Լիահոնա
Ձեր մարմինը. hոգ տանել այդ աստվածային պարգևի մասին
Հուլիս 2024


«Ձեր մարմինը. hոգ տանել այդ աստվածային պարգևի մասին» Լիահոնա, Հուլիս 2024

Ձեր մարմինը. hոգ տանել այդ աստվածային պարգևի մասին

Մեր մարմինները պարգևներ են Աստծո կողմից, իսկ տաճարները պարգևներ են մեր հոգիների համար, սակայն նրանց պատշաճ կերպով սնուցելու և հոգալու համար անհրաժեշտ է ինքնատիրապետում և կարգապահություն:

Նկար
տղամարդը և կինը վազում են

Մենք չենք գնահատում մեզ տրված առողջությունը՝ կարծելով, որ այդպես էլ պետք է լիներ, մինչև որ մեր վատ սովորությունները (օրական 10 գազավորված ըմպելիք, նստակյաց կենսակերպ և քնի պակաս) ստիպում են մեզ վատ զգալ: Կամ գուցե, չնայած մեր առողջ ապրելակերպին, գենետիկան անսպասելի հարված է հասցնում և առողջական մարտահրավերներ է նետում մեզ:

Մենք բոլորս ստացել ենք ֆիզիկական առողջության տարբեր աստիճաններ, որոնք միշտ չէ, որ կարող ենք վերահսկել: Բայց մի բան հաստատ է. Աստծո ծրագիրը մեզ կոչ է անում բարելավել այն, ինչ մեզ տրվել է: Դա անելու համար պահանջվում է նույն ինքնակարգապահությունն ու նվիրումը, որոնք անհրաժեշտ են մեր հոգևոր առողջությունը սնուցելու համար: Դա նշանակում է տիրապետել մեր բնական հակմանը` վազելու փոխարեն նստել, բանջարեղենի փոխարեն քաղցրավենիք ուտել և քնելու փոխարեն՝ նստել մինչև ուշ գիշեր:

Երբ մենք ոգեշնչում ենք փնտրում՝ բարելավելու մեր ֆիզիկական առողջությունը և երբ զարգացնում ենք ինքնակարգապահությունը՝ այն պահպանելու համար, մենք կբացահայտենք Աստծուն ծառայելու և ուրախություն գտնելու ավելի մեծ կարողություն:

Ձեր մարմինը տաճար է

Հոգիները ծաղկում են, երբ ոգին և մարմինը լավ խնամված են: «Ոգին ու մարմինը՝ մարդու հոգին են» (Վարդապետություն և Ուխտեր 88․15)։ Մեկնաբանելով այս հատվածը՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ և մարմինը, և հոգին «մեծ նշանակություն ունեն: Ձեր ֆիզիկական մարմինը Աստծո հոյակապ ստեղծագործությունն է: Դա Նրա տաճարն է, ինչպես նաև ձերը, և պետք է ակնածանքով վերաբերվել նրան»:

99 տարեկանում նախագահ Նելսոնը շարունակում է կատարել իր պարտականությունները որպես Եկեղեցու նախագահ՝ միաժամանակ ընդունելով, որ երբեմն օգտագործում է քայլակ՝ հավասարակշռության համար և այժմ նախընտրում է գերագույն համաժողովներին նստած ելույթ ունենալ: «Ժամանակ առ ժամանակ ես փոքր դժվարություն եմ ունենում իմ հավասարակշռության հետ»,- գրել է նա սոցիալական ցանցի իր էջում 2023 թվականի մայիսին: «Կարծում եմ, որ չպետք է զարմանամ, երբ փոքր խնդիրներ են առաջանում, քանի որ մոտենում եմ հարյուրամյակին: Երախտապարտ եմ, որ սիրտս առողջ է, հոգիս ուժեղ է, ինչպես ոտքերս, և ուղեղս դեռ աշխատում է»:

Նախագահ Նելսոնը հայտնի է իր զգոն առողջական գործելակերպով և ակտիվ ապրելակերպով: Նա միշտ նիհար էր և տքնաջան աշխատում էր այդպիսին մնալու համար: Նա կանոնավորապես մարզվում էր՝ նախընտրելով դրսում լինել։ Մինչև 90 տարեկան նա ձյունը մաքրում էր իր և հարևանների մայթերից, աղբամանները հետ էր գլորում ավտոտնակներ և աշխատում էր իր բակում: Մինչև Եկեղեցու նախագահ դառնալը նա հաճախ էր դահուկ քշում, որքանով թույլ էր տալիս իր ժամանակը:

Զարգացնել ինքնակարգապահություն

Մենք գիտենք լավ ֆիզիկական առողջության հիմունքները.

  • Պարբերաբար մարզվեք։

  • Քնեք բավարար չափով:

  • Պահպանեք հավասարակշռված սննդակարգ:

  • Պահպանեք առողջ քաշը:

  • Կառավարեք սթրեսը:

Խնդիրն այն է, որ մեր մարմինը պետք է անի այն, ինչ մեր հոգին գիտի, որ անհրաժեշտ է: Ըստ նախագահ Նելսոնի, մահկանացու կյանքի փորձություններից մեկը մեր մարմնի ախորժակներին տիրապետելն է հոգու միջոցով, որը բնակվում է դրա մեջ.

«Սատանան գիտի մեր ախորժակների ուժը: Ուստի, նա գայթակղում է մեզ ուտել այն, ինչ մենք չպետք է ուտենք, խմել այն, ինչ չպետք է խմենք: …

Երբ մենք իսկապես ճանաչենք մեր աստվածային էությունը, մենք կցանկանանք վերահսկել նման ախորժակները: … Ամենօրյա աղոթքի ժամանակ մենք երախտագիտությամբ կճանաչենք [Աստծուն] որպես մեր Արարիչ և շնորհակալություն կհայտնենք Նրան մեր իսկ ֆիզիկական տաճարի փառահեղության համար: Մենք հոգ կտանենք դրա մասին և կփայփայենք այն՝ որպես Աստծո կողմից մեզ տրված անձնական պարգև»:

Երախտագիտություն դաստիարակել և ուրախություն գտնել այն մարմնում, որը մեզ Աստված է տվել

27 տարեկանում, երբ ես երեք երեխաների մայր էի, ինձ մոտ ախտորոշեցին ռևմատոիդ արթրիտ. աուտոիմուն հիվանդություն, որը ժամանակի ընթացքում քայքայում է հոդերը: Իմ կյանքը ֆիզիկապես և հոգեպես դուրս եկավ վերահսկողությունից: Ես դիմեցի Աստծուն օգնության համար՝ վերականգնելու այն մտավոր կայունությունը և գերազանց առողջությունը, որը նախկինում սովորական էի համարում:

Անհանգստությանս համար հոգեբանից օգնություն խնդրեցի: Աշխատել եմ ռևմատոլոգի հետ, թե ինչ դեղամիջոցներ պետք է ընդունել, և օգտագործել եմ նաև բնական լուծույթներ: Ես երբեք չեմ հանձնվել: Երկար տարիներից և բազմաթիվ տառապանքներից հետո մտավոր և ֆիզիկական առողջությունս բարելավվեց:

Հիշում եմ, որ մի կեսօր վայրի ծաղիկների ծովի կողքով քայլում էի դեպի լեռնային լիճը: Արտասվելով՝ ես շնորհակալություն հայտնեցի Աստծուն իմ ֆիզիկական մարմնի օրհնության համար և քայլարշավով զբաղվելու իմ կարողության համար, որը կարծում էի, թե կորսվել էր ինձ համար: Իմ վիճակի համար բուժում չկա, և հիվանդությունը տեսանելի վնաս է հասցրել իմ մարմնին: Բայց քայլարշավն ու մարզվելը դարձել են իմ հոբբին, և ես արժևորում ու բարձր եմ գնահատում իմ առողջությունը:

Չնայած իմ ֆիզիկական սահմանափակումներին, ես վերջերս ամուսնուս հետ ծառայեցի ավագ միսիայում Վաշինգտոնում (ԱՄՆ) (որը քայլարշավի Մեքքան է): Ես երախտապարտ եմ, որ իմ ողջ կյանքի ընթացքում ծառայել եմ Եկեղեցու գրեթե բոլոր կոչումներում:

Ինչպես ասել է նախագահ Նելսոնը. «Թող մենք միշտ երախտապարտ լինենք հոյակապ ֆիզիկական մարմնի՝ մեր սիրող Երկնային Հոր գերագույն ստեղծագործության անհավատալի օրհնության համար: Որքան էլ հոյակապ է մեր մարմինը, այն ինքնանպատակ չէ: Դա մեր հավերժական առաջընթացի համար Աստծո երջանկության մեծ ծրագրի կարևոր մասն է»:

Հղումներ

  1. Գերագույն համաժողովի քահանայության նիստին նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Երբ Հիսուսը խնդրում է ինձ և ձեզ «ապաշխարել» [տես Ղուկաս 13.3, 5], Նա հրավիրում է մեզ փոխել մեր միտքը, մեր գիտելիքը, մեր հոգին, նույնիսկ այն, թե ինչպես ենք շնչում: Նա խնդրում է մեզ փոխել այն ձևը, որով մենք սիրում ենք, մտածում, ծառայում, անցկացնում մեր ժամանակը, վերաբերվում մեր կանանց, սովորեցնում մեր երեխաներին և նույնիսկ հոգ տանում մեր մարմինների մասին» («Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Լիահոնա, մայիս 2019 թ. 67, շեշտադրումն ավելացված է):

  2. Ռասսել Մ. Նելսոն, «Քո մարմինը. հոյակապ պարգև, որը պետք է գնահատել», Լիահոնա, օգոստոսի 2019 թ., 52:

  3. Ռասսել Մ. Նելսոն, Facebook, մայիսի 16, 2023 թ., facebook.com/russell.m.nelson:

  4. Տես Sheri Dew, Insights from a Prophet’s Life: Russell M. Nelson (2019), 345:

  5. Ռասսել Մ. Նելսոն, «Քո մարմինը. հոյակապ պարգև, որը պետք է գնահատել», 54:

  6. Ռասսել Մ. Նելսոն, «Քո մարմինը. հոյակապ պարգև, որը պետք է գնահատել», 55:

Տպել