Լիահոնա
Տիրոջ մեծ գործը և մեր մեծ հնարավորությունը
Հուլիս 2024


«Տիրոջ մեծ գործը և մեր մեծ հնարավորությունը» Լիահոնա, հուլիս 2024:

Տիրոջ մեծ գործը և մեր մեծ հնարավորությունը

Երբ մենք սիրում, կիսվում և հրավիրում ենք, մենք աջակցում ենք Տիրոջը, որպեսզի օգնենք յուրաքանչյուր թանկագին հոգու գալ Իր մոտ:

Նկար
երկու կին խոսում են` քայլելով փողոցով

Այս վերջին մեծ տնտեսությունում յուրաքանչյուր մարգարե ուսուցանել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներին կիսվել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանով: Իմ կյանքից մի քանի օրինակներ եմ հիշում.

Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյը` իմ երիտասարդության տարիների մարգարեն (1873–1970), հայտարարել է. «Ամեն անդամ միսիոներ է»:

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը (1895–1985) ուսուցանել է. «Ավետարանը ավելի շատ վայրերում և ավելի շատ մարդկանց տանելու օրն այստեղ է և այժմ», և «մենք պետք է արագացնենք մեր քայլերը»՝ ավետարանով կիսվելով մյուսների հետ:

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008) ասել է. «Մեծ է մեր աշխատանքը, հսկայական է մեր պատասխանատվությունը, երբ օգնում ենք գտնել նրանց, ում պիտի ուսուցանենք: Տերը մեզ հանձնարարել է ուսուցանել ավետարանն ամեն արարածի։ Դա կպահանջի [մեր] լավագույն ջանքերը»:

Իսկ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Միսիոներական աշխատանքը Իսրայելի մեծ հավաքման կարևոր մասն է հանդիսանում: Այդ հավաքումն այսօր երկրի վրա կատարվող ամենակարևոր գործն է: Ուրիշ ոչինչ չի կարող համեմատվել դրա մեծության հետ: Ուրիշ ոչինչ չի կարող համեմատվել դրա կարևորության հետ : Տիրոջ միսիոներները՝ Նրա աշակերտները, ներգրավված են ամենամեծ մարտահրավերի մեջ, ամենամեծ գործում` այսօր երկրի վրա կատարվող մեծագույն աշխատանքում»:

Ես դա անձնապես սկսեցի հասկանալ, երբ որպես երիտասարդ միսիոներ ծառայում էի Բրիտանական Միսիայում: Ես ավելի քան համոզված եմ դրանում այսօր: Որպես Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալ ես վկայում եմ, որ ամենուրեք կան հնարավորություններ` օգնելու ուրիշներին գալ Քրիստոսի մոտ՝ ցույց տալով մեր սերը, կիսվելով մեր համոզմունքներով և հրավիրելով նրանց միանալ մեզ՝ զգալու Հիսուս Քրիստոսի ավետարանի ուրախությունը»:

Աշխատանքն առաջ է ընթանում

Ես արտոնություն եմ ունեցել լինել Եկեղեցու Միսիոներական բաժնում հանձանարարությամբ, երբ ներկայացվեց Քարոզիր Իմ Ավետարանի ձեռնարկի առաջին հրատարակությունը 2004թ.-ին, և կրկին, երբ երկրորդ հրատարակությունը լույս ընծայվեց 2023 թվականին: Ես հավատում եմ, որ Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկը խորապես օրհնել է միսիոներական աշխատանքը:

Նոր Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկը ներառում է այն ամենը, ինչ մենք սովորել ենք 2004 թվականից սկսած, Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի յուրաքանչյուր անդամի ոգեշնչված ուղղորդումից և փոփոխություններից, որոնք կատարվել են մեր թվայնացված դարում՝ ավետարանով կիսվելու համար: Այդ փոփոխություններից մի քանիսն առաջ են բերել նշանակալի հաջողություն:

Մենք պարզել ենք, որ «սիրելու, կիսվելու, հրավիրելու» սկզբունքների միջոցով պարզ, նորմալ և բնական ձևով ավետարանով կիսվելը, մեծապես օրհնում է արքայությունը: Հիսուս Քրիստոսը կիսվեց ավետարանով այս ձևով, երբ Նա ապրեց երկրի վրա: Նա կիսվեց Իր կյանքով և Իր սիրով և բոլորին հրավիրեց գալ Իր մոտ (տես Մատթեոս 11.28): Սիրելը, կիսվելը և հրավիրելը՝ ինչպես Նա արեց, հատուկ օրհնություն է և պարտավորություն Եկեղեցու յուրաքանչյուր անդամի համար:

Սկսեք սիրով

Գեթսեմանիի այգում և խաչի վրա Հիսուս Քրիստոսն Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը, կրեց բոլոր վշտերը, «ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի» (Ալմա 7.11): Դա «ստիպեց [Նրան], … բոլորից մեծագույնին, ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից» (Վարդապետություն և Ուխտեր 19.18)։ Իր Քավության և Հարության միջոցով Հիսուս Քրիստոսը հնարավոր է դարձրել փրկությունն ու վեհացումը բոլորի համար:

Երբ դառնանք դեպի Փրկիչը և խորհենք այն ամենի շուրջ, ինչ Նա արել է մեզ համար, դա մեր մեջ կստեղծի մի սիրտ, որը լցված կլինի Նրա հանդեպ սիրով: Ապա Նա դարձնում է մեր սրտերը դեպի ուրիշները և պատվիրում մեզ սիրել նրանց (տես Հովհաննես 13.34–35) և Իր ավետարանով կիսվել նրանց հետ (տես Մատթեոս 28.19, Մարկոս 16.15): Եթե մեզ շրջապատող մարդիկ զգան, որ մենք անկեղծորեն սիրում և հոգ ենք տանում իրենց համար, նրանք հավանաբար կբացեն իրենց սրտերը մեր ուղերձների առջև, ճիշտ, ինչպես թագավոր Լամոնին բացեց իր սիրտը՝ ընդունելով ավետարանը Ամմոնի սիրո և ծառայության շնորհիվ (տես Ալմա 17–19):

Երբ կիսվում ենք ավետարանով, եկեք սկսենք սիրով: Երբ սիրով օգնության հասնենք ուրիշներին, հիշելով, որ նրանք մեր եղբայրներն ու քույրերն են և մեր Երկնային Հոր սիրելի զավակներն են, մեզ համար հնարավորություններ կբացվեն կիսվելու նրանով, ինչը գիտենք, որ ճշմարիտ է:

Եղեք ջերմեռանդ ներգրավված և կիսվեք

Ոչ ոք այնքան նվիրված չէր ավետարանով կիսվելու գործին, որքան նախագահ Մ. Ռասսել Բալլարդը (1928–2023): Վերջին գերագույն համաժողովի իր ելույթում նա վկայեց. «Ամենից փառահեղ և հրաշալի բաներից մեկը, որ ինչ-որ մեկը կարող է իմանալ այս աշխարհում այն է, որ մեր Երկնային Հայրը և Տեր Հիսուս Քրիստոսը հայտնվեցին այս վերջին օրերին, և որ Ջոզեֆ [Սմիթը] ի հայտ բերվեց՝ վերականգնելու Հիսուս Քրիստոսի հավիտենական ավետարանի լրիվությունը»։

Ողջ կյանքի ընթացքում և ողջ աշխարհի մեծ մասում նախագահ Բալլարդը ջերմեռանդորեն ներգրավված էր`այս արժեքավոր ուղերձով ամենքի հետ կիսվելով: Նա խրախուսում էր մեզ անել նույնը։ Նախագահ Բալլարդը ուսուցանում էր, որ դուք կարող եք կիսվել ավետարանով՝ «լինելով լավ [հարևան] և հոգ տանելով ու սեր ցուցաբերելով»: Այդպես վարվելով՝ մենք կարող ենք «տարածել ավետարանը [մեր] սեփական [կյանքում] և … տարածել [մյուսներին] այն օրհնությունները, որոնք կարող է առաջարկել ավետարանը»: Մենք կարող ենք նաև «վկայություն բերել այն մասին՝ ինչ գիտենք, ինչին հավատում ենք և ինչ զգում ենք»: Նախագահ Բալլարդն ուսուցանել է. «Անկեղծ վկայությունը … կարող է Սուրբ Հոգու զորությամբ տեղափոխվել ուրիշների սրտերը, ովքեր բաց են` այն ստանալու համար»:

Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանով կիսվելը նախագահ Բալլարդի սրտի մեծագույն ցանկությունն էր: Մենք կարող ենք ջերմեռանդ ներգրավված լինել ավետարանով կիսվելու գործում՝ թե խոսքով, թե գործով: Մենք երբեք չգիտենք, թե մեր շրջապատում ով է հավանաբար փնտրում ավետարանի լույսը, բայց չգիտի, թե որտեղ գտնի այն (տես Վարդապետություն և Ուխտեր 123.12):

Նկար
երկու տղամարդ քայլում են աստիճաններով վեր

Տարածեք անկեղծ հրավերներ

Օգնելով ուրիշներին գալ դեպի Քրիստոսը, մենք հրավիրում ենք նրանց զգալ այն ուրախությունը, որը բերում է Փրկիչը և Նրա ավետարանը: Մենք կարող ենք հրավիրել նրանց գալ միջոցառման, կարդալ Մորմոնի Գիրքը կամ հանդիպել միսիոներների հետ: Դուք կարող եք նաև անկեղծ հրավեր ուղարկել նրանց, որպեսզի մեզ հետ մասնակցեն հաղորդության ժողովին:

Ամեն շաբաթ մենք մասնակցում ենք հաղորդության ժողովին՝ «երկրպագելու Աստծուն, ճաշակելու հաղորդությունը՝ հիշելով Հիսուս Քրիստոսին և Նրա Քավությունը»: Սա հատուկ ժամանակ է մարդկանց համար՝ զգալու Հոգին, ավելի մոտենալու Փրկչին և ամրապնդելու իրենց հավատքը Նրա հանդեպ:

Երբ փնտրենք սիրելու, կիսվելու և հրավիրելու ուղիներ, մեր պլանավորումը և ջանքերը պետք է ներառեն՝ օգնել մարդկանց մասնակցելու հաղորդության ժողովին: Եթե նրանք ընդունեն մեր հրավերը և մասնակցեն հաղորդության ժողովին, նրանք շատ հավանական է, որ շարունակեն մկրտության և դարձի ճանապարհը: Ես ամբողջ սրտով հավատում եմ, որ մեծ հաջողություն կգա, երբ մենք հրավիրենք ուրիշներին և օգնենք նրանց ճանաչել այն օրհնությունները, որոնք նրանք կարող են ստանալ դրանից:

Տերը կառաջնորդի մեզ

Դուք երբեք չգիտեք, թե ինչ հաջողություններ և մարտահրավերներ կունենանք, երբ սիրենք, կիսվենք և հրավիրենք: Մոսիայի որդիները «գնացին առաջ, քաղաքից քաղաք, և պաշտամունքի մի տնից մյուսը, … Լամանացիների մեջ՝ Աստծո խոսքը նրանց մեջ քարոզելու և սովորեցնելու համար. և այդպես, նրանք սկսեցին մեծ հաջողություն ունենալ»: Նրանց ջանքերի շնորհիվ «հազարավորներ բերվեցին Տիրոջ մասին իմացությանը» և շատերը «դարձի եկան … [և] երբեք չհեռացան» (Ալմա 23.4-6

Թեև միշտ չէ, որ դա կլինի մեր փորձառությունը, Տերը խոստացել է, որ Նա կաշխատի մեզ հետ միասին, քանի որ յուրաքանչյուր հոգին թանկ է Նրա համար: Երբ մենք ապավինում ենք Տիրոջը և ներգրավվում Նրա ծառայության մեջ, Նա կառաջնորդի մեզ, թե ինչպես կիսվենք Իր ավետարանով ուրիշների հետ՝ սիրելով նրանց, կիսվելով մեր կյանքով ու վկայությամբ նրանց հետ և հրավիրելով նրանց միանալ մեզ՝ հետևելով Նրան:

«Մեծ կլինի [մեր] ուրախությունը» (Վարդապետություն և Ուխտեր 18.15), երբ մենք օգտվենք մեր շուրջը եղած հնարավորություններից՝ օգնելու Տեր Հիսուս Քրիստոսին՝ Իր մոտ հոգիներ բերելու Նրա մեծ աշխատանքում:

Տպել