Ինստիտուտ
Դաս 8. Ուսուցչի նյութ. Ընդունել Հիսուս Քրիստոսին որպես խոստացված Մեսիա


«Դաս 8. Ուսուցչի նյութ. Ընդունել Հիսուս Քրիստոսին որպես խոստացված Մեսիա», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 8․ Ուսուցչի նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Դաս 8․ Ուսուցչի նյութ

Ընդունել Հիսուս Քրիստոսին որպես խոստացված Մեսիա

Հիսուս Քրիստոսը Նոր Կտակարանի Մեսիան էր (կամ «Օծյալը»)։ Նա ընտրվել է Երկնային Հոր կողմից՝ լինելու մեր Փրկիչը: Այս դասին ուսանողները հնարավորություն կունենան քննարկելու, թե Հիսուս Քրիստոսի մեսիական առաքելության ընդունումը ինչպես կարող է փոխել իրենց կյանքը: Ուսանողներին կառաջարկվի մտածել, թե Մեսիան ինչպես կարող է օգնել նրանց այն ցավերի կամ տառապանքների դեպքում, որ նրանք զգում են:

Ուսուցման առաջարկներ

Հիսուսը Քրիստոսը հայտարարում է, որ Ինքը Մեսիան է

Կարող եք դասը սկսել՝ ցույց տալով Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

Ոչ ոք զերծ չի մնացել հիվանդությունից ու տխրությունից․․․ Հոգու վերքերը չեն գալիս հարստության կամ աղքատության հետ, բնորոշ չեն որևէ մշակույթի, ոչ էլ ազգի կամ սերնդի։ Դրանք բաժին են հասնում բոլորին և այն դասերի մասն են, որոնք սովորում ենք այս մահկանացու փորձառության ընթացքում: (Նիլ Լ․ Անդերսեն, «Խոցվածը», Լիահոնա, նոյեմբեր 2018, 84)

Կարող եք գրատախտակին գրել հետևյալ արտահայտությունը. Հոգու վերքերը։

Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչպես ենք զգում հոգու վերքերը, և գրատախտակին գրեք ուսանողների պատասխանները: Ուսանողների համար այս վարժությունն ավելի արդիական դարձնելու համար կարող եք հրավիրել, որ նրանք լուռ բացահայտեն իրենց հոգու վերքերը կամ իրենց սիրելի մարդու վերքերը: Խրախուսեք ուսանողներին դասի ընթացքում ինքնուրույն մտածել, թե Տերը ինչպես կարող է ամոքել այս վերքերը:

Հրավիրեք ուսանողներին սահմանել կամ բացատրել Մեսիա տիտղոսը, և թե ինչու էր սպասված Մեսիան կարևոր Աստծո ուխտի ժողովրդի համար՝ Հին Կտակարանի և Նոր Կտակարանի ժամանակներում:

Նշեք, որ Եսայիա 61.1–3 հատվածները մարգարեություն է այն մասին, թե Մեսիան ինչպես կօգնի բժշկել վիրավոր հոգիները: Հրավիրեք ուսանողներին վերանայել այս հատվածները և փնտրել բառեր ու արտահայտություններ, որոնք կարող են հուսադրել նրանց, ովքեր տառապում են:

Մինչ ուսանողները կարդում են, կարող եք գրատախտակին գրել հետևյալ արտահայտությունը. Ինչպես է Մեսիան օգնում վիրավոր հոգուն։ Այնուհետև կարող եք հանձնարարել, որ ուսանողները կիսվեն այնպիսի բառերով կամ արտահայտություններով, որոնք նրանք համարում են առավել կարևոր և գրեն դրանք գրատախտակին: Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի բովանդակային մտածել, տվեք հետևյալ հարցերից մի քանիսը․

  • Ինչպե՞ս է այս բառը կամ արտահայտությունը առնչվում հոգու վերքերին:

  • Ինչո՞ւ է այս բառը կամ արտահայտությունը կարևոր ձեզ համար:

  • Այս բառը կամ արտահայտությունը ինչ է ուսուցանում Մեսիայի և Նրա առաքելության մասին:

Բովանդակային քննարկման համար ժամանակ տրամադրելուց հետո կարող եք ցուցադրել Հիսուսի պատկերը Նազարեթի ժողովարանում։ Համառոտ կրկնեք բովանդակությունը, այնուհետև հրավիրեք ուսանողներից մեկին կիսվել, թե Հիսուս Քրիստոսն ինչպես օգտագործեց Եսայիա 61.1–2 հատվածները՝ հայտարարելով, որ Ինքը խոստացված Մեսիան է: (Անհրաժեշտության դեպքում ուսանողներին հանձնարարեք վերանայել Ղուկասի 4.18–22 հատվածները:)

Նկար
Հիսուսը Նազարեթի ժողովարանում, Գրեգ Կ. Օլսեն

Կարող եք ցուցադրել հետևյալ ճշմարտությունը․ Հիսուսը Մեսիան է, ով ուղարկվեց բժշկելու սրտով կոտրվածներին, ազատելու խոցվածներին և մխիթարելու սգավորներին։

  • Ինչպե՞ս կարող է Փրկիչը օգնել նրանց, ովքեր սրտով կոտրված են կամ ում զգացմունքները վիրավորվել են: (Կարող եք կարդալ երեց Ջերիտ Վ. Գոնգի հայտարարությունը նախապատրաստական նյութի 1-ին բաժնում:)

  • Ինչպե՞ս է Փրկիչը օգնել կամ մխիթարել ձեզ կամ ձեր ծանոթ մարդուն:

Եսայիան և Ալման վկայում են մեզ աջակցելու Մեսիայի զորության մասին

Կարող եք ցուցադրել Փրկչի ուղեկցող նկարները և հրավիրել ուսանողներին համառոտ կիսվել, թե ինչպես է Նա տառապել մահկանացու կյանքում:

Նկար
Հիսուսը դատարանում
Նկար
Հիսուսը աղոթում է Գեթսեմանիում
Նկար
Խաչելությունը, Հարի Անդերսոն

Հրավիրեք ուսանողներին աշխատել զուգընկերներով։ Ուսանողներից մեկը կարող է ուսումնասիրել Եսայիա 53.3–6, 8, 11–12-ը , իսկ մյուսը՝ Ալմա 7.11–12-ը: Հրավիրեք ուսանողներին փնտրել երկու բան՝ 1) Մեսիան ինչպես կտառապեր, և 2) Նա ինչպես կարող է օրհնել մեզ Իր տառապանքների միջոցով: Երբ ուսանողներն իրենց զուգընկերների հետ քննարկեն, թե ինչ են բացահայտել, հրավիրեք մի քանի ուսանողների իրենց սովորածով կիսվել դասարանի հետ:

Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, օգտակար կլինի նրանց ուսումնառությունը նկարագրել հետևյալ հայտարարությամբ. Քանի որ Մեսիան կրեց մեր վշտերը, ցավերն ու օրինազանցությունները, Նա կարող է մեզ բժշկել, խաղաղություն բերել, կրել մեր անօրինությունները, ներել մեզ, մխիթարել մեզ և սատարել մեզ։ Կարող եք տալ այս ստուգիչ հարցը.

  • Ի՞նչ տեսակի մահկանացու ցավերի և չարչարանքների դեպքում Փրկիչը կարող է օգնել մեզ: (Գուցե անհրաժեշտ է վերանայել սատարել բառի իմաստը և այնուհետև բարձրաձայն կարդալ նախագահ Ջին Բ. Բինգհեմի և նախագահ Դալլին Հ. Օուքսի հայտարարությունները նախապատրաստական նյութի 2-րդ բաժնում:)

Դուք կարող եք որոշ ժամանակ հատկացնել և օգնել ուսանողներին բացահայտել իրական կյանքի օրինակներ այն մասին, թե ինչպես է Փրկիչն աջակցում մեզ: Այս օրինակները կարող են բերվել սուրբ գրություններից, Եկեղեցու ղեկավարներից կամ ձեր ուսանողների կյանքից: Կարող եք նաև կիսվել ձեր անձնական փորձառությամբ։

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնասիրությունը

Սովորողներին ժամանակ տրամադրեք հանգիստ մտորումների համար: Կան պահեր, երբ բառերը կարող են խոչընդոտ հանդիսանալ հոգևոր ուսուցման համար: Լռությունը կարող է սուրբ պարգև լինել, որը թույլ կտա ուսանողներին ավելի խորը մտածել իրենց սովորածի մասին և ավելի հստակ լսել Սուրբ Հոգու մեղմ շշուկները:

Ուսանողները կարող են նորից մտածել այն «վերքերի» մասին, որոնք իրենք կամ իրենց սիրելիները զգում են: Ցուցադրեք հետևյալ հարցերը և հրավիրեք ուսանողներին խորհել այդ բոլոր հարցերի շուրջ։ Ժամանակ հատկացրեք ուսանողներին՝ գրի առնելու իրենց մտքերն ու տպավորությունները:

  • Իմացությունը, որ Փրկիչը հասկանում է այն ամենը, ինչի միջով դուք անցնում եք, ինչպե՞ս է փոխում ձեր տեսակետը ձեր անձնական ցավերի ու տառապանքների վերաբերյալ:

  • Ի՞նչ եք մտածում կամ զգում Հիսուս Քրիստոսի հանդեպ, երբ մտածում եք, թե Նա ինչպես է տառապել, որ կարողանա օգնել ձեզ: Ի՞նչ քայլերի է մղում ձեզ այդ միտքը։

  • Ինչպե՞ս կարող է այս գիտելիքն օրհնել ձեզ ծանոթ մեկին, ով տառապում է: Ինչպե՞ս կարող եք դրանով կիսվել նրա հետ։

Եթե ժամանակը թույլ է տալիս, կարող եք յուրաքանչյուր ուսանողի տրամադրել մի կպչուն թուղթ կամ փոքր թերթիկ: Հրավիրեք նրանց գրել հետևյալ հարցի իրենց պատասխանը.

  • Մտածեք ձեր ծանոթի մասին, ով մաքառում է դժվարին պայմաններում: Ի՞նչ ուղերձով կարող եք նրա հետ կիսվել Հիսուս Քրիստոսի՝ մեզ զորացնելու և բժշկելու կարողության մասին:

Այնուհետև թող ուսանողներն իրենց թղթերը դնեն սենյակում որևէ տեղ: Ուսանողներին մի քանի րոպե տվեք, որ շրջեն սենյակում և կարդան տարբեր ուսանողների թերթիկները:

Հաջորդ անգամ

Որպեսզի խրախուսեք ուսանողներին կարդալ 9-րդ դասի նախապատրաստական նյութը, կարող եք նրանց ուղարկել հետևյալ նկարը և հաղորդագրությունը հաջորդ դասից առաջ. Ժամանակ հատկացրեք ուսումնասիրելու 9-րդ դասի նախապատրաստական նյութը և խորհեք, թե Հիսուս Քրիստոսի ծնունդը ինչո՞ւ պետք է նշվի ոչ միայն Սուրբ ծննդին, այլև ամբողջ տարին:

Նկար
Մարիամը, Հովսեփը և մանուկ Հիսուսը

Տպել