Նախագահների ուսմունքները
Գլուխ 3. Ձախորդություն՝ Աստծո ծրագրի մաս հանուն մեր հավերժական առաջընթացի


Գլուխ 3

Ձախորդություն՝ Աստծո ծրագրի մաս հանուն մեր հավերժական առաջընթացի

«Երբ [մահկանացու կյանքի դժվարությունները] խոնարհեցնում են մեզ և զտում մեզ և ուսուցանում մեզ և օրհնում մեզ, դրանք կարող են հզոր միջոցներ լինել Աստծո ձեռքերում մեզ ավելի լավ ժողովուրդ դարձնելու համար»։

Հովարդ Վ. Հանթերի կյանքից

1980 թվականի ապրիլյան գերագույն համաժողովի ժամանակ Երեց Հովարդ Վ. Հանթերը`այն ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ, պատմեց, թե ինչպես Սամոայում մի մեծ բազմության հետ միասին դիտում էր թիանավերի մրցույթը: «Բազմությունն անհանգիստ էր , ասաց նա,շատերի աչքերն ուղղված էին դեպի ծովը` հետևելով [նավերի]. հայտնվելուն: Հանկարծ մի բղավոց լսվեց ամբոխի միջից, երբ հեռվում նավակները հայտնվեցին տեսադաշտում: Նրանցից յուրաքանչյուրն ուներ հիսուն հոգիանոց ուժեղ թիավարների անձնակազմ, ովքեր թիակները ռիթմով ընկղմում էին ջրի մեջ և հանում` ստիպելով նավերին առաջ շարժվել ալիքների միջով և փրփրեցնելով ջուրը՝ ստեղծելով մի գեղեցիկ տեսարան:

Նավերն ու մարդիկ շուտով ամբողջովին հայտնվեցին տեսադաշտում, երբ նրանք սլանում էին դեպի վերջնագիծը: Չնայած այս ուժեղ մարդիկ քաշում էին իրենց ողջ զորությամբ, նավի ծանրությունը հիսուն մարդու հետ շարժվում էր ընդդեմ մի հզոր հակադիր ուժի`ջրի դիմադրության դեմ:

Բազմության ծափահարությունները հասան գագաթնակետին, երբ առաջին թիանավն հատեց վերջնագիծը:

Մրցույթից հետո Երեց Հանթերը քայլեց դեպի նավակների կայանման վայրը և խոսեց թիավարներից մեկի հետ, ով բացատեց, որ նավի քթամասն այնպես է կառուցված, որ այն կտրում է և բաժանում ջուրը՝ օգնելու հաղթահարել դիմադրությունը, որը դանդաղեցնում է նավի արագությունը: Հետո նա բացատրեց, որ թիակները ջրի դիմադրության դեմ քաշելը ստեղծում է ուժ, որը ստիպում է նավին առաջ շարժվել: Դիմադրություն ստեղծում է ինչպես ընդդիմությունը, այնպես էլ առաջընթաց շարժումը»:1

Երեց Հանթերն օգտագործեց Սամոայի նավերի մրցույթը՝ ներկայացնելու մի ելույթ, որը նվիրված էր ձախորդության նպատակներին: Որպես Առաքյալ` իր ծառայության ընթացքում, նա շատ անգամներ է խոսել ձախորդության մասին, տալով խորհուրդ, հույս և խրախուսանք: : Նա խոսել է անձնական փորձից ելնելով, համբերությամբ տանելով կյանքին սպառնացող հիվանդություններ և այլ փորձություններ: Նա վկայել է ամուր համոզմունքով, որ դժբախտության պահերին «Հիսուս Քրիստոսն ունի ուժ` հեշտացնելու մեր դժվարությունները և թեթևացնելու մեր բեռները»:2

Քրիստոսը Բեթհեզդայի ջրավազանի մոտ

Մեր փորձությունների մեջ Փրկիչը հղում է մեզանից յուրաքանչյուրին այն հրավերը, որը Նա հղեց Բեթհեզդայի ջրավազանի մոտ գտնվող մարդուն. «Կամենո՞ւմ ես առողջ լինել»: Հովհաննես Ե.6:

Հովարդ Վ. Հանթերի Ուսմունքները

1

Ձախորդությունը մեր հավերժական առաջընթացի համար Աստծո ծրագրի մասն է:

Ես նկատել եմ, որ կյանքը` ամեն կյանք, ունի վերելքների և վայրէջքների լրիվ բաժինը: Մենք աշխարհում իսկապես տեսնում ենք շատ ուրախություններ և վշտեր , շատ փոխված ծրագրեր և նոր ուղղություններ, շատ օրհնություններ, որոնք միշտ չէ որ նման են օրհնությունների և շատ բաներ, որոնք խոնարհեցնում են մեզ, կատարելագործում մեր համբերությունը և ամրացնում մեր հավատքը: Մենք բոլորս ժամանակ առ ժամանակ ունեցել ենք այդ փորձությունները, և ես ենթադրում եմ` միշտ կունենանք: …

…Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը , ով շատ լավ գիտեր տառապանքի, հուսահատության և իր վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքների մասին, մի անգամ գրել է.

«Լինելով մարդ արարած, մենք կկամենայինք մեր կյանքից հեռացնել ֆիզիկական ցավը և հոգեկան տառապանքը և ինքներս մեզ համար ապահովեինք մշտական հանգստություն և հարմարավետություն, սակայն, եթե մենք փակենք վշտի ու դժբախտության դռները, հնարավոր է, որ մենք հեռացնենք մեր ամենալավ ընկերներին ու բարերարներին: Տառապանքը կարող է մարդկանց դարձնել սրբեր, երբ նրանք սովորեն համբերություն, համբերատարություն և ինքնատիրապետում» [Faith Precedes the Miracle (1972), 98]:

Այդ մտքի մեջ Նախագահ Քիմբալն ակնարկում է դռներ փակելը կյանքի որոշակի փորձառությունների վրա: …Մեր կյանքում մշտապես դռներ են փակվում, իսկ դրանցից մի քանիսի փակվելը պատճառում է իսկական ցավ և սրտնեղություն: Իսկ ես իրոք հավատում եմ, որ երբ այդպիսի մի դուռ փակվում է , մեկ այլ դուռ է բացվում (և գուցե մեկից ավելին ), հույսով և օրհնություններով մեր կյանքի այլ բնագավառներում, որոնք մենք չէինք հայտնաբերի այլ հանգամանքներում:

… Մի քանի տարի առաջ [Նախագահ Մարիոն Գ. Ռոմնին] ասաց, որ բոլոր տղամարդիկ և կանայք, ներառյալ ամենահավատարիմներն ու նվիրվածները, ձախորդություն և չարչարանքներ են կրելու իրենց կյանքում, որովհետև Ջոզեֆ Սմիթի խոսքերով, «Մարդիկ պետք է տառապեն, որպեսզի կարողանան գալ Սիոնի սարը և վեհացվեն երկինքներից վեր» [Եկեղեցու Նախագահների Ուսմունքները՝ Ջոզեֆ Սմիթ (2007), 230; see Conference Report, Oct. 1969, 57]:

Նախագահ Ռոմնին ասել է.

« Սա չի նշանակում, որ մենք տենչում ենք տառապել: Մենք խուսափում ենք ամեն ինչից, որքան կարողանում ենք: Սակայն մենք գիտենք այժմ, և մենք բոլորս գիտեինք, երբ մենք ընտրեցինք գալ մահկանացու կյանք, որ մենք այստեղ կստուգվենք ձախորդության և չարչարանքի հնոցում: …

[Բացի այդ,] Հոր ծրագրով Իր զավակների ստուգման և [զտման համար] բացառություն չէր նույնիսկ Ինքը՝ Փրկիչը : Տառապանքը, որ Նա իր վրա վերցրեց դիմանալու համար, և որին Նա իսկապես դիմացավ, հավասարապես միավորեց բոլոր տղամարդկանց և կանանց տառապանքն ամենուրեք: Դողալով և արնահոսելով և ցանկանալով ընկրկել գավաթից, նա ասել է.«Ես ճաշակեցի ու ավարտեցի իմ նախապատրաստությունները մարդկանց զավակների համար» (ՎևՈւ 19.18–19)»(in Conference Report, Oct. 1969, p. 57);

Մենք բոլորս պետք է ավարտենք մեր « նախապատրաստությունները մարդկանց զավակների համար»[ՎևՈւ 19.19]: Քրիստոսի նախապատարաստությունները լիովին տարբեր էին մեր սեփականից, բայց մենք բոլորս պետք է նախապատրաստություններ կատարենք, դռներ բացենք: Այդպիսի կարևոր նախապատրաստություններ կատարելը հաճախ պահանջում է մի քիչ ցավ, որոշ անսպասելի փոփոխություններ կյանքի ճանապարհին և մի քիչ հնազանդություն, «ճիշտ` ինչպես երեխան է ենթարկվում իր հորը» [Մոսիա 3.19]: Աստվածային նախապատրաստությունները վերջացնելը և սելեստիալ դռները բացելը իրոք կարող է տանել մեզ , անկասկած հասցնել մեզ, հենց ընդհուպ մեր մահկանացու կյանքի եզրափակիչ ժամերը: 3

Մենք մահկանացու կյանք ենք եկել դիմադրության հանդիպելու համար: Դա մեր հավերժական առաջընթացի ծրագրի մասն է կազմում: Առանց գայթակղության, հիվանդության, ցավի և վշտի չէր կարող լինել բարություն, արժանիք, շնորհակալություն բարօրության համար կամ ուրախություն: … Մենք պետք է հիշենք, որ նույն դիմադրության ուժերը, որոնք խանգարում են մեր առաջընթացին, ընձեռում են մեզ հաղթահարելու հնարավորություններ: 4

2

Մեր մահկանացու տառապանքները մեր աճի և փորձառության համար են:

Երբ [մահկանացու կյանքի դժվարությունները] խոնարհեցնում են մեզ, և զտում մեզ, և ուսուցանում մեզ, և օրհնում մեզ, դրանք կարող են հզոր միջոցներ լինել Աստծո ձեռքերում՝ մեզ ավելի լավ մարդիկ դարձնելու, դարձնելու մեզ ավելի երախտապարտ, ավելի սիրառատ, ավելի հոգատար` ուրիշ մարդկանց հանդեպ` նրանց դժվարության պահերին:

Այո, մենք բոլորս ունենում ենք դժվարին պահեր, անհատապես և հավաքականապես, բայց նույնիսկ ամենադժվար պահերին, հին դարերում թե ներկա ժամանակներում, այդ խնդիրներն ու մարգարեությունները երբեք նախատեսված չեն եղել որևէ բան անելու, բացի արդարներին օրհնելուց, և օգնելու նրանց, ովքեր ավելի քիչ արդար են` գնալու դեպի ապաշխարություն: Աստված սիրում է մեզ, և սուրբ գրքերն ասում են մեզ, որ Նա «իր միածին Որդին տուավ. որ ամեն նորան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա» [Հովհաննես Գ.16]:5

Մորմոնի Գրքի մեծ հայրապետ Լեքին, խրախուսաբար է խոսել իր որդի Հակոբի հետ, ով ծնվել էր անապատում` չարչարանքի և ընդդիմության մի ժամանակահատվածում: Հակոբի կյանքն այնպիսին չէր , որ նա էր ակնկալում, ոչ էլ այնպիսին, ինչպիսին փորձառության իդեալական ընթացքը կարող է ուրվագծած լիներ: Նա տառապել էր նեղություններից և անհաջողություններից, բայց Լեքին խոստացել էր, որ այդ նեղությունները կսրբագործվեին ի օգուտ իր որդու (տես 2 Նեփի 2.2):

Ապա Լեքին ասել է այս խոսքերը, որոնք դարձել են դասական.

«Քանզի, անպայման պետք է, որ հակադրություն լինի բոլոր բաներում: Եթե այդպես չլիներ, … արդարությունը չէր կարող իրագործվել, ոչ էլ ամբարշտությունը, ո՛չ սրբությունը, ո՛չ էլ թշվառությունը, ո՛չ լավը, ո՛չ էլ վատը:(2 Նեփի 2.11):

Ես մեծ մխիթարություն եմ ստացել տարիների ընթացքում կյանքի որոշակի ցավի և հուսախաբության այս բացատրությունից: Ես նույնիսկ ավելի մեծ մխիթարություն եմ ստանում, որ տղամարդկանցից և կանանցից մեծագույնները, ներառյալ Աստծո Որդին, դիմակայել են այդպիսի ընդդիմության, որպեսզի ավելի լավ հասկանան հակադրությունը արդարակեցության և ամբարշտության միջև, սրբության և թշվառության, բարու և չարի միջև: Լիբերթիի բանտում` մութ ու խոնավ բանտարկությունից Մարգարե Ջոզեֆ Սմիթը սովորեց, որ եթե մենք կանչվում ենք անցնել չարչարանքի միջով, դա մեր աճի և փորձառության համար է և ի վերջո կհամարվի մեր բարիքի համար (տես ՎևՈւ 122.5–8):

Որտեղ մի դուռ փակվում է, մեկ ուրիշն է բացվում`նույնիսկ բանտում գտնվող մարգարեի համար: Մենք միշտ չէ, որ բավականաչափ իմաստուն ենք, կամ էլ բավականաչափ փորձառու՝ համապատասխանաբար դատելու բոլոր հնարավոր մուտքերն ու ելքերը: Առանձնատունը, որն Աստված պատրաստում է իր սիրելի զավակներից յուրաքանչյուրի համար, կարող է ունենալ միայն որոշ միջանցքներ և բազրիքներ, հատուկ գորգեր և վարագույրներ, որոնցով նա կկամենար մեզ անցկացնել մեր ճանապարհին՝ դրանց տիրանալու համար: …

Մեր կյանքի տարբեր ժամանակներում, հավանաբար մեր կյանքում կրկնվող պահերի ժամանակ, մենք պետք է ընդունենք, որ Աստված գիտի այն, ինչ մենք չգիտենք և տեսնում է այն, ինչ մենք չենք տեսնում: «Որովհետեւ իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, եւ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տերը»(Եսայիա ԾԵ.8):

Եթե դուք տանը դժվարություններ ունեք երեխաների հետ, ովքեր մոլորվել են, եթե դուք տանում եք ֆինանսական անհաջողություններ և հուզական լարվածություն, որը սպառնում է ձեր տներին և ձեր երջանկությանը, եթե դուք պետք է դիմակայեք կյանքի կամ առողջության կորստի, թող խաղաղություն լինի ձեր հոգում: Մենք երբեք մեր դիմադրելու կարողությունից վեր չենք գայթակղվի» [տես Ա Կորնթացիս Ժ.13, Ալմա 13.28, 34.39]: Մեր շրջանցումները և հուսահատությունները նեղ և անձուկ ճանապարհն են դեպի Նա:6

Ջոզեֆ Սմիթը Լիբերթի բանտում

Երբ Ջոզեֆ Սմիթը Լիբերթի բանտում էր, Տերը հայտնի դարձրեց նրան, որ ձախորդությունը կարող է տալ մեզ փորձառություն և լինել մեր օգտի համար:

3

Մենք ամեն պատճառ ունենք լավատես լինելու, նույնիսկ դժվարության պահերին:

Միշտ էլ եղել են որոշ դժվարություններ մահկանացու կյանքում և միշտ էլ կլինեն: Բայց իմանալն այն, ինչ մենք գիտենք, և ապրելով այնպես ինչպես, ակնկալվում է, որ մենք ապրենք, չկա իսկապես տեղ, արդարացում հոռետեսության և հուսահատության համար:

Իմ կյանքի ընթացքում ես տեսել եմ երկու համաշխարհային պատերազմներ, գումարած Կորեան, գումարած Վիետնամը և [մյուսները]: Ես իմ ուղին հարթել եմ Դեպրեսիայի միջով և հասցրել եմ գնալ իրավաբանական համալասարան, միևնույն ժամանակ կազմելով երիտասարդ ընտանիք: Ես տեսել եմ բաժնետոմսերի շուկաները և աշխարհի տնտեսությունները խենթանալիս և տեսել եմ, թե ինչպես են մի քանի բռնապետեր և բռնակալներ խենթացել՝ առաջացնելով բավականին խնդիրներ ողջ աշխարհում այդ ժամանակ:

Այսպիսով, ես հուսով եմ դուք չեք հավատա, որ ողջ աշխարհի դժվարությունները դիզվել են ձեր տասնամյակում, կամ որ գործերն այդքան վատ երբեք չեն եղել, քան դրանք անձնապես ձեզ համար են, կամ որ դրանք այլևս երբեք լավ չեն լինի: Ես հավաստիացնում եմ ձեզ, որ գործերն ավելի վատթար են եղել և դրանք միշտ ավելի կլավանան: Դրանք միշտ էլ լավանում են, հատկապես, երբ մենք Հիսուս Քրիստոսի ավետարանով ենք ապրում և սիրում այն և հնարավորություն տալիս, որ այն ծաղկի մեր կյանքում: …

Ի հակառակ նրա, ինչ ոմանք կարող ենասել, որ դուք ունեք ամեն պատճառ երջանիկ լինելու և լավատես ու վստահ այս աշխարհում: Յուրաքանչյուր սերունդ, իր ժամանակի սկսվելուց ի վեր, ունեցել է հաղթահարելու որոշ բաներ և լուծելու որոշ խնդիրներ:7

4

Երբ մենք գալիս ենք դեպի Հիսուս Քրիստոս, Նա հեշտացնում է մեր դժվարությունները և թեթևացնում մեր բեռները:

«Ինձ մոտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ:

Ձեզ վրա առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեր անձերի համար հանգստութիւն կգտնէք:

Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև (Մատ. ԺԱ.2830:) …

… Աստծո Որդու կողմից հասցվող օգնության այս սքանչելի առաջարկը չէր սահմանափակվում միայն Իր օրերի Գալիլեացիներով: Իր քաղցր լուծը ուսին առնելու և թեթև բեռն ընդունելու այս կոչը սահմանափակված չէ անցած սերունդներով: Դա եղել է և համընդհանուր կոչ է բոլոր մարդկանց, բոլոր քաղաքներին և ազգերին, յուրաքանչյուր տղամարդու և կնոջ ու երեխայի ամենուրեք:

Մեր իսկ մեծ կարիքի դեպքերում մենք չպետք է չճանաչված թողնենք մեր աշխարհի հոգսերին և մտահոգություններին տրված այս անխափան պատասխանը: Ահա այստեղ է անձնական խաղաղության և պաշտպանության խոստումը: Ահա այստեղ է բոլոր ժամանակաշրջաններում մեղքին թողություն տալու իշխանությունը: Մենք ևս պետք է հավատանք, որ Հիսուս Քրիստոսն իշխանություն ունի` հեշտացնելու մեր դժվարությունները և թեթևացնելու մեր բեռները: Մենք ևս պետք է գանք դեպի Նա և այնտեղ հանգստություն ստանանք մեր գործերից:

Իհարկե այդպիսի խոստումների հետ գալիս են պարտավորություններ: «Վերցրեք իմ լուծը ձեզ վրա», աղերսում է Նա: Աստվածաշնչյան ժամանակներում լուծը մի գործիք էր, որը մեծ օգնություն էր նրանց համար, ովքեր վարում էին դաշտը: Այն թույլ էր տալիս, որ մի երկրորդ անասունի ուժը միակցվեր և զուգակցված մեկ կենդանու ջանքով կիսվեր և նվազեր գութանի կամ սայլի ծանր աշխատանքը: Բեռը, որը ճնշող էր կամ գուցե անհնարին կրելու մեկի համար, կարող էր հավասարապես և հարմարավետ կրվել երկուսի կողմից, որոնք կապվում են մի ընդհանուր լծով: Նրա լուծը պահանջում է մեծ և լուրջ ջանք, բայց նրանց համար, ովքեր իսկապես դարձի են եկել, լուծը հեշտ է և բեռը թեթև է դառնում:

Ինչո՞ւ դիմակայել կյանքի բեռին միայնակ, հարցնում է Քրիստոսը, կամ ինչո՞ւ դիմակայել դրանց ժամանակավոր աջակցությամբ, որն արագ փոխվում է: Բեռնավորվածների համար դա Քրիստոսի լուծն է, դա իշխանությունն է ու խաղաղությունը կանգնելու կողք կողքի Աստծո հետ, որը կապահովի աջակցություն, հավասարակշռություն և ուժ՝ դիմակայելու մեր մարտահրավերներին և դիմանալու մեր խնդիրներին այստեղ` մահկանացու կյանքի կարծրահող դաշտում:

Ակնհայտորեն, կյանքի անձնական բեռները տարբերվում են անձից անձ , բայց մեզանից ամեն մեկն ունի դրանք: … Իհարկե, որոշ վշտեր առաջանում են այն աշխարհի մեղքերից, որը չի հետևում [մեր] Երկնային Հոր խորհրդին: Ինչ էլ որ լինի պատճառը, թվում է, մեզանից ոչ ոք ազատ չէ կյանքի մարտահրավերներից: Ինչպես մեկին, այնպես էլ բոլորին, Քրիստոսն ասել է… Քանի որ մենք բոլորս պետք է կրենք ինչ որ բեռներ և ուսերին վերցնենք ինչ որ լուծ, ինչո՞ւ ոչ, թող այն լինի Իմը: Իմ խոստումն է ձեզ, որ իմ լուծը քաղցր է և իմ բեռը` թեթև: (Տես Մատթ. ԺԱ..28–30:)8

ժպտացող երիտասարդ տղամարդ

«Քրիստոսի հետևորդներին ամեն սերնդում կոչ է արվում, իրականում պատվիրվում է, լցված լինել հույսի կատարյալ պայծառությամբ»:

5

Վերջին օրերի Սրբերին պետք չէ վախենալ վերջին օրերի նեղություններից:

Սուրբ գրությունները … նշում են, որ կլինեն ժամանակաշրջաններ, երբ ողջ աշխարհը կունենա որոշ դժվարություններ: Մենք գիտենք, որ մեր ժամանակաշրջանում անիրավությունը, դժբախտաբար, կլինի լիովին ակնհայտ, և դա կբերի իր անխուսափելի դժվարությունները և ցավն ու պատիժը: Աստված կկրճատի այդ անիրավությունն իր իսկ հարմար ժամանակին, բայց մեր խնդիրն է` ապրել լիակատար և հավատարմորեն, և ինքներս չանհանգստանանք, տագնապի մատնվենք աշխարհի վայերի համար կամ, երբ այն պետք է ավարտվի: Մեր խնդիրն է ունենալ ավետարանը մեր կյանքում և լինել պայծառ լույս, քաղաք հիմնված բլրի վրա, որն արտացոլում է Հիսուս Քրիստոսի ավետարանի գեղեցկությունը և ուրախությունն ու երջանկությունը, որը միշտ կգա ամեն ժողովրդի ամեն դարում, ովքեր պահում են պատվիրանները:

Այս վերջին ժամանակաշրջանում կլինի մեծ նեղություն: (Տես Մատթ. 24.21;) Մենք գիտենք, որ կլինեն պատերազմներ և պատերազմների լուրեր (տես ՎևՈւ 45.26) և որ ողջ երկիրը կլինի խառնաշփոթի մեջ (տես ՎևՈւ 45.26): Բոլոր ժամանակաշրջաններն ունեցել են իրենց վտանգավոր ժամանակները, բայց մեր օրը կներառի իսկական վտանգ: (Տես Բ Տիմ. Գ.1.) Չար մարդիկ կծաղկեն (տես Բ Տիմ. Գ.13), բայց հետո չար մարդիկ շատ հաճախ են ծաղկել: Աղետներ կգան և անօրինությունը կշատանա: (Տես ՎևՈւ 45.27:)

Անխուսափելիորեն այսպիսի մարգարեություններից մի քանիսի արդյունքը վախն է, և դա վախ չէ, որը սահմանափակված է երիտասարդ սերնդով: Դա վախ է, որը կիսում են ամեն տարիքի մարդիկ, ովքեր չեն հասկանում այն, ինչ մենք ենք հասկանում:

Բայց ես կամենում եմ շեշտել, որ այս զգացումներն անհրաժեշտ չեն հավատարիմ Վերջին Օրերի Սրբերի համար, և դրանք չեն գալիս Աստծուց: : Հնադարյան Իսրայելին մեծ Եհովան ասել է.

Զօրացիր և քաջ եղիր. մի վախենար և մի զարհուրիր,. որովհետև քո Տէր Աստուածը քեզ հետ է ամէն տեղ, ուր որ գնաս։ …

Եւ քո առաջից գնացողը նոյն ինքն Եհովան է, նա քեզ հետ է լինելու, նա քեզ չի թողիլ եւ քեզ չի ձգիլ. մի վախենար և մի զարհուրիր»: (Երկ. Օր. ԼԱ.6, 8:)

Իսկ ձեզ ժամանակակից Իսրայելի մեր սքանչելի սերունդ, Տերն ասել է.

«Ուստի, մի վախեցիր, փոքրի՛կ հոտ. բարիք գործիր. թող երկիրն ու դժոխքը միանան քո դեմ, քանզի, եթե դու կառուցված ես իմ վեմի վրա, նրանք չեն կարող գերիշխել: …

Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք»: (ՎևՈւ 6.34, 36:)

Մեր ժամանակակից ողջ սուրբ գրությունները լի են այսպիսի խորհրդով: Լսեք այս հիանալի վերահավաստիացումը. «Մի վախեցեք, փո՛քր երեխաներ, քանզի դուք իմն եք, և ես հաղթել եմ աշխարհին, և դուք նրանցից եք, որոնց իմ Հայրը տվել է ինձ». ( ՎևՈւ 50:41) «Ճշմարիտ ասում եմ ձեզ, իմ բարեկամնե՛ր. Մի՛ վախեցեք. թող ձեր սրտերը մխիթարվեն. այո՛, ամեն ժամանակ ուրախ եղեք, և ամեն ինչի համար գոհություն հայտնեք» ( ՎևՈւ 98:1)

Այդպիսի հիանալի խորհրդի լույսի ներքո, կարծում եմ, մեզ հանձնարարված է մի քիչ ավելի ուրախանալ և մի քիչ ավելի քիչ հուսահատվել, շնորհակալություն հայտնել նրա համար, ինչ մենք ունենք և մեզ տրված Աստծո օրհնությունների մեծության համար, և մի քիչ ավելի քիչ խոսել այն մասին, թե ինչ կարող ենք չունենալ, կամ ինչ տագնապ կարող է ուղեկցել դժվարին ժամանակներում այս կամ որևէ այլ սերնդում:

Մեծ հույսի և հուզումնալի ժամանակ

Վերջին Օրերի Սրբերի համար սա մեծ հույսի և հուզումնալի ժամանակ է՝ Վերականգման մեծագույն ժամանակաշրջաններից մեկը և ուստի մեծագույն ժամանակաշրջաններից մեկը որևէ տնտեսության մեջ, քանի որ մերը մեծագույնն է բոլոր տնտեսություններից: Մենք պետք է ունենանք հավատք և հույս` Քրիստոսի որևէ հետևորդի համար այս երկու հիմնական մեծ արժանիքները: Մենք պետք է շարունակենք վստահություն գործադրել առ Աստված, քանի որ դա առաջին սկզբունքն է մեր հավատքի հանգանակում: Մենք պետք է հավատանք, որ Աստված ունի ողջ իշխանությունը, որ Նա սիրում է մեզ, և որ Նրա աշխատանքը հնարավոր չէ կանգնեցնել կամ ձախողել մեր անձնական կյանքում կամ աշխարհում ընդհանրապես: …

Ես խոստանում եմ ձեզ Տիրոջ անունով, ում ծառան եմ ես, որ Աստված միշտ կպաշտպանի և հոգ կտանի Իր ժողովրդին: Մենք կունենանք մեր դժվարությունները, ինչպես ամեն սերունդ և ժողովուրդ է ունեցել դժվարություններ: Բայց Հիսուս Քրիստոսի ավետարանով դուք ունեք ամեն հույս և խոստում և վերահավաստիացում: Տերն իշխանություն ունի Իր Սրբերի վրա և միշտ կպատրաստի խաղաղության, պաշտապանության և ապահովության վայրեր Իր ժողովրդի համար: Երբ մենք հավատք ունենանք առ Աստված, մենք կարող ենք հույս ունենալ ավելի լավ աշխարհի համար: Մարգարե Եթերն ուսուցանել է հնադարում (իսկ նա գիտեր ինչ որ բան դժբախտությունների մասին). «Ուստի, ով որ հավատում է Աստծուն, կարող է անկասկած հուսալ ավելի լավ աշխարհի համար, այո, նույնիսկ մի տեղի՝ Աստծո աջ կողմում, հույս, որը գալիս է հավատքից, դառնում է խարիսխ մարդկանց հոգիների համար, ինչը դարձնում է նրանց կայուն և հաստատուն, միշտ հարստացնում բարի գործերով, առաջնորդում՝ փառաբանելու Աստծուն»: (Եթեր 12.4;)

Քրիստոսի աշակերտներին ամեն սերնդում կոչ է արվել, իրականում պատվիրվել, լցված լինել հույսի կատարյալ պայծառությամբ: (Տես 2 Նեփ. 31.20:)

Ձգտելով ցրել վախը

Եթե մեր հավատքն ու հույսը խարսխված են Քրիստոսի մեջ, Նրա ուսմունքներում, պատվիրաններում և խոստումներում, ապա մենք կարողանում ենք վստահել մի բանի, որն իսկապես նշանակալի է, ճշմարտապես սքանչագործ, որը կարող է կիսել Կարմիր ծովը և առաջնորդել ժամանակակից Իսրայելը դեպի մի տեղ «ուր ոչ ոք չի գա վնասելու կամ վախեցնելու»: (Hymns, 1985, no. 30.) Վախը, որ կարող է գալ մարդկանց վրա դժվարին օրերին, գլխավոր զենքն է սատանայի զինանոցի, որը նա օգտագործում է մարդկությանը դժբախտ դարձնելու համար: Նա , ով վախենում է, կորցնում է կյանքի համար պայքարում չարի դեմ կռվելու ուժը: Այդ պատճառով չարի զորությունը միշտ փորձում է վախ առաջացնել մարդկանց սրտերում: Ամեն դարում և ամեն ժամանակաշրջանում մարդկությունը դիմակայել է վախին:

Որպես Աստծո զավակներ և Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետնորդներ, մենք պետք է ձգտենք ցրել վախը մարդկանց միջից: Երկչոտ, վախկոտ ժողովուրդը չի կարող իր աշխատանքը լավ անել, և նա չի կարող անել Աստծո աշխատանքն ընդհանրապես: Վերջին Օրերի Սրբերն ունեն աստվածայնորեն նշանակված առաքելություն կատարելու, որը պարզապես չպետք է ցրիվ գա վախից և տագնապից:

Տիրոջ մի Առաքյալ ավելի վաղ ասել է հետևյալը. «Վախի դեմ հաղթանակի բանալին տրվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով. «Եթե պատրաստ լինեք, դուք չեք վախենա»: ( ՎևՈւ 38:30) Այդ աստվածային ուղերձը պետք է կրկնվի այսօր ամեն ցցում և ծխում» Elder John A. Widtsoe, in Conference Report, Apr. 1942, 33.

Արդյոք մենք նախապատրաստվա՞ծ ենք անձնատուր լինել Աստծո պատվիրաններին: Արդյոք մենք նախապատարատվա՞ծ ենք հաղթահարել մեր ախորժակը: Արդյոք մենք նախապատրաստվա՞ծ ենք հնազանդվել արդար օրենքին: Եթե մենք ազնվորեն կարողանանք պատասխանել՝ այո, այդ հարցերին, մենք կարող ենք հրամայել վախին հեռանալ մեր կյանքից: Անկասկած վախի աստիճանը մեր սրտերում կարող է լավ չափվել արդարակյաց ապրելու մեր նախապատրաստվածությամբ, ապրելով մի ձևով, որը պետք է բնորոշի յուրաքանչյուր Վերջին Օրերի Սրբի ամեն դարում և ժամանակաշրջանում:

Վերջին Օրերում ապրելու արտոնությունը, պատիվն ու պատասխանատվությունը

Թույլ տվեք եզրափակել Մարգարե Ջոզեֆ Սմիթի մեծագույն մտքերից մեկով, որ ես երբևէ կարդացել եմ, ով դիմակայեց այնպիսի ահռելի դժվարությունների իր կյանքում, և ով իհարկե վճարեց ամենամեծ գինը իր հաղթանակի համար: Բայց նա հաղթական էր, և նա երջանիկ էր, դիմացկուն, լավատես մարդ: Նրանք, ովքեր գիտեին նրան, զգում էին նրա ուժն ու քաջությունը, նույնիսկ ամենախավար ժամանակներում: Նա չէր ընկճվում հոգով կամ ցանկանում մնալ վհատության մեջ:

Նա ասել է մեր ժամանակի մասին՝ ձեր և իմ, որ մերն է պահը. «որի համար մարգարեները, քահանաները և թագավորները [անցյալ դարերում] ապրել են առանձնահատուկ հրճվանքով, [Աստծո բոլոր այս հնադարյան վկաները] ուրախության ակնկալիքով սպասել են այն օրվան, որում մենք ենք ապրում, բոցավառված երկնային և ուրախալի ակնկալիքներով՝ նրանք երգել են և գրել ու մարգարեացել մեր այս օրվա մասին, մենք արտոնյալ ժողովուրդ ենք, որին Աստված է [ընտրել] առաջ բերելու Վերջին Օրերի փառքը»[Եկեղեցու Նախագահների Ուսմունքները՝ Ջոզեֆ Սմիթ, 186]:

Ինչպիսի~ արտոնություն: Ինչպիսի~ պատիվ: Ինչպիսի~ պատասխանատվություն: Եվ ինչպիսի~ ուրախություն: Մենք ունենք ամեն պատճառ ժամանակի և հավերժության համար ուրախանալու և շնորհակալություն հայտնելու մեր կյանքի որակի և այն խոստումների համար, որոնք տրվել են մեզ: 9

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Ինչպես կարող է օգնել իմանալը, որ ձախորդությունը մեր հավերժական առաջընթացի համար Աստծո ծրագրի մասն է: (Տես բաժին 1.) Ինչո՞ւ եք կարծում, որ ձախորդությունը անհրաժեշտ մասն է մահկանացու կյանքի:

  • Վերանայեք Նախագահ Հանթերի ուսմունքները բաժին 2ում ձախորդության որոշ նպատակների վերաբերյալ: Ինչպե՞ս եք նկատել, որ ձախորդությունը կարող է մեր օգտի համար լինել: Ինչպե՞ս կարող ենք սկսել տեսնել ձախորդությունը Տիրոջ հավերժական տեսանկյունից:

  • Ինչո՞ւ, ինչպես Նախագահ Հանթերն է ուսուցանել« մենք ունենք ամեն պատճառ լինելու երջանիկ և լավատես, նույնիսկ` դժվարության պահերին: (Տես բաժին 3.) Ինչպե՞ս կարող ենք ավելի մեծ լավատեսություն զարգացնել այսպիսի ժամանակներում: Որո՞նք են այն օրհնությունները, որոնք մենք շարունակում ենք ունենալ նույնիսկ ամենադաժան ձախորդության ժամանակ:

  • Ինչպե՞ս ենք ընդունում Փրկչի հրավերը թույլ տալու Նրան կրել մեր դժվարությունները և թեթևացնել մեր բեռները: (Տես բաժին 4.) Ի՞նչ է նշանակում վերցնել Նրա լուծը մեզ վրա: Ինչպե՞ս է Փրկիչն օգնել ձեզ դժվարության պահերին:

  • Նախագահ Հանթերն ուսուցանել է, որ վերջին օրերի վերաբերյալ վախի զգացումները չեն գալիս Աստծուց (տես բաժին 5): Ինչպե՞ս է վախով ապրելը վնասակար: Ինչպե՞ս կարող ենք ավելի շուտ ապրել հույսով և հավատքով, քան վախով:

Առնչվող սուրբ գրություններ

Հովհ. ԺԴ.27, ԺԶ.33, Եբր. Դ.14–16, Ե.8–9, 1 Նեփի 1.20,Ալմա 36.3, ՎևՈւ 58.2–4, 101.4–5,121.7–8, 122.7–9

Օգնություն ուսումնասիրողին

«Շատերը գտնում են, որ ուսումնասիրության համար լավագույն ժամանակը առավոտն է՝ գիշերային հանգստից հետո: … Ուրիշները նախընտրում են ուսումնասիրել խաղաղ ժամերին, երբ աշխատանքն ու օրվա մտահոգություններն ավարտվել են: … Հավանաբար, օրվա ժամից ավելի կարևոր է, որ կանոնավոր ժամ սահմանվի ուսումնասիրության համար (Howard W. Hunter, “Reading the Scriptures,” Ensign, Nov. 1979, 64):

Հղումներ

  1. “God Will Have a Tried People,” Ensign, May 1980, 24.

  2. “Come unto Me,” Ensign, Nov. 1990, 17–18.

  3. “The Opening and Closing of Doors,” Ensign, Nov. 1987, 54, 59.

  4. “God Will Have a Tried People,” 25–26.

  5. “An Anchor to the Souls of Men,” Ensign, Oct. 1993, 71.

  6. “The Opening and Closing of Doors,” 59–60.

  7. “An Anchor to the Souls of Men,” 70.

  8. Come unto Christ, 17-18.

  9. “An Anchor to the Souls of Men,” 71–73.