Գլուխ 24
Հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին
«Ամեն հնարավոր առիթով մենք պետք է հարցնենք ինքներս մեզ․ «Ի՞նչ կաներ Հիսուսը», և ապա լինենք ավելի խիզախ՝ գործելու պատասխանին համահունչ»։
Հովարդ Վ. Հանթերի կյանքից
Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնը, ով ծառայել է որպես Նախագահ Հանթերի խորհրդական, ասել է, որ նա «ապրել է համաձայն այն ամենի, ինչ ինքն ուսուցանել է, հետևելով Փրկչի օրինակին, ում նա ծառայել է»։1
Մի մտերիմ ընկեր նշել է, որ «բնավորության գծերը, որոնք առկա են եղել մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի մեջ, գեղեցիկ ձևով նշանավորվել են Նախագահ Հանթերի ուշագրավ և անձնվեր կյանքում։ Ողջ մարդկությանը նա իրեն ընկեր է համարել»։2
Մեկ այլ գործընկեր, ով սերտորեն համագործակցել է նրա հետ ավելի քան երեք տասնամյակ, ասել է․ «[Նա] բնազդով գիտեր ուղին, որին պետք է հետևեր։ Այդ ուղին կլիներ իր Փրկչի` Հիսուս Քրիստոսի հատկանիշներն ընդօրինակելը»:3
Իր ծառայության ընթացքում Նախագահ Հանթերը սիրով քաջալերել է Եկեղեցու անդամներին` հետևել Փրկչի օրինակին: Որպես Եկեղեցու Նախագահ իր առաջին ելույթի ժամանակ նա ասել է․
«Ես հրավիրում եմ Եկեղեցու բոլոր անդամներին ապրելու երբևէ ամենամեծ ուշադրությունը սևեռելով Տեր Հիսուս Քրիստոսի կյանքի և օրինակի, հատկապես Նրա ցուցաբերած սիրո, հույսի և կարեկցանքի վրա։
Ես աղոթում եմ, որ մենք կարողանանք ավելի շատ բարություն, ավելի շատ քաղաքավարություն, ավելի շատ խոնարհություն, համբերատարություն և ներողամտություն ցուցաբերել միմյանց հանդեպ։ Մենք միմյանց հետ կապված մեծ սպասելիքներ ունենք, և բոլորս էլ կարող ենք կատարելագործվել։ Մեր աշխարհը խիստ կարիք ունի Աստծո պատվիրաններով կարգավորված կյանքի։ Սակայն ուղին, որով մենք պետք է խրախուսենք դա, ինչպես Տերն է ասել Մարգարե Ջոզեֆին Լիբերթի բանտի ցուրտ խորքերում, պետք է լինի «համոզումով, երկայնամտությամբ, մեղմությամբ և հեզությամբ և անկեղծ սիրով․ … առանց կեղծավորության և ասաց նենգության» (ՎևՈւ 121․41-42)»։4
Հովարդ Վ. Հանթերի ուսմունքները
1
Հիսուս Քրիստոսը կատարյալ օրինակ հանդիսացավ մեզ համար։
Լույս լինել նշանակում է օրինակ լինել, լինել մեկը, ով օրինակ է ծառայում և ում օրինակին կարող են հետևել ուրիշները։ … [Մենք ուխտել ենք] հետևել Քրիստոսին՝ մեծ օրինակին։ Մենք պարտավորություն ունենք սովորելու նրանից այն, ինչ նա ուսուցանել է և այն, ինչ նա արել է այս աշխարհում իր ծառայության ժամանակ։ Սովորելով այս դասերը՝ մենք պարտավորություն ենք կրում հետևելու նրա օրինակին, և սրանք են այն մի քանի օրինակները, որոնք նա տվել է մեզ․
1. Քրիստոսը հնազանդ և քաջ էր նախաերկրային կյանքում, ուստի արտոնություն ստացավ գալու մահկանացու կյանք և ստանալու մսից ու ոսկորից մարմին։
2. Նա մկրտվեց, որպեսզի բացվեր սելեստիալ արքայության դուռը։
3. Նա կրեց քահանայություն և ստացավ ավետարանի բոլոր փրկագործող և վեհացում տվող արարողությունները։
4. Հիսուսը մոտ երեք տարի ծառայեց, ուսուցանելով ավետարանը, վկայելով ճշմարտության մասին և ուսուցանելով մարդկանց, թե ինչ պետք է նրանք անեն, որ գտնեն ուրախություն և երջանկություն այս կյանքում և հավերժական փառք` գալիք աշխարհում։
5. Նա կատարեց արարողություններ, ինչպիսիք են երեխաներին օրհնելը, մկրտությունները, հիվանդներին սպասավորելը և քահանայության կարգումները։
6. Նա հրաշքներ կատարեց։ Նրա հրամանով կույրերը տեսնում, խուլերը լսում, կաղերը քայլում և մահացածները կենդանանում էին։
7. Ենթարկվելով Հոր մտածելակերպին և կամքին՝ Հիսուսն ապրեց կատարյալ կյանքով, առանց մեղքի, և ձեռք բերեց աստվածային բոլոր հատկանիշները։
8. Նա հաղթեց աշխարհին․ այսինքն, նա սանձեց ամեն կիրք և բարձրացավ զգայական և ցանկասեր մակարդակից վեր, որպեսզի ապրեր ու քայլեր ըստ Հոգու առաջնորդության։
9. Նա իրականացրեց Քավությունը, որի միջոցով փրկագնեց մարդկանց [հոգևոր և ֆիզիկական] մահից, որն առաջ էր եկել Ադամի անկման պատճառով։
10. Այժմ, հարություն առած և փառավորված, նա ձեռք է բերել ողջ զորությունը երկնքում և երկրի վրա, ստացել է կատարելություն և մեկ է դարձել Հոր հետ։
Եթե մենք ցանկանում ենք հետևել Քրիստոսի օրինակին, մենք պետք է ձգտենք անել նույն բաները, ինչ նա արեց։5
Կարևոր է հիշել, որ Հիսուսը կարող էր մեղք գործել, որ նա կարող էր չդիմադրել, որ կյանքի և փրկության ծրագիրը կարող էր խափանվել, սակայն նա հավատարիմ մնաց։ Եթե չլիներ սատանայի գայթակղություններին զիջելու հնարավորությունը, ապա արդյունքում չէր լինի իրական փորձություն, իրական հաղթանակ։ Եթե նա զրկվեր մեղք գործելու կարողությունից, նա կզրկվեր իր ազատ ընտրության հնարավորությունից։ Նա էր, որ եկել էր պաշտպանելու և ապահովելու մարդու կամքի ազատությունը։ Նա պետք է պահպաներ մեղք գործելու կարողությունը և ունակությունը, եթե նա ցանկանար դա անել։6
Իր մահկանացու կյանքի վերջում Հիսուսը ցուցաբերում էր իր հոգու վեհությունը և իր ուժի մեծությունը։ Նույնիսկ այս վերջին պահերին նա եսասիրաբար չէր տարվել իր անձնական վշտով կամ վերահաս տանջանքների մտորումներով։ Նրան մտահոգում էին իր սիրելի հետևորդների ներկա և ապագա կարիքները։ Նա գիտեր, որ նրանց անձնական ապահովությունը՝ անհատապես և որպես եկեղեցի, կախված էր միայն իրար հանդեպ իրենց անվերապահ սիրուց։ Թվում էր, թե Նրա ողջ եռանդն ուղղված էր նրանց կարիքներին, այսպիսով նա օրինակով սովորեցնում էր այն, ինչ ուսուցանում էր ցուցումներ տալով։ Նա նրանց ասում էր մխիթարության խոսքեր, տալիս էր պատվիրան և նախազգուշացում։7
Սուրբ երկրում իր հոտի մեջ մահկանացու կյանքի ծառայության ընթացքում, ինչպես նաև մահից հետո արևմտյան կիսագնդում իր ցրված ոչխարների մեջ ծառայության ընթացքում Տերը ցուցաբերեց իր սերը և մտահոգությունը անհատի հանդեպ։
Խմբված բազմության մեջ նա զգաց մի կնոջ եզակի հպումը, ով ազատում էր փնտրում մի հիվանդությունից, որի պատճառով տառապել էր տասներկու տարի։ (Sես Ղուկաս Ը.43-48:) Մեկ այլ առիթով, նա վեր կանգնեց նախապես լոկ դատապարտելու վրա կենտրոնացած ամբոխից և նրա մեղքից, ով կանգնած էր մեղադրանքի առաջ։ Հավանաբար զգալով ապաշխարելու նրա ցանկությունը՝ Քրիստոսն ընտրեց տեսնելու անհատի արժեքը և առաջ ուղարկելու նրան՝ այլևս մեղք չգործելու։ (Տես Հովհաննես Ը.1–11:) Մեկ այլ առիթով «նա վերցրեց նրանց փոքր երեխաներին, մեկ առ մեկ, և օրհնեց նրանց, և նրանց համար աղոթեց Հորը»: (3 Նեփի 17․21, շեշտադրումն ավելացված է։)
Մինչ արագ մոտենում էին Գեթսեմանիի և Գողգոթայի տառապանքները, երբ շատ բաներ կային ծանրացած նրա մտքում, Փրկիչը ժամանակ տրամադրեց նկատելու համար որբևայրուն, ով իր լուման էր գցում գանձանակը։ (Տես Մարկոս ԺԲ.41-44:) Նմանապես, նրա սևեռուն հայացքից չվրիպեց ցածրահասակ Զաքեոսը, ով անկարող լինելով տեսնել Փրկչի շուրջը հավաքված բազմության պատճառով, բարձրացել էր ժանտաթզենու ծառը, որպեսզի տեսներ Աստծո Որդուն։ (Տես Ղուկաս ԺԹ.1–5:) Մինչ տանջվում էր խաչի վրա, նա կարողացավ նայել իր անձնական տառապանքներից այն կողմ և մտահոգվելով օգնության հասնել լացող կնոջը, ով իրեն կյանք էր տվել։ (Տես Հովհաննես ԺԹ.25-27:)
Ինչպիսի հրաշալի օրինակ, որին մենք կարող ենք հետևել։ Նույնիսկ մեծ անձնական վշտի ու ցավի մեջ, մեր Օրինակը օգնության հասավ օրհնելու ուրիշներին։ … Նրա կյանքը կենտրոնացած չէր բաների վրա, որոնք նա չուներ։ Դա ուրիշներին օգնության հասնելու ծառայության կյանք էր։8
2
Եկեք հետևենք Աստծո Որդուն կյանքի բոլոր ուղիներում և քայլերում։
Ամենակարևոր հարցերից մեկը, որը երբևէ տրվել է մահկանացու մարդկանց, տվել է հենց ինքը՝ Աստծո Որդին՝ աշխարհի Փրկիչը։ Նոր Աշխարհում մի խումբ աշակերտների, մի խմբի, որը հուզված սպասում էր նրա կողմից ուսուցանվելուն և էլ ավելի հուզված, քանի որ նա շուտով հեռանալու էր նրանցից, նա հարցրեց․ «Ինչպիսի՞ մարդ եք դուք պարտավոր լինել»։ Ապա, հենց նույն պահին նա տվեց այս պատասխանը․ «Ճիշտ ինչպես ես եմ» (3 Նեփի 27.27):
Աշխարհը լի է մարդկանցով, ովքեր ցանկանում են մեզ ասել․ «Արա այն, ինչ ասում եմ»։ Անկասկած մենք պակաս չունենք խորհուրդ տվողների յուրաքանչյուր խնդրի շուրջ։ Սակայն այնքան քչերը կան, ովքեր պատրաստ են ասելու․ «Արա այնպես, ինչպես ես եմ անում»։ Եվ իհարկե մարդկության պատմության մեջ միայն Մեկը իրավունք ուներ և պատշաճ էր, որ աներ այդ հայտարարությունը։ Պատմությունը տալիս է լավ տղամարդկանց ու կանանց բազմաթիվ օրինակներ, սակայն նույնիսկ ամենալավ մահկանացուներն ունեն այս կամ այն թերությունը։ Ոչ ոք չէր կարող ծառայել որպես կատարյալ օրինակ, ոչ էլ որպես անթերի օրինակ, որին կարելի էր հետևել, որքան էլ բարի լինեին նրանց նպատակները։
Միայն Քրիստոսը կարող է լինել մեր կատարյալ օրինակը, մեր «առաւօտեան պայծառ աստղը» (Հայտնություն ԻԲ․16): Միայն նա կարող է առանց որևէ վերապահման ասել․ «Հետևեք ինձ, սովորեք ինձանից և արեք այն բաները, որոնք տեսաք ինձ անելիս։ Խմեք իմ ջրից և կերեք իմ հացից։ Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Ես եմ օրենքը և լույսը: Նայեք ինձ և դուք կապրեք։ Իրար սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի» (տես Մատ. ԺԱ․29, ԺԶ․24, Հովհ․ Դ․13–14, Զ․35, 51, Է․37, ԺԳ․34, ԺԴ․6, 3 Նեփի 15․9, 27․21)։
Օ՜հ, ինչպիսի պարզ և արձագանքող կոչ։ Ինչպիսի հստակություն և օրինակ` անորոշության և օրինակի բացակայության օրերում։ …
… Որքան երախտապարտ մենք պետք է լինենք, որ Աստված աշխարհ ուղարկեց իր Միածին Որդուն … ճիշտ ապրելակերպի, բարության, գթության և կարեկցանքի կատարյալ օրինակ ծառայելու համար, որպեսզի մնացած մարդկությունը կարողանա իմանալ, թե ինչպես ապրել, իմանալ, թե ինչպես կատարելագործվել և իմանալ, թե ինչպես դառնալ ավելի աստվածանման։
Եկեք հետևենք Աստծո Որդուն կյանքի բոլոր ուղիներում և քայլերում։ Եկեք դարձնենք նրան մեր օրինակը և մեր առաջնորդը։ Ամեն հնարավոր առիթով մենք պետք է հարցնենք ինքներս մեզ․ «Ի՞նչ կաներ Հիսուսը», և ապա լինենք ավելի խիզախ՝ գործելու պատասխանին համահունչ։ Մենք պետք է հետևենք Քրիստոսին այդ բառի բուն իմաստով։ Մենք պետք է այնպես անենք իր աշխատանքը, ինչպես նա էր անում իր Հոր աշխատանքը։ Մենք պետք է փորձենք նմանվել նրան, ճիշտ ինչպես Երեխաների Խմբի երեխաներն են երգում․ «Փորձեք, փորձեք, փորձեք» (Children’s Songbook, p. 55)։ Այս մահկանացու կյանքում մեր ուժերի ներածին չափով մենք պետք է գործադրենք ամեն ջանք Քրիստոսին նմանվելու համար, միակ կատարյալ և անմեղ օրինակին, որին երբևէ ականատես է եղել այս աշխարհը։9
Կրկին ու կրկին մեր Տերը մահկանացու ծառայության ընթացքում կոչ արեց, որը մի ժամանակ հրավեր էր և մարտահրավեր։ Պետրոսին և նրա եղբայր Անդրեասին Քրիստոսն ասաց․ «Իմ ետեւից եկէք, եւ ես ձեզ մարդկանց որսորդ կշինեմ»։ (Մատ. Դ.19։) Հարուստ երիտասարդին, ով հարցրեց, թե ինչ պետք է աներ, որ հավերժական կյանք ունենար, Հիսուսը պատասխանեց․ «Գնա ունեցածներդ ծախիր եւ տուր աղքատներին … եւ եկ հետեւիր ինձ»։ (Մատ. ԺԹ.21։) Եվ մեզանից յուրաքանչյուրին Հիսուսն ասում է․ «Եթէ մէկը ծառայէ ինձ, թող նա իմ ետեւից գայ»։ (Հովհաննես ԺԲ.26:)10
Եկեք ուսումնասիրենք Վարդապետի յուրաքանչյուր ուսմունքը և առավելագույնս ձգտենք հետևել նրա օրինակին։ Նա տվել է մեզ «այն ամենը որ կեանքի եւ աստուածապաշտութեան համար պետք է»։ Նա «մեզ կանչեց փառքով եւ առաքինութիւնով» և «ամենամեծ եւ պատուական խոստմունքներ են տրուած մեզ որ նորանցով հաղորդակից լինինք աստուածային բնութեանը» (Բ Պետ․ Ա․3․4):11
Նրանք, ովքեր հետևում են Քրիստոսին, ձգտում են հետևել Նրա օրինակին: Մեր մեղքերի, թերությունների, վշտերի և հիվանդությունների համար նրա կրած տառապանքները պետք է մղեն մեզ նման կերպ օգնության հասնել մեր շուրջը գտնվողներին՝ գթությամբ և կարեկցանքով։ …
… Փնտրեք ծառայելու հնարավորություններ։ Չափից ավելի մի մտահոգվեք ձեր հասարակական դիրքի համար։ Հիշո՞ւմ եք Փրկչի խորհուրդը ուղղված նրանց, ովքեր փնտրում են «առաջին աթոռները» կամ «առաջին բազմոցը»։ «Եւ ձեզանից մեծը թող ձեր ծառան լինի»։ (Մատթ. ԻԳ.6, 11:) Կարևոր է գնահատված լինելը։ Սակայն մենք պետք է կենտրոնացած լինենք արդարության, և ոչ թե գնահատանքի, ծառայության, և ոչ թե հասարակական դիրքի վրա։ Հավատարիմ այցելող ուսուցիչը, ով լուռ կատարում է իր աշխատանքն ամիս ամսվա ետևից, նույնքան կարևոր է Տիրոջ աշխատանքում, որքան նրանք, ովքեր Եկեղեցում զբաղեցնում են, ինչպես ոմանք են տեսնում, ավելի աչքի ընկնող դիրք։ Տեսանելիությունը չի հավասարեցվում արժեքի հետ։12
3
Մեր փրկությունը կախված է Փրկչին հետևելու մեր վճռականությունից։
Իրեն հետևելու Տիրոջ հրավերը անհատական և անձնական է, և դա համոզիչ է։ Մենք չենք կարող ընդմիշտ կանգնած մնալ երկու կարծիքների միջև։ Մեզանից յուրաքանչյուրը ինչ-որ մի ժամանակ պետք է կանգնի այդ վճռական հարցի առաջ․ «Դուք ո՞վ էք ասում ինձ համար, թէ լինիմ»։ (Մատթ. ԺԶ.15։) Մեր անձնական փրկությունը կախված է այդ հարցի մեր պատասխանից և այդ պատասխանին մեր հավատարմությունից։ Պետրոսի հայտնած պատասխանը հետևյալն էր. «Դու ես Քրիստոսը` կենդանի Աստուծոյ Որդին» (Մատ. ԺԶ․16): Շատ, շատ վկաներ կարող են տալ նույնատիպ պատասխան նույն զորությամբ, և ես միանում եմ նրանց խոնարհ երախտագիտությամբ։ Սակայն մեզանից յուրաքանչյուրը պետք է անձամբ պատասխանի այդ հարցին․ եթե ոչ հիմա, ապա հետո, քանի որ վերջին օրը ամեն ծունկ պիտի ծալվի և ամեն լեզու պիտի խոստովանի, որ Հիսուսը Քրիստոսն է։ Մեր առջև խնդիր է դրված տալու ճիշտ պատասխանը և համապատասխանաբար ապրելու, քանի դեռ չի եկել հավերժորեն անդառնալի այն պահը, երբ արդեն շատ ուշ է։ Քանի որ Հիսուսը իրոք Քրիստոսն է, ի՞նչ պետք է մենք անենք։
Քրիստոսի ամենամեծ զոհաբերությունը կարող է լիարժեք ձևով ցանկալի արդյունք տալ մեր կյանքում, երբ մենք ընդունենք նրան հետևելու հրավերը [տես ՎևՈւ 100․2]։ Այս կոչը անպատեհ, անիրական կամ անհնարին չէ։ Որևէ անհատի հետևել նշանակում է ուշադիր նայել կամ լսել նրան, ընդունել նրա իշխանությունը, ընդունել նրան որպես ղեկավար և հնազանդվել նրան, աջակցել և կողմնակից լինել նրա գաղափարներին, և ընդունել նրան որպես օրինակ։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է ընդունել այս մարտահրավերը։ Պետրոսն ասել է․ «Քրիստոս էլ չարչարուեցաւ եւ ձեզ էլ օրինակ թողեց որ նորա հետքերին հետեւիք» (Ա Պետրոս Բ․21): Ճիշտ ինչպես ուսմունքները, որոնք չեն համապատասխանում Քրիստոսի վարդապետությանը, սխալ են, այդպես էլ կյանքը, որը չի համապատասխանում Քրիստոսի օրինակին, սխալ ուղղությամբ է ընթանում և չի կարող հասնել ճակատագրի իր բարձրագույն ներուժին։ …
Արդարությունը պետք է սկսվի մեր իսկ սեփական կյանքում։ Այն պետք է մուտք գործի ընտանիքի ապրելակերպի մեջ։ Ծնողները պատասխանատվություն են կրում հետևելու Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքներին և ուսուցանելու դրանք իրենց երեխաներին [տես ՎևՈւ 68․25–28]։ Կրոնը պետք է լինի մեր կյանքի մի մասը։ Հիսուս Քրիստոսի ավետարանը պետք է մղիչ ուժ հանդիսանա այն ամենի համար, ինչ մենք անում ենք։ Պետք է ավելի շատ ձգտումներ ունենանք, որպեսզի հետևենք մեծ օրինակին, որը սահմանել է Փրկիչը, եթե ցանկանում ենք ավելի շատ նմանվել իրեն։ Սա դառնում է մեր ամենամեծ մարտահրավերը։13
Եթե կարողանանք մեր կյանքում հետևել Վարդապետին և Նրա ուսմունքներն ու օրինակը դարձնենք մեզ համար գլխավոր օրինակ, մեզ համար դժվար չի լինի հաստատուն և հավատարիմ լինել կյանքի ամեն քայլափոխին, քանի որ մենք նվիրված կլինենք վարքի և հավատքի միակ սուրբ չափանիշին: Լինի տանը, թե խանութում, դպրոցում, թե դպրոցն ավարտելուց տարիներ անց, անկախ նրանից լիովին միայնակ կգործենք, թե մի խումբ մարդկանց հետ, մեր ուղին կլինի հստակ և մեր չափանիշները` ակնհայտ: Մենք որոշում ենք կայացրել, ինչպես Ալմա մարգարեն է ասել․ «կանգնելու որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում, որ [մենք] կարող է լինենք, նույնիսկ մինչև մահ»։ (Մոսիա 18․9։)14
4
Մենք պետք է տեղ պատրաստենք Քրիստոսի համար։
Այն գիշեր Բեթլեհեմում տեղ չգտնվեց նրա համար իջևանատանը, և սա միակ դեպքը չէր իր մահկանացու կյանքի երեսուներեք տարիների ընթացքում, որ տեղ չէր գտնվում նրա համար։ Հերովդեսը զինվորներ ուղարկեց Բեթլեհեմ՝ երեխաներին սպանելու համար։ Հիսուսի համար տեղ չկար Հերովդեսի տիրապետության սահմաններում, ուստի նրա ծնողները նրան Եգիպտոս տարան։ Իր ծառայության ընթացքում կային շատերը, ովքեր տեղ չպատրաստեցին նրա ուսմունքների համար, տեղ չկար նրա ուսուցանած ավետարանի համար։ Տեղ չկար նրա հրաշքների համար, նրա օրհնությունների համար, տեղ չկար աստվածային ճշմարտությունների համար, որոնց մասին նա խոսում էր, տեղ չկար նրա սիրո, ոչ էլ հավատքի համար։ Նա ասաց նրանց․ «Աղուէսները որջեր ունին, եւ երկնքի թռչունները՝ բոյներ․ բայց մարդի Որդին տեղ չունի որ իր գլուխը դնէ» (Մատթեոս Ը․20):
Նույնիսկ մեր օրերում, չնայած անցել է երկու հազար տարի, կան շատերը, ովքեր ասում են նույն բանը, որ ասվել է այդ գիշեր Բեթլեհեմում։ «Տեղ չկա, տեղ չկա» (տես Ղուկաս Բ․7): Մենք տեղ ենք պատրաստում պարգևների համար, սակայն երբեմն տեղ չի պատրաստվում տվողի համար։ Մենք տեղ ունենք Սուրբ Ծննդյան շահամոլությունների և նույնիսկ Հանգստյան օրը գոհացնող բաներ փնտրելու համար, սակայն կան ժամանակներ, երբ տեղ չկա երկրպագության համար։ Մեր մտքերը լցված են այլ բաներով․ տեղ չկա։15
Մինչդեռ գեղեցիկ է տեսնել Սուրբ Ծննդյան լույսերը … , ավելի կարևոր է, որ մարդկային կյանքերը պայծառ լուսավորված լինեն` ընդունելով նրան, ով աշխարհի լույսն է [տես Ալմա 38․9, ՎևՈւ 10․70]։ Իրոք որ մենք պետք է բարձրացնենք նրան որպես մեր առաջնորդ և օրինակ։
Նրա ծննդյանը նախորդող գիշերը հրեշտակները երգեցին․ «Եւ երկրի վերայ՝ խաղաղութիւն, եւ մարդկանց մէջ հաճութիւն» (Ղուկաս Բ․14): Եթե մարդիկ հետևեն նրա օրինակին, սա կլինի խաղաղության և բոլոր մարդկանց հանդեպ սիրո աշխարհ։16
Ո՞րն է մեր պարտականությունն այսօր որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ։ Մենք պետք է ուշադիր լինենք, որ մեր անձնական կյանքում բառերը և գործերը արտացոլեն ավետարանը, ինչպես ուսուցանել է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսը։ Այն ամենը, ինչ մենք անում և ասում ենք, պետք է արտացոլի այն մեկ անմեղի օրինակը, ով քայլեց այս երկրի վրա, հենց Տեր Հիսուս Քրիստոսի։17
Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ
Հարցեր
-
Վերանայեք զանազան ուղիները, որոնցով Փրկիչը օրինակ է սահմանել մեզ համար, ինչպես նշված է բաժին 1-ում։ Ինչպե՞ս է Տիրոջ օրինակը ազդել ձեզ վրա։ Ի՞նչ կարող ենք սովորել Իր մահկանացու կյանքի վերջին պահերին ցուցաբերած Նրա օրինակից։
-
Նախագահ Հանթերը մեզ խորհուրդ է տվել «հարցնել ինքներս մեզ․ «Ի՞նչ կաներ Հիսուսը», և ապա լինել ավելի խիզախ՝ գործելու պատասխանին համահունչ» (բաժին 2)։ Խորհեք, թե ինչպես կարող եք ավելի խիզախ լինել, երբ հետևում եք Փրկչի օրինակին։ Ինչպե՞ս կարող ենք ուսուցանել այս սկզբունքը մեր ընտանիքներում։
-
Ի՞նչ կարող են մեզ օգնել հասկանալ բաժին 3-ի ուսմունքները Հիսուս Քրիստոսին հետևելու մասին։ Ի՞նչը կփոխվեր ձեր կյանքում, եթե դուք չունենայիք Փրկչի ուսմունքների և օրինակի ազդեցությունը։ Ինչպե՞ս մենք կարող ենք դարձնել մեր կրոնը մեր ամենօրյա կյանքի ավելի մեծ մասը։
-
Խորհեք, թե ինչ է ասում Նախագահ Հանթերը Փրկչի համար տեղ չլինելու մասին (բաժին 4): Ինչպե՞ս կարող ենք մեր կյանքում ավելի շատ տեղ պատրաստել Փրկչի համար։ Ինչպե՞ս եք դուք օրհնվել, երբ ավելի շատ տեղ եք պատրաստել Նրա համար։
Առնչվող սուրբ գրություններ
Մատթեոս ԺԶ.24–27, Հովհաննես Ժ.27–28, ԺԴ.12–15, Ա Պետրոս Բ.21–25, 2 Նեփի 31.12–13, 3 Նեփի 12.48, 18.16, 27.20–22, ՎևՈւ 19.23–24
Օգնություն ուսուցչին
Յուրաքանչյուր անձնավորության տվեք երգարան: Հրավիրեք մասնակիցներին գտնել և կիսվել մի օրհներգով, որը վերաբերում է որոշակի հատվածների, որ նրանք կարդացել են այս գլխում: