Լիահոնա
Ներում
Հուլիս 2024


Տարածաշրջանի ղեկավարության ուղերձ

Ներում

Երբ Փրկիչը ապրում էր երկրի վրա, Նա սիրում էր մարդկանց՝ ծառայելով նրանց: Նա կիսվում էր իմաստությամբ և գիտելիքներով՝ ուսուցանելով նրանց Երկնային Հոր երջանկության ծրագրի մասին: Նա հրավիրում էր բոլորին գալ Իր մոտ. «Ինձ մոտ եկեք, բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ»: Այս նույն հրավերը դեռ ուժի մեջ է, և այն ուղղված է մեզանից յուրաքանչյուրին, որպեսզի մենք կարողանանք ճանաչել Նրան և մի փոքր ավելի նմանվել Նրան:

Հիսուս Քրիստոսը ներման կատարյալ օրինակ է մեզ համար: Նա ուսուցանեց իր աշակերտներին, թե նրանք քանի անգամ պետք է ներեն իրենց եղբորը, եթե եղբայրը շարունակի սխալներ գործել. «Քեզ չեմ ասում՝ մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասուն անգամ յոթ»: Սա ենթադրում է շարունակական ներում: Քրիստոսը սովորեցրեց մեզ աղոթել մեր Երկնային Հորը. «Եվ ներիր մեզ մեր մեղքերը, որովհետև մենք էլ ներում ենք ամենքին, որ մեղավոր են մեր հանդեպ»: Փրկչի ներելու ունակության վերջնական օրինակը Նրա խնդրանքն էր Աստծուն, երբ Նա խաչվեց, ապա Նա ասաց. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում»:

«Ներելը աստվածային հատկանիշ է: Դա ներում կամ արդարացում է ինչ-որ մեկին, երբ նրան մեղադրում են որևէ հանցանքի կամ արարքի համար: Սուրբ գրությունները հիշատակում են ներումը երկու ձևով. Տերը պատվիրում է մեզ ապաշխարել մեր մեղքերից և փնտրել Իր ներումը: Նա նաև պատվիրում է ներել մեզ վիրավորողներին և վնասողներին»։ Քրիստոսն ուսուցանել է. «Ներե՛ք և ներված կլինեք»: «Ես՝ Տերս, կներեմ, ում որ կներեմ, բայց ձեզանից պահանջվում է ներել բոլոր մարդկանց»:

Մենք եկել ենք այս աշխարհ՝ ստանալու ֆիզիկական մարմին, որը մեզ հնարավորություն է տալիս սովորել, աճել և զարգանալ: Մենք ունենում ենք հակադրություններ, նաև ունենք ընտրության ազատություն, որը համապատասխանում է Երկնային Հոր ծրագրին: Նույնիսկ, երբ ձգտում ենք անել ամեն բան մեր ուժերի ներածին չափով, մենք բոլորս սխալվում ենք, մեղք ենք գործում և սխալ ընտրություններ կատարում: Հիսուս Քրիստոսի քավության միջոցով մենք կարող ենք ներում ստանալ մեր մեղքերի համար՝ անկեղծ և ամբողջական ապաշխարության միջոցով, որը ներառում է՝ կոտրված սիրտ, փշրված հոգի և Աստծո ուզած տրտմությունը:

«Ներումը պահանջում է ապաշխարել մեր մեղքերից և միևնույն ժամանակ մեծացնել ու ամրապնդել մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս: Երբ մենք ապաշխարում ենք և գալիս ենք Նրա մոտ, մենք ներման ճանապարհին ենք»։

Երեց Նիլ Լ. Անդերսենն ուսուցանել է. «Մենք, այնուամենայնիվ, պետք է հիշենք, որ ներման աստվածային պարգևին երբեք չենք կարող արժանանալ. այն կարելի է միայն ստանալ: Այո, պատվիրաններին պետք է հնազանդվել, և կատարել արարողությունները՝ ներում ստանալու համար, բայց անձնական ջանքերը, որքան էլ մեծ լինեն, կորցնում են կարևորությունը՝ համեմատած փրկագնման արժեքի հետ: Իրականում համեմատություն չկա։ «Ներումը պարգև է, և միակը, ով կարող է տալ պարգևը, աշխարհի Քավիչն ու Փրկիչն է՝ Հիսուս Քրիստոսը: Նա պատրաստակամորեն առաջարկում է Իր անգին պարգևը բոլոր նրանց, ովքեր դիմում են Իրեն՝ այն ստանալու համար»:

Ընտանիքի հռչակագիրը հիշեցնում է մեզ, որ երջանիկ կյանքի կարևոր սկզբունքներից մեկը ներումն է, անկախ նրանից, թե քանի մարդ է պատկանում մեր ընտանիքին. «Հաջողակ ամուսնությունները և ընտանիքները հաստատվում և պահպանվում են հավատքի, աղոթքի, ապաշխարության, ներման, հարգանքի, սիրո, կարեկցանքի, աշխատանքի և առողջարար ժամանցի սկզբունքների հիման վրա»:

Նախագահ Նելսոնը մեզ մի խնդրանք է ներկայացրել. «Իմ կոչն է այսօր, սիրելի՛ եղբայրներ և քույրեր, վերջ տալ հակամարտություններին, որոնք մոլեգնում են ձեր սրտում, ձեր տանը և ձեր կյանքում: …Ես կրկնում եմ իմ կոչը՝ վերջ տալ ձեր կյանքում առկա հակամարտություններին: Գործադրե՛ք խոնարհություն, քաջություն և ուժ, որոնք պահանջվում են՝ և՛ ներելու, և՛ ներում փնտրելու համար: Փրկիչը խոստացել է, որ «եթե [մենք] ներեք մարդկանց իրենց զանցանքները, [մեր] Երկնային Հայրն էլ մեզ կների»։ «Ահա, ով որ աապաշխարել է իր մեղքերից, նա ներվում է, և ես՝ Տերս, այլևս չեմ հիշում դրանք»:

Նույն կերպ մենք պետք է ներենք և մոռանանք մեր գործած սխալները: Ներումը ամենամեծ պարգևներից մեկն է, որը տվել է մեզ մեր Երկնային Հայրը: Հիսուս Քրիստոսի քավող աշխատանքի միջոցով մենք կարող ենք ստանալ ներման ուրախ հրաշքը՝ զգալով սրտի հզոր փոփոխություն, դառնալով «սուրբ …, ինչպես մի երեխա՝ ենթարկվող, հեզ, խոնարհ, համբերատար, սիրով լի», զգալով խաղաղություն և վստահություն, ստանալով մխիթարություն և ուժ՝ ուրախությամբ շարունակելու ուխտի ճանապարհը:

Այս պատճառով է, որ մենք «խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին, մենք մարգարեանում ենք Քրիստոսի մասին, և մենք գրում ենք մեր մարգարեությունների համաձայն, որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար»:

Տպել