Լիահոնա
Հրաշալի նախապատրաստություն կյանքի համար
Հուլիս 2024


«Հրաշալի նախապատրաստություն կյանքի համար», Լիահոնա, հուլիս 2024:

Հրաշալի նախապատրաստություն կյանքի համար

Այն, ինչ երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք սովորում են միսիայում, հավերժ կօրհնի նրանց կյանքը:

Նկար
երկու երիտասարդ տղամարդ միսիոներներ քայլում են փողոցով

Երիտասարդ տարիքից ինձ միշտ գերում էր միսիոներների ոգևորությունը: Մի հաղորդության ժողովի ժամանակ Ուրուգվայի Մինաս քաղաքի իմ փոքրիկ ճյուղում մի միսիոներ բերեց իր վկայությունը և արտահայտեց իր զգացմունքներն իր միսիայի վերաբերյալ: Նրա խոսքերը մնացին իմ մտքում և իմ սրտում:

«Մի օր,- ասացի ինքս ինձ,- ես կծառայեմ միսիայում»:

Որոշ ժամանակ անց, ես՝ որպես քահանա, հնարավորություն ունեցա ընկերակցել միսիոներներին դասերի ժամանակ: 16 տարեկանում միսիոներ լինելը անմոռանալի փորձառություն էր:

Երբ ես դարձա 18 տարեկան, իմ ճյուղից մի քանի երիտասարդներ վերադարձան իրենց միսիայից, այդ թվում՝ քույրս՝ Անան, որը վերադարձել էր Արգենտինայի միսիայից: Նրանց փորձառությունները և վկայությունները նույնպես ստիպեցին ինձ հոգևորապես ոգեշնչված զգալ:

Երբ մոտենում էր իմ 19-ամյակը, ես ցանկանում էի ներկայացնել իմ անունը, որպեսզի գնամ և հռչակեմ Փրկչի ավետարանը ու ծառայեմ Նրա այգում (տես Վարդապետություն և Ուխտեր 75.2): Ես պատրաստեցի և ուղարկեցի իմ միսիայի փաստաթղթերը: Երբ կանչս եկավ, ես բացեցի նախագահ Սփենսեր Վ. Քիմբալի կողմից ստորագրված նամակը և կարդացի, որ ծառայելու եմ Ուրուգվայ/Պարագվայ միսիայում: Ես պատրաստվում էի ծառայել իմ երկրում։ Ես ուրախ էի «հռչակել[ու] մեծ ուրախության ավետիքը, այսինքն՝ հավիտենական ավետարանը» (Վարդապետություն և Ուխտեր 79.1):

Ես հասա միսիայի գրասենյակ երկու ժամ ավտոբուսով Մոնտեվիդեո (Ուրուգվայ) ճամփորդելուց հետո: Միսիայի նախագահը ի սպաս դրեց ինձ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներ և նշանակեց ինձ զուգընկեր: Այդ կեսօրին մենք սկսեցինք թակել դռները։

Սկզբում եղան ժամանակներ, երբ միսիան այնքան հետաքրքիր չէր, որքան ես պատկերացնում էի: Բարեբախտաբար, ես ունեի հնազանդ և աշխատասեր զուգընկեր, որն օգնեց ինձ բացահայտել Տիրոջ ծառայության մեջ ինձ կորցնելու ուրախությունը: Նրա օրինակն օրհնեց ինձ իմ ողջ միսիայի ընթացքում:

Բայց Փրկիչ Հիսուս Քրիստոսի ներկայացուցիչը լինելու իմ նախապատրաստությունը սկսվել էր դեռ շատ վաղուց:

Ամեն ինչ սկսվեց փողկապի ամրակից

1962թ. հունվարին, երբ ես վեց տարեկան էի, միսիոներները եկան հորս ոսկերչական խանութ՝ փորձելով փոխարինել իրենցից մեկի փողկապի կորած ամրակը: Այնտեղ նրանք լսեցին, որ ինչ-որ մեկը կիթառ է նվագում։ Երբ նրանք հարցրին այդ մասին, հայրս նրանց հրավիրեց ներս մտնել և ծանոթանալ իր ընկերոջ հետ։

Իրենց զրույցի ընթացքում հայրս և նրա ընկերը հարցրին միսիոներներին՝ արդյոք նրանք կիթառ էին նվագում: Մի երեց ասաց, որ մի քիչ նվագում է: Հորս ընկերը կիթառը փոխանցեց նրան և խնդրեց նվագել: Նա սկսեց մի քանի երգ նվագել, մինչ իր զուգընկերը երգում էր:

Միսիոներների կողմից փողկապի ամրակի պարզ որոնումը հանգեցրեց նրան, որ իմ ընտանիքը ծանոթացավ Հիսուս Քրիստոսի ավետարանին: Մենք լավ ընկերներ դարձանք միսիոներների հետ և սկսեցինք լսել դասերը: Ավետարանի սերմը տնկվեց, և այն սկսեց աճել նախ մորս՝ Էլզայի և իմ քույրերի՝ Անայի և Ստելլայի, իսկ հետո՝ իմ մեջ:

Այդ օրվանից իմ ընտանիքում մեծացել է սերը միսիոներական աշխատանքի հանդեպ: Ես ծառայել եմ միսիայում, իմ որդիները ծառայել են միսիայում, և այժմ մեր թոռները սկսում են պատրաստվել ու ծառայել միսիայում՝ ստեղծելով միսիոներների երրորդ սերունդը:

Միսիոներ լինելը միշտ չէ, որ հեշտ է: Նախքան միսիայի տարածք մեկնելը անհրաժեշտ է, որ երիտասարդ տղամարդիկ ու կանայք լրջորեն նախապատրաստվեն: Այստեղ է, որ ծնողները, ընտանիքը և Եկեղեցու ղեկավարները կարող են լավ օրինակ լինել և աշխատել որպես թիմ՝ երիտասարդներին վաղ տարիքում նախապատրաստելու համար:

Պատրաստվելու համար օգնելու միջոցներից մեկը նրանց հետ գործնական հմտություններով կիսվելն է: Հմտությունները, ինչպիսիք են՝ փող խնայելը, հագուստ լվանալը և արդուկելը, կարելը, կոշիկներ փայլեցնելը, ճաշ պատրաստելը, ուրիշների հետ խոսելը և ուրիշներին ծառայելը, կօգնեն նրանց իրենց միսիայում: Սեմինարիային և ինստիտուտին մասնակցելը նաև օգնում է այդ նախապատրաստմանը և լրացնում է այն, ինչ նրանք սովորում են տանը և իրենց քվորումներում ու դասարանում:

Մեր աջակցությունը պետք է շարունակվի, մինչ նրանք միսիայում են: Գեղեցիկ է լսել մեր միսիոներների հրաշալի փորձառությունները գրեթե ամեն օր: Մենք նույնպես կարող ենք լինել այդ փորձառությունների մի մասը՝ հասնելով նրանց, ում նրանք ուսուցանում են: Օրինակ՝ միսիոներներից մեկի մայրը, որն ուսուցանում էր մեր ընտանիքին, կապվեց մորս հետ և երկար տարիներ գրեց նրան՝ օգնելով մորս մնալ ուխտի ճանապարհին:

Երբ մենք օգնում ենք ապագա միսիոներներին նախապատրաստվել, մենք պետք է հիշենք, որ միսիոներական աշխատանքը շատ ավելին է, քան ավանդույթը Եկեղեցում. դա հրավեր և պատվիրան է Տիրոջ կողմից (տես Մատթեոս 28.19): Սկզբում Ադամին և Եվային ուսուցանվեց ավետարանը: Այնուհետև նրանք ուսուցանեցին ավետարանը իրենց երեխաներին (տես Մովսես 5.6–12): «Եվ այդպես, Ավետարանը սկսեց քարոզվել ի սկզբանե, հայտարարվելով Աստծո ներկայությունից ուղարկված սուրբ հրեշտակների կողմից» (Մովսես 5.58):

Այդ քարոզչությունն այժմ շարունակվում է ավելի քան 71000 միսիոներներից բաղկացած բանակով։ Բայց մեզ շատ ավելին է պետք առաջնագծում` միսիոներների և անդամների բանակ:

Նկար
երկու քույր միսիոներներ աղոթում են

Ինչ կարող ենք սովորել մեր միսիայի ընթացքում

Իմ միսիայում ես վարժվեցի միսիոներական աշխատանքին և սկսեցի խորությամբ մտածել մեր ուղերձի մասին: Ես միշտ զգացել էի, որ ավետարանը ճշմարիտ է, բայց ես մեծ ցանկություն ունեի իմանալու, որ այն ճշմարիտ է: Ես աղոթեցի, ծոմ պահեցի, ուսումնասիրեցի, աշխատեցի, հետո սպասեցի պատասխանի:

Մի օր դասի ժամանակ ես կիսվեցի Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի պատմությամբ.

«Ես տեսա արևի պայծառությունը գերազանցող լույսի մի սյուն, որն աստիճանաբար իջնում էր ցած, մինչև որ ընկավ ինձ վրա: …

Երբ լույսը հանգչեց ինձ վրա, ես տեսա երկու Անձնավորություն, ինձանից վեր` օդի մեջ կանգնած, որոնց պայծառությունն ու փառքն ամեն նկարագրությունից վեր էր: Նրանցից մեկը խոսեց ինձ հետ, դիմելով ինձ անունով և ասաց՝ մատնացույց անելով մյուսին. Սա է Իմ Սիրելի Որդին: Լսիր Նրան»: (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.16–17):

Այդ պահին ես զգացի, որ Սուրբ Հոգին հաստատում է ինձ, որ այն, ինչ ես սովորեցնում էի, ճշմարիտ է: Մարգարե Ջոզեֆ Սմիթը իսկապես տեսել էր Հորը և Որդուն, Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է և Աստվածաշնչի հետ վկայում է մեր Փրկչի մասին: Դա մեծ խաղաղություն բերեց դա իմ հոգուն։ Նույնիսկ տասնամյակներ անց այն դեռ ջերմացնում է իմ սիրտը:

Իմ միսիան նման էր հոգևոր մագիստրոսի կոչում ստանալուն: Այն, ինչ երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք սովորում են միսիայում, հավերժ կօրհնի նրանց կյանքը: Ի թիվս շատ բաների՝ նրանք սովորում են.

  • Ինչպես ամեն օր ուսումնասիրել, աղոթել, ուսուցանել և կիրառել ավետարանի սկզբունքները:

  • Ինչպես ապրել զուգընկերոջ հետ օրը 24 ժամ:

  • Ինչպես հոգ տանել իրենց առողջության մասին:

  • Ինչպես ծրագրել:

  • Ինչպես բարելավել ղեկավարման հմտությունները:

  • Ինչպես ճիշտ հարաբերվել այլ մարդկանց հետ:

  • Ինչպես փնտրել, լսել և առաջնորդվել Սուրբ Հոգով:

Երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք, որոնք ծառայում են միսիայում, կուժեղանան և կպատրաստվեն դիմակայելու կյանքի մարտահրավերներին, երբ նրանք շարունակեն կիրառել այն, ինչ սովորել են իրենց միսիայում:

Այսօր այդ օրն է

Մեր սիրելի մարգարեն՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, ուսուցանել է.

«Աշխարհի պատմության մեջ երբևէ չի եղել այնպիսի ժամանակ, երբ մեր Փրկչի մասին գիտելիքն ավելի կենսական և արդիական լինի մարդկային բոլոր հոգիների համար: Պատկերացրեք, թե որքան արագ կլուծվեին կործանարար հակամարտություններն ամբողջ աշխարհում և մեր կյանքում անհատապես, եթե բոլոր մարդիկ որոշեին հետևել Հիսուս Քրիստոսին և ուշադիր լսել Նրա ուսմունքները»:

Այսօր մեզ համար բնավորություն և քաջություն դրսևորելու և Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու օրն է: Այսօր այն օրն է, երբ մեր երիտասարդները պետք է պատրաստվեն ծառայելու Տիրոջ գումարտակում՝ ուսուցողական կամ ծառայողական միսիայում: Աշխարհը ձեր կարիքն ունի: Կան ծնկներ՝ ամրացնելու համար, ձեռքեր՝ բարձրացնելու և ճշմարտություն՝ քարոզելու համար (տես Վարդապետություն և Ուխտեր 81.5):

Թող Տիրոջ հետևյալ հրավերը մղի մեզ գործի և զորությամբ բարձրացնելու ճշմարտության դրոշը.

«Ահա, ես ասում եմ ձեզ, որ իմ կամքն է, որ դուք առաջ գնաք …

Բարձրացնելով ձեր ձայնը, ինչպես փողի հնչյուն, հռչակելով ճշմարտությունը՝ համաձայն հայտնությունների և պատվիրանների, որոնք ես տվել եմ ձեզ:

Եվ այսպես, եթե դուք հավատարիմ եք, դուք կլինեք … պսակված՝ պատվով, փառքով, անմահությամբ և հավերժական կյանքով» (Վարդապետություն և Ուխտեր 75.3–5):

Տպել