Ինստիտուտ
Դաս 11․ Ուսուցչի նյութ. Վայելել Տիրոջ Եկեղեցու օրհնությունները


«Դաս 11․ Ուսուցչի նյութ. Վայելել Տիրոջ Եկեղեցու օրհնությունները», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ (2023)

«Դաս 11․ Ուսուցչի նյութ», Հիսուս Քրիստոսը և Նրա հավիտենական ավետարանը․ Ուսուցչի նյութ

Դաս 11․ Ուսուցչի նյութ

Վայելել Տիրոջ Եկեղեցու օրհնությունները

Իր մահկանացու ծառայության ընթացքում և կրկին՝ վերջին օրերում, Հիսուս Քրիստոսը կանչեց առաքյալներին և կազմավորեց Իր Եկեղեցին: Այս դասում ուսանողները հնարավորություն կունենան դիտարկելու Տիրոջ Եկեղեցու միջոցով իրենց հասանելիք օրհնությունները: Նրանք նաև կքննարկեն, թե ինչ կարող են անել՝ Եկեղեցում իրենց և ուրիշների փորձառությունը բարելավելու համար:

Ուսուցման առաջարկներ

Մենք կարող ենք նպատակ գտնել Տիրոջ Եկեղեցում

Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնասիրությունը

Հարգալից եղեք այլ կրոնների հանդեպ: Երբ քննարկում եք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու եզակի օրհնությունները, համոզվեք, որ ձեր քննարկումը հարգում է այլ հավատքները: Կարևոր է ընդգծել այն նշանակալի և դրական ներդրումը, որ այլ կրոնները կատարել են պատմության ընթացքում, և շարունակում են կատարել մեր օրերում:

Դուք կարող եք սկսել դասը՝ կիսվելով հետևյալ սցենարով.

Իզաբելլան վերջերս դադարել է եկեղեցի հաճախել։ Նա եկել է այն համոզման, որ կարող է լինել հոգևոր՝ առանց եկեղեցուն մասնակցելու: Երբ նա պատմում է ձեզ իր առանձին ունեցած մի քանի հոգևոր պահերի մասին, հարցնում է, թե դուք ինչու եք կարծում, որ եկեղեցուն մասնակցելը կարևոր է:

  • Որքանո՞վ է տարածված այս տեսակետը ձեր ծանոթ երիտասարդների շրջանում:

  • Ինչպե՞ս կպատասխանեիք Իզաբելայի հարցին:

Ուսանողների պատասխաններից հետո կարող եք գրատախտակին գրել հետևյալ վերնագիրը. Տիրոջ Եկեղեցուն մասնակցելու օրհնությունները: Այնուհետև հրավիրեք ուսանողներին թվարկել իրենց գաղափարները այս վերնագրի ներքո:

Ուսանողները կարող են թվարկել հետևյալ օրհնություններից մի քանիսը. ստանալ և օգտագործել քահանայության իշխանությունն ու բանալիները, ստանալ արարողություններ և կապել ուխտեր, սովորել մաքուր և հստակ վարդապետություն, ստանալ ապաշխարության օգնություն, գտնել Իսրայելի հավաքման հնարավորություններ, օգնել աղքատներին և բավարարել մարդասիրական կարիքները, մասնակցել մահացածների համար տաճարային աշխատանքին, ունենալ ուրիշների հետ ծառայելու և շփվելու հնարավորություններ և ամրացնել ընտանիքները:

  • Ձեր կարծիքով, այս օրհնություններից որո՞նք են եզակի Տիրոջ Եկեղեցում:

Այս քննարկումն անցկացնելիս մտածեք, թե ստորև նշված գործողություններից և հարցերից ո՞րն է օգտակար Եկեղեցու եզակի օրհնություններն ընդգծելու համար: (Գուցե դուք ժամանակ չունենաք այս բոլոր թեմաները քննարկելու համար: Կարող եք նաև ընտրողաբար խորացնել քննարկման տարբեր հատվածները):

Քահանայության իշխանությունը և բանալիները

Դուք կարող եք խնդրել ուսանողներին զույգերով բեմադրել հետևյալ սցենարը.

Ձեր ընկերը, որը հետաքրքրություն է ցուցաբերում Եկեղեցու նկատմամբ, ասում է. «Ես հասկանում եմ, որ ձեր եկեղեցին ղեկավարում են առաքյալները: Ինչո՞վ են նրանք տարբերվում այլ եկեղեցիների ղեկավարներից»:

Ուսանողները կարող են կարդալ Եփեսացիս 2.19–20, Մատթեոս 10.1, 7–8, 16.19, Գործք Առաքելոց 1.21–22 և Վարդապետություն և Ուխտեր 107.23-ը: (Դուք կարող եք գնահատել ուսանողների հասկացողությունը քահանայության բանալիների վերաբերյալ և, անհրաժեշտության դեպքում, խորացնել նրանց հասկացողությունը: Տես Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի «Քահանայության բանալիներ» [Ensign, Oct. 2005, 40–44], նշված է նաև «Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ» նախապատրաստական նյութի բաժին 2-ում:)

  • Ի՞նչ օրհնություններ կարող են գալ միայն սուրբ քահանայության զորության և իշխանության միջոցով: (Վերանայեք նախագահ Դալլին Հ. Օուքսի և երեց Ռոբերտ Դ. Հեյլսի հայտարարությունները նախապատրաստական նյութի բաժին 1-ում:) Ե՞րբ եք դուք զգացել այդ օրհնությունները:

Տաճարային արարողություններ և ուխտեր

  • Ի՞նչ զգացումներ ունեք սուրբ արարողություններ ստանալու և Աստծո հետ սուրբ ուխտեր կապելու վերաբերյալ: (Կարող եք առաջարկել ուսանողներին խորհել օրհնությունների մասին, որոնք սպասում են նրանց, մինչ նրանք շարունակում են առաջ շարժվել ուխտի ճանապարհով:)

Պարզություն Տիրոջ վարդապետության մասին

  • Որքանո՞վ ենք մենք պաշտպանված «տատանուած վարդապետութեան ամեն քամուցը» (Եփեսացիս 4.14), երբ մասնակցում ենք Եկեղեցուն: (Միասին կրկնեք Եփեսացիս 4.11–14-ը) Ինչպե՞ս է գերագույն համաժողովն օգնել ձեզ սովորել և հասկանալ Քրիստոսի վարդապետությունը:

Տաճարային աշխատանք

  • Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը ինչպե՞ս է օրհնել ձեզ անձամբ:

Իսրայելի հավաքումը

  • Ինչպե՞ս է Տիրոջ Եկեղեցին օգնել ձեզ հավաքել Իսրայելը վարագույրի երկու կողմերում: Այդ գործողություններն ինչպե՞ս են օրհնել ձեր կյանքը:

Խնդրեք ուսանողներին ընտրել գրատախտակին նշված օրհնություններից մեկը, որը նրանք կցանկանային լիարժեք վայելել իրենց կյանքում: Ուսանողներին ժամանակ տվեք կազմել ծրագիր, նաև թվարկել քայլեր, որոնք նրանք կարող են ձեռնարկել իրենց նշած օրհնությունը ստանալու համար:

Մենք կարող ենք մեր ծխերն ու ճյուղերը դարձնել հյուրընկալ վայրեր

Դուք կարող եք հարցնել ուսանողներին, թե նրանք ինչ կանեին, եթե նրանց խնդրեին ծառայել իրենց ծխի կամ ճյուղի որևէ անդամի հետ, որն ուներ շատ տարբեր կարծիքներ կամ ում հետ աշխատելը կարող է դժվար լինել:

Միասին կրկնեք Մորոնի 6.4-5-ը և ուսանողներին հարցրեք՝ արդյոք նրանք ունեցել են փորձառություններ եկեղեցում, երբ զգացել են, որ ինչ-որ մեկը հիշել, սնուցել կամ զորացրել է իրենց: Նրանք կարող են նաև մտածել այն դեպքերի մասին, երբ իրենց միայնակ են զգացել եկեղեցում:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ որոշ մարդիկ կարող են չզգալ, որ իրենք եկեղեցու մասն են կազմում: Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք մյուսներին զգալ, որ իրենք սիրված և ընդգրկված են եկեղեցում: (Կարող եք կրկնել օրինակը, որով կիսվում է քույր Քերոլ Մ. Սթիվենսը նախապատրաստական նյութի բաժին 3-ում: Կարող եք նաև միասին դիտել «Inviting Others to ‘Come and Stay’» [1:39] տեսանյութը)

Հիշեցրեք ուսանողներին, որ դասին նախապատրաստվելիս նրանց առաջարկվել էր մտածել մեկի մասին, ով կարող էր օրհնվել իրենց ընկերակցությամբ: Ուսանողներին որոշ ժամանակ տրամադրեք խորհելու այն մասին, թե նրանք ինչ կարող են անել, որպեսզի օգնեն այդ մարդուն իրեն սիրված և ընդունված զգալ եկեղեցում:

Հաջորդ անգամ

Որպեսզի ոգեշնչեք ուսանողներին պատրաստվել հաջորդ դասին, շաբաթվա ընթացքում նրանց ուղարկեք հետևյալ ուղերձը. Ի՞նչ կզգայիք, եթե նստեիք Փրկչի ոտքերի մոտ և լսեիք Նրա ուսուցումը: Երբ կարդաք դաս 12-ի նախապատրաստական նյութը, մտածեք այն ազդեցության մասին, որ Փրկչի ուսմունքները ունեն ձեր կյանքի վրա:

Տպել