Նախագահների ուսմունքները
Գլուխ 22. Ուսուցանել ավետարանը


Գլուխ 22

Ուսուցանել ավետարանը

«Ուսուցանման նպատակն … այն [է], որ մենք կարողանանք գործիք լինել Տիրոջ ձեռքում` փոխելով անձնավորության սիրտը»:

Հովարդ Վ. Հանթերի կյանքից

1972 թվականի ապրիլյան գերագույն համաժողովի ընթացքում Երեց Հովարդ Վ. Հանթերը` այն ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ, նիստերից մեկի վերջին խոսնակներից էր: Նա մի ելույթ էր պատրաստել, բայց բավականաչափ ժամանակ չէր մնացել, որ նա խոսեր: «Նայելով ժամացույցին, Երեց Հանթերն ասաց. «Ես ծալում եմ այն նշումները, որոնք ես պատրաստել էի և դնում դրանք իմ ծոցագրպանը: Բայց թույլ տվեք` հատկացնել ինձ ուղղակի մի պահ՝ նշելու մի փոքրիկ դեպքի մասին, որը տպավորություն գործեց ինձ վրա, երբ ես մանուկ էի: Սա միտքս եկավ, երբ նշվեց, որ մեզ հետ այս կեսօրին ներկա են նվիրված մարդկանց մի մեծ խումբ, ովքեր ուսուցանում են մեր երիտասարդությանը:

«Ամառային վաղ առավոտն էր: Ես կանգնած էի պատուհանի մոտ: Վարագույրներն ինձ թաքցնում էին մարգագետնում գտնվող դրսի երկու փոքրիկ արարածներից: Մեկը մեծ թռչուն էր, իսկ մյուսը փոքրիկ թռչնակ, որն ակնհայտորեն հենց նոր էր դուրս եկել բնից: Ես տեսա, թե ինչպես մեծ թռչունը ցատկեց սիզամարգի վրա, ապա հարվածեց իր ոտքերով և շարժեց գլուխը: Նա հանեց մի մեծ, հաստ որդ սիզամարգից և ցատկոտելով ետ վերադարձավ: Փոքրիկ թռչունը լայն բացեց կտուցը, բայց մեծ թռչունը կուլ տվեց որդը:

Ապա տեսա, թե ինչպես մեծ թռչունը թռավ վեր` ծառի վրա: Նա որոշ ժամանակ կտցեց կեղևը և ետ եկավ մի մեծ միջատ իր բերանում: Փոքրիկ թռչնակը լայն բացեց իր կտուցը, բայց մեծ թռչունը կուլ տվեց միջատը: Ծղրտոց լսվեց` ի նշան բողոքի:

Մեծ թռչունը հեռու թռավ, և ես նորից նրան չտեսա, բայց ես հետևում էի փոքրիկ թռչունին: Մի քիչ անց փոքրիկ թռչնակը դուրս ցատկեց սիզամարգի վրա, հարվածեց ոտքերով, շարժեց գլուխը, և դուրս հանեց մի մեծ որդ սիզամարգից:

Աստված օրհնի բարի մարդկանց, ովքեր ուսուցանում են մեր երեխաներին և մեր երիտասարդներին»:

Երեց Հանթերի համառոտ ուղերձն ավելի ուշ տպագրվեց «Ուսուցիչը» վերնագրի ներքո: 1

Հովարդ Վ. Հանթերը հաճախ շեշտում էր լավ ուսուցանման կարևորությունը Եկեղեցում: Նա ներկայացնում էր սկզբունքներ, ինչպես օրինակ` օրինակով ուսուցանելու կարևորությունը, լուսաբանելով թռչունների պատմության միջոցով, որը կարող էր օգնել ուսուցիչներին` դառնալ ավելի արդյունավետ նրանց կյանքն օրհնելիս, ում իրենք ուսուցանում էին: Նա հաճախ էր խոսում երեխաների և երիտասարդների ուսուցիչների հետ, օգնելով նրանց հասկանալ իրենց սրբազան պարտականությունը նրանց հանդեպ, ովքեր աճող սերնդից էին: Այդպիսի մի միջավայրում նա ասաց.

«Իմ առջև այժմ ես տեսնում եմ երկրագնդի ընտիր հոգիներից մի քանիսին: … Ես փորձում եմ տեսնել ձեզ [ուսուցիչներից] յուրաքանչյուրին աշխատելիս ձեր իսկ որոշակի հանձնարարություններում: Ես զարմանում եմ, թե ինչ պտուղ կտա ձեր աշխատանքը: Արդյոք այդ պտղի որոշ մասը կփչանա, քանի որ դուք ձախողվել եք փորել կամ մշակել հողը, որը վստահվել է ձեր խնամքին, թե ողջ հողը կմշակվի այնպես, որ այն կտա առավելագույն բարի բերք:

Ձեր համապատասխան ծխերից և ցցերից դուրս … ապրում են մեր Հոր զավակներից շատերը: Ձեզ նման նրանք լավագույնն են Նրա աչքում, բայց ի տարբերություն ձեզ, շատերն անփորձ են և շատերն էլ նոր են Ավետարանում: Ձեր պատասխանատվությունը նրանց հանդեպ իսկապես մեծ է: Նրանց կյանքերը ճկուն են, հեշտորեն են թեքվում, հեշտորեն ձևավորվում, հեշտորեն առաջնորդվում, եթե դուք կարողանաք ձեռք բերել նրանց վստահությունը և շահել նրանց սրտերը: Դուք նրանց «հովիվներն» եք: Դուք պետք է առաջնորդեք նրանց` դեպի «կանաչ արոտավայրեր»: …

«Ինչպիսի մարտահրավեր, ինչպիսի ուրախալի հանձնարարություն, ինչպիսի սրբազան պարտականություն է ձերն այժմ: …Որքան լրջամիտ, որքան հոգատար, որքան բարի, որքան քնքուշ, որքան սրտով մաքուր, որքան համակված այդ անշահախնդիր սիրով, ինչպես մեր Տերն էր համակված, որքան խոնարհ, որքան աղոթքով լի դուք պետք է լինեք, երբ դուք կրկին մտածեք գառներին արածեցնելու ձեր աշխատանքի մասին, ինչպես Տերն է ասում ձեզ անել»:2

միասին ուսումնասիրող ընտանիքը

Երեխաներին եկեղեցում ուսուցանելն օգնում է ծնողների ուսուցանմանը տանը:

Հովարդ Վ. Հանթերի ուսմունքները

1

Օգնեք ուսանողներին զարգացնել վստահություն սուրբ գրությունների հանդեպ:

«Ես վճռականորեն քաջալերում եմ ձեզ` օգտագործել սուրբ գրությունները ձեր ուսուցանելու ժամանակ և անել ամեն հնարավոր բան ուսանողներին օգնելու համար, որ օգտագործեն դրանք և հարմարվեն դրանց: «Ես կկամենայի, որ մեր երիտասարդները վստահություն ունենային սուրբ գրությունների հանդեպ, և ես կկամենայի, որ դուք մեկնաբանեիք այդ արտահայտությունը երկու ձևով:

Առաջինը, մենք ցանկանում ենք, որ ուսանողները հավատան սուրբ գրությունների ուժին և ճշմարտացիությանը, վստահ լինեն, որ իրենց Երկնային Հայրն իրոք խոսում է իրենց հետ սուրբ գրությունների միջոցով, և որ նրանք կարող են դառնալ դեպի սուրբ գրությունները և գտնել պատասխաններ իրենց խնդիրներին և իրենց աղոթքներին: Դա մի այնպիսի վստահություն է, որը, ես հուսով եմ, դուք տալիս եք ձեր ուսանողներին, որը դուք կարող եք տալ նրանց, եթե դուք ցույց տաք նրանց ամեն օր, ամեն ժամ, որ դուք վստահում եք սուրբ գրություններին հենց այդ ձևով: Ցույց տվեք նրանց, որ դուք ինքներդ վստահ եք, որ սուրբ գրություններն ունեն պատասխաններ բազմաթիվ խնդիրների, իրականում` կյանքի խնդիրների մեծամասնության համար: Այսպիսով, երբ դուք ուսուցանում եք, ուսուցանեք սուրբ գրություններից:

Ակնհայտորեն «վստահություն սուրբ գրությունների հանդեպ» արտահայտությունը պարունակում է ևս մեկ իմաստ: Այն է, որ ուսանողներն ուսուցանվեն կանոնիկ գրքերն այնքան խորը, որ նրանք կարողանան դրանցով վստահությամբ շարժվել` սովորելով հիմնական սուրբ գրություններն ու քարոզները և տեքստերը, որոնք դրանք պարունակում են: … Մենք հուսով ենք, որ ձեր ուսանողներից և ոչ մեկը դուրս չի գա դասարանից վախեցած կամ ամոթով, որ նրանք չեն կարող գտնել իրենց անհրաժեշտ օգնությունը, քանի որ նրանք բավականաչափ լավ չգիտեն սուրբ գրությունները՝ անհրաժեշտ հատվածները գտնելու համար: Այս երիտասարդ մարդկանց տվեք բավականաչափ փորձառություն Աստվածաշնչում, Մորմոնի Գրքում, Վարդապետություն և Ուխտերում և Թանկագին Մարգարիտում, որպեսզի նրանք ունենան երկկողմանի վստահություն, ինչպես ես նշեցի:

Ես հաճախ եմ մտածել, որ մեր երիտասարդ մարդիկ Եկեղեցում շատ նման կլինեն ուրիշ երիտասարդների Եկեղեցուց դուրս, եթե նրանք չհաստատեն որոշակի վարպետություն և տիրապետում կանոնիկ գրքերի: Դուք բոլորդ հիշում եք Մարգարե Ջոզեֆ Սմիթի գրած հատվածները Լիբերթի բանտի իր բանտարկության տեղից: Դրանց շարքում նա գրել է.«Քանզի երկրի վրա դեռ շատերը կան, բոլոր աղանդների, խմբակցությունների և դավանանքների մեջ, որոնք կույր են դարձել մոլորեցնելու համար դարան մտած մարդկանց ճարպիկ խաբեությամբ, ևորոնք ճշմարտությունից հեռու են մնացել, միայն որովհետև չգիտեն, որտեղ գտնեն այն» (ՎևՈւ 123.12, շեշտադրումն ավելացված է):

Մենք մեծ պատասխանատվություն ունենք որպես [ուսուցիչներ] Եկեղեցում, որպեսզի համոզված լինենք, որ մեր սեփական անդամները, մեր սեփական երիտասարդները չընկնեն այդ դժբախտ դասի մեջ, որում ներառված են կուրացած, բարի, հիանալի, արժանավոր երիտասարդ տղամարդիկ և կանայք, ովքեր սուրբ գրությունների ճշմարտություններից հեռու են պահվում, որովհետև նրանք չգիտեն, որտեղ գտնեն այդ ճշմարտությունները և չունեն վստահություն [օգտագործելու] իրենց կանոնիկ գրքերը: 3

2

Ուսուցանեք Հոգով

Նախապատրաստվեք և ապրեք այնպիսի ձևով, որպեսզի ունենաք Տիրոջ Հոգին ձեր ուսուցման ընթացքում: Այնքան շատ բան կա մեր աշխարհում, որ կործանում է Հոգու զգացողությունը և այնքան շատ բան, որ [ետ] կպահի մեզ Հոգին մեզ հետ ունենալուց: Մենք պետք է անենք ամեն բան, ինչ կարող ենք այս երիտասարդ մարդկանց համար, ովքեր հարձակման և տեղատարափի են ենթարկվում իրենց աշխարհիկ շրջապատի կողմից: Մենք պետք է անենք ամեն հնարավոր բան՝ թույլ տալու նրանց զգալ Տիրոջ Հոգու քաղցր, հուսադրող ներկայությունը: …

Այս տնտեսության ամենահիմնական հայտնություններից մեկում Տերն ասել է. «Եվ Հոգին կտրվի ձեզ հավատքի աղոթքով. Եվ, եթե դուք չստանաք Հոգին, դուք չպետք է ուսուցանեք»(ՎևՈւ 42.14):

Ես այնպես եմ հասկանում այս հատվածից, որ մենք ոչ միայնչպետք էուսուցանենք առանց Հոգու, այլ նաև, որ մենք իսկապեսչենք կարողուսուցանել առանց նրա: Հոգևոր բաներ սովորելը պարզապես չի կարող տեղի ունենալ առանց Տիրոջ Հոգու ուսուցողական և հաստատող ներկայության: Թվում է` Ջոզեֆ Սմիթը համաձայն է. «Բոլորը պետք է քարոզեն ավետարանը Սուրբ Հոգու զորությամբ և ազդեցությամբ, և ոչ մի մարդ չի կարող քարոզել Ավետարանը առանց Սուրբ Հոգու» [Եկեղեցու Նախագահների Ուսմունքերը՝ Ջոզեֆ Սմիթ(2007), 332]:

… Ես մտահոգվում եմ, երբ կարծես թե ուժեղ հույզերը կամ ազատ հոսող արցունքները հավասարեցվում են Հոգու ներկայության հետ: Անշուշտ Տիրոջ Հոգին կարող է առաջացնել ուժեղ հուզական զգացողություններ, ներառյալ արցունքներ, բայց այդ արտաքին դրսևորումը չպետք է շփոթել Հոգու՝ իր իսկ ներկայության հետ:

Ես հետևել եմ իմ եղբայրներից շատ շատերին տարիների ընթացքում, և մենք միասին կիսվել ենք որոշ հազվադեպ և անասելի հոգևոր փորձառություններով: Այդ փորձառություններից բոլորը եղել են տարբեր, յուրաքանչյուրը յուրովի իր իսկ ձևով և այդպիսի սրբազան պահեր, կարող են կամ չեն կարող ուղեկցվել արցունքներով: Շատ հաճախ դրանք ուղեկցվում են արցունքներով, բայց երբեմն էլ դրանք ուղեկցվում են բացարձակ լռությամբ: Ուրիշ անգամներ դրանք ուղեկցվում են ուրախությամբ: Դրանք միշտ ուղեկցվում են ճշմարտության մեծ դրսևորումներով, սրտին տրվող հայտնությամբ:

Տվեք ձեր ուսանողներին ավետարանի ճշմարտության զորությամբ ուսուցում. դա է նրանց հոգևոր փորձառություն տալու ուղին: Թող դա լինի բնականև ինչպես որ կլինի` գուցե արցունքներ թափելով, գուցեև ոչ: Եթե այն, ինչ ասում եք` ճշմարտություն է, և դուք դա ասում եք հստակորեն և ազնիվ համոզումով, այդ ուսանողները կզգան ճշմարտության ոգին ուսուցանվելիս և կընդունեն այն ոգեշնչումն ու հայտնությունը, որը գալիս է իրենց սրտերը: Ահա թե ինչպես ենք մենք հավատք կառուցում : Ահա թե ինչպես ենք զորացնում վկայությունները՝ Աստծո խոսքի զորությամբ, որն ուսուցանվում է անաղարտորեն և համոզումով:

Լսեք ճշմարտությունը, ականջ դրեք վարդապետությանը և թույլ տվեք, որ Հոգու դրսևորումը գա, ինչպես որ այն կարող է՝ իր բոլոր բազում և տարբեր ձևերով: Մնացեք հաստատուն սկզբունքներով, ուսուցանեք անաղարտ սրտով: Այդ ժամանակ Հոգին կներթափանցի ձեր միտքը և սիրտը և ձեր ուսանողների յուրաքանչյուրի միտքն ու սիրտը:4

3

Կոչ արեք ուսանողներին ուղղակիորեն որոնել Հայր Աստծուն և Հիսուս Քրիստոսին :

Համոզված եմ` դուք կընդունեք այն հնարավոր վտանգը … ձեր ուսանողների կողմից, ովքեր ավելի շուտ հավատարմություն կզգան ձեր հանդեպ, քան ավետարանի: … Այդ պատճառով դուք պետք է հրավիրեք ձեր ուսանողներին մտնել սուրբ գրությունների մեջ ինքնուրույն, ոչ թե տվեք դրանց ձեր մեկնաբանությունը և ներկայացումը: Այդ պատճառով դուք պետք է հրավիրեք ձեր ուսանողներին՝ զգալու Տիրոջ Հոգին, ոչ թե նրանց տալու դրանց վերաբերյալ ձեր անձնական անդրադարձը: Այդ պատճառով, ի վերջո դուք պետք է ուղղակիորեն հրավիրեք ձեր ուսանողներին դեպի Քրիստոս, ոչ թե ուղղակի դեպի մեկը, ով ուսուցանում է նրա վարդապետությունները, որքան էլ վարպետորեն դա անի: Դուք միշտ մատչելի չեք լինի այս ուսանողներին: …

Մեր մեծ խնդիրն է հիմնավորել այս ուսանողներին նրանում,ինչ կարող է գնալ նրանց հետ կյանքի ընթացքում` մատնանշելով նրանց դեպի Նա, ով սիրում է նրանց և կարող է առաջնորդել նրանց, ուր մեզանից ոչ մեկը չի գնա: Խնդրում ենք հավաստիացեք, որ այս ուսանողների հավատարմությունը սուրբ գրությունների հանդեպ է և Տիրոջ և վերականգնված Եկեղեցու վարդապետությունների հանդեպ: Մատնանշեք նրանց դեպի Հայր Աստված և Նրա Միածին Որդին՝ Հիսուս Քրիստոսը, և դեպի ճշմարիտ Եկեղեցու ղեկավարությունը: … Տվեք նրանց այն պարգևները, որոնք նրանց կտանեն այն բաների միջով, երբ նրանք ստիպված կլինեն միայնակ կանգնել: Երբ դուք անեք այս, ողջ Եկեղեցին կօրհնվի գալիք սերունդներում:5

Երեխաների խմբի դաս

Փորձեք լավագոււյնը, որ կարող եք մտածել [ուսանողների ] մասին անհատապես` թույլ տալու նրանց զգալ ինչ- որ անձնական և հատուկ մի բան ձեր՝ իրենց ուսուցչի վերաբերյալ:

4

Ձգտեք օգնության հասնել անձնավորությանը:

Ես միշտ տպավորվել եմ այն բանից, որ Տերը մեզ հետ գործակցում է անհատապես, անձնապես: Մենք շատ բաներ խմբերով ենք անում Եկեղեցում, և մենք կարիք ունենք որոշակի չափերով կազմակերպությունների, որոնք թույլ կտան մեզ լավ կառավարել Եկեղեցին, բայց առավելկարևոր բաները արվում են անհատապես: Մենք օրհնում ենք մանուկներին` ամեն մեկին առանձին, նույնիսկ, եթե նրանք երկվորյակներ են կամ եռյակներ: Մենք մկրտում և հաստատում ենք երեխաներին մեկական: Մենք հաղորդություն ենք ընդունում, կարգվում ենք քահանայության կամ անցնում տաճարային արարողությունների միջով` որպես անհատներ, որպես, մեկ անձ` զարգացնելով փոխհարաբերություն մեր Երկնային Հոր հետ: Այս փորձառություններում մեր կողքին կարող են լինել ուրիշներ, ինչպես ուրիշներ կան ձեր դասարանում, բայց երկնքի շեշտը յուրաքանչյուր անձնավորության վրա է, ամեն մի առանձին անձնավորության վրա:

Երբ Քրիստոսը հայտնվեց Նեփիացիներին, Նա ասաց.

«Բարձրացեք և առաջ եկեք ինձ մոտ, որ դուք կարողանաք մտցնել ձեր ձեռքն իմ կողը, և նաև, որ դուք կարողանաք շոշափել բևեռների նշաններն իմ ձեռքերի ու իմ ոտքերի վրա: …

Եվ եղավ այնպես, որ բազմությունն առաջ եկավ, և մտցրեց իրենց ձեռքերը նրա կողը, և շոշափեց բևեռների նշանները նրա ձեռքերի ու նրա ոտքերի վրա. և դա նրանք արեցին, առաջ գալով մեկ առ մեկ, մինչև որ նրանք բոլորն առաջ եկան և տեսան իրենց իսկ աչքով, և շոշափեցին իրենց ձեռքերով,, և իմացան անկասկած ու վկայեցին» (3 Նեփի 11.14–15, շեշտադրումն ավելացված է):

Այդ փորձառությունը ժամանակ խլեց, բայց կարևոր էր, որ յուրաքանչյուր անձ ունենար փորձառություն, որպեսզի յուրաքանչյուր զույգ աչքեր և յուրաքանչյուր զույգ ձեռքեր ունենային այդ վերահաստատող, անձնականվկայությունը: Հետագայում Քրիստոսը վերաբերվեց Նեփիացի երեխաներին ճիշտ նույն ձևով: «Եվ նա վերցրեց նրանց փոքր երեխաներին, մեկ առ մեկ, և օրհնեց նրանց, և նրանց համար աղոթեց Հորը» (3 Նեփի 17.21, շեշտադրումն ավելացված է):

Ձեզ համար դժվար կլինի տալ ձեր ողջ անձնական ուշադրությունը ձեր ուսանողներից մի քանիսին, ինչպես ցանկության, այնպես էլ կարիքի դեպքում, բայց փորձեք լավագույնը, որ կարող եք մտածել նրանց մասին անհատապես, թույլ տալու նրանց զգալ ինչ- որ անձնական և հատուկ մի բան ձեր մտահոգության մասին` որպես իրենց ուսուցիչ: Աղոթեք իմանալու, թե որ ուսանողը կարիք ունի ինչպիսի օգնության և զգայուն մնացեք այդ հուշումների հանդեպ, երբ դրանք գան: … Հիշեք, որ ամենալավագույն ուսուցումը մեկ առ մեկն է և հաճախ տեղի է ունենում դասարանից դուրս: …

Յուրաքանչյուր ուսանողի անձնապես ուսուցանելու ձեր որոնման ընթացքում դուք ամենայն հավանականությամբ կբացահայտեք, որ ոմանք այնքան էլ լավ չեն, ինչպես մյուսները, իսկ մի քանիսն ընդհանրապես չեն անում դա դասարանում: Անձնական հետաքրքրություն ցուցաբերեք այդպիսի ուսանողների հանդեպ, հավելյալ մղոնը գնալու ջանք գործադրեք՝ հրավիրելու և օգնելու ետ բերել կորած ոչխարին իր հոտը: «Հիշեք, հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում» (ՎևՈւ 18.10:) Մի անհաշվելի գին է վճարվել մեր Փրկչի կողմից մեզանից ամեն մեկի համար և մեզ վրա է դրված անել այն ամենը, ինչ կարող ենք՝ աջակցելու Նրան Իր աշխատանքում: Մեր վրա է դրված հավաստիանալ, որ Քավության պարգևը տարածվի յուրաքանչյուր երիտասարդ տղամարդու և կնոջ վրա, ում համար մենք պատասխանատվություն ենք կրում: Ձեր իրավիճակում, դա նշանակում է նրանց լրիվ ակտիվության մեջ պահել ձեր դասերի ընթացքում:

Հատուկ ուշադրություն հատկացրեք նրանց, ովքեր գուցե պայքարում են և դուրս գնում, երբ անհրաժեշտ է գտնել կորած ոչխարին: Մի գրված բացիկ, մի հեռախոսային զանգ կամ, եթե հնարավոր է անձնական այցելությունը տուն, շատ դեպքերում կունենան սքանչելի արդյունք: Անձնական ուշադրությունը երիտասարդ անձնավորության հանդեպ, որը հենց նոր է սկսում շեղվել, կարող է խնայել ժամերի, իրականում տարիների ջանքեր՝ հետագայում այդ մարդուն գործունեության վերադարձնելու համար մեր փորձերում: Արեք այն ամենը, ինչ կարող եք` կոփելու ուժեղին և վերահաստատելու կամակորին այս հասակում: 6

5

Ուսուցանեք օրինակով

Այնքան կարևոր է մեզ համար [որպես ուսուցիչներ] ճիշտ օրինակ հանդիսանալ, լինել ջանասեր և աչալուրջ մեր իսկ կյանքում, պահել Հանգստության օրը սուրբ, հարգել ծխի, ցցի և Եկեղեցու ղեկավարությանը: Ոչ մի անպատշաճ բան չպիտի դուրս գա մեր շուրթերից, որը որևէ երեխայի իրավունք կամ արտոնություն կտա սխալ գործելու: Իհարկե, եթե մենք ասենք կամ անենք որևէ սխալ բան, երեխաները իրավունք կվերապահեն հետևելու դրան:

Օրինակը կրում է իր հետ մի ազդեցություն, որը շատ ավելի ուժեղ է, քան պատգամը: Նա, ով համոզում է ուրիշներին ճիշտ գործել, ինքն էլ պետք է ճիշտ գործի: Ճշմարիտ է, որ նա, ով գործի է դնում բարի պատգամներ, որովհետև դրանք բարի են և թույլ չի տալիս, որ ինքն ազդեցություն կրի ուրիշների անարդար վարքից, ավելի առատորեն կպարգևատրվի, քան նա, ով ասում է և չի անում: … Երեխաները միտում ունեն ընդօրինակել նրանց, ում նրանք վստահում են: Որքան ավելի մեծ է նրանց վստահությունը, ավելի պատրասատակամորեն են նրանք ազդեցության տակ ընկնում բարու կամ չարի համար: Յուրաքանչյուր լավ Սուրբ հարգում է իսկական բարությունը, որտեղ էլ այն տեսնի և կփորձի ամեն լավ օրինակներն ընդօրինակել:7

Մեծ ուսուցչի համար բանաձևը միայն Տիրոջ պատվիրաններով ապրելը և Տիրոջ պատվիրանները պաշտպանելը չէ, այլ աղոթքով ուսուցանելու ոգին ձեռք բերելը: Երբ մենք ձեռք ենք բերում այդ ոգին և պահում Տիրոջ պատվիրանները՝ հնազանդությամբ քայլելով Նրա առջև, ապա նրանց կյանքը, ում մենք դիպչում ենք, փոխվում է, և նրանք հիմնավորվում են՝ ապրելու արդար կյանքով:8

Յուրաքանչյուր ուսուցիչ պետք է ունենա անձնական վկայություն, որ Աստված ապրում է, Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելության մասին և, որ Հոր և Որդու հայտնվելը Ջոզեֆ Սմիթին իրականություն էր: Ոչ միայն նա պետք է ունենա այդ գիտելիքը և վկայությունը, այլ նա պետք է ձգտի արտահայտել իր հավատքն առանց երկմտության նրանց, ովքեր գալիս են սովորելու: 9

Եկեղեցու մեծահասակների դաս

Ավետարանի արդյունավետ ուսուցումը տանում է դեպի «մարդկային հոգու փոխակերպման»:

6

Եղեք գործիք Տիրոջ ձեռքերում` օգնելով ուսանողներին զգալ սրտի հրաշագործ փոփոխությունը:

Երբ ուսուցիչը կատարում է, ինչպես Տերն է նախատեսել, մի մեծ հրաշք է կատարվում: Եկեղեցու հրաշքն այսօր բժշկությունները չեն, որոնք այնքան լիառատ են, երբ կաղը քայլում է, կույրը տեսնում է, խուլը լսում կամ հիվանդը ոտքի կանգնում: Եկեղեցու և Աստծո թագավորության մեծ հրաշքը մեր օրերում և մեր ժամանակներում մարդկային հոգու փոխակերպումն է: Երբ մենք ճանապարհորդում ենք Եկեղեցու ցցերով և միսիաներով , սա այն է, ինչ տեսնում ենք՝ մարդկային հոգու փոխակերպում, որովհետև ինչ- որ մեկն ուսուցանել է ճշմարտության սկզբունքները:

Դա այնպես է, ինչպես Ալման հայտարարեց իր օրերում` ուսուցանելով ժողովրդին, երբ նա ասաց. «Եվ արդ ահա, ես հարցնում եմ ձեզ, եկեղեցու իմ եղբայրնե՛ր, ծնվե՞լ եք դուք Աստծուց հոգևորապես: Ընդունե՞լ եք դուք նրա պատկերը ձեր դեմքին: Զգացե՞լ եք դուք այս հզոր փոփոխությունը ձեր սրտերում»: Ալմա 5.14:) Սա է ուսուցանման նպատակը: Սա է պատճառը, որ մենք այդքան տքնաջանորեն աշխատում ենք, որոնում Հոգին և նախապատրաստում մեր մտքերը բարի բաներով, ինչպես Տերն է պատվիրել, որ մենք կարողանանք գործիք լինել Տիրոջ ձեռքում` փոխելով անձնավորության սիրտը: Մեր նպատակն է երեխաների սրտերում սերմանել ցանկություն` լինել բարի, լինել արդարակյաց , պահել Տիրոջ պատվիրանները, համեստությամբ քայլել Նրա առջև: Եթե մենք կարողանանք գործիք լինել Տիրոջ ձեռքում` իրականացնելու այս հզոր փոփոխությունը երեխաների սրտում, ապա մենք իրականացրել ենք ուսուցչի այդ մեծ հրաշքը: Եվ իսկապես դա հրաշք է: Մենք չենք հասկանում, թե ինչպես է Տերը փոխում մարդկանց սրտերը, բայց Նա դա անում է: …

Ես բերում եմ ձեզ իմ վկայությունը Եկեղեցու անդամների կյանքում Հոգու վերածնող ուժի մասին: Ես աղերսում եմ ձեզ` … աշխատել անդադար արդարակեցության և սրբության մեջ Տիրոջ առաջ` իրականացնելով խնդիրը, որը հանձնարարված է ձեզ»: 10

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

Հիշեցում. Գուցե դուք կամենաք քննարկել հետևյալ հարցերից մի քանիսը իրենց երեխաներին ուսուցանող ծնողների տեսանկյունից:

  • Նախագահ Հանթերը խրախուսում է ուսուցիչներին` օգնել ուսանողներին ձեռք բերել «վստահություն սուրբ գրքերի հանդեպ» (բաժին 1): Ե՞րբ են սուրբ գրքերն օգնել ձեզ ձեր կյանքում: Ե՞րբ եք պատասխաններ գտել ձեր հարցերին սուրբ գրքերում: Ինչպե՞ս կարող ենք օգնել ուրիշներին, ներառյալ նրանց, ովքեր մեր տներում են, սովորել սիրել սուրբ գրքերը և օգտվել դրանց զորությունից:

  • Ի՞նչ կարող ենք սովորել 2-րդ բաժնից, Հոգով ուսուցանելու մասին: Ի՞նչ փորձառություններ եք ունեցել Հոգով ուսուցանելիս և սովորելիս: Ո՞րոնք են այն բաները, որ դուք կարող եք անել, օգնելու ձեզ Հոգու միջոցով ուսուցանելու համար:

  • Ինչպե՞ս կարող է ուսուցիչն օգնել աշակերտներին` վստահություն ստեղծել սուրբ գրությունների և ավետարանի հանդեպ և ոչ թե իր հանդեպ: (տես բաժին 3:) Ինչպե՞ս կարող է ուսուցիչն օգնել` կենտրոնացնելու ուսանողներին դեպի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը: Ինչպե՞ս կարող է ուսուցիչն օգնել ուսանողներին` հիմնավորված դառնալ ավետարանում, որպեսզի ուժեղ մնան, «երբ նրանք ստիպված լինեն մենակ կանգնել»:

  • Խորհեք Նախագահ Հանթերի ուսմուքների մասին յուրաքանչյուր անձնավորության կարևորության վերաբերյալ: Ինչպե՞ս դուք կարող եք օգնել նրանց, ում ուսուցանում եք, զարգացնել վկայություն, որ Աստված գիտի և իրենց սիրում է անհատապես: Մտածեք, թե դուք որպես ուսուցիչ, ի՞նչ կարող եք անել օգնության հասնելու նրանց, ում դուք ուսուցանում եք:

  • Նախագահ Հանթերը շեշտում է ուսուցանելու կարևորությունը օրինակի միջոցով: (տես բաժին 5): Ինչո՞ւ է մեր օրինակն ավելի հզոր, քան մեր խոսքերը: Ինչպե՞ս եք օրհնվել մի ուսուցչով, ով լավ օրինակ է եղել: Ինչպե՞ս է ծնողների օրինակը ուսուցանում իրենց երեխաներին:

  • Ե՞րբ եք զգացել այն «մեծ հրաշքը», որ Նախագահ Հանթերը նկարագրում է բաժին 6-ում, լինի դա ուսուցիչ, թե սովորող: Մտածեք այն ուսուցիչների մասին, ովքեր լավ ազդեցություն են եղել ձեր կյանքում: Ի՞նչն է նրանց դարձրել արդյունավետ ազդեցություն: Ինչպե՞ս կարող ենք ուսուցանել ավետարանը ավելի մեծ ուժով, լինի դա տանը, դասարանում, թե որևէ այլ միջավայրում:

Առնչվող սուրբ գրություններ

Հովհաննես ԻԱ.15–17, Ա Կորնթացիս ԺԲ.28, Բ Տիմոթեոս Գ.14–17, 2 Նեփի 33.1, Ալմա 17.2–3, 31.5, ՎևՈւ 11.21–22, 50.17–22, 88.77–80

Օգնություն ուսուցչին

Տարբեր թղթի կտորների վրա գրեք հարցեր գլխի վերջից կամ այլ հարցեր, որոնք կապված են գլխի հետ: Հրավիրեք դասարանի անդամներին` ընտրել մի հարց և փնտրել ուսմունքների այն գլուխը, որն օգնում է պատասխանել դրան: Խնդրեք նրանց կիսվել իրենց սովորածով:

Հղումներ

  1. “A Teacher,” Ensign, July 1972, 85.

  2. The Teachings of Howard W. Hunter, ed. Clyde J. Williams (1997), 210–11.

  3. “Eternal Investments” (address to CES religious educators, Feb. 10, 1989), 2; si.lds.org.

  4. “Eternal Investments,” 3–4.

  5. “Eternal Investments,” 2-3.

  6. “Eternal Investments,” 4-5.

  7. “Formula for a Great Teacher” (address given at Primary conference, Apr. 1965), 3–4, Church History Library, Salt Lake City.

  8. “Formula for a Great Teacher,” 1.

  9. The Teachings of Howard W. Hunter, 188.

  10. “Formula for a Great Teacher,” 4–6.