Գլուխ 20
Քայլել Փրկչի գթության ուղիով
«Կարեկցանքի փորձաքարը մեր աշակերտության չափանիշն է, դա Աստծո հանդեպ և միմյանց հանդեպ մեր սիրո չափանիշն է»:
Հովարդ Վ. Հանթերի կյանքից
Նախագահ Հովարդ Վ. Հանթերն ուսուցանել է, որ Փրկիչը տվեց մեզ Իր սերը, Իր ծառայությունը, և Իր կյանքը: … Մենք պետք է ձգտենք տալ` ինչպես որ Նա տվեց»1 Ամենայն մանրամասնությամբ Նախագահ Հանթերը խրախուսեց Եկեղեցու անդամներին` իրենց ամենօրյա կյանքում հետևել Փրկչի գթության օրինակին:
Գթության գործերը բնորոշ կողմ էր Հովարդ Հանթերի իրավաբանական մասնագիտության նրա կարիերայում: Մի ընկերակից փաստաբան բացատրել է.
«Նա շատ ժամանակ էր տրամադրում մատուցելով [անվճար] իրավաբանական ծառայություն … որովհետև նրա սիրտը ուղղակի չէր տանում չեկ ուղարկել: …Նրան համարում էին որպես ընկեր, առաջնորդ, խորհրդատու և մասնագետ, ով ավելի շատ մտահոգվում էր, որ մարդիկ օգնություն ստանային, որի կարիքը նրանք ունեին, քան թե որ դրա համար նա փոխհատուցում ստանար»: 2
Գթությունը բնորոշ գիծ էր նաև Նախագահ Հանթերի Եկեղեցու ծառայության մեջ: Մի կին, ով ասաց, որ նա իր ամենաազդեցիկ ուսուցիչն էր, բացատրեց մի քանի պատճառներ:
«Ես միշտ նկատել եմ, որ այդ մարդը սիրում էր ուրիշներին` դնելով նրանց բարձր առաջնահերթության մեջ, լսելով՝ հասկանալու համար և կիսվելով իր փորձառություններով մյուսների հետ, որը նրան մեծագույն բավականություն էր պատճառում: Նա սովորեցրել է ինձ` հասկանալ այս արժանիքների կարևորությունը և ուրախություն զգալ դրանք կիրառելիս:
Մեկ այլ կին Նախագահ Հանթերի ցցից Կալիֆոռնիայում մատուցեց հարգանքի այս տուրքը:
«Նախագահ Հովարդ Վ. Հանթերը մեր ցցի նախագահն էր տարիներ առաջ, երբ մեր ընտանիքն ապրում էր Պասադենա Ցցում: Հայրս մահացել էր, թողնելով մայրիկիս մենակ` հոգ տանելու մեծ քրոջս և ինձ: Չնայած մենք նշանավոր ընտանիք չէինք ցցում, որը զբաղեցնում էր հսկայական աշխարհագրական տարածք, Նախագահ Հանթերն այնուամենայնիվ մեզ անձնապես գիտեր:
Իմ ամենակարևոր հիշողությունը նրա մասին այն է, որ նա իմ մեջ սերմանեց արժանապատվության զգացում: Ցցի յուրաքանչյուր համաժողովից հետո մենք սովորություն ունեինք սպասել` հերթով սեղմելու նրա ձեռքը: Նա միշտ բռնում էր մայրիկիս ձեռքը և ասում.«Ինչպե՞ս եք Քույր Սիսոնս, իսկ ինչպե՞ս են Բեթին և Քերոլայնը»: Ինձ հուզմունք էր պատճառում լսել, թե նա ինչպես էրմեզ անուններով կոչում: Ես գիտեի, որ նա գիտեր մեզ և հոգ էր տանում մեր բարօրության համար: Այդ հիշողությունը դեռ ջերմացնում է իմ սիրտը»:4
Նախագահ Հանթերը մի անգամ ասել է. «Ես զգում եմ` մեր առաքելությունն է ծառայել և փրկել, շենացնել և վեհացնել:5Տասներկուսի Եղբայրների կողմից արված մեկնաբանությունները ցույց են տալիս, թե որքան լավ է նա կատարել այդ առաքելությունը: «Նրա պահելաձևը , մարդկանց օգնում է անկաշկանդ զգալ: Նա լավ ունկնդիր է»: Մեկ ուրիշն ասաց. «Երբ դուք ճանապարհորդում եք նրա հետ, նա միշտ հսկում է՝ հավաստիանալու, որ յուրաքանչյուրի մասին հոգ է տարվում և որ ոչ ոք անհարամարավետ կամ անտեսված չի զգում»: Մեկ ուրիշը պատմում է. «Նա մտահոգված է և զգայուն ուրիշների հանդեպ: Նա գթություն և ներող սիրտ ունի: Նա ավետարանի, մարդկության և մարդկային բնության ուսանող է:6
Հովարդ Վ. Հանթերի ուսմունքները
1
Երկու մեծ պատվիրանները Տիրոջ փորձաքարն են՝ մեր աշակերտության համար:
Հնադարյան ժամանակներում, ոսկու մաքրության ստուգում էր կատարվում հարթ, սև, սիլիցիումի քարով, որը կոչվում էր փորձաքար: Երբ ոսկին շփում էին փորձաքարի վրա, դրա մակերեսին առաջացնում էր հետք կամ նշան : Ոսկերիչը համեմատում էր այդ նշանը իր աղյուսակում դասակարգված գույների հետ: Նշանն ավելի կարմիր էր լինում, երբ պղնձի կամ ալյումինի պարունակությունը շատ էր լինում ոսկու մեջ և ավելի դեղին էր լինում, երբ ոսկու տոկոսը մեծանում էր: Այս պրոցեսը շատ ճշգրտորեն ցուց էր տալիս ոսկու մաքրությունը:
Ոսկու մաքրությունը փորձաքարով ստուգելու մեթոդն արագ էր և բավարար` մեծապես գործնական նպատակների համար: Բայց ոսկերիչը, ով դեռ կասկածիտակ էր առնում մաքրությունը, կատարում էր մի ավելի ճշգրիտ ստուգում՝ օգտագործելով մի գործընթաց, որը ներառում էր կրակը:
Ես ենթադրում եմ, որ Տերը փորձաքար է պատրաստել ձեզ համար և ինձ համար: Մի արտաքին չափորոշիչ ներքին աշակերտության, որը նշում է մեր հավատարմությունը և կդիմանա կրակներին, որոնք դեռ գալու են:
Մի անգամ, երբ Հիսուսն ուսուցանում էր ժողովրդին, մի օրինագետ մոտեցավ նրան և տվեց այս հարցը. «Վարդապետ, ի՞նչ գործեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»:
Հիսուսը՝ վարպետ ուսուցիչը, պատասխանեց այդ մարդուն, ով ակնհայտորեն լավ տիրապետում էր օրենքին, հակադիր հարցով.«Օրէնքումն ի՞նչ է գրուած, ի՞նչպէս ես կարդում»:
Մարդը պատասխանեց անվարան ամփոփելով երկու մեծ պատվիրանները. «Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտիցը, և քո բոլոր անձիցը, քո բոլոր զորութիւնիցը և քո բոլոր մտքիցը. եւ քո ընկերին քո անձի պէս»:
Քրիստոսը հավանություն տալով պատասխանեց. «Այդ արա՝ եւ կապրես»(Ղուկաս Ժ.25-28):
Հավերժական կյանքը, Աստծո կյանքը, այն կյանքը, որին մենք ենք ձգտում, արմատավորված է երկու պատվիրաններում: Սուրբ գրություններն ասում են, որ «այս երկու պատվիրանքից կախված են բոլոր օրենքը և մարգարերքը» (Մատթեոս ԻԲ.37–40): Սիրեք Աստծուն և սիրեք ձեր ընկերոջը: Այդ երկուսն աշխատում են միասին, դրանք անբաժան են: Բարձրագույն իմաստով դրանք կարելի է համարել որպես հոմանիշներ: Եվ դրանք պատվիրաններ են, որոնցով մեզանից յուրաքանչյուրը կարող է ապրել:
Հիսուսի պատասխանը օրինագետին կարելի է համարել, որպես Տիրոջ փորձաքարը: Մեկ այլ առիթով Նա ասել է. «Որովհետև այս իմ փոքր եղբայրներից մեկին արեցիք, ինձ արեցիք» (Մատթեոս ԻԵ.40): Նա կչափի մեր նվիրվածությունը Իր հանդեպ, թե ինչպես ենք մենք սիրել և ծառայել մեր ընկերակիցներին: Ինչպիսի՞ նշան ենք մենք թողնում Տիրոջ փորձաքարի վրա: Արդյո՞ք մենք իսկապես լավ ընկերներ ենք: Արդյո՞ք ստուգումըը ցույց է տալիս 24 կարատանոց ոսկի, թե հետքը ցույց է տալիս կեղծ ոսկի:7
2
Փրկիչն ուսուցանել է մեզ սիրել բոլորին, ներառյալ նրանց, ում գուցե դժվար լինի սիրել:
Կարծես Վարդապետից ներում հայցելով այդպիսի հասարակ հարցի համար, օրինագետը ձգտեց արդարացնել իրեն՝ շարունակելով հարց տալ: «Եւ իմ ընկերն ո՞վ է» (Ղուկաս Ժ.29):
Մենք բոլորս պետք է հավերժ երախտապարտ լինենք այդ հարցի համար, քանի որ Փրկչի պատասխանում եկավ ամենակարևոր և ամենագնահատված առակներից մեկը, մեկը, որը մենք բոլորս կարդացել ենք և լսել կրկին ու կրկին:
«Մի մարդ Երուսաղէմից իջնում էր Երիքով. եւ աւազակների ձեռքն ընկավ. նորանք էլ մերկացրին նորան եւ խոցոտեցին նորան, կիսամահ թողեցին գնացին:
Եվ դիպուածով մի քահանայ էր իջնում նոյն ճանապարհովը, եւ նորան տեսավ՝ անցավ:
Նույնպես էլ Ղեւտացին այն տեղը հասաւ եկավ եւ տեսաւ՝ անցաւ:
Մի Սամարացի էլ, որ ճանապարհորդում էր, եկաւ այնտեղ եւ նորան տեսնելով գթաց:
Եվ մօտ եկաւ՝ նորա խոցերը փաթաթեց՝ վերան ձէթ եւ գինի ածելով և իր անասունի վերայ դրած տարավ նորան մի իջեւան, եւ նորան հոգ տարաւ:
Եւ հետեւյալ օրն երբոր այն տեղիցը դուրս էր գնում, երկու դահեկան հանեց եւ իջեւանի տիրոջը տուաւ եւ ասեց նորան.Դորան հոգ տար, եւ ինչ որ աւելի ծախք անես, ես միուս անգամ ետ դառնալիս կվճարեմ քեզ»(Ղուկաս Ժ.30-35):
Այնուհետև Հիսուսը հարցրեց օրինագետին. «Հիմա այն երեքից որն է երեւում քեզ թե ընկեր է եղել այն աւազակների ձեռքն ընկած մարդին»: (Ղուկաս Ժ.36): Այդտեղ Վարդապետը ի ցույց է դնում Քրիստոնեության փորձաքարը: Նա խնդրում է, որ մեր նշանը որոշվի դրա վրա:
Քրիստոսի առակում ինչպես քահանան այնպես էլ Ղևտացին պետք է որ հիշեին օրենքի պահանջը «Երբոր տեսնես քո եղբոր էշը կամ եզը ճանապարհի վերայ ընկած, նորանց անտես չանես, անպատճառ նորա հետ վեր կանգնեցնես»(Երկ.Օր. ԻԲ. 4) Եվ եթե եզը, որքան ավելի շատ պետք է մարդ պատրաստակամ լինի օգնել եղբորը կարիքի մեջ: Բայց ինչպես Երեց Ջեյմս Ի. Թալմիջը գրել է. «Արդարացումները [այդ չանելու համար] հեշտ է գտնել, դրանք ծլում են այնպես արագորեն և այնպես առատորեն, ինչպես մոլախոտերը ճանապարհի եզրին»(Jesus the Christ, 3d ed., Salt Lake City: The Church of Jesus Christ of Latter-day Saints, 1916, p. 431):
Սամարացին տվել է մեզ մաքուր Քրիստոնեական սիրո օրինակ: Նա կարեկցանք ուներ, նա գնաց մարդու մոտ, որին ավազակները վնասվածքներ էին հասցրել և կապեց նրա վերքերը: Նա տարավ նրան մի իջևան, հոգ տարավ նրան, վճարեց նրա ծախսերը և առաջարկեց ավելին, եթե անհրաժեշտ էր նրա ծախսերի համար: Սա մի ընկերոջ սիրո պատմություն է իր ընկերոջ հանդեպ:
Հին աքսիոման ասում է, որ մարդը, ով «ամբողջովին փաթաթվում է ինքն իր մեջ մի փոքրիկ կապոց է դառնում»: Սերը փոքրիկ կապոցը մեծ դարձնելու յուրահատուկ ձև ունի: Բանալին մեր ընկերոջը սիրելն է, ներառյալ այն ընկերոջը, ում դժվար է սիրել: Մենք պետք է հիշենք, որ չնայած մենք ենք ընկերներ գտնում, Աստված մեզ համար ընկերներ է դրել ամենուրեք: Սերը չպետք է սահմաններ ունենա, մենք չպետք է ունենանք սահմանափակ նվիրվածություն: Քրիստոսն ասել է. «Որովհետեւ՝ եթէ ձեզ սիրողներին սիրէք, ի՞նչ վարձք ունիք: Չէ՞ որ մաքսաւորներն էլ նոյնն են անում» (Մատթեոս Ե.46):8
3
Մենք պետք է սիրենք և ծառայենք ուրիշներին իրենց չարչարանքների մեջ:
Ջոզեֆ Սմիթը մի նամակ գրեց Սրբերին, որը տպագրվեց«Messenger and Advocate»-ում,միմյանց սիրելու մասին, որպեսզի արդարացվենք Աստծո առջև թեմայով: Նա գրել է.
«Սիրելի եղբայրներ, դա մի պարտականություն է, որը յուրաքանչյուր Սուրբ պարտավոր է կատարել իր եղբայրների հանդեպ անվճար՝ միշտ նրանց սիրել, և միշտ սատարել նրանց: Որպեսզի Աստծո առջև արդարացվենք, մենք պետք է սիրենք միմյանց, մենք պետք է հաղթենք չարին, մենք պետք է այցելենք հայրազուրկներին և որբևայրիներին իրենց չարչարանքների մեջ, և մենք պետք է անբիծ պահենք մեզ աշխարհից, քանի որ այդպիսի արժանիքները հոսում են մաքուր կրոնի մեծ աղբյուրից: Զորացնելով մեր հավատքը, ավելացնելով ամեն բարի հատկանիշ, որը զարդարում է օրհնյալ Հիսուսի զավակներին, մենք կարող ենք աղոթել աղոթքի պահին, մենք կարող ենք սիրել մեր ընկերոջը ինչպես ինքներս մեզ, և լինել հավատարիմ նեղությունների մեջ, իմանալով, որ այդպիսիների վարձքն ավելի մեծ է երկնքի արքյությունում: Ինչպիսի մխիթարություն: Ինչպիսի ուրախություն: Թույլ տվեք ապրել արդարի կյանքով, և թող իմ վարձքը սա լինի» (History of the Church, 2:229):
Այս երկու արժանիքները՝ սերը և ծառայությունը պահանջվում են մեզանից, եթե մենք պետք է լավ ընկերներ լինենք և խաղաղություն գտնենք մեր կյանքերում: Անշուշտ դրանք կային Երեց Վիլլարդ Ռիչարդսի սրտում: Երբ Քարթեջի բանտում էին, Ջոզեֆի և Հայրումի նահատակության օրվա կեսօրին բանտապահն առաջարկեց, որ նրանք ավելի ապահով կլինեին խցերում: Ջոզեֆը շրջվեց դեպի Երեց Ռիչարդսը և հարցրեց. «Եթե մենք գնանք խցերը, դու կգա՞ս մեզ հետ»:
Երեց Ռիչարդսի պատասխանը սիրով էր լցված. «Եղբայր Ջոզեֆ, դուք չխնդրեցիք ինձ անցնել գետը ձեզ հետ, դուք չխնդրեցիք ինձ գալ ձեզ հետ Քարթեջ, դուք չխնդրեցիք ինձ ձեզ հետ գալ բանտ, իսկ հիմա դուք կարծում եք ես կլքե՞մ ձեզ այժմ»: Բայց ես կասեմ ձեզ, թե ես ինչ կանեմ, եթե դուք դատապարտվեք «դավաճանության» համար, ես կկախվեմ ձեր փոխարեն և դուք կազատվեք»:
Դա պետք է որ ասված լիներ բավականին հուզմունքով և դա զգալով Ջոզեֆը պատասխանեց. «Բայց դու չես կարող»:
Որին Երեց Ռիչարդսը հաստատակամորեն պատասխանեց. «Ես կանեմ» (տես B. H. Roberts, A Comprehensive History of the Church, 2:283):
Երեց Ռիչարդսի ստուգարքը գուցե ավելի մեծ էր, քան մեզանից շատերը կդիմակայեն, ավելի շուտ կրակով ստուգում, քան փորձաքարով: Բայց եթե մեզ խնդրվի այդպես անել, կարո՞ղ ենք մենք վար դնել մեր կյանքերը մեր ընտանիքների համար, մեր ընկերների, մեր մերձավորների համար:
Կարեկցանքի փորձաքարը մեր աշակերտության չափորոշիչն է, դա Աստծո և միմյանց հանդեպ մեր սիրո չափորոշիչն է: Մենք արդյո՞ք կթողնենք մաքուր ոսկու նշան, թե քահանայի և Ղևտացու նման կանցնենք կողքով մյուս կողմից:9
4
Մենք պետք է քայլենք ավելի վճռականորեն գթության արահետով, որը Հիսուսն է ցույց տվել:
Նավուի Վերջին Օրերի Սրբերին ուղղված մի կարևոր ուղերձում իր ողբերգական և անժամանակ նահատակությունից հենց մեկ տարի առաջ, Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է.
«Եթե մենք կամենում ենք ամրացնել և մշակել սեր մյուսների հանդեպ, մենք պետք է սիրենք ուրիշներին, նույնիսկ մեր թշնամիներին, ինչպես նաև ընկերներին: … Քրիստոնյաները պետք է դադարեն վիճաբանել և հակաճառել միմյանց, և մշակեն միաբանության և ընկերության սկզբունքներ իրենց մեջ»: (History of the Church, 5:498–99.)
Դա այսօր էլ սքանչելի խորհուրդ է, ճիշտ ինչպես [այն ժամանակ] էր: Աշխարհը, որում մենք ապրում ենք, լինի դա մեր տանը մոտիկ, թե հեռվում, Հիսուս Քրիստոսի ավետարանի կարիքն ունի: Այն ապահովում է միակ ուղին, որով աշխարհը երբևէ կճանաչի խաղաղությունը: Մենք պետք է ավելի բարի լինենք միմյանց հետ, ավելի մեղմ և ներող: Մենք պետք է լինենք դանդաղ` բարկանալիս և ավելի արագ` օգնելիս: Մենք պետք է պարզենք ընկերասիրության ձեռք և դիմակայենք հաշվեհարդարի ձեռքին: Կարճ ասած, մենք պետք է սիրենք միմյանց Քրիստոսի մաքուր սիրով, անկեղծ գթությամբ և կարեկցանքով և եթե անհրաժեշտ է, կիսենք տառապանքը, քանի որ Աստված այդպես է սիրում մեզ:
Մեր երկրպագության ծառայության ժամանակ, մենք հաճախ ենք երգում մի գեղեցիկ օրհներգ, որը գրվել է Սյուզան Էվանս ՄաքՔլաուդի կողմից: Կարելի՞ է վերհիշեմ մի քանի տող այդ օրհներգից ձեզ համար:
Փրկիչ, թող Քեզ սիրել ես սովորեմ,
Քո ցույց տված ուղիով քայլեմ,
Մարդկանց օգնեմ և բարձրացնեմ,
Իմ իսկ ուժից վեր ուժ գտնեմ: …
Ո՞վ եմ ես, որ դատեմ ուրիշին,
Երբ ինքս եմ անկատար:
Հանգիստ սրտում թաքնված
Վիշտ կա, որ աչքը չի կարող տեսնել: …
Եղբորս պաշտպանը կլինեմ,
Կսովորեմ բժշկելու արվեստը,
Վիրավորին և հոգնածին
Բարի սիրտ կցուցաբերեմ,
Եղբորս պաշտպանը կլինեմ,
Տեր, Քեզ կհետևեմ:
(Օրհներգեր, 1985, հ. 220)
Մենք պետք է ավելի վճռականորեն և ավելի շատ կարեկցանքով քայլենք ուղին, որը Հիսուսն է ցույց տվել: Մենք պետք է «կանգ առնենք և բարձրացնենք մեկ ուրիշին» և անշուշտ մենք կգտնենք «մեր [իսկ ուժից] վեր ուժ»: Եթե մենք կամենանք անել ավելին` սովորելու «բժշկողի արվեստը», կլինեն անասելի հնարավորություններ` օգտագործելու այն, դիպչելու «վիրավորին և հոգնածին» և բոլորին ցույց տալու [ավելի] բարի սիրտ: Այո, Տեր, մենք պետք է հետևենք Քեզ:10
5
Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է և այն չի խափանվի:
«Նոր պատվիրան եմ ձեզ տալիս, ասել է [Հիսուսը]. «Որ դուք սիրեք մեկ մեկու, … Սորանով կգիտենան ամենքը, թե իմ աշակերտներն եք, եթե իրար վերայ սեր ունենաք»: (Հովհաննես ԺԳ.34-35): Այս սերը, որ մենք պետք է ունենանք մեր եղբայրների և քույրերի հանդեպ մարդկության ընտանիքում, և որը Քրիստոսն ունի մեզանից յուրաքանչյուրիս հանդեպ, կոչվում է գթություն կամ «Քրիստոսի մաքուր սերը»: (Մորո. 7.47): Դա այն սերն է, որն առաջացրեց Քրիստոսի տառապանքն ու զոհաբերությունը: Դա բարձրագույն գագաթն է, որ մարդկային հոգին կարող է հասնել և մարդկային սրտի խորագույն արտահայտությունը:
… Գթությունը պարփակում է բոլոր մյուս աստվածային արժանիքները: Այն բնորոշում է ինչպես սկիզբը, այնպես էլ փրկության ծրագրի վերջը: Երբ բոլոր մյուս բաները խափանվեն, գթությունը՝ Քրիստոսի սերը, չի խափանվի: Այն բոլոր աստվածային հատկանիշներից, մեծագույնն է:
Իր սրտի առատությամբ Հիսուսը խոսեց աղքատների, ոտնատակ եղածների, որբևայրիների, փոքրիկ երեխաների, գյուղացիների, ձկնորսների և նրանց հետ, ովքեր արածացնում էին այծերի և ոչխարների, օտարների և պանդուխտների, հարուստների և, քաղաքականապես հզորների, ինչպես նաև անբարյացկամ փարիսեցիների և դպիրների հետ: Նա ծառայեց աղքատներին, քաղցածներին, զրկյալներին, հիվանդներին: Նա օրհնեց կաղերին, կույրերին, խուլերին, և այլ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող այլ մարդկանց: Նա դուրս հանեց դևերին և չար ոգիներին, որոնք առաջացրել էին մտավոր և հուզական հիվանդություններ: Նա մաքրեց նրանց, ովքեր բեռնավորված էին մեղքով: Նա ուսուցանեց սիրո դասեր և բազմիցս անշահախնդիր ծառայություն դրսևորեց ուրիշների հանդեպ: Բոլորը Նրա սերը ստացողներ էին: Բոլորը «արտոնյալ էին, մեկը մյուսի նման, և ոչ ոքի արգելված [չէր]: (2 Նեփի 26.28): Այս բոլորը Նրա անսահման գթության արտահայտություններն էին և օրինակները:
Աշխարհը, որում ապրում ենք մենք, մեծապես կօգտվեր, եթե տղամարդիկ և կանայք ամենուրեք գործադրեին Քրիստոսի մաքուր սերը, որը բարի է, հեզ, և համեստ: Այն առանց նախանձի է կամ հպարտության: Այն անձնազոհ է, որովհետև ոչինչ չի ակնկալում փոխարենը : Այն չի խրախուսում չար կամ վատ արարք, ոչ էլ ուրախանում է անօրինությամբ, այն տեղ չունի մոլեռանդության, ատելության կամ բռնության համար: Այն հրաժարվում է հաշտվել ծաղրանքի, գռեհիկության կամ արտաքսման հետ: Այն խրախուսում է տարբեր մարդկանց ապրել միասին Քրիստոնեական սիրո մեջ` անկախ կրոնական հավատքից, ռասայից, ազգությունից, ֆինանսական դիրքից, կրթությունից կամ մշակույթից:
Փրկիչը պատվիրել է մեզ սիրել մեկ մեկու` ինչպես Նա է սիրել մեզ, հագնել «գթության կապը» (ՎևՈւ 88.125), Ինչպես Ինքը հագավ : Մեզ կոչ է արվել մաքրել մեր ներքին զգացմունքները, փոխել մեր սրտերը, մեր արտաքին գործողությունները և տեսքըը համաձայնեցնել նրա հետ, ինչին մենք ասում ենք, որ հավատում ենք և ինչը զգում ներքուստ: Մենք պետք է լինենք Քրիստոսի ճշմարիտ հետևորդները:11
6
Ուրիշներին սիրելը «ավելի կատարյալ ուղի» է:
Երբ երիտասարդ էր, Եղբայր Վերն Քրոուլին ասաց, որ նա սովորել էր որոշ բան Մարգարե Ջոզեֆի կարևոր դասերից, որոնք նա ուսուցանել էր վաղ Սրբերին Նավուում, երբ նա ասել էր նրանց. «Սիրեք ուրիշներին, նույնիսկ մեր թշնամիներին, ինչպես նաև ընկերներին»: Սա լավ դաս է մեզանից յուրաքանչյուրիս համար:
Հոր հիվանդանալուց հետո Վերն Քրոուլին իր վրա վերցրեց ավտոապամոնտաժման ընտանեկան բակը վարելու գործը, չնայած նա ընդամենը տասնհինգ տարեկան էր: Որոշ հաճախորդներ երբեմն անազնվորեն օգտվում էին նրա երիտասարդ լինելու հանգամանքից և ավտոմասերն անհետանում էին կայանատեղից գիշերվա ընթացքում: Վերնը բարկացած էր և խոստացել էր բռնել այդ մեկին և պարսավանքի ենթարկել նրան: Իրենն էր լինելու վրեժխնդրությունը :
Հենց որ նրա հայրը սկսեց ապաքինվել հիվանդությունից, Վերնը մի գիշեր փակելու ժամանակ շրջայցեր կատարեց բակում : Գրեթե մութ էր: Հողատարածքի հեռավոր մի անկյունում նա նկատեց մեկին, ով մի մեծ կտոր մեխանիզմ էր տանում դեպի ցանկապատի ետևի կողմը: Նա չեմպիոն մարզիկի նման վազեց և բռնեց երիտասարդ գողին: Նրա առաջին միտքն էր զայրույթը թափել իր բռունցքներով, իսկ հետո քարշ տալ տղային դեպի դիմացի գրասենյակը և ոստիկանություն կանչել: Նրա սիրտը լցված էր բարկությամբ և վրեժխնդրությամբ: Նա բռնել էր գողին և նա մտադիր էր ստանալ իր արդար հատուցումը:
Չգիտես որտեղից հայտնվեց Վերնի հայրը, դրեց իր թույլ և տկար ձեռքը իր որդու ուսին, և ասաց.«Տեսնում եմ դու մի քիչ հուզված ես, Վերն: Կարո՞ղ եմ ինքս զբաղվել սրանով»: Այնուհետև նա քայլեց դեպի ենթադրյալ երիտասարդ գողը և ձեռքը դրեց նրա ուսին, մի պահ նայեց նրա աչքերի մեջ և ասաց. «Որդիս, ասա ինձ, ինչո՞ւ ես դա անում: Ինչո՞ւ էիր փորձում գողանալ այդ շարժահաղորդիչը: Ապա Պր. Քրոուլին սկսեց քայլել դեպի գրասենյակը իր ձեռքով տղային կիսագրկած, քայլելու ընթացքում հարցնելով երիտասարդ տղայի մեքենայի խնդիրների մասին : Մինչև նրանք կհասնեին գրասենյակ, հայրն ասաց. « Դեհ, ես կարծում եմ քո կցորդիչը մաշվել է և դա խնդիր է ստեղծում քեզ համար»:
Այդ ընթացքում Վերնը իրեն չէր գտնում: «Ո՞ւմ հոգն է նրա կցորդիչը», մտածում էր նա: «Եկեք ոստիկանություն կանչենք և ավարտենք այս ամենը»: Բայց նրա հայրը շարունակում էր ուղղակի խոսել: «Վերն, նրա համար մի կցորդիչ բեր: Նրա համար բեր նաև առանցքակալ: Բեր սեղմող մետաղյա ափսե: Դա պետք է որ խնդիրը լուծի»: Հայրը տվեց բոլոր այդ մասերը երիտասարդ տղային, որը փորձել էր գողանալ և ասաց.«Վերցրու սրանք: Ահա և շարժահաղորդիչը: Դու կարիք չունես գողանալու, երիտասարդ: Ուղղակի խնդրիր: Ելք կա ամեն խնդրից: Մարդիկ հոժար են օգնել»:
Եղբայր Վերն Քրոուլին ասաց, որ նա այդ օրը սովորեց սիրո մի հավեժական դաս : Այդ երիտասարդը հաճախ էր վերադառնում կայանատեղ: Ինքնակամ, ամիս առ ամիս, նա վճարեց բոլոր մասերի համար, որ Վիկ Քրոուլին տվել էր նրան` ներառյալ շարժահաղորդիչը: Այդ այցելությունների ժամանակ նա հարցրեց Վերնին, թե ինչո՞ւ էր նրա հայրը այդքան յուրահատուկ և ինչո՞ւ նա արեց այն, ինչ արեց: Վերնը նրան որոշ բաներ պատմեց իրենց Վերջին Օրերի Սրբերի համոզմունքների մասին, և թե որքան շատ էր իր հայրը սիրում Տիրոջը և մարդկանց: Ի վերջո ենթադրյալ գողը մկրտվեց: Վերնը հետագայում ասել է.«Այժմ դժվար է նկարագրել այն զգացումները, որոնք ես ունեցա և ինչի միջով ես անցա այդ փորձառության ժամանակ: Ես ևս երիտասարդ էի: Ես բռնել էի իմ խաբեբային: Ես պատրաստվում էի հասնել առավելագույն պատժին: Բայց հայրս սովորեցրեց ինձ ուրիշ մի ուղի:
Մի տարբեր ուղի: Մի ավելի լավ ուղի: Մի ավելի բարձր ուղի: Մի ավելի կատարյալ ուղի: Օհ, որքան աշխարհը կարող էր օգտվել այդպիսի հիասքանչ դասից: Ինչպես Մորոնին է հայտարարում.
«Ուստի ով հավատում է Աստծուն, կարող է անկասկած հուսալ ավելի լավ աշխարհի համար: …
Բայց իր Որդու պարգևով Աստված պատրաստել է ավելի գերազանց ուղի»: (Եթեր 12.4, 11):12
Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ
Հարցեր
-
Ի՞նչ ի նկատի ունի Նախագահ Հանթերը վկայակոչելով երկու մեծ պատվիրանները որպես «Տիրոջ փորձաքար»: (Տես բաժին 1:) Մտածեք թե ինչպես դուք կպատասխանեիք Նախագահ Հանթերի հարցերին, որոնք նա հղում է բաժին 1-ի վերջում:
-
Վերանայեք Նախագահ Հանթերի պատմությունը Բարի Սամարացու մասին առակի վերաբերյալ (տես բաժին 2): Ի՞նչ կարող ենք սովորել մեր ընկերներին սիրելու վերաբերյալ այս ուսմունքներից: Ինչպե՞ս կարող ենք մեծացնել մեր սերը նրանց հանդեպ, ում կարող է դժվար լինի սիրել:
-
Բաժին 3-ում Նախագահ Հանթերն ուսուցանում է, որ մենք պետք է սիրենք և ծառայենք ուրիշներին նրանց չարչարանքների ժամանակ: Ինչպե՞ս եք օրհնվել ինչ որ մեկի կողմից, ով սիրել է և ծառայել ձեզ կարիքի ժամանակ:
-
Խորհեք Նախագահ Հանթերի ուսմունքների մասին հետևելով Փրկչի գթության օրինակին (տես բաժին 4): Ինչպե՞ս կարող ենք զարգացնել ավելի մեծ սեր ուրիշների հանդեպ: Որո՞նք են որոշ ուղիները, որոնցով մենք կարող ենք ավելի ակտիվորեն ցույց տալ մեր սերը:
-
Բաժին 5-ում Նախագահ Հանթերը վերանայում է ուղիներից մի քանիսը, որոնցով Քրիստոսը ցույց տվեց Իր սերը: Ե՞րբ եք զգացել Փրկչի սերը ձեր կյանքում: Ի՞նչ օրհնություններ են եկել, երբ դուք «գործադրել եք Քրիստոսի մաքուր սերը»:
-
Ի՞նչ կարող ենք մենք սովորել Նախագահ Հանթերի պատմած Վերն Քրոուլիի պատմությունից: (Տես բաժին 6:) Ինչպե՞ս կարող ենք փոխարինել «բարկության և վրեժխնդրության» զգացումները գթության զգացումներով: Ի՞նչ փորձառություններ են օգնել ձեզ սովորել, որ գթությունը «ավելի գերազանց ուղի է»:
Առնչվող սուրբ գրություններ
Մատթեոս ԻԵ.31–46, Ա Կորնթացիս ԺԳ, Եփեսացիս Դ.29–32, Ա Հովհաննես Դ.20, Մոսիա Դ.13–27, Ալմա 34.28–29, Եթեր 12.33–34, Մորոնի 7.45–48, ՎևՈւ 121.45–46
Օգնություն ուսումնասիրողին
«Գործելով ձեր սովորածի համաձայն, դուք մշտապես խորացող հասկացողություն ձեռք կբերեք (տես Հովհաննես Է.17)» (Քարոզիր Իմ Ավետարանը [2004], 19): Մտածեք հարցնել ինքներդ ձեզ, թե ինչպես կարող եք կիրառել ավետարանի ուսմունքները տանը, աշխատանքում և ձեր Եկեղեցու պարտականություններում: