Ինստիտուտ
Դաս 7․ Դասարանի նախապատրաստական նյութ. Երախտագիտությամբ գնահատել Աստծո արդարադատությունը, ողորմությունը և սերը


«Դաս 7․ Դասարանի նախապատրաստական նյութ. Երախտագիտությամբ գնահատել Աստծո արդարադատությունը, ողորմությունը և սերը», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 7․ Դասարանի նախապատրաստական նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Նկար
Նրա ձեռքը դեռ պարզված է, հեղինակ՝ Էլիզաբեթ Թայեր

Դաս 7․ Դասարանի նախապատրաստական նյութ

Երախտագիտությամբ գնահատել Աստծո արդարությունը, ողորմությունը և սերը

Մովսեսն ուսուցանեց, որ Եհովան «արդար և ուղիղ է» (Երկրորդ Օրինաց 32․4)։ Նա նաև ասաց, որ Տերը «ողորմած և գթած է» (տես Ելից 34.6): Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կարող են լինել և՛ արդար, և՛ ողորմած: Այս աստվածային հատկանիշները ոչ միայն ուսուցանում են ձեր հանդեպ Աստծո սիրո մասին, այլ նաև օրինակ են ցույց տալիս, թե ինչպես կարող եք սեր դրսևորել ուրիշների հանդեպ:

Նշում. Սուրբ գրություններում Աստված տիտղոսը կարող է վերաբերել կա՛մ Երկնային Հորը, կա՛մ Հիսուս Քրիստոսին: Երկուսն էլ կատարելապես մարմնավորում են աստվածային բոլոր հատկանիշները: Ինչ էլ որ մենք սովորենք Մեկի մասին, նույնքան ճիշտ է Մյուսի մասին (տես Հովհաննես 14.9, 17.21):

Բաժին 1

Աստծո արդարադատությունը ի՞նչ կարող է սովորեցնել ինձ Նրա սիրո մասին

Ոմանք համարում են, որ «Հին Կտակարանի Աստված» տարբերվող վարքագիծ է դրսևորում «Նոր Կտակարանի Աստծուց»։ Նրանք Հին Կտակարանի Աստծուն՝ Եհովային, տեսնում են որպես վրիժառու, պահանջկոտ և դաժան։ Եվ նրանք Նոր Կտակարանի Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին, տեսնում են որպես բարի, ներողամիտ ու ողորմած: Սակայն, ինչպես նախորդ դասից սովորեցիք․ «[Հիսուս Քրիստոսը] Հին Կտակարանի Մեծ Եհովան էր, [և] Նոր կտակարանի՝ Մեսիան» («Կենդանի Քրիստոսը՝ Առաքյալների վկայությունը»,ChurchofJesusChrist.org)։ Ինչպե՞ս կարող է նույն Աստվածը լինել և՛ խստապահանջ, և՛ բարի, բարկացած և համբերատար, արդար և ողորմած:

Այս իրարամերժ թվացող հատկանիշները Աստծո բնավորության համապարփակ լինելու օրինակներ են: Երբ հասկանում ենք, թե ինչպես է Նա մարմնավորում այս բոլոր հատկանիշները, թույլ ենք տալիս մեզ ավելի լավ վստահել Նրան: Մտածեք այն խնդիրների մասին, որոնց մենք կարող ենք հանդիպել մեր կյանքում, եթե մենք Աստծո աստվածային հատկանիշները դիտարկենք այն տեսանկյունից, որ Նա կա՛մ արդար է և ուղիղ, կա՛մ կարեկցող է և ներողամիտ: Երբ ուսումնասիրեք սուրբ գրությունները, մտածեք, թե ինչպես են Աստծո բոլոր հատկանիշները կապված Նրա կատարյալ սիրո հետ:

Եկեք սկսենք արդարադատության հատկանիշից: Ի՞նչ մտքեր են առաջանում ձեր մտքում այս բառի առնչությամբ։ Երբեմն սուրբ գրություններում Աստծո արդարադատությունը կարող է կոպիտ հնչել: Հին Կտակարանի որոշ պատմություններ օգտագործում են այնպիսի բառեր, ինչպիսիք են ցասումը և զայրույթը՝ նկարագրելով Աստծո արդարադատությունը անհնազանդների և ամբարիշտների հանդեպ (տես Եսայիա 1․4, Երեմիա 32․30, Թեմատիկ ուղեցույց, «Աստծո ցասումը»)։ Օրինակ՝ ժողովրդի անհնազանդության պատճառով Սոդոմն ու Գոմորը կործանվեցին երկնքի կրակով (տես Ծննդոց 19.15–25), Իսրայելի տունը ցրվեց Ասորեստանի կողմից (տես Դ Թագավորաց 15.27–31), և Հուդայի ժողովուրդը գերի ընկավ բաբելոնացիների կողմից (տես Դ Թագավորաց 24.10–16): Մի խոսքով, ամբարիշտները հաճախ զգում էին Աստծո արդարադատության ծանրությունը։

Նկար
Երուսաղեմի կործանումը, Գերի Լ. Քեփ

Երբ կարդում ենք Աստծո բարկության մասին, մենք չպետք է ենթադրենք, որ լինելով ընկած մարդիկ, մեր զգացմունքներն ու բարկության արտահայտությունները նույնն են, ինչ Աստծո արդարամիտ բարկությունը: Ինչպես Եսայիա մարգարեն է մեզ հիշեցնում․ «Իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, եւ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տերը» (Եսայիա 55.8):

Առաջին Նախագահությունից Նախագահ Դալին Հ. Օուքսը հետևյալ տեսակետն է հայտնել․

Նկար
Նախագահ Դալլին Հ․ Օուքս

Մենք կրկին ու կրկին կարդում ենք Աստվածաշնչում և ժամանակակից սուրբ գրություններում ամբարիշտների հանդեպ Աստծո բարկության մասին, և թե ինչպես է Նա իր ցասումը թափում նրանց վրա, ովքեր խախտում են Իր օրենքները: Ինչպե՞ս են բարկությունն ու ցասումը վկայում Նրա սիրո մասին: ․․․ Աստծո սերն այնքան կատարյալ է, որ Նա սիրով է պահանջում մեզնից հնազանդվել Իր պատվիրաններին, քանի որ Նա գիտի, որ միայն Իր օրենքներին հնազանդվելու միջոցով մենք կարող ենք դառնալ կատարյալ` ինչպիսին Նա է։ Այդ պատճառով Աստծո բարկությունն ու ցասումը ոչ թե Նրա սիրո հերքումն են, այլ Նրա սիրո ապացույցը»։ («Սեր և օրենք», Լիահոնա, նոյեմբեր 2009, 27)

Արդարադատություն կայացնելու Աստծո ժամանակը նաև Իր զավակների հանդեպ Նրա սիրո նշան է: Օրինակի համար դիտարկենք Նոյի և ջրհեղեղի պատմությունը։ Նոյի օրերում «Երկիրը ապականվել էր Աստծո առաջ» (Մովսես 8.28): Բռնությունը համատարած էր, և մարդիկ շարունակ չարություն էին գործում։ Մոտ 120 տարի Նոյը զգուշացնում էր մարդկանց, որ եթե նրանք չապաշխարեն, ապա կկործանվեն ջրհեղեղից (տես Մովսես 8․17–30)։ Նրանք անտեսեցին Աստծո սիրառատ խնդրանքը, և բոլորը, բացի Նոյից և նրա ընտանիքից, զոհվեցին ջրհեղեղի ժամանակ (տես Ծննդոց 8.15–21):

Նկար
տապանը ծովի վրա

Առաջին հայացքից կարող է պարզապես թվալ, որ այս իրադարձությունը խիստ և խստապահանջ արդարադատություն էր: Բայց Նոյի օրերի մասին Ենովք մարգարեի ստացած տեսիլքից մենք ուշագրավ պատկերացումներ ենք ձեռք բերում Աստծո արդարադատության և Նրա սիրո միջև կապի վերաբերյալ:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Մովսես 7.28–29, 32–33, 37 և փնտրեք Աստծո խորը սիրո ապացույցներ՝ նույնիսկ նրանց հանդեպ, ովքեր չեն ցանկանում լսել Նրա պատվիրանները:

Այս հուզիչ տեսարանի մասին Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ասել է.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Լոկ այդ գրավիչ տեսարանն ավելին է ուսուցանում Աստծո ճշմարիտ էության մասին, քան որևէ աստվածաբանական քննախոսություն երբևէ կարող է հաղորդել։ …

Ինչպիսի՜ անմոռանալի փաստ, որ Աստված ներգրավված է մեր կյանքում։ ․․․ Հեշտ է սիրել մեկին, ով այդքան շատ է սիրում մեզ։ («Աստծո վեհությունը», Լիահոնա, նոյեմբեր 2003, 72)

Երբ մտածեք, թե ինչ է նշանակում Աստծո սերը ձեզ համար, մտածեք, թե ինչպես կարող եք դա լավագույնս նկարագրել ուրիշներին։ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է.

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

Աստվածային սերը նկարագրելու և դրա մասին խոսելու շատ եղանակներ կան: Եզրույթներից մեկը, որը հիմա հաճախ լսում ենք, այն է, որ Աստծո սերը «անվերապահ է»: Որոշ իմաստով դա ճիշտ է, սակայն «անվերապահ» բնորոշում չկա սուրբ գրության մեջ: Սուրբ գրության մեջ Նրա սերն ավելի շուտ նկարագրվում է որպես՝ «մեծ ու հրաշալի սեր» [Վարդապետություն և Ուխտեր 138․3], «կատարյալ սեր» [Ա Հովհաննես 4․18, Մորոնի 8․16], «քավիչ սեր» [Ալմա 5․26], և «հավիտենական սեր» [Երեմիա 31․3]: Սրանք ավելի լավ եզրույթներ են, քանի որ «անվերապահ» բառը կարող է սխալ տպավորություն ստեղծել աստվածային սիրո մասին, ինչպես օրինակ` Աստված հանդուրժում ու ներում է մեր կատարած ամեն քայլ, քանի որ Նրա սերը անվերապահ է, կամ՝ Աստված ոչինչ չի պահանջում մեզանից, քանի որ Նրա սերը անվերապահ է, կամ՝ բոլորը փրկվում են երկնային արքայությունում, որովհետև Նրա սերը անվերապահ է: Աստծո սերն անսահման է, և այն կհարատևի ընդմիշտ, սակայն ինչ է դա նշանակում յուրաքանչյուրիս համար, կախված է նրանից, թե մենք ինչպես ենք արձագանքում Նրա սիրուն: («Իմ սիրո մեջ հաստատո՜ւն մնացեք», Լիահոնա, նոյեմբեր 2016, 48)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ինչպե՞ս կբացատրեք Աստծո արդարադատության և Իր զավակների հանդեպ Նրա ունեցած սիրո միջև կապը:

Բաժին 2

Տիրոջ ողորմությունը ի՞նչ կարող է սովորեցնել ինձ Նրա սիրո մասին

Լավ է, երբ հնազանդվելիս Աստված օրհնում է մեզ։ Բայց դժվար է զգալ մեր սխալ ընտրությունների հետևանքները: Իսկ երբ հետևանքները լուրջ են, դա կարող է սարսափելի թվալ։ Նման պահերին մենք կարող ենք ողորմություն հայցել Տիրոջից:

Սակայն շատ այլ դեպքերում, նրանք, ովքեր մեղք են գործում, չեն գիտակցում Աստծո ողորմության անհրաժեշտությունը։ Դիտարկենք Ալմա Կրտսերի որդու՝ Կորիանթոնի դեպքը: Իր միսիան թողնելուց և որոշ լուրջ մեղքեր գործելուց հետո Կորիանթոնը զգաց, որ մեղավորի համար «անարդար» է պատժվել և թշվառության ենթարկվել (տես Ալմա 42.1):

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Ալմա 42․15, 22, 24–25 հատվածները և փնտրեք, թե Ալման ինչ է ուսուցանել արդարադատության, ողորմության և Հիսուս Քրիստոսի Քավության մասին: (Նշում. Ապաշխարող անձը «մեղքից զղջացողն է. Այն մարդը, որը տխրում է իր հանցանքների պատճառով» [Webster’s Dictionary (1828), “Penitent”]։)

Նկար
Քրիստոսը Գեթսեմանիում, ըստ՝ Հարի Անդերսոնի

Հիսուս Քրիստոսը, ձեր և բոլորի հանդեպ ունեցած խորը անձնական սիրով, կանգնած է մեր և արդարադատության միջև, որը սպասում է մեզ (տես Մոսիա 15.9): Նա արդեն վճարել է մեր մեղքերի տանջալի գինը: Եվ Նա ցանկանում է ողորմություն ցուցաբերել ապաշխարողների հանդեպ (տես Վարդապետություն և Ուխտեր 19.16–18): Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ այն ժամանակ Առաջին Նախագահության խորհրդականը, ուսուցանել է.

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Մենք չենք կարող վաստակել մեր ճանապարհը դեպի երկինք․ արդարադատության պահանջները կանգնած են որպես խոչընդոտ, որը մենք անզոր ենք հաղթահարել ինքնուրույն:

Սակայն ամեն ինչ կորած չէ: ․․․

Որքան էլ որ մեր մեղքերը որդան կարմիրի պես լինեն, ձյան պես սպիտակ կարող են դառնալ: Քանի որ մեր սիրելի Փրկիչը «իր անձը ամենի համար փրկանք տվավ» [Ա Տիմոթեոս 2.6], Նրա հավիտենական արքայության մուտքը բաց կլինի մեզ համար [տես Բ Պետրոս 1.11]։ («Շնորհի պարգևը», Լիահոնա, մայիս 2015, 108)

Կրկին մտածեք Ենովքի՝ ջրհեղեղի վերաբերյալ ունեցած տեսիլքի մասին։ Ենովքն իմացավ, որ հոգևոր աշխարհում նույնիսկ անհնազանդները, ովքեր մահացել են ջրհեղեղից, ի վերջո կարող են առաջ գալ և կանգնել «Աստծո աջ կողմում», եթե հավատք դրսևորեն առ Հիսուս Քրիստոս և ապաշխարեն իրենց մեղքերի համար (Մովսես 7.57, տես նաև Մովսես 7.38, 55–56, Վարդապետություն և Ուխտեր 138.6–8, 28–37):

Յոթանասունից երեց Լին Գ. Ռոբինսը ուսուցանել է, թե ինչպես է Տիրոջ շնորհը մեզ փոխվելու շատ հնարավորություններ տալիս.

Նկար
Երեց Լին Գ. Ռոբինս

Մենք բոլորս հրճվում ենք Փրկչի շնորհով, որը մեզ տալիս է մեղքը կամ սրտի ձախողումները հաղթահարելու երկրորդ հնարավորությունը:

Ոչ ոք ավելի շատ մեր կողմից չէ, որքան Փրկիչը …

Իմանալով, որ նեղ ու անձուկ ճանապարհը ծածկված է փորձություններով, և ձախողումներն ամենօրյա երևույթներ են լինելու մեզ համար, Փրկիչը մեծ գին է վճարել, որպեսզի մեզ այնքան հնարավորություններ տա, որքան կպահանջվի՝ մեր մահկանացու փորձաշրջանը հաջողությամբ անցնելու համար: ․․․

Քանի որ մենք չենք ցանկանում դադարել լինելուց, մինչև չդառնանք մեր Փրկչի նման, մենք պետք է վեր կենանք ամեն անգամ, երբ ընկնում ենք, աճելու և առաջադիմելու ցանկությամբ՝ անկախ մեր թուլություններից: («Մինչև յոթանասուն անգամ յոթը», Լիահոնա, մայիս 2018, 23)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ի՞նչ մտքեր կամ զգացմունքներ եք ունենում Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ իմանալով, որ Նա բավարարեց արդարադատության պահանջները, որպեսզի կարողանաք ապաշխարել և ողորմության արժանանալ։ Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ցույց տաք ձեր երախտագիտությունը այն քավող զոհաբերության համար, որը Նա կատարեց հանուն ձեզ:

Տպել