ անց զգացի, որ վերաբերմունքս փոխվեց։ Փոխանակ կենտրոնանալու այն դժվարությունների վրա, որոնց ես բախվում էի, ես կենտրոնացա այն երախտագիտության վրա, որը զգում էի ավետարանի համար: Ես սկսեցի կենտրոնանալ իմ ընտանիքի օրհնության, իմ աստվածային ինքնության և ավետարանի հավերժական ճշմարտությունների վրա: Եվ ի վերջո, ես հասկացա, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը տեղյակ են իմ հանգամանքներից և միշտ կանգնած էին ինձ հետ այն պահերին, երբ ես զգում էի, որ շատ մենակ եմ:

Դա փոխեց ամեն ինչ։

Երբ ես շարունակում էի ապավինել նրանց, պահել պատվիրանները, ամեն օր ապաշխարել և ամեն օր անել փոքրիկ բաները նրանց հետ կապվելու համար, ես զգացի, որ իմ հավատքի հիմքը խորանում և ամրանում է:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը վերջերս ասել է. «Պատասխանատու եղեք Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին ձեր վկայության համար: Աշխատեք դրա համար: Զարգացրեք, որ այն աճի։ Սնուցեք այն ճշմարտությամբ։ Մի աղտոտեք այն անհավատ տղամարդկանց և կանանց կեղծ փիլիսոփայություններով։ Երբ Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր վկայությունը շարունակեք ամրացնել և դարձնել ձեր առաջնահերթությունը, կտեսնեք, որ հրաշքներ են կատարվում ձեր կյանքում»։

Եվ երբ ես այդպես վարվեցի, հրաշքը իրոք տեղի ունեցավ:

Ի՞նչ է նշանակում՝ ապավինել Տիրոջը

Որոշ ժամանակ ես խուսափում էի հավատքի մասին խոսել ուսուցչիս հետ: Մի օր, երբ նա ինձ մոտեցավ հարցերով, ես զգացի, որ պատրաստ եմ պատասխանել դրանց իմ վերականգնված հավատքով: Ես սիրով հարցրի նրան, արդյոք նա երբևէ այցելել է մեր եկեղեցու ժողովներին կամ կարդացել է Մորմոնի Գրքից որևէ հատված: Երբ նա ասաց՝ ոչ, ես ոգեշնչված բերեցի իմ վկայությունը պարզ ճշմարտությունների մասին:

Ես ասացի նրան, որ դուք երբեք չեք կարող իմանալ՝ արդյոք ինչ-որ բան ճիշտ է, եթե դուք չզգաք կամ ինքներդ պատասխաններ փնտրեք: Ես բացատրեցի, որ գիտեի, որ ավետարանը ճշմարիտ է, քանի որ աշխատել էի այդ պատասխանների համար և իմ սրտում զգացել էի, որ դրանք ճշմարիտ են: Ես նրան հրավիրեցի նույնը անել, և այդ ժամանակից ի վեր մեր հարաբերությունները շատ ավելի խաղաղ էին։

Հավատքի այս մարտահրավերը, որ ունեցել էի դեռահաս տարիքում, իսկապես պատրաստեց ինձ իմ ապագայի համար՝ որպես Քրիստոսի աշակերտ: Ես տեսել եմ, որ շատ օրհնություններ և խոստումներ են իրականանում, երբ ես շարունակում եմ ապավինել Տիրոջը ավելի շատ, քան ուրիշների կարծիքներին: Ինչպես Նեփին ասաց. «Ով Տեր, ես քեզ եմ ապավինել, և ես քեզ եմ աապավինելու հավիտյան: Ես իմ վստահությունը չեմ դնի մարմնի բազկի վրա» (2 Նեփի 4.34):

Երբ ամեն ինչ չի ընթանում այնպես, ինչպես ծրագրվել է, կամ մենք բախվում ենք դժվարությունների, որոնք երբեք չէինք ակնկալում, գուցե հեշտ լինի համարել, որ Երկնային Հայրը մեզ սխալ խորհուրդ է տվել, լքել է մեզ կամ պարզապես Նրա հոգը չէ:

Բայց դա ճիշտ չէ։

Իրականում, միշտ շփոթեցնող և վիշտ պատճառող մարտահրավերներն ինձ հիշեցնում են, թե ինչ է նշանակում լիովին ապավինել Տիրոջը: Ես պետք է թույլ տամ, որ իմ աշակերտությունը և իմ հավատքը դառնան իմաստալից և կյանք փոխող՝ ռոբոտային առօրյայի փոխարեն: Նախագահ Նելսոնը նաև ուսուցանել է. «Ձեր ծաղկող հավատի շնորհիվ ձեր մարտահրավերները կվերածվեն անօրինակ աճի և հնարավորության»:

Ես տեսնում եմ, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատն ընտրելը ինձ օրհնել ավելի շատ ուղիներով, քան երբևէ հնարավոր էր մտածել: Սա չի նշանակում, որ ես միշտ խուսափում եմ վշտից, դժվարություններից կամ խառնաշփոթից, բայց դա նշանակում է, որ ես գիտեմ, թե ուր դիմել խաղաղության և կայունության համար:

Նախագահ Նելսոնը սիրով հիշեցնում է մեզ. «Խնդրում եմ հիշեք սա․ եթե աշխարհում ամեն ինչ և բոլոր մարդիկ, ում վստահում եք, հիասթափեցնեն ձեզ, Հիսուս Քրիստոսը և Նրա Եկեղեցին ձեզ երբեք չեն հիասթափեցնի»:

Ինչի էլ որ բախվեք ձեր կյանքում՝ լինի դա չբավարարված ակնկալիքներ, աշխարհի ձայների ճնշումներ, ընտանեկան խնդիրներ, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, ֆինանսական անկայունություն, խոր հիասթափություն, անարդարություն կամ այլ մարտահրավերներ, ես կհրավիրեի ձեզ շարունակել ապավինել Տիրոջը: Նա լիովին տեղյակ է ձեր հանգամանքներին: Նա ճանաչում է ձեզ։ Նա զարմանալի օրհնություններ ունի ձեզ համար: Նույնիսկ այն պահերին, երբ դուք չեք ցանկանում ապավինել Նրան, այնուամենայնիվ ընտրեք անել դա: Նրա խոստումները հաստատ են: Նա ձեզ ի վերջո կտանի դեպի ուրախություն, հույս և հրաշքներ:

Նա անում է դա ինձ համար, քանի որ ես շարունակում եմ ապավինել Նրան:

Տպել