Նախագահների ուսմունքները
Գլուխ 14. Արագացնել ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքը


Գլուխ 14

Արագացնել ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքը

«Անշուշտ Տերը կաջակցի մեզ, եթե մենք գործի դնենք մեր լավագույն ջանքերը` ընտանեկան պատմության հետազոտության և տաճարային աշխատանքների հետ կապված պատվիրանը պահելիս»:

Հովարդ Վ. Հանթերի կյանքից

Ընտանեկան պատմությունը միշտ մոտ է եղել Նախագահ Հովարդ Վ․ Հանթերի սրտին: Պատանեկության տարիներից սկսած նա մեծ հետաքրքրությամբ է լսել իր նախնիների վերաբերյալ պատմությունները: Երբ նա մեծացավ, շատ ժամանակ նվիրեց իր ընտանիքի պատմության հետազոտությանը:1 1972թ., մինչ նա Եկեղեցու հանձնարարությամբ Եվրոպայում էր, իր կնոջ` Քլեյրի հետ, տարբեր տեղեր այցելեցին Դանիայում, որտեղ ապրել էին նրա նախնիները: Գյուղերից մեկում նրանք գտան այն եկեղեցին, որտեղ Նախագահ Հանթերի մեծ պապը` Ռազմուսսենը, մկրտվել էր, և որտեղ երկրպագության էր գալիս ընտանիքը: Այս փորձառությունը խորացրեց Նախագահ Հանթերի երախտագիտությունը իր մայրական կողմի նախնիների հանդեպ: Նա նմանատիպ այցելություններ կատարեց Նորվեգիայում և Շոտլանդիայում, որտեղ ապրել էին այլ նախնիներ:2

Նախագահ Հանթերի որդին` Ռիչարդը, հիշում է իր հոր սերը ընտանեկան պատմության հանդեպ.

«Իր ողջ կյանքի ընթացքում նա եղել է ջանասեր հետազոտող: Նա հաճախ իր իրավաբանական պրակտիկայի ընթացքում գնում էր Լոս Անջելեսի հանրային գրադարան, որպեսզի հետազոտություններ կատարեր լայնածավալ ծագումնաբանական բաժնում: Նա իր հետազոտությունները, ընտանեկան խմբերի թերթերը, տոհմաբանական թերթիկները և իր լսած պատմությունները անձամբ գրում էր հուշամատյաններում:

Երբեմն ես ճամփորդում էի նրա հետ, երբ մեկնում էր բազմաթիվ համաժողովների` որոշակի հանձնարարություններով: Նա հուշամատյաններից մի քանիսը դնում էր մեքենայի բեռնախցիկում և ցցի համաժողովից հետո ասում էր. «Արի գնանք [այս] զարմիկիս տուն մի քանի րոպեով: Կան մի քանի տարեթվեր, որոնք ուզում եմ ճշտել»: Մենք գնում էինք զարմիկի տուն: Նա բեռնախցիկից հանում էր հուշամատյանները, և շուտով հյուրասենյակի սեղանը ծածկվում էր ընտանեկան խմբերի թերթիկներով:

Եթե ընտանիքի անդամներից մեկը ցանկանում էր համոզվել, որ իր հետազոտությունների արդյունքում ճիշտ տվյալներ ուներ, զանգահարում կամ գրում էր հայրիկին, որպեսզի ճշտեր փաստերը, քանի որ նրանք գիտեին, որ հայրիկն ուներ դրանք: Աշխատանքը, որը նա կատարեց, վիթխարի էր»:3

Մի անգամ, երբ Նախագահ Հանթերը ծառայում էր Տասներկուսի Քվորումում, այցելեցին նրա տնային ուսուցիչները և ասացին. «Մենք ցանկանում ենք ձեզ ցույց տալ մեր ընտանեկան խմբերի թերթերը, որոնք մենք պատրաստել ենք: … Այս երեկո մենք ժամանակ չունենք տեսնելու ձերը, սակայն հաջորդ անգամ կցանկանայինք տեսնել դրանք»:

«Այսպիսով, դա ինձ անչափ հետաքրքրեց»,- ասաց Նախագահ Հանթերը: «Ես մեկ ամիս պատրաստվում էի տնային ուսուցիչների հաջորդ այցին»:4

1964-1972թթ. Հովարդ Վ. Հանթերը նախագահում էր Յուտայի Ծագումնաբանական Միությունում (տես էջ 19): 1994թ. Նախագահ Հանթերի մեծարման և Ծագումնաբանական Միության 100 ամյակի հիշատակին նվիրված ժողովի ժամանակ նա ասել է.

«Իմ ութսունյոթ ամյակի նախօրեին ես զարմանքով ետ եմ նայում տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը առաջ տանելու Տիրոջ գործերին: Երբ ես Յուտայի Ծագումնաբանական Միության նախագահն էի, մենք տեսլականներ ունեինք, թե ինչ զորությամբ էր այն առաջ մղվելու: Այժմ մենք տեսնում ենք, որ ինչ-որ փառահեղ բան է տեղի ունենում ողջ աշխարհում: Ավետարանն առաջ է շարժվում` ընդգրկելով բոլոր ազգերին, ցեղերին, լեզուներին և ժողովուրդներին: Տաճարները տեղակայված են ողջ աշխարհով մեկ, և Եղիայի հոգին դիպչում է անդամներից շատերի սրտերին, ովքեր կատարում են ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքներ աննախադեպ արագությամբ»:5

Ջոն և Նելլի Հանթեր

Հովարդ Վ. Հանթերի ծնողները` Ջոն Վիլյամ (Վիլ) Հանթեր և Նելլի Մարի Ռազմուսսեն Հանթեր

Հովարդ Վ. Հանթերի ուսմունքները

1

Տաճարները կառուցվել են արարողություններ կատարելու համար, որոնք կարևոր են Աստծո զավակների փրկության ու վեհացման համար:

Տաճարները սուրբ են Տիրոջ և նրանց ամենամոտ հաղորդակցման պատճառով, ովքեր ստանում են սուրբ քահանայության ամենաբարձր և ամենասուրբ արարողությունները: Տաճարում է, որ աշխարհի բաները միավորվում են երկնային բաների հետ: … Աստծո մեծ ընտանիքը կմիանա ավետարանի փրկագործող արարողությունների միջոցով: Տաճարների նպատակն է իրականացնել մահացածների փոխարեն արվող աշխատանքը և ողջերի արարողությունները:

Վերջին Օրերի Սրբերի կողմից աշխարհին հայտարարված ավետարանը Հիսուս Քրիստոսի ավետարանն է, որը վերականգնվել է երկրի վրա այս տնտեսությունում և ողջ մարդկության փրկագնման համար է: Տերն ինքը հայտնել է, թե ինչն է առանցքային իր զավակների փրկության և վեհացման համար: Առանցքային կետերից մեկն այն է, որ տաճարները պետք է կանգնեցվեն արարողությունների կատարման համար, որոնք չեն կարող կատարվել որևէ այլ վայրում:

Երբ սա բացատրում են աշխարհի բոլոր այն մարդկանց, ովքեր գալիս և տեսնում են մեր տաճարները, նրանք ամենից հաճախ հարցնում են, թե ի՞նչ արարողություններ են կատարվում տաճարներում:

Մկրտություն մահացածների համար

Ի պատասխան, մենք հաճախ նախ բացատրում ենք արարողությունը, որը հայտնի է որպես մկրտություն մահացածների համար: Մենք նշում ենք, որ բազմաթիվ քրիստոնյաներ հավատում են, որ մահվան ժամանակ Տիրոջ առաջ մեր կարգավիճակը որոշվում է ողջ հավերժության համար, քանզի մի՞թե Քրիստոսը չի ասել Նիկոդեմոսին. «Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. եթէ մեկը ջրից եւ Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայութիւնը մտնել» (Հովհաննես Գ.5): Սակայն մենք գիտենք, որ շատ մարդիկ մահացել են առանց մկրտության արարողության, և այսպես, համաձայն Նիկոդեմոսին արած Քրիստոսի հայտարարության, նրանք կզրկվեն Աստծո թագավորություն մտնելու հնարավորությունից: Սա բարձրացնում է հետևյալ հարցը` Աստված արդա՞ր է:

Պատասխանն է` իհարկե Աստված արդար է: Ակնհայտ է, որ Նիկոդեմոսին արված Փրկչի հայտարարությունը ենթադրում է, որ մկրտություններ կարող են արվել նրանց համար, ովքեր մահացել են, ովքեր չեն մկրտվել: Վերջին Օրերի մարգարեներն ասել են մեզ, որ մկրտությունը երկրային արարողություն է, որը կարող է կատարվել միայն ողջերի կողմից: Այդ դեպքում, ինչպե՞ս կարող են նրանք, ովքեր մահացած են, մկրտվել, եթե միայն ողջերը կարող են կատարել արարողությունները: Դա էր Պետրոս Առաքյալի թեման Կորնթացիներին գրելիս, երբ նա տվեց հետևյալ հարցը.

«Ապա եթէ ոչ, ի՞նչ կանեն մեռելների համար մկրտուղները եթէ արդարեւ մեռելները յարութիւն չառնեն. էլ ինչո՞ւ են նորանց համար մկրտվում»: (Ա Կոր. ԺԵ.29:)7

Արդյո՞ք խելամիտ է թվում այն, որ մարդիկ, ովքեր ապրել են երկրի վրա և մահացել են առանց մկրտվելու հնարավորության, պետք է զրկված մնան հավերժության մեջ: Կա՞ արդյոք անմիտ որևէ բան, երբ ողջերը կատարում են մկրտություններ մահացածների համար: Հավանաբար մահացածների համար մկրտության աշխատանք կատարելու ամենամեծ օրինակը Վարդապետն ինքն է: Նա տվեց իր կյանքը որպես փոխարինող քավություն, որպեսզի բոլոր նրանք, ովքեր մահանում են, կրկին ապրեն և ունենան հավերժական կյանք: Նա արեց մեզ համար այն, ինչը մենք չէինք կարող անել ինքներս մեզ համար: Նման կերպով մենք կարող ենք արարողություններ կատարել նրանց համար, ովքեր հնարավորություն չեն ունեցել անելու դրանք [իրենց] կյանքի ընթացքում:8

Օժտում

Օժտումը մեր տաճարներում կատարվող մեկ այլ արարողություն է: Այն բաղկացած է երկու մասից. առաջինը մի շարք հրահանգներ են և երկրորդը խոստումներ կամ ուխտեր, որոնք կապում է օժտում ստացող անձնավորությունը` արդար ապրելու և Հիսուս Քրիստոսի ավետարանի պահանջներին ենթարկվելու խոստումներ: Օժտումը մի արարողություն է, որը մեծ օրհնություն է բերում Սրբերին` թե ողջերին և թե մահացածներին: Այսպիսով, այն նաև մի արարողություն է, որը կատարվում է ողջերի կողմից մահացածների համար. այն կատարվում է նրանց համար, ում մկրտության աշխատանքն արդեն իսկ կատարված է:

Սելեստիալ ամուսնություն

Մեկ այլ տաճարային արարողություն է սելեստիալ ամուսնությունը, որի ժամանակ կինը կնքվում է ամուսնու հետ և ամուսինը կնքվում է կնոջ հետ հավերժության համար: Մենք իհարկե գիտենք, որ քաղաքացիական ամուսնություններն ավարտվում են մահվան ժամանակ. սակայն հավերժական ամուսնությունները, որոնք կատարվում են տաճարում, կարող են գոյություն ունենալ հավերժորեն: Ամուսնու և կնոջ հավերժական ամուսնությունից հետո ծնված երեխաները մեխանիկորեն կնքվում են իրենց ծնողների հետ հավերժության համար: Եթե երեխաները ծնվում են նախքան ամուսնու հետ կնոջ կնքվելը, կա տաճարային կնքման արարողություն, որը կարող է կնքել այս երեխաներին իրենց ծնողների հետ հավերժության համար, և նմանապես երեխաները կարող են փոխարինաբար կնքվել ծնողների հետ, ովքեր մահացել են: …

Քահանայության այս բոլոր արարողությունները կարևոր են մեր Երկնային Հոր զավակների փրկության ու վեհացման համար:9

զույգ, որի ետին պլանում տաճարն է

«Իսկապես, որ չկա ոչ մի աշխատանք , որը հավասար լինի տաճարային աշխատանքին»:

2

Ընտանեկան պատմության աշխատանքի նպատակն է տաճարային օրհնությունները մատչելի դարձնել բոլոր մարդկանց համար:

Անշուշտ, մենք` վարագույրի այս կողմում գտնվողներս, մեծ աշխատանք ունենք անելու: … Տաճարներ կառուցելը մեծ նշանակություն ունի մեզ և մարդկության համար, և մեր պարտականությունները պարզ են դառնում: Մենք պետք է կատարենք քահանայության տաճարային ծեսերի աշխատանքը, որն անհրաժեշտ է մեր սեփական վեհացման համար: Այնուհետև մենք պետք է կատարենք անհրաժեշտ աշխատանքը նրանց համար, ովքեր հնարավորություն չեն ունեցել ընդունելու ավետարանը կյանքի ընթացքում: Մյուսների համար աշխատանքը կատարվում է երկու քայլով. առաջինը՝ ընտանեկան պատմության հետազոտությամբ գտնել մեր նախնիներին , և երկրորդը՝ կատարել տաճարային ծեսերը, տալով նրանց նույն հնարավորությունները, որ ունեն ապրողները:

Այնուամենայնիվ, Եկեղեցու շատ անդամների համար տաճար այցելելու հնարավորոթյունները սահմանափակ են: Նրանք անում են, ինչ կարող են: Նրանք կատարում են ընտանեկան պատմության ուսումնասիրություն, որից հետո տաճարային ծեսերը կատարվում են ուրիշների կողմից: Եվ հակառակը, կան անդամներ, ովքեր մասնակցում են տաճարային աշխատանքին, սակայն չեն զբաղվում իրենց սեփական տոհմաբանության պատմությամբ: Թեև նրանք աստվածային ծառայություն են մատուցում` օգնելով ուրիշներին, նրանք օրհնություն են կորցնում, երբ չեն փնտրում իրենց սեփական տոհմի նախնիներին, ինչպես աստվածայնորեն հրահանգել են վերջին օրերի մարգարեները:

Ես հիշում եմ մի քանի տարի առաջ ունեցած նման մի փորձառություն: Ծոմապահության և վկայության ժողովի վերջում եպիսկոպոսը նշեց. «Այսօր մենք հոգևոր փորձառություն ունեցանք` լսելով յուրաքանչյուրիս բերած վկայությունները: Դա տեղի ունեցավ այն բանի շնորհիվ, որ մենք եկել ենք ծոմ պահած` համաձայն Տիրոջ օրենքի: Սակայն եկեք երբեք չմոռանանք, որ օրենքը բաղկացած է երկու մասից. մենք ծոմ ենք պահում, հրաժարվելով ուտելիքից և հեղուկներից, և մենք նվիրաբերում ենք այդպիսով խնայվածը եպիսկոպոսի շտեմարանին` ի շահ նրանց, ովքեր ավելի կարիքավոր են»: Ապա նա ավելացրեց. «Հուսով եմ, որ մեզանից ոչ ոք այսօր չի հեռանա միայն կես օրհնությամբ»:

Ես գիտեմ, որ նրանք, ովքեր կատարում են ընտանիքի պատմության հետազոտություն և ապա կատարում տաճարային աշխատանք նրանց համար, ում անունները գտել են, կունենան լրացուցիչ ուրախություն` ստանալով օրհնության երկու մասերը:

Դեռ ավելին, մահացածները անհամբեր սպասում են, որ Վերջին Օրերի Սրբերը գտնեն իրենց անունները և ապա գնան տաճարներ իրենց փոխարեն սպասավորելու համար, որպեսզի նրանք կարողանան հոգևոր աշխարհում ազատվել բանտից: Մենք բոլորս պետք է ուրախություն գտնենք սիրո այս մեծ աշխատանքում:10

Ընտանեկան պատմության աշխատանքի նպատակն է տաճարային օրհնությունները մատչելի դարձնել բոլոր մարդկանց համար` թե ողջերի, թե մահացածների համար: Երբ մենք այցելում ենք տաճար և կատարում ենք մահացածների համար աշխատանքը, մենք խորը զգացմունքներ ենք ձեռք բերում Աստծո հետ համաձայնության գալու վերաբերյալ և ավելի լավ ենք սկսում հասկանալ մարդկության փրկության նրա ծրագիրը: Մենք սովորում ենք սիրել մեր մերձավորներին` ինչպես սիրում ենք ինքներս մեզ: Իսկապես, որ չկա այն աշխատանքին հավասարը, որը կատարվում է տաճարում:11

3

Թող որ մենք անվեհեր լինենք` մեր ընտանիքի պատմության և տաճարային աշխատանքն արագացնելիս:

Երբ մենք տաճարում աշխատանք ենք կատարում նրանց համար, ովքեր հեռացել են մեզանից, մեզ հիշեցվում է Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի խորհուրդը, ով հայտարարել է. «Հանուն նրանց մեր գործադրած ջանքերի միջոցով իրենց գերության շղթաները կընկնեն, և նրանց շրջափակող խավարը կցրվի, որպեսզի լույսը շողա նրանց վրա, և նրանք կլսեն հոգևոր աշխարհում այն աշխատանքի մասին, որը կատարվել է այստեղ նրանց համար իրենց երեխաների միջոցով, և կուրախանան» [Conference Report, Oct. 1916, 6]:12

Այս սուրբ աշխատանքը` [ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքը], նշանակալից տեղ է զբաղեցնում Առաջին Նախագահության և Տասներկուսի Քվորումի սրտերում և մտքերում: Ես խոսում եմ բոլոր Եղբայրների անունից, երբ շնորհակալություն եմ հայտնում նրանց, ովքեր արժեքավոր ներդրումներ են կատարել վարագույրի մյուս կողմում գտնվողների համար փրկող արարողություններ ապահովելով: … Մենք երախտապարտ ենք կամավորների այն բանակի համար, ովքեր առաջ են տանում այս մեծ աշխատանքը ողջ երկրում: Շնորհակալություն բոլորին այն ամենի համար, ինչը շատ լավ է արվում:

Ջոզեֆ Սմիթ Մարգարեն ասել է. «Մեծագույն պատասխանատվությունն այս աշխարհում, որ Աստված դրել է մեզ վրա, մեր մահացածներին որոնելն է» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 505): Նա նաև ասել է. … «Այն Սրբերը, ովքեր անտեսում են այն՝ իրենց մահացած բարեկամների համար, անում են դա ի վնաս իրենց իսկ փրկության» [Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ, 501]:

Այս կարևորագույն հայտնության վերաբերյալ նույն տեսլականն ունենալով` Նախագահ Բրիգամ Յանգն ասել է. «Մենք աշխատանք ունենք կատարելու, որն իր ասպարեզում այնքան կարևոր է, որքան Փրկչի աշխատանքն է եղել այդ ասպարեզում: Մեր հայրերը չեն կարող կատարյալ դառնալ առանց մեզ. մենք չենք կարող կատարյալ դառնալ առանց նրանց: Նրանք կատարել են իրենց գործը և այժմ քնել են: Մենք այժմ կանչված ենք կատարելու մերը, որը մեծագույն աշխատանքն է, որը մարդը երբևէ կատարել է երկրի վրա» (Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe, Salt Lake City: Deseret Book Co., 1941, p. 406):

Ամեն մարգարե, ով առաջնորդել է այս եկեղեցին սկսած Ջոզեֆ Սմիթի օրերից մինչև այժմ, կրկնել է այս նույն վեհ ճշմարտությունը: Առաջնորդվելով այս ճշմարտություններով` Եկեղեցին, սկսած այս տնտեսության սկզբնական շրջանից, ներգրավվել է Աստծո բոլոր որդիների և դուստրերի փրկության և վեհացման աշխատանքում, անկախ այն բանից, թե երբ են նրանք ապրել երկրի վրա:

Մենք` այս օրերում ապրողներս, նրանք ենք, ում Աստված նախքան ծնվելը նշանակել է լինելու իր ներկայացուցիչները երկրի վրա այս տնտեսությունում: Մենք Իսրայելի տնից ենք: Մեր ձեռքերում կրում ենք սրբազան զորություններ` լինելու ազատիչներ Սիոն սարի վրա վերջին օրերում [տես Աբդիա Ա.21]:

Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի հետ կապված ես ունեմ մի կարևորագույն ուղերձ. Այս աշխատանքը պետք է արագացվի: Աշխատանքը, որը սպասում է կատարվելուն, ապշեցուցիչ է և մարդկային հասկացողությունից վեր: Անցյալ տարի [1993թ.] մենք կատարել ենք փոխարինող տաճարային օժտումներ մոտավորապես հինգ ու կես միլիոն մարդու համար, սակայն այդ տարվա ընթացքում մահացել է մոտավորապես հիսուն միլիոն մարդ: Սա կարող է անօգտակար թվալ աշխատանքի համար, որը դրված է մեր առաջ, սակայն մենք չենք կարող մտածել անօգտակարության մասին: Անշուշտ Տերը կաջակցի մեզ, եթե մենք գործի դնենք մեր լավագույն ջանքերը` ընտանեկան պատմության հետազոտության և տաճարային աշխատանքների հետ կապված պատվիրանը պահելիս: Տաճարների մեծ աշխատանքը և ամենը, որ աջակցում են դրան, պետք է ընդլայնվի: Դա շատ կարևոր և հրատապ է: …

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, թող որ մենք անվեհեր լինենք` մեր ընտանիքի պատմության և տաճարային աշխատանքն արագացնելիս: Տերն ասել է. «Ճշմարիտ այսպես է ասում Տերը. Թող իմ տաճարի աշխատանքը, և բոլոր գործերը, որոնք ես նշանակել եմ ձեզ, շարունակվեն և չդադարեն. և թող ձեր ջանասիրությունը, և ձեր հետևողականությունը, և համբերությունը, և ձեր աշխատանքները կրկնապատկվեն, և դուք ոչ մի դեպքում չեք կորցնի ձեր վարձքը, ասում է Զորաց Տերը» (ՎևՈւ 127.4):

Ես քաջալերում եմ ձեզ ձեր ջանքերում Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ խոսքերով. «Եղբայրներ, արդյոք չպե՞տք է մենք շարունակենք այս մեծ գործը: Գնացեք առաջ և ոչ թե ետ: Քաջություն, եղբայրներ. և առաջ, առաջ դեպի հաղթանակ: Թող ձեր սրտերը ցնծան և մեծապես ուրախանան: Թող երկիրը երգով բռնկվի: Թող մահացածները հավերժական գովքի օրհներգ ասեն Էմմանուել Թագավորին, որը, նախքան աշխարհի լինելը, կարգել է այն, ինչը մեզ հնարավորություն կտա բանտից փրկագնելու նրանց. քանզի բանտարկյալները պիտի ազատվեն» (ՎևՈւ 128.22):

Ես սիրում եմ այս աշխատանքը: Ես գիտեմ, որ Տերը կպատրաստի այն ամենը, ինչ կպահանջվի այն իրագործելու համար, երբ մենք նվիրված անենք մեր բաժինը: Թող Տերն օրհնի մեզանից յուրաքանչյուրին, մինչ մենք մեր ավանդը կներդնենք այս մեծ աշխատանքում, որը մենք պետք է կատարենք մեր օրերում:13

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Խորհեք բաժին 1-ի առաջին նախադասության շուրջ: Ինչպե՞ս է տաճարում արարողություններ կատարելն օգնել ձեզ ավելի մոտենալ Աստծուն: Այս բաժնի ո՞ր տեղեկությունը կարող է օգնել ձեզ` բացատրել տաճարների նպատակները նրան, ով չի հասկանում դրանք:

  • Ե՞րբ եք դուք ունեցել ընտանեկան պատմության հետազոտության և տաճարային աշխատանքի «օրհնությունների երկու մասերի» փորձառություն: (Sես բաժին 2:) Ինչպե՞ս կարող ենք ներառել երեխաներին և ընտանիքի մյուս անդամներին այս կարևոր աշխատանքում:

  • Երբ դուք վերանայեք Նախագահ Հանթերի ուսմունքները բաժին 3-ում, խորհեք, թե ինչ կարևորություն է Տերը տալիս ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին: Ինչպե՞ս են արագացվում ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքներն այսօր: Ինչպե՞ս կարող ենք մեծացնել մեր մասնակցությունը այս աշխատանքում:

Առնչվող սուրբ գրություններ

Եսայիա ԽԲ.6–7, Մաղաքիա Դ.5–6, Ա Պետրոս Գ.18–20, Դ.6, ՎևՈւ 2, 110.12–15, 124.28–30, 128.15–18, 138.57–59

Օգնություն ուսումնասիրողին

Նմանեցնելով մարգարեի խոսքերը ձեզ, մտածեք այն մասին, թե ինչպես են նրա ուսմունքները կապված ձեզ հետ (տես Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում [1999], 170): Ձեր ուսումնասիրության ընթացքում մտածեք ինքներդ ձեզ հարցնել, թե ինչպես այդ ուսմունքները կարող են օգնել ձեզ՝ մտահոգությունների, հարցերի և մարտահրավերների ժամանակ ձեր կյանքում:

Հղումներ

  1. Eleanor Knowles, Howard W. Hunter (1994), 186.

  2. Francis M. Gibbons, Howard W. Hunter: Man of Thought and Independence, Prophet of God (2011), 16–18.

  3. Unpublished manuscript by Richard A. Hunter.

  4. Knowles, Howard W. Hunter, 192.

  5. “We Have a Work to Do,” Ensign, Mar. 1995, 64.

  6. “The Golden Thread of Choice,” Ensign, Nov. 1994, 2.

  7. “A Temple-Motivated People,” Ensign, Feb. 1995, 2.

  8. “Elijah the Prophet,” Ensign, Dec. 1971, 71.

  9. “A Temple-Motivated People,” 2, 4.

  10. “A Temple-Motivated People,” 4, -5.

  11. “We Have a Work to Do,” 65.

  12. Text of the Bountiful Utah Temple dedicatory prayer, in “‘Magnificent Edifice’ Consecrated to [the] Lord,” Church News, Jan. 14, 1995, 4.

  13. “We Have a Work to Do,” 64–65.