Լիահոնա
Երկու ճշմարտություններ, որոնք օգնում են ինձ հասկանալ խոնարհությունը
Հուլիս 2024


«Երկու ճշմարտություններ, որոնք օգնում են ինձ հասկանալ խոնարհությունը», Լիահոնա հուլիս 2024

Չափահաս երիտասարդներ

Երկու ճշմարտություններ, որոնք օգնում են ինձ հասկանալ խոնարհությունը

Խոնարհությունը կարող է օգնել ինչպես հպարտության, այնպես էլ անհամապատասխանության զգացման դեպքում:

Նկար
չափահաս երիտասարդ տղամարդիկ եկեղեցու դասարանում

Անդամների լուսանկարը Պարագվայում՝ Լեսլի Նիլսոն

Փաստ. ես Աստծո զավակն եմ։ Եվ դա զարմանալի և աստվածային ճշմարտություն է:

Նույնքան կարևոր փաստ. Քանի որ այս երկրի վրա մնացած բոլորը ևս Աստծո զավակներն են, նրանք նույնպես զարմանալի և աստվածային էակներ են:

Այս երկու ճշմարտությունները հավանաբար ակնհայտ են թվում, բայց ինձանից որոշ ժամանակ պահանջվեց դրանք իսկապես իմ գիտակցության մեջ լիովին ընդգրկելու և հասկանալու համար, թե դրանք ինչ են նշանակում իմ կյանքում: Երբեմն ես մեղավոր եմ, որ հպարտությամբ եմ մոտենում իրավիճակին՝ ենթադրելով, որ իմ ճանապարհը ճիշտ ուղին է կամ ես ավելի ընդունակ եմ, քան ուրիշները: Այլ դեպքերում ես հակառակն եմ անում՝ համարելով, որ ավելի պակաս արժանավոր կամ արժեքավոր եմ, քան իմ շրջապատի մարդիկ:

Երկու պայքարի պատասխանը նույնն է.

Խոնարհությունը։

Արդյո՞ք ես իսկապես լավ ու արդյունավետ միսիոներ էի

Մի փորձառություն, որն իսկապես խոնարհեցրեց ինձ, տեղի ունեցավ իմ միսիայում: Կարծում եմ, միսիոներների մեծ մասը մաքառումների մեջ է անհամապատասխանության զգացման հետ, երբ փորձում են մարդկանց բերել Հիսուս Քրիստոսի մոտ: Իմ միսիայում ես ամեն օր ժամեր էի ծախսում, պարզապես փորձելով գտնել մեկին և ուսուցանել, և անընդհատ մերժվում էի: Ես ինձ հաջողակ չէի համարում: Ես չէի զգում, որ իմ ջանքերը բավարար են. Ի վերջո, սկսեցի զգալ, որ ես իսկապես լավ ու արդյունավետ միսիոներ չէի:

Թեև կարող էր թվալ, թե խոնարհությունն այն էր, ինչ ինձ պետք էր, երբ ես բացատրեցի իմ զգացմունքները իմ միսիայի նախագահին, սակայն նա օգնեց ինձ տեսնել, որ իմ խնդրի մի մասն այն մտածողությունն էր, թե ես ազատված էի այն խնդիրներից, որոնց բախվում են աշխարհի բոլոր միսիոներները: Բայց ես առաջին միսիոները չեմ, որն իրեն մերժված է զգում, և, իհարկե, վերջինը չեմ լինի:

Ինչ-որ կերպ ես ինքս ինձ համոզել էի, որ իմ դժվարություններն ամբողջովին իմ մեղքն են, չնայած այն հանգամանքին, որ պատմության լավագույն միսիոներներից մի քանիսը, օրինակ՝ առաջին Տասներկու Առաքյալները, Մոսիայի որդիները և Ալմա Կրտսերը, բախվել են շատ ավելի վատ մերժման և հալածանքի, քան ես երբևէ հանդիպել եմ:

Ինձ խղճալու փոխարեն ես սկսեցի զգալ, որ իմ պայքարի մեջ կանգնած եմ Հիսուս Քրիստոսի հետ ուս ուսի տված: Եվ երբ ես ամաչեցի իմ անկատար ջանքերից, հիշեցի, թե ինչ է ուսուցանել նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահը. «[Քրիստոսի Քավությունը] կօգնի ու կաջակցի միսիոներներին, գուցե նույնիսկ ավելի շատ, քան ունկնդիրներին: Երբ դուք պայքարում եք, երբ ձեզ մերժում են, … դուք ապրում եք ամենալավ կյանքով, որն այս աշխարհը երբևէ ճանաչել է, միակ մաքուր և կատարյալ կյանքով, որ երբևէ մարդ ապրել է»:

Ես դեռևս մտածում եմ այդ փորձառության մասին, երբ պետք է հիշեմ խոնարհ լինել և ապավինել Տիրոջը:

Խոնարհության դաս

Ես շատ բան սովորեցի իմ ինքնության մասին՝ որպես Աստծո զավակ, մինչ միսիայում էի: Բայց տուն վերադառնալուց հետո ես նաև հասկացա, որ դեռ շատ կարևոր բան ունեմ սովորելու. հիշել, որ ուրիշ մարդիկ նույնպես Աստծո զավակներն են:

Տուն վերադառնալուց անմիջապես հետո ես հայտնվեցի դժվարին իրավիճակում: Մի ղեկավար ինձ անսպասելիորեն խնդրեց կատարել մի կարևոր կոչման պարտականությունները։ Ես ծանրաբեռնված էի և չէի կարողանում գտնել այն մարդկանց, որոնք պետք է օգնեին ինձ: Ես նամակ ուղարկեցի, որը, ճիշտ է, բավականին խիստ ձևակերպված էր:

Ես ճիշտ էի, որ կոչումը կարևոր է, և որ ես ավելի շատ աջակցության կարիք ունեմ, բայց ես արագ հասկացա, որ գուցե սա մարդկանց մոտիվացնելու լավագույն միջոցը չէր: Ինձ պետք էր խոնարհություն: Ես պետք է հիշեի, որ մյուս մարդիկ, հավանաբար, ունեին իրենց սեփական խնդիրները, որոնց համար անհանգստանում էին:

Երեց Սթիվեն Է. Սնոուն ուսուցանել է, երբ Յոթանասունի անդամ էր. «Եթե խոնարհեցնենք մեզ, կստանանք մեր աղոթքների պատասխանները. մենք կվայելենք մտքի խաղաղություն; մենք ավելի արդյունավետ կծառայենք մեր կոչումներում. և, եթե շարունակենք հավատարիմ մնալ, մենք ի վերջո կվերադառնանք մեր Երկնային Հոր ներկայությանը»:

Իսկապես, ես ավելի շատ ուրախություն եմ զգացել իմ կոչման մեջ և իմ կյանքում, երբ սովորել եմ ավելի խոնարհ լինել:

Երկու ճշմարտությունների հավասարակշռում

Ինձ համար իսկական խոնարհություն սովորելը եղել է այս երկու ճշմարտությունների հավասարակշռությունը.

Ես Աստծո զավակ եմ: Եվ ես շրջապատված եմ Աստծո մյուս զավակներով:

Երբ ես ավելի շատ սովորեցի խոնարհության մասին, հասկացա, որ այն, ինչ ուսուցանել է Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ. Քուքը, ճշմարիտ է. «Խոնարհությունը ինչ-որ մեծ ճանաչելի նվաճում չէ կամ նույնիսկ ինչ-որ մեծ մարտահրավերի հաղթահարում: … Դա լուռ վստահություն ունենալն է, որ օրեցօր և ժամ առ ժամ մենք կարող ենք ապավինել Տիրոջը, ծառայել Նրան և հասնել Նրա նպատակներին»: Ես սովորել եմ, որ իսկապես կարող եմ հասնել Տիրոջ նպատակներին, բայց միայն այն ժամանակ, երբ իմ կամքը հանձնեմ Նրան և վստահեմ, որ Նա գիտի, թե ինձ համար որն է լավագույնը:

Ես գիտեմ, որ երբ մենք ձգտենք դառնալ ավելի խոնարհ և Քրիստոսանման, Երկնային Հայրը կօրհնի մեզ մեր ջանքերում:

Հեղինակն ապրում է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում։

Հղումներ

  1. Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Միսիոներական աշխատանքը և Քավությունը», Ensign, մարտ 2001, 15:

  2. Սթիվեն Է. Սնոու, «Եղեք խոնարհ», Լիահոնա, մայիս 2016, 36:

  3. Քվենթին Լ. Քուք, «Հավերժական ամենօրը», Լիահոնա, նոյեմբեր 2017, 54:

Տպել