Գլուխ 12
Վերադարձեք և մասնակցեք Տիրոջ խնջույքին
«Օգնության հասեք ավելի պակաս ակտիվներին և գիտակցեք ուրախությունը, որը կտրվի ձեզ և նրանց, ում դուք օգնում եք»:
Հովարդ Վ. Հանթերի կյանքից
Եկեղեցու Նախագահ դառնալուց մեկ օր անց Նախագահ Հովարդ Վ. Հանթերը այս սիրառատ հրավերն ուղղեց Եկեղեցու անդամներին, ովքեր ակտիվ մասնակցություն չէին ցուցաբերում.
«Նրանց, ովքեր օրինազանցություն են գործել կամ վիրավորվել են, մենք ասում ենք` վերադարձեք: Նրանց, ովքեր ցավ են ապրել, պայքարում են և վախենում են, մենք ասում ենք` թույլ տվեք կանգնել ձեր կողքին և սրբել ձեր արցունքները: Նրանց, ովքեր շփոթված են և բոլոր կողմերից ենթարկվում են մեղքի հարձակումներին, մենք ասում ենք` եկեք բոլոր ճշմարտությունների Աստծո մոտ և շարունակվող հայտնությունների Եկեղեցի: Վերադարձեք: Կանգնեք մեզ հետ: Շարունակեք առաջ շարժվել: Եղեք հավատացող: Ամեն ինչ լավ է, և ամեն ինչ լավ է լինելու: Մասնակցեք խնջույքին, որը տեղի է ունենում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում և ձգտեք հետևել Բարի Հովվին, ով պատրաստել է այն: Ունեցեք հույս, գործադրեք հավատք, ստացեք և տվեք գթասրտություն` Քրիստոսի մաքուր սերը»:1
Մի քանի ամիս անց գերագույն համաժողովի իր առաջին ելույթում՝ որպես Եկեղեցու Նախագահ, Նախագահ Հանթերն ասել է, որ ինքը տպավորություն է ունեցել, որ պիտի շարունակի այս շեշտադրումը: «Վերադարձեք», կրկնել է նա: «Տառացիորեն ընդունեք [Փրկչի] «Եկ, հետևիր ինձ» հրավերը։ … Նա միակ ճշմարիտ ճանապարհն է. նա է լույսն աշխարհի»:2
Իր կյանքի ընթացքում Նախագահ Հանթերն օգնել է Եկեղեցու բազմաթիվ անդամների` վերադառնալ ակտիվության: Պատմելով վաղ չափահասության շրջանի նման մի փորձառության մասին, նա ասել է.
«Իմ ծխի եպիսկոպոսը նշանակեց ինձ որպես ծխի ուսուցիչ մի եղբոր համար, ով պարծենում էր, որ Եկեղեցու ամենաավագ սարկավագն էր: Տնային ուսուցումը ծխի ուսուցումն էր այդ օրերում: Նրա խնդիրն այն էր, որ սիրում էր գոլֆ խաղալ կիրակի օրը: Հիասթափեցնող էր նրա և նրա կնոջ հետ ամիսներ շարունակ տևող հանդիպումները և ակնհայտ առաջընթաց չտեսնելը: Սակայն ի վերջո նրան ասվեց ճիշտ բառը և արձագանքը չուշացավ: Այդ բառը ուխտն էր: Մենք հարցրեցինք նրան. «Ի՞նչ նշանակություն ունի ձեզ համար մկրտության ուխտը»: Նրա դեմքի արտահայտությունը փոխվեց, և առաջին անգամ մենք տեսանք նրան լուրջ կողմից: Ի վերջո նա եկավ մեր դասերին, թողեց գոլֆը և իր կնոջը տարավ տաճար»:3
Հովարդ Վ. Հանթերի ուսմունքները
1
Կորած ոչխարի առակն ուսուցանում է մեզ` փնտրել նրանց, ովքեր կորել են:
Առաջին Նախագահությունը Եկեղեցու անդամներին [հղել է] կարևոր հրավեր … :
«Նրանց, ովքեր դադարել են ակտիվ լինել և նրանց, ովքեր քննադատող են դարձել, մենք ասում ենք. «Վերադարձեք: Վերադարձեք և մասնակցեք Տիրոջ խնջույքին, և կրկին ճաշակեք Սրբերի հետ ընկերակցելու քաղցր և բավարարող պտուղները»:
Մենք վստահ ենք, որ շատերն են ցանկացել վերադառնալ, սակայն կաշկանդված են զգացել անելու այդ: Մենք վստահեցնում ենք ձեզ, որ դուք կգտնեք ձեզ ընդունող բաց բազուկներ և հոժար ձեռքեր` աջակցելու ձեզ»: (Ensign, March 1986, p. 88.)
Կարծում եմ, որ մենք բոլորս էլ տպավորվել էինք այս վեհանձն կոչով, որը հավասարազոր է Մորմոնի Գրքում Ալմա մարգարեի խոսքերին, որոնք վերաբերում են հրավերին, որը հղված է Տիրոջ կողմից: Նա ասել է.
«Ահա նա ուղարկում է մի հրավեր բոլոր մարդկանց, քանզի ողորմության բազուկները մեկնված են դեպի նրանց, և նա ասում է. Ապաշխարեք, և ես կընդունեմ ձեզ:
Այո, նա ասում է. Եկեք ինձ մոտ, և դուք կճաշակեք կենաց ծառի պտղից. այո, դուք կուտեք և կխմեք կյանքի հացից ու ջրից անհատույց.
Այո, եկեք ինձ մոտ և առաջ բերեք արդարության գործեր»: (Ալմա 5.33-35:)
Մեզանից յուրաքանչյուրը պետք է ընթերցի և վերընթերցի կորած ոչխարի առակը, որը գտնվում է Ղուկասի ԺԵ գլխում, սկսելով չորրորդ հատվածից.
«Ձեզանից ո՞վ է այն մարդը, որ հարիւր ոչխար ունենայ, նորանցից մէկը կորցնէ. չի՞ թողիլ իննսուն եւ ինը անապատումը, եւ այն կորածի ետեւից գնալ, մինչեւ որ գտնէ նորան:
Եւ երբոր գտնէ, ուրախանալով իր ուսերի վերայ կդնէ նորան:
Եւ տուն գալով, բարեկամներին եւ դրացիներին կկանչէ եւ նորանց կասէ. Ուրախացէք ինձ հետ. որովհետեւ իմ կորած ոչխարը գտայ» [Ղուկաս ԺԵ.4–6]: …
Մարգարե Ջոզեֆ Սմիթը նշանակալի կերպով փոփոխել է մեկ հատված Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մեջ: Այն ասում է. «Ձեզանից ո՞վ է այն մարդը, որ հարիւր ոչխար ունենայ, նորանցից մէկը կորցնէ. չի՞ թողիլ իննսուն եւ ինը, եւ այն կորածի ետեւից գնալ անապատը, մինչեւ որ գտնէ նորան: (ՋՍԹ, Ղուկաս ԺԵ.4, շեղագիրն ավելացված է:)
Սյդ թարգմանությունը հուշում է, որ հովիվը թողնի իր ապահով հոտը և գնա անապատ, որը նշանակում է աշխարհում փնտրել նրան, ով կորել է: Որտեղի՞ց է կորել: Կորել է հոտից, որտեղ կա պաշտպանություն և ապահովություն: Հուսով եմ, որ այդ առակի ուղերձը կտպավորվի մեզանից յուրաքանչյուրի սրտում:4
2
Տերն ակնկալում է, որ մենք լինենք Նրա ենթահովիվները և գտնենք նրանց, ովքեր պայքարում են կամ կորել են:
Ի՞նչ պետք է անենք մենք, որպեսզի օգնենք նրանց, ովքեր անապատում կորցրել են իրենց ճանապարհը:
Ելնելով այն բանից, ինչ Վարդապետն է ասել իննսունիննին թողնելու և մեկին գտնելու համար անապատ գնալու մասին և ելնելով Առաջին Նախագահության հրավերից, որն ուղղված է նրանց, ովքեր դադարել են ակտիվ լինել կամ քննադատական են մոտենում վերադառնալուն, մենք հրավիրում ենք ձեզ` ներգրավվել հոգիներ փրկելու գործում: Օգնության հասեք ավելի պակաս ակտիվներին և գիտակցեք ուրախությունը, որը կտրվի ձեզ և նրանց, ում դուք օգնում եք, եթե դուք և նրանք մասնակցեք վերադառնալու և Տիրոջ խնջույքին մասնակցելու հրավերներին:
Տերը` մեր Բարի Հովիվը, ակնկալում է, որ մենք լինենք Նրա ենթահովիվները և գտնենք նրանց, ովքեր պայքարում են կամ կորել են: Մենք չենք կարող ձեզ ասել, թե ինչպես անել դա, սակայն երբ դուք ներգրավվեք և ոգեշնչում փնտրեք, ջանքերի արդյունքում հաջողության կհասնեք ձեր տարածքներում, … ցցերում և ծխերում: Որոշ ցցեր արձագանքել են նախկին խնդրանքներին և ունեցել են ուշագրավ հաջողություն:
Ծանոթ օրհներգի խոսքերը պարունակում են մեզ տրված Տիրոջ կոչը.
Լսիր, նա սիրով կանչում է,
Մեղմորեն ասում այսօր.
«Չե՞ս փնտրի իմ կորածներին,
Որ մոլորվել են ճամփին»:
Եվ այդ օրհներգը, որը հաճախ ենք երգում, նշում է, թե ինչը պիտի լինի մեր պատասխանը.
«Դարձրու մեզ ենթահովիվներ,
Տուր մեզ սեր, որը խորն է:
Ուղարկիր մեզ դեպի անապատ,
Փնտրենք մոլորված ոչխարին»:
(Hymns, 1985, no. 221.)
Եթե մենք անենք սա, հավերժական օրհնություններ կտրվեն մեզ:5
Կորածին, դժբախտին և ճանապարհը կորցրածին փնտրելը Տիրոջ աշխատանքն է: … Ալմայի աղոթքով լի խնդրանքը մեր հանձնարարության սրբության լավ հիշեցում է:
«Ո՛վ Տեր, խնդրում եմ շնորհիր մեզ, որ մենք կարողանանք հաջողություն ունենալ՝ [հոգիներին] կրկին Քրիստոսով դեպի քեզ բերելու:
Ահա, ո՛վ Տեր, նրանց հոգիներն արժեքավոր են»: (Ալմա 31.34–35:)6
3
Մեր գլխավոր նպատակն է օգնել մարդկանց վերադառնալ Աստծո ներկայություն:
Տարիների ընթացքում Եկեղեցին մեծ ջանքեր է գործադրել` ետ բերելու համար նրանց, ովքեր ավելի պակաս ակտիվ են: … Եվ ո՞րն է այդ ամենի նպատակը: Դա մեր եղբայրների և քույրերի հոգիները փրկելն է և տեսնելը, որ նրանք ստացել են վեհացման արարողությունները:
Երբ ես ծառայում էի որպես ցցի նախագահ Լոս Անջելեսի տարածքում, իմ խորհրդականները և ես խնդրեցինք մեր եպիսկոպոսներին` հոգատարությամբ ընտրել չորս կամ հինգ զույգեր, ովքեր ցանկանում էին մեծացնել իրենց աճը Եկեղեցում: Ոմանք ոչ ակտիվ էին, մյուսներն էլ նորադարձներ, սակայն նրանք մեծ ցանկություն ունեին հոգևոր առումով աճելու: Մենք նրանց հրավիրեցինք ցցի դասի և ուսուցանեցինք ավետարանը: Տաճարի վրա հատուկ ուշադրություն դարձնելու փոխարեն` մենք շեշտեցինք Երկնային Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ ավելի լավ հարաբերությունները: Մեր հոգատար ընտրության գործընթացը հաջողության երաշխիք դարձավ, և այս զույգերի մեծ մասն ակտիվ դարձավ և գնաց տաճար:
Թույլ տվեք կիսվել [մեկ այլ] փորձառությամբ: … Ծխերից մեկում մենք ունեինք մի եղբայր, ով չէր հաճախում որևէ ժողովի: Նրա կինը անդամ չէր: Նա թշնամաբար էր տրամադրված, ուստի մենք չէինք կարող տնային ուսուցիչներ ուղարկել նրանց տուն: Եպիսկոպոսը մոտեցել էր այս եղբորը և ասել, որ նա հարաբերություն ուներ Փրկչի հետ, որը նա պետք է ընդլայներ: Եղբայրը բացատրել էր եպիսկոպոսին իր ոչ անդամ կնոջ հետ ունեցած խնդիրը, ուստի եպիսկոպոսը խոսել էր նրա հետ, շեշտելով նույն բանը` Տիրոջ հետ ունեցած հարաբերությունը, որը պետք է ընդլայներ: Նրա տրամադրվածությունը չփոխվեց, սակայն ուրախ էր իմանալու, որ Վերջին Օրերի Սրբերը հավատում են Քրիստոսին, և արդյունքում նա զիջեց իր որոշ դիրքերը:
Հաջողությունն անմիջապես չեկավ, սակայն նրանք, ովքեր այցելության էին գնում նրանց տուն, շարունակեցին ընդգծել Տիրոջ հետ զույգի հարաբերության կարևորությունը: Ժամանակի ընթացքում նա բարեկամաբար տրամադրվեց և, ի վերջո, համաձայնեց իր ամուսնու հետ գալ ցցի դասին, որն ուսուցանում էին բարձրագույն խորհրդի անդամները: Մենք շեշտը դրեցինք ուխտի վրա, որը մարդը կապում է մկրտվելիս և այլ ուխտերի վրա: Ի վերջո, նա դարձավ Եկեղեցու անդամ, և ամուսինը դարձավ քահանայության արդյունավետ ղեկավար: …
Ինձ վրա մեծ տպավորություն է գործել Մորմոնի Գրքի տիտղոսաթերթի նախադասություններից մեկը, որը նկարագրում է այդ սուրբ գրքի նպատակներից մեկը. «Որպեսզի նրանք [Իսրայելի տունը վերջին օրերում] կարողանան իմանալ Տիրոջ ուխտերը»: (շեղագրերն ավելացված են:) Որպես ցցի նախագահություն` մենք ոգեշնչվել էինք այդ ավելի պակաս ակտիվների հետ կիսվելիս շեշտը դնել դրա վրա: Մենք փորձեցինք կոչով դիմել նրանց, հիմնվելով ուխտերի կարևորության վրա, որ նրանք կապել էին Տիրոջ հետ. ապա մենք ուսուցանեցինք նրանց մկրտության ուխտի և մյուս ուխտերի կարևորությունը, որոնք նրանք կարող էին կապել, որն էլ նրանց կմիավորեր որպես հավերժական ընտանիք:7
Տեղական մակարդակով Եկեղեցու սահուն գործունեության ողջ նպատակն է` որակել անհատներին վերադառնալու Աստծո ներկայություն: Դա կարող է տեղի ունենալ միայն նրանց արարողություններ ստանալու և տաճարում ուխտեր կապելու միջոցով:8
Մեր ջանքերը կենտրոնանում են փրկագնման ուխտերը և ավետարանի արարողությունները բոլոր մարդկանց համար մատչելի դարձնելու վրա. ոչ անդամի համար մեր միսիոներական աշխատանքի միջոցով, ավելի պակաս ակտիվների համար ընկերակցության և ակտիվացնելու ջանքերի միջոցով, ակտիվ անդամների համար մասնակցության և Եկեղեցում ծառայելու միջոցով և նրանց համար, ովքեր անցել են վարագույրի մյուս կողմը, մահացածների փրկության աշխատանքի միջոցով:9
Եկեղեցու յուրաքանչյուր անդամի մենք առաջնորդում ենք դեպի մեկ նպատակ: Դա կայանում է նրանում, որ բոլորը ստանան ավետարանի արարողությունները և ուխտեր կապեն մեր Երկնային Հոր հետ, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ նրա ներկայություն: Դա է մեր գլխավոր նպատակը: Արարողությունները և ուխտերը միջոցներ են այդ աստվածային էությունը ձեռք բերելու համար, որը մեզ կրկին կվերադարձնի նրա ներկայություն: …
Հիշեք նպատակը` հրավիրել բոլորին գալ Քրիստոսի մոտ: …
Ես վկայում եմ, իմ եղբայրներ և քույրեր, նրա աստվածայնության և զորության մասին, փրկելու նրանց, ովքեր կգան իր մոտ կոտրված սրտով և փշրված հոգով: Արարողությունների և նրա Սուրբ Հոգու միջոցով ամեն մարդ կարող է մաքուր դառնալ:10
Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ
Հարցեր
-
Նախագահ Հանթերը խրախուսում է յուրաքանչյուր Եկեղեցու անդամի ընթերցել և վերընթերցել կորած ոչխարի առակը (տես բաժին 1, Ղուկաս ԺԵ.4–7): Ի՞նչ ուղերձներ եք դուք ստանում այդ առակից և առաջին բաժնի մյուս ուսմունքներից: Խորհեք, թե ինչպես կարող են այդ ուսմունքներն առաջնորդել ձեզ, երբ ծառայում եք Եկեղեցում:
-
Ո՞րն է մեր պարտականությունը որպես Տիրոջ ենթահովիվներ: (Sես բաժին 2:) Ինչպե՞ս կարող ենք օգնել մարդկանց վերադառնալ Եկեղեցի: Ինչպե՞ս եք դուք (կամ մեկը, ում դուք գիտեք) օրհնվել մեկի կողմից, ով օգնության է հասել ձեզ, երբ դուք պայքարում էիք կամ մոլորվել էիք:
-
Ի՞նչ կարող ենք սովորել փորձառություններից, որոնք Նախագահ Հանթերը մեջբերում է 3-րդ բաժնում: Ինչպե՞ս կարող է ուխտերին կարևորություն տալն օգնել Եկեղեցու անդամներին` վերադառնալ ակտիվության:
Առնչվող սուրբ գրություններ
Եզեկիել ԼԴ.1–16, Ղուկաս ԺԵ.11–32, Հովհաննես Ժ.1–16, 26–28, ԺԳ.35, Ա Հովհաննես Ա.7, Մոսիա ԺԸ.8–10, Հելաման Զ.3, 3 Նեփի 18.32, Մորոնի 6.4–6, ՎևՈւ 38.24
Օգնություն ուսումնասիրողին
Սկզբունքը ճշմարտություն է, որն առաջնորդում է որոշումները և արարքները: «Երբ կարդաք, հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ ավետարանական սկզբունք է ուսուցանվում այս հատվածում: Ի՞նչպես կարող եմ կիրառել սա իմ կյանքում»: (Ուսուցում, չկա ավելի մեծ կոչում [1999], 17):