Նախագահների ուսմունքները
Գլուխ 10. Սուրբ գրությունները՝ բոլոր ուսումնասիրություններից ամենաշահավետը


Գլուխ 10

Սուրբ գրությունները՝ բոլոր ուսումնասիրություններից ամենաշահավետը

«Թող մեզանից յուրաքանչյուրը… ավելի մոտենա մեր Հորը, որ Երկնքում է և Նրա սիրելի Որդուն՝ սուրբ գրությունների հետևողական ուսումնասիրությամբ»:

Հովարդ Վ. Հանթերի կյանքից

Նախագահ Հովարդ Վ. Հանթերը մեծ սեր ուներ սուրբ գրությունների հանդեպ և դրանց նվիրված ուսանող էր: Այս սերն ու ուսումնասիրությունը արտացոլվել են նրա ուսմունքներում, որոնք լցված էին կանոնիկ գրքերից պատմություններով և այլ հատվածներով: Հաճախ, երբ ուսուցանում էր որևէ ավետարանական սկզբունք` հատկապես գերագույն համաժողովում, նա ընտրում էր առնվազն մեկ պատմություն սուրբ գրություններից, պատմում էր մանրամասնորեն և դրանից կիրառումներ էր քաղում:

Օրինակ, երբ ուսուցանում էր Աստծուն նվիրված լինելու մասին, նա հիշում էր Յեսուին, Միսաքին և Աբեդնոգովին և մյուսներին Հին Կտակարանից, ովքեր ցույց տվեցին այդպիսի նվիրվածություն (տես գլուխ 19): Երբ ուսուցանում էր ծառայության մասին, նա օգտագործում էր օրինակներ Մորմոնի Գրքից` ցույց տալու, թե ինչպես են որոշ մարդիկ, ովքեր ստացել էին փոքր կոչում «ոչ քիչ ծառայողունակ» քան մյուսները, ում ծառայությունն ավելի տեսանելի էր: (տես գլուխ 23). Երբ ուսուցանում էր այն մասին, թե ինչպես ունենալ ներքին խաղաղություն խառնաշփոթժամանակներում, նա կրկին օգտագործում էր տարածված հատվածներ սուրբ գրություններից` ներառյալ ջրի վրա քայլելու Պետրոսի պատմությունը (տես գլուխ 2): Երբ ուսուցանում էր հաղորդության մասին, նա տալիս էր ենթատեքստ` վերանայելով Իսրայելի որդիների պատմությունը և Զատիկը (տես գլուխ 15):

Նախագահ Հանթերը գիտեր սուրբ գրությունների կարևորությունը՝ մարդուն օգնելիս, որպեսզի վկայություն ձեռք բերի Հիսուս Քրիստոսի մասին: Ուստի, նա հաճախ էր ուսուցանում պատմություններ սուրբ գրքից Փրկչի ծառայության, խաչելության և հարության մասին: Նա հայտարարել է.

«Ես երախտապարտ եմ սուրբ գրությունների գրադարանի համար, որի միջոցով Հիսուս Քրիստոսի մասին ավելի մեծ գիտելիք կարելի է սովորել նվիրված ուսումնասիրության միջոցով: Ես երախտապարտ եմ, որ բացի Հին և Նոր Կտակարաններից, Տերը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մարգարեների միջոցով ավելացրել է այլ բացահայտված վկայություններ Քրիստոսի համար՝ Մորմոնի Գիրքը, Վարդապետություն և Ուխտերը, և Թանկագին Մարգարիտը, և ես գիտեմ, որ այդ բոլորը Աստծո խոսքն են: Սրանք վկայություն են բերում, որ Հիսուսը Քրիստոսն է՝ կենդանի Աստուծոյ Որդին»:1

սուրբ գրություններ ուսումնասիրող ընտանիք

«Մենք հուսով ենք` դուք կարդում եք և ուսումնասիրում սուրբ գրություններն ամեն օր` որպես անհատներ և որպես ընտանիքներ:

Հովարդ Վ. Հանթերի ուսմունքները

1

Սուրբ գրություններն ուսումնասիրելը ամենաշահավետն է բոլոր ուսումնասիրություններից, որում մենք կարող ենք ընդգրկվել:

Ողջ ճշմարտության կենտրոնում է այն վկայությունը, որ Նազարեթցի Հիսուսը Քրիստոսն է՝ Մեծ Եհովան, Աշխարհի Փրկիչը և Կենդանի Աստծո Միածին Որդին: Այս է սուրբ գրությունների ուղերձը: Այս սուրբ գրություններից յուրաքանչյուրում կա աղերսանք` հավատալ և ունենալ հավատք Աստծո՝ Երկնային Հոր և Նրա Որդի` Հիսուս Քրիստոսի հանդեպ և այս սուրբ գրությունների առաջինից մինչև վերջին գիրքը, կոչ է` կատարել Աստծո կամքը և պահել Նրա պատվիրանները: 2

Երբ մենք հետևում ենք սուրբ գրությունները կարդալու և ուսումնասիրելու մեր ղեկավարների խորհրդին, բազմատեսակ բարիքներ և օրհնություններ են գալիս մեզ: Սա ամենաշահավետն է բոլոր ուսումնասիրություններից, որում մենք կարող ենք ընդգրկվել: …

Սուրբ գրությունները պարունակում են արձանագրություն Աստծո ինքնահայտնության մասին, և դրանց միջոցով Աստված խոսում է մարդու հետ: Որտե՞ղ կարող է ժամանակի ավելի շահավետ օգտագործում լինել, քան սուրբ գրությունների գրադարանից գրականության ընթերցումը, որն ուսուցանում է մեզ` ճանաչել Աստծուն և հասկանալ մեր փոխհարաբերությունը Նրա հետ: Ժամանակը միշտ շատ թանկ է մշտազբաղ մարդկանց համար, և մենք կզրկվում ենք այդ արժեքից, երբ ժամեր ենք վատնում մակերեսային և փոքրարժեք բաներ կարդալու և նայելու վրա:3

Մենք հուսով ենք, որ դուք կարդում եք և ուսումնասիրում սուրբ գրություններն ամեն օր, որպես անհատներ և ընտանիքներ: Մենք չպիտի թեթևամտորեն վերաբերվենք Տիրոջ պատվիրանին. «Քննեցէք գրքերը, որ դուք կարծում էք թէ նորանցով ունիք յաւիտենական կեանք, եւ նորանք են որ ինձ համար վկայում են»(Հովհաննես Ե.39): Հոգին կգա ձեր տները և ձեր կյանքերը, երբ դուք կարդաք հայտնությամբ տրված խոսքը: 4

Մենք պարտավոր ենք ունենալ մի Եկեղեցի, որը լի է կանանցով և տղամարդկանցով, ովքեր խորապես գիտեն սուրբ գրությունները, ովքեր խաչաձև մեջբերումներ են կատարում և նշում են դրանք, ովքեր դասեր են պատրաստում և ելույթներ Թեմատիկ Ուղեցույցից, և ովքեր տիրապետում են քարտեզներին, Աստվածաշնչյան բառարանին և մյուս օժանդակ նյութերին, որոնք պարունակվում են կանոնիկ գրքերի սքանչելի հավաքածուի մեջ: Այնտեղ ակնհայտորեն ավելի շատ բան կա, քան մենք կարող ենք արագ տիրապետել: Իհարկե սուրբ գրքիդաշտը «սպիտակել է՝ արդեն հնձին հասել» [տես ՎևՈւ 4.4]: …

Իհարկե, ոչ այս, ոչ էլ որևէ այլ տնտեսությունում, սուրբ գրությունները` Աստծո հարատև, լուսավորող խոսքն այնպես հեշտ մատչելի չի եղել և այնպես օգտակար ձևով կառուցված՝ յուրաքանչյուր տղամարդու, կնոջ և երեխայի համար, ովքեր կհետազոտեն դրանք: Աստծո գրավոր խոսքն ամենաընթեռնելի և մատչելի ձևն է, որ երբևէ տրվել է` ներկայացնելու անդամներին աշխարհի պատմության մեջ: Իհարկե, մենք պատասխանատվության կենթարկվենք, եթե մենք չկարդանք դրանք:5

2

Սուրբ գրություններն ուսումնասիրելը օգնում է մեզ սովորել և հնազանդվել Աստծո կամքին:

Որպեսզի հնազանդ լինենք ավետարանի օրենքին և Հիսուս Քրիստոսի ուսմունքներին, մենք նախ պետք է հասկանանք օրենքը և պարզենք Աստծո կամքը: Սա լավագույնս իրականացվում է` հետազոտելով և ուսումնասիրելով սուրբ գրությունները և մարգարեների խոսքերը: Այս ձևով մենք ծանոթանում ենք այն բաների հետ, որոնք Աստված հայտնի է դարձրել մարդուն:

Հավատո հանգանակներում մեկը հայտարարում է. « Մենք հավատում ենք այն ամենին, ինչ Աստված հայտնել է, այն ամենին, ինչ Նա այժմ հայտնում է, և հավատում ենք, որ Նա դեռ շատ մեծ ու կարևոր բաներ է հայտնելու Աստծո Արքայության վերաբերյալ» (Հավատո Հանգանակ 1.9):

Աստծո կամքը հայտնի է դարձվել սուրբ գրություններում և այս պատճառով մեզ պատվիրվել է կարդալ դրանք՝ ճշմարտությունը գտնելու համար: Տերը բացատրել է Օլիվեր Քաուդերիին` ինչպես պարզել այս ճշմարտությունները: Նա ասել է. «Ահա, ես պատվիրան եմ տալիս քեզ, որ դու վստահես այն բաներին, որոնք գրված են, քանզի դրանցում բոլոր բաները գրված են՝ իմ եկեղեցու, իմ ավետարանի և իմ վեմի հիմնադրման վերաբերյալ» ՎևՈւ 18.3–4):

Պողոսը գրել է իր լավ ընկեր Տիմոթէոսին` հորդորելով նրան կարդալ սուրբ գրությունները և իր նամակում ասել է. «Եւ որ մանկութիւնիցդ սուրբ գրքերը գիտես, որ կարող են քեզ իմաստուն անել փրկութեան համար այն հաւատքի ձեռովն որ Քրիստոս Յիսուսումն է»: Հետո նա ավելացրել է. «Ամեն Գիրք աստուածաշունչ են եւ օգտակար` վարդապետութեան, եւ յանդիմանութեան, եւ ուղղելու, եւ արդարութեան խրատելու համար»: (Բ Տիմոթեոս Գ.15–16): …

Մեր Եկեղեցու առաջնորդներները մեծ շեշտադրում են արել սուրբ գրությունները և հին ու ժամանակակից մարգարեների խոսքերը կարդալու հարցի վրա: Հայրերին ու մայրերին խնդրել են կարդալ սուրբ գրությունները, որպեսզի նրանք պատշաճորեն ուսուցանեն իրենց երեխաներին: Մեր երեխաները կարդում են սուրբ գրությունները, որպես ծնողների կողմից տրված օրինակի արդյունք: Մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները մեր ընտանեկան երեկոների ընթացքում, և որոշ ընտանիքներ վաղ առավոտյան նույն ժամին կարդում են սուրբ գրությունները միասին: … Սա է այն ուղին, որով մենք սովորում ենք իմանալ Տիրոջ կամքը, որպեսզի մենք հնազանդ լինենք:6

Մտածեք սուրբ գրությունների հերթականության մասին, որը սկսվում է ջանասիրություն ցուցաբերելով Աստծո խոսքի հանդեպ, այնուհետև շարունակվում է դեպի խոստում, որ եթե մենք անենք այդ, մենք կարող ենք գնալ հենց Իր ներկայությունը:

Եվ այժմ ես ձեզ պատվիրան եմ տալիս, որ զգուշանաք ձեր համար, որ ջանասիրաբար ուշք դարձնեք հավերժական կյանքի խոսքերին:

Քանզի դուք պետք է ապրեք Աստծո բերանից դուրս եկող ամեն մի խոսքով:

Քանզի Տիրոջ խոսքը ճշմարտություն է, և այն ինչ ճշմարտություն է՝ լույս է, և այն ինչ լույս է՝ Հոգի է, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի Հոգին: …

Եվ ամեն ոք, ով ականջ է դնում Հոգու ձայնին, գալիս է Աստծո մոտ, այսինքն՝ Հոր» (ՎևՈւ 84.43–45, 47):

Դա սքանչելի ճանապարհորդություն է, որը սկսվում է Աստծո խոսքով, և որը բարձրակետին է հասնում վեհացմամբ: «Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»(2 Նեփի 32.3):7

Ես ձեզ եմ հղում Աստծո հայտնությունները որպես չափանիշ, որով մենք պետք է ապրենք մեր կյանքը, և որով մենք պետք է գնահատենք ամեն որոշում և ամեն գործ: Այսինքն, երբ անհանգստություններ և դժվարություններ եք ունենում, դիմակայեք դրանց` դառնալով դեպի սուրբ գրքերը և մարգարեները: 8

սուրբ գրությունները կարդացող պատանի

Սուրբ գրություններն ուսումնասիրելը «ամենաշահավետն է բոլոր ուսումնասիրություններից, որում մենք կարող ենք ընդգրկվելվել»:

3

Սուրբ գրությունները հասկանալը պահանջում է կենտրոնացած, հետևողական, աղոթքով լցված ուսումնասիրություն:

Մենք հորդորում ենք ձեզանից յուրաքանչյուրին` ուշադրությամբ մտածել, թե ներկայումս դուք որքան ժամանակ եք հատկացնում սուրբ գրությունների մասին աղոթքով խորհելուն:

Որպես Տիրոջ ծառաներից մեկը, ես կոչ եմ անում ձեզ անել հետևյալը.

1. Կարդացեք, խորհեք և աղոթեք սուրբ գրությունների վերաբերյալ ամեն օր` որպես Եկեղեցու անհատական անդամներ:

2. Կանոնավորապես անցկացրեք սուրբ գրությունների ընտանեկան ընթերցանություն: Մենք գովում ենք նրանց, ովքեր արդեն անում են այդ և հորդորում նրանց, ովքեր դեռ չեն սկսել, անցեք գործի` առանց հապաղելու: …

Թող որ մեզանից յուրաքանչյուրն առաջ գնա անսասան վճռականությամբ՝ լինելու ավելի շատ աղոթքով լցված, ձգտելով ավելի լիարժեք ապրել Հոգով և ավելի մոտենալ մեր Երկնային Հորը ու Նրա Սիրելի Որդուն սուրբ գրությունների հետևողական ուսումնասիրության միջոցով: 9

Կարդալու սովորությունները շատ տարբերեն: Կան արագ ընթերցողներ, դանդաղ ընթերցողներ, ոմանքամեն անգամ կարդում են միայն փոքրիկ հատվածներ, իսկ մյուսները համառորեն կարդում են առանց դադարի` մինչև վերջացնեն գիրքը: Նրանք, ովքեր խորանում են սուրբ գրությունների գրադարանում, այնուամենայնիվ պարզում են, որ հասկանալը պահանջում է ավելին, քան պատահական ընթերցումները կամ ուշադիր ուսումնասիրությունը. անպայման պետք է լինի կենտրոնացված ուսումնասիրություն: Անշուշտ սուրբ գրություններն ամեն օր ուսումնասիրողը ձեռք է բերում ավելի շատ, քան նա, ով զգալի ժամանակ է նվիրում` մեկ օր և ապա թողնում, որ օրերն անցնեն նախքան շարունակելը: Ոչ միայն ամեն օր պետք է ուսումնասիրենք , այլև պետք է սահմանենք մի կանոնավոր ժամ, երբ կկարողանանք կենտրոնանալ` առանց ընդմիջելու:

Չկա ավելի օգտակար բան, քան աղոթքը, որպեսզի բացվի սուրբ գրություններն ընկալելու մեր հասկացողությունը: Աղոթքի միջոցով մենք կարող ենք լարել մեր միտքը, որպեսզի պատասխաններ գտնենք մեր որոնումներին: Տերն ասել է.«Խնդրեք եւ կտրուի ձեզ. որոնեցէք եւ կգտնէք, դուռը թակեցէք եւ կբացուի ձեզ».(Ղուկաս ԺԱ.9): Ահա Քրիստոսի վերահավաստաիացումը, որ եթե մենք խնդրենք, որոնենք և թակենք, Սուրբ Հոգին կառաջնորդի մեր հասկացողությունը, եթե մենք պատրաստ լինենք և կամենանք ընդունել:

Շատերը գտնում են, որ ուսումնասիրելու համար լավագույն ժամանակը առավոտն է` գիշերվա հանգստից հետո, երբ մեր ուղեղը մաքրված է բազմաթիվ հոգսերից, որոնք ընդհատում են միտքը: Մյուսները գերադասում են ուսումնասիրել խաղաղ ժամերին, երբ օրվա աշխատանքն ու տագնապները ավարտված են և մի կողմ դրված, այսպիսով վերջացնելով օրը խաղաղությամբ և անդորրով, որը գալիս է սուրբ գրությունների հետ հաղորդակցվելուց:

Հավանաբար ուսումնասիրության համար ավելի կարևոր է կանոնավոր ժամ սահմանելը, քան օրվա ժամանակը: Կատարյալ կլիներ, եթե մեկ ժամ ամեն օր տրամադրեիք, բայց եթե դա հնարավոր չէ` կանոնավոր կես ժամը կհանգեցնի նշանակալի ձեռքբերման: Մեկ քառորդ ժամը քիչ ժամանակ է, բայց զարմանալի է, թե որքան լուսավորում և գիտելիք կարելի է ձեռք բերել այդքան իմաստալի նյութի վերաբերյալ: Կարևոր էթույլ չտալ, որ որևէ այլ բան խանգարի մեր ուսումնասիրությանը:

Ոմանք նախընտրում են միայնակ ուսումնասիրել, բայց ընկերակիցների հետ միասին կարելի է արդյունավետ ուսումնասիրություն կատարել: Ընտանիքները մեծապես օրհնվում են, երբ իմաստուն հայրերը և մայրերը հավաքում են իրենց երեխաներին իրենց շուրջը, միասին կարդում հոգևոր գրադարանի գրքերի էջերից, իսկ հետո ազատ քննարկում գեղեցիկ պատմությունները և մտքերը՝ ըստ բոլորի հասկացողության: Հաճախ երիտասարդներն ու փոքրիկները զարմանալի կռահումներ են ունենում և արժևորում են կրոնի հիմնական գրականությունը :

Մենք չպետք է կարդանք ինչպես պատահի, այլ մշակենք կանոնավոր ծրագիր ուսումնասիրության համար: Կան մարդիկ, ովքեր ամեն օրկամ ամեն շաբաթ կարդում են որոշակի թվով էջեր կամ որոշակի թվով գլուխներ: Սա կարող է լիովին արդարացված և հաճելի լինել, եթե մարդը կարդում է հաճույքի համար, բայց դա չի հանդիսանում իմաստալի ուսումնասիրություն: Ավելի լավ է տրամադրել որոշակի քանակությամբ ժամանակ սուրբ գրքերի ուսումնասիրության համար ամեն օր, քան ունենալ որոշված քանակությամբ գլուխներ կարդալու որոշում: Երբեմն մենք համարում ենք , որ մի հատվածի ուսումնասիրությունը խլում է ողջ ժամանակը:10

4

Յարիոսի սուրբ գրքի համառոտ պատմության մասին խորհելը հանգեցնում է հասկացողության և իմաստի մեծ խորության:

Հիսուսի կյանքը, գործերը և ուսմունքները կարող են արագ ընթերցվել: Պատմություններըը պարզ են շատ դեպքերում և մատչելի են պատմվում: Տերը քիչ բառեր է օգտագործել իր ուսմունքներում, բայց յուրաքանչյուրն այնքան հակիրճ է իմաստով, որ դրանք միասին ստեղծում են մի հստակ պատկեր ընթերցողի համար: Սակայն երբեմն, շատ ժամեր կարող են ծախսվել` խորհելով խորիմաստ մտքերի վրա, որոնք արտահայտվել են մի քանի պարզ բառերով:

Եղել է մի դեպք Փրկչի կյանքում, որը նշվել է Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի կողմից: Պատմվածքի մեծ մասը պատմվում է Մարկոսի կողմից ընդամենը երկու կարճ հատվածներում և հինգ խոսքով` հաջորդ հատվածում: …

«Եւ ահա գալիս է ժողովրդապետերից մեկը՝ անունը Յայրոս. եւ երբոր նորան տեսաւ, ընկաւ նորա ոտները.

Եվ նորան շատ աղաչում էր եւ ասում . Թէ Աղջիկս վախճանելու մոտ է, գաս ձեռքդ նորա վերայ դնես, որպեսզի ազատուի եւ ապրի»:

Եւ Հիսուսը նորա հետ գնաց»(Մարկոս Ե.22-24):

Պատմության այդ մասի ընթերցման ժամանակը մոտ երեսուն վայրկյան է: Այն կարճ է և ոչ բարդ: Տեսողական պատկերը հստակ է և նույնիսկ երեխան կարող է կրկնել այն առանց դժվարության: Բայց, երբ մենք ժամանակ ենք անցկացնում` մտածելով և խորհրդածելով, հասկացողության և իմաստի մեծ խորություն է մեզ բացվում: …

… Հիսուսը և նրանք, ովքեր նրա հետ էին, հենց նոր էին կտրել անցել Գալիլեայի ծովը և մարդկանց բազմությունը, ովքեր սպասում էին նրան, հանդիպեցին նրան Կափառնայումի մոտ` ծովափին: «Եվ ահա գալիս է ժողովրդապետերից մեկը»: Ավելի մեծ ժողովարաններն այդ օրերում նախագահվում էին երեցների խորհրդի կողմից, որը ղեկավարվում էր ղեկավարի կամ կառավարիչի կողմից: Այդ մարդը տիտղոսավոր և հարգված անձնավորություն էր, ում վրա հրեաները նայում էին մեծ ակնածանքով:

Մատթեոսը չի տալիս այդ գլխավոր երեցի անունը, իսկ Մարկոսը ճանաչում է նրան` ավելացնելով նրա տիտղոսին «Յարիոս» անունը: Ոչ մի ուրիշ տեղ սուրբ գրություններում այս մարդու անունը չի հայտնվում, բացի այս դեպքից, սակայն նրա հիշատակն ապրում է պատմության մեջ` Հիսուսի հետ այդ կարճ շփման պատճառով: Շատ շատ կյանքեր դարձել են հիշարժան, որոնք հակառակ դեպքում կկորչեին անհայտության մեջ, եթե չլիներ Տիրոջ ձեռքի հպումը, որը մտքի և գործի, նոր ու ավելի լավ կյանքի նշանակալի փոփոխություն առաջացրեց:

«Եւ երբոր նորան տեսաւ, ընկաւ նորա ոտները»:

Հիսուսի ոտքերի մոտ ծնկի գալը, ով համարվում էր թափառաշրջիկ ուսուցիչ` բժշկելու շնորհքով, անսովոր հանգամանք էր մի մարդու համար, ով ուներ տիտղոս և հարգանք, կառավարիչ էր ժողովարանում: Կրթված և հարգված շատ ուրիշ մարդիկ ևս տեսնում էին Հիսուսին, բայց անտեսում էին Նրան: Նրանց մտքերը փակ էին: Այսօր էլ նույնն էէ, խոչընդոտներ են կանգնած շատերի ճանապարհին՝ Նրան ընդունելու համար:

«Եվ նորան շատ աղաչում էր եւ ասում .թէ Աղջիկս վախճանելու մոտ է»: Սա բնորոշ է այն վիճակին, որը հաճախ լինում, երբ մարդը գալիս է դեպի Քրիստոս, ոչ այնքան իր սեփական անձի կարիքի համար, այլ սիրելի մարդու ծայրահեղ վիճակի պատճառով: Այն սարսուռը, որ մենք լսում ենք Յարիոսի ձայնում, երբ նա ասում է «Աղջիկս», խռովում է մեր հոգիները կարեկցանքով, երբ մենք մտածում ենք ժողովարանում բարձր դիրքի տեր մարդու մասին, ով ծնկի էր իջել Փրկչի առաջ:

Ապա գալիս է հավատքի մեծ դրսևորում . «Աղաչում եմ, գաս ձեռքդ նորա վերայ դնես, որպեսզի ազատուի եւ ապրի»: Սրանք վշտից տանջահար հոր հավատքի խոսքեր չէին, այլ նաև հիշեցում մեզ, որ ինչի վրա Հիսուսը իր ձեռքերն է դնում` ապրում է: Եթե Հիսուսը դնում է Իր ձեռքերը ամուսնության վրա` այն ապրում է: Եթե Նրան թույլատրվում է Իր ձեռքերը դնել ընտանիքի վրա` այն ապրում է:

Հետևում են խոսքերը. «Եւ Հիսուսը նորա հետ գնաց»: Մենք չպիտի ենթադրեինք, որ այս իրադարձությունը օրվա ծրագրերի մեջ էին: Տերը ետ էր եկել ծովի վրայով, որտեղ բազմությունը Նրան էր սպասում, որ իրենց ուսուցաներ: … Նրան ընդհատեց հոր աղաչանքը: Նա կարող էր անտեսել խնդրանքը, որովհետև շատ ուրիշները սպասում էին Նրան: Նա կարող էր ասել Յարիոսին, որ վաղը կգար տեսնելու նրա դստերը , բայց «Հիսուսը գնաց նրա հետ»: Եթե մենք հետևում ենք Տիրոջ ոտնահետքերին, մի՞թե մենք այնքան զբաղված պիտի լինենք, որ անտեսենք մեր ընկերակիցների կարիքները:

Պարտադիր չէ կարդալ պատմության մնացած մասը: Երբ նրանք հասան ժողովարանի կառավարիչի տունը, Հիսուսը բռնեց փոքր աղջկա ձեռքը և բարձրացրեց նրան մահացած տեղից: Նույն ձևով նա կբարձրացնի և հարություն կտա յուրաքանչյուր մարդու դեպի նոր և ավելի լավ կյանք, ով թույլ կտա Փրկչին բռնել իր ձեռքը:

5

Մորմոնի Գիրքն ու Վարդապետություն և Ուխտերը մեզ ավելի կմոտեցնեն Քրիստոսին:

Մորմոնի Գիրքը

Ամենանշանակալի ռեսուրսներից մեկը, որ Տերն ապահովել է մեզ՝ օգնելու այս աստվածային աշխատանքն իրականացնելու համար՝ Մորմոնի Գիրքն է, որը ենթավերնագրվել է. «Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին»: [Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը] վճռականորեն հորդորել է մեզ` չանտեսել այս սրբազան սուրբ գրության հատորի կարդալն ու նրա պատվիրաններին հետևելը: «Նրա մեծ առաքելությունն է,-նա ուսուցանել է մեզ,- բերել մարդկանց դեպի Քրիստոս [և այսպիսով դեպի Հայրը], իսկ բոլոր մյուս բաները երկրորդական են»: (Ensign, May 1986, p. 105:) Մենք հուսով ենք, որ դուք` եղբայրներ և քույրեր, սնուցում եք ձեր հոգիները` կանոնավորապես կարդալով Մորմոնի Գիրքը և մյուս սուրբ գրությունները և օգտագործում դրանք ձեր ծառայություններում:12

Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է: Մենք հրավիրում ենք ձեզ` կարդալ այս սքանչելի հիշատակարանը: Այն ամենանշանավոր հատորն է, որ գոյություն ունի այսօր: Կարդացեք այն ուշադրությամբ և աղոթքով, և երբ դուք դա անեք, Աստված կտա ձեզ վկայություն դրա ճշմարտացիության մասին` ինչպես խոստացել է Մորոնին (Տես Մորոնի 10.4):13

Մորմոնի Գիրքը կարդալու, ուսումնասիրելու և աղոթքով նրա բովանդակության վերաբերյալ հաստատում որոնելու միջոցով է, որ մենք վկայություն ենք ստանում, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն էր, և որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին վերականգնվել է երկրի վրա: 14

[Մորմոնի Գրքի] ընթերցանությունը խորը ազդեցություն կունենա ձեր կյանքի վրա: Այն կընդարձակի ձեր գիտելիքն այն մասին, թե ինչպես է Աստված վարվում մարդու հետ և կտա ավելի մեծ ցանկություն` ապրելու ներդաշնակության մեջ ավետարանի ուսմունքների հետ: Այն նաև հզոր վկայություն կտա ձեզ Հիսուսի մասին:15

Վարդապետություն և Ուխտեր

Վարդապետություն և Ուխտերը առանձնահատուկ գիրք է: Այն միակ գիրքն է ամբողջ երկրի երեսին մի նախաբանով, որ Արարիչն` Ինքն է կազմել: Բացի այդ, սուրբ գրությունների այս գիրքը պարունակում է ավելի շատ ուղղակի մեջբերումներ Տիրոջից, քան գոյություն ունեցող սուրբ գրությունների որևէ այլ գիրք:

Այն ոչ մի հնադարյան փաստաթղթի թարգմանություն չէ, այլ ժամանակակից ծագում ունի: Դա հայտնության գիրք է մեր օրերի համար: Դա առանձնահատուկ և աստվածայնորեն ոգեշնչված հայտնությունների հավաքածու է, որը եկել է Աստծո մարգարեների միջոցով մեր օրերում` ի պատասխան հարցերի, մտահոգությունների և մարտահրավերների, որոնց իրենք և մյուսներն էին դիմակայում: Այն պարունակում է աստվածային պատասխաններ իրական կյանքի խնդիրներին` ներառյալ իրական մարդկանց: …

Դուք գիտակցո՞ւմ եք, որ կարդալով Վարդապետություն և Ուխտերը, կարող եք լսել Տիրոջ ձայնը սուրբ գրությունների միջոցով: [տես ՎևՈւ 18.33–36]: … Այդ լուսավորող ձայնը սովորաբար կգա ձեր միտքը որպես «մտքեր» և ձեր սիրտը որպես «զգացումներ» (տես ՎևՈւ 8.1–3): Այդ վկայության խոստումը … մատչելի է յուրաքանչյուր արժանավոր տղամարդու, կնոջ և երեխայի, ով աղոթքով ձգտում է այդպիսի վկայության: Արդյո՞ք մեզանից յուրաքանչյուրը չպիտի վճռի կարդալ, ուսումնասիրել, խորհել և աղոթել այս սրբազան հայտնությունների վերաբերյալ:16

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Ի՞նչ փորձառություններ են օգնել ձեզ հասկանալ, որ սուրբ գրություններն ուսումնասիրելը «ամենաշահավետն է բոլոր ուսումնասիրություններից»: (Տես բաժին 1:) Ինչպե՞ս կարող ենք զորացնել մեր պարտավորությունը` լինել «կանայք և տղամարդիկ, ովքեր խորապես գիտեն սուրբ գրությունները»:

  • Ինչպե՞ս կարող է սուրբ գրություններն ուսումնասիրելն օգնել մեզ ավելի հնազանդ լինել: (Տես բաժին 2:) Ինչպե՞ս եք նկատել, որ «Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»: (2 Nephi 32.3):

  • Նախագահ Հանթերի խորհուրդը ինչ առումներով կարող է օգնել ձեզ` ուսումնասիրել սուրբ գրությունները: (Տես բաժին 3:) Ինչպե՞ս է սուրբ գրությունների հետևողական, աղոթքով ուսումնասիրությունն օրհնել ձեզ:

  • Ի՞նչ եզրահանգումներ կարող ենք կատարել Յարիոսի դստերը բժշկելու Փրկչի մասին պատմությունից: (Տես բաժին 4:) Ինչպե՞ս կարող է այսպիսի մի քանի հատվածների մասին խորհելը հարստացնել ձեր սուրբ գրությունների ուսումնասիրությունը:

  • Ինչպե՞ս են Մորմոնի Գիրքը և Վարդապետություն և Ուխտերն օգնել ձեզ` ավելի մոտենալ Փրկչին: (Տես բաժին 5:) Որո՞նք են մի քանի այլ ուղիները, որոնցով այս սրբազան հատորներն ազդել են ձեզ վրա: Մտածեք կիսվել այս սուրբ գրությունների մասին ձեր վկայությամբ ընտանիքի անդամների և ուրիշների հետ:

Առնչվող սուրբ գրություններ

Յեսու Ա.8, Առակներ Լ.5, 1 Նեփի 15.23–24, 2 Նեփի 3.12,Ալմա 31.5, 37.44, Հելաման 3.29–30, ՎևՈւ 98.11

Օգնություն ուսումնասիրողին

«Կարդալը, ուսումնասիրելը և խորհելը նույնը չեն: Մենք կարդում ենք բառեր և կարող ենք ունենալ գաղափարներ: Մենք ուսումնասիրում ենք և կարող ենք հայտնաբերել օրինակներ և կապակցություններ սուրբ գրքերում: Բայց, երբ մենք խորհում ենք, հայտնություն ենք հրավիրում Հոգու միջոցով: Խորհելը ինձ համար մտածելն է ու աղոթելը, որ ես անում եմ սուրբ գրություններն ուշադիր կարդալուց և ուսումնասիրելուց հետո»: (Հենրի Բ. Այրինգ, «Ծառայեք Հոգով», Ensignկամ Լիահոնա,նոյ. 2010, 60):

Հղումներ

  1. “Reading the Scriptures,” Ensign, Nov. 1979, 65.

  2. Հովարդ Վ. Հանթերի ուսմունքները, ed. Clyde J. Williams (1997), 50:

  3. “Reading the Scriptures,” 64.

  4. Հովարդ Վ. Հանթերի ուսմունքները 53–54:

  5. Հովարդ Վ. Հանթերի ուսմունքները, 51:

  6. “Obedience” (address given at the Hawaii Area Conference, June 18, 1978), 3–5, Church History Library, Salt Lake City; the last paragraph is also in The Teachings of Howard W. Hunter, 52.

  7. “Eternal Investments” (address to CES religious educators, Feb. 10, 1989), 3; si.lds.org.

  8. “Fear Not, Little Flock” (address given at Brigham Young University, Mar. 14, 1989), 2; speeches.byu.edu.

  9. Հովարդ Վ. Հանթերի ուսմունքները 51-52:

  10. “Reading the Scriptures,” 64.

  11. “Reading the Scriptures,” 64–65.

  12. “The Mission of the Church” (address given at the regional representatives’ seminar, Mar. 30, 1990), 2.

  13. Հովարդ Վ. Հանթերի ուսմունքները, 54.

  14. «Մեր հավատքի սյուները» Ensign, Sept. 1994, 54:

  15. Հարության վկաները, Ensign, May 1983, 16:

  16. Հովարդ Վ. Հանթերի ուսմունքները 55-56: