Հովարդ Վ․ Հանթերի կյանքն ու ծառայությունը
1994 թվականի հունիսի 6-ին, որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ Հովարդ Վ․ Հանթերի ձեռնադրվելուց մեկ օր անց, նա երկու հրավեր հղեց։ Խոսելով մեղմ քաջալերանքով՝ նա ասաց․
«Նախ և առաջ, ես հրավիրում եմ Եկեղեցու բոլոր անդամներին` ապրելու երբևէ ամենամեծ ուշադրությունը սևեռելով Տեր Հիսուս Քրիստոսի կյանքի և օրինակի, հատկապես Նրա ցուցաբերած սիրո, հույսի և կարեկցանքի վրա։ Ես աղոթում եմ, որ մենք կարողանանք ավելի շատ բարություն, ավելի շատ քաղաքավարություն, ավելի շատ խոնարհություն, համբերատարություն և ներողամտություն ցուցաբերել միմյանց հանդեպ»։1
Մարդկանց խրախուսելը, որ հետևեն Փրկչի օրինակին, տասնամյակներ շարունակ եղել է Նախագահ Հանթերի ուշադրության կենտրոնում։ «Խնդրում եմ, հիշեք այս մի բանը», ասել է նա մի քանի տարի առաջ։ «Եթե մեր կյանքը և հավատքը կենտրոնացած են Հիսուս Քրիստոսի և նրա վերականգնված ավետարանի վրա, ոչինչ չի կարող մշտապես սխալ ընթանալ։ Մյուս կողմից, եթե մեր կյանքը չի կենտրոնացած Փրկչի և նրա ուսմունքների վրա, ոչ մի այլ հաջողություն երբևէ չի կարող հարատև լինել»։2
Եկեղեցու անդամներին ուղղված Նախագահ Հանթերի երկրորդ հրավերն էր` ավելի լիարժեք ճաշակել տաճարային օրհնությունները։
«Ես նաև հրավիրում եմ Եկեղեցու անդամներին հաստատել Տիրոջ տաճարը որպես իրենց անդամության մեծ խորհրդանիշ և երկնային միջավայր իրենց ամենասուրբ ուխտերի համար։ Իմ ամենանվիրական ցանկությունն է, որ Եկեղեցու յուրաքանչյուր անդամ լինի տաճարին արժանի: Ես կուզենայի, որ յուրաքանչյուր չափահաս անդամ տաճարին արժանի լինի և տաճարային ընթացիկ երաշխավորագիր կրի, անգամ եթե տաճարի հեռավորությունը թույլ չի տալիս այդ պահին կամ հաճախակի օգտագործել այն:
Եկեք լինենք տաճար հաճախող և տաճար սիրող ժողովուրդ: Եկեք հաճախ գնանք տաճար` որքան ժամանակը, միջոցները և անձնական պայմանները ներում են: Եկեք գնանք ոչ միայն մեր մահացած նախնիների համար, այլև տաճարային երկրպագության` անձնական օրհնություն ստանալու համար, սրբության և ապահովության համար, որ տրվում է այդ սրբագործված և նվիրագործված պատերի ներսում: Տաճարը գեղեցիկ վայր է, այն հայտնության և խաղաղության վայր է: Այն Տիրոջ տունն է: Այն սուրբ է Տիրոջ համար: Այն պետք է սուրբ լինի մեզ համար»:3
Նախագահ Հանթերը շարունակեց հատուկ շեշտել այս երկու հրավերները՝ որպես Եկեղեցու Նախագահ` իր ծառայության ողջ ընթացքում։ Չնայած նրա ժամանակը որպես Նախագահ տևեց ընդամենը ինը ամիս, այս հրավերները ոգեշնչեցին Եկեղեցու անդամներին` ողջ աշխարհով մեկ լինել ավելի Քրիստոսանման և փնտրել տաճարի օրհնություններն ավելի մեծ նվիրվածությամբ։
Սկիզբը
1800-ականների կեսերին Հովարդ Վ․ Հանթերի նախնիները չորս տարբեր երկրներում միացան Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն։ Նրա մոր կողմի նախնիները Դանիայից և Նորվեգիայից էին։ Իրենց հայրենիքից արտագաղթելուց հետո նրանք Յուտայի նահանգի Մաունթ Փլեզանթի առաջին վերաբնակներից էին։ Այս աննկուն ռահվիրաների հետնորդներից մեկը՝ Նելլի Ռասմուսսենը, դառնալու էր մարգարեի մայրը։
Իր հոր կողմից Հովարդն ուներ նախնիներ, ովքեր խորը արմատներ ունեին Շոտլանդիայում և Նոր Անգլիայում։ Նրանք, ովքեր միացել էին Եկեղեցուն, մեծ զոհաբերություններ էին կատարել, սակայն նրանցից շատերը մի քանի տարի անց դադարեցին ակտիվ լինելուց։ 1879 թվականին Ջոն Վիլյամ (Վիլ) Հանթերի ծնունդը նշեց երրորդ սերնդի սկիզբը Հանթերների շառավղում, որն այլևս կապ չուներ Եկեղեցու հետ։ Եվ այնուամենայնիվ, Վիլ Հանթերը դառնալու էր մարգարեի հայրը։
Երբ Վիլ Հանթերը 8 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվեց Բոյսի` Այդահոյի նահանգ։ Մոտավորապես 16 տարի անց Վիլը հանդիպեց Նելլի Ռասմուսսենին, երբ նա եկավ Բոյսի՝ մնալու հորաքրոջ և հորեղբոր տանը։ Վիլը շուտով սկսեց սիրահետել Նելլիին, և երկու տարի անց նա ամուսնության առաջարկ արեց։ Նելլին որոշ ժամանակ տատանվում էր, բայց Վիլը համառություն դրսևորեց, և նա ի վերջո ընդունեց նրա առաջարկը։ Զույգն ամուսնացավ Մաունթ Փլեզանթում, Յուտայի նահանգ, և վերադարձավ Բոյսի իրենց տունը կառուցելու համար։ Նրանց առաջին զավակը՝ Հովարդ Վիլյամ Հանթերը, ծնվեց Բոյսիում 1907 թվականի նոյեմբերի 14-ին։ Նրանց հաջորդ և վերջին զավակը՝ դուստրը, ում նրանք կոչեցին Դորոթի, ծնվեց 1909 թվականին։
Կյանքի համար հիմք կառուցելը
Երբ Հովարդը ծնվեց, Եկեղեցին Բոյսիում ուներ ընդամենը մեկ փոքրիկ ճյուղ։ Հովարդի մայրը ճյուղի ակտիվ անդամ էր, ով մեծացրեց իր զավակներին ավետարանով։ Նրա մասին Հովարդն ասել է․ «Նա միշտ հավատարիմ է եղել։ … Նա ծառայել է որպես Երեխաների Խմբի և [Երիտասարդ Կանանց] նախագահ։ Ես հիշում եմ, որ եկեղեցի էի գնում մայրիկիս հետ, երբեմն ժողովի նախատեսված ժամից շուտ և մնում էինք ժողովներից հետո, որպեսզի նա կարողանար ավարտել իր աշխատանքը»։4 Չնայած Հովարդների հայրը Եկեղեցու անդամ չէր, նա դեմ չէր ընտանիքի մասնակցությանը և երբեմն հաճախում էր հաղորդության ժողովներին նրանց հետ։
Ի լրումն իր երեխաներին Եկեղեցու միջոցառումներին առաջնորդելուն՝ Նելլի Հանթերը օգնեց նրանց` տանը կառուցել ամուր կրոնական հիմք ։ «Մայրս էր, ով օրինակ էր հանդիսանում ավետարանը մեզ ուսուցանելու գործում», հիշում էր Հովարդը։ «Նրա ծնկներին մենք սովորել ենք աղոթել։ … Ես վկայություն եմ ստացել իմ պատանեկության օրերին` իմ մոր ծնկների մոտ»։5
Բոյսի Ճյուղը ծուխ դարձավ 1913 թվականին` Հովարդի վեց տարին լրանալուց մի քանի օր առաջ։ Երկու տարի անց, երբ Հովարդն ութ տարեկան էր, նա ուրախությամբ սպասում էր իր մկրտությանը։ «Ես շատ ոգևորված էի այդ հեռանկարով», ասել է նա: Այնուամենայնիվ, նրա հայրը թույլտվություն չտվեց։ Հովարդը վերհիշում է․ «Հայրս … կարծում էր, որ ես պետք է սպասեի, մինչև կիմանայի, թե կյանքի որ ուղին էի ցանկանում ընտրել։ Ես ցանկանում էի մկրտվել, սակայն ժամանակը եկավ և անցավ առանց այդ օրհնության»։6
Քանի որ Հովարդը չէր մկրտվել, նա չէր կարող կարգվել որպես սարկավագ, երբ դարձավ 12 տարեկան։ «Այդ ժամանակ իմ բոլոր ընկերներն արդեն կարգվել էին որպես սարկավագներ», ասել է նա։ «Քանի որ ես Եկեղեցում պաշտոնապես անդամ չէի, ես չէի կարողանում անել շատ բաներ, որ նրանք էին անում»։7 Հովարդը հատկապես վհատվում էր այն պատճառով, որ չէր կարող բաժանել հաղորդությունը․ «Ես նստում էի հաղորդության ժողովներին մյուս տղաների հետ միասին։ «Երբ գալիս էր պահը, որ նրանք պետք է բաժանեին հաղորդությունը, ես ցած էի սահում աթոռից: Ես ինձ այնքան միայնակ էի զգում»:8
Հովարդը կրկին խնդրեց իր հորը, այս անգամ իր 10-ամյա քրոջ՝ Դորոթիի հետ․ «[Մենք] սկսեցինք համոզել հայրիկին, որ թույլ տար մեզ մկրտվել։ Մենք նաև աղոթեցինք, որ նա ասեր` այո։ Մենք չափազանց ուրախ էինք, երբ նա ի վերջո տվեց իր համաձայնությունը»։9 Հովարդի 12 տարին լրանալուց մոտ հինգ ամիս անց նա և Դորոթին մկրտվեցին հասարակական լողավազանում։ Կարճ ժամանակ անց Հովարդը կարգվեց որպես սարկավագ և առաջին անգամ բաժանեց հաղորդությունը։ «Ես վախեցած էի, սակայն նաև հուզված, որ ունեի այդ արտոնությունը», վերհիշել է նա։10 Իր մյուս պարտականությունների շարքում Հովարդը աշխատեցնում էր փուքսը և վառում կրակը, որ ցուրտ կիրակնօրյա առավոտներին տաքացներ հավաքատունը։ «Լրիվ նոր աշխարհ բացվեց իմ առջև, երբ ես սովորեցի Եկեղեցու անդամ լինելու և քահանայություն կրելու պարտականությունները», ասել է նա։11
Երիտասարդ հասակում Հովարդը միացավ իր ծխի սկաուտների խմբին և ջանասիրաբար աշխատեց, որպեսզի շահեր լավագույն մրցանակը՝ Արծիվ Սկաուտ։ Երբ նա մոտեցավ իր նպատակին, ներգրավվեց ընկերական մրցման մեջ։ «Մենք երկուսով էինք պայքարում Արծիվ Սկաուտի համար Բոյսիում», հիշում էր նա։12 Մյուս պատանին առաջինն ավարտեց հանձնարարությունները, սակայն Հովարդը կարծես թե բավարարված էր լինելու երկրորդը, ով մրցանակ կստանար։13
Հովարդը սովորեց ջանասեր լինել կյանքի վաղ տարիներին։ Նա օգնում էր այրիներին և մյուս հարևաններին, վաճառում էր լրագրեր և աշխատում իր հորեղբոր ագարակում։ Երբ նա ավելի մեծացավ, նրա աշխատանքները ներառեցին գոլֆի խաղադաշտում մականներ տեղափոխելը, հեռագրեր բաժանելը, դեղատանը, լրագրատանը, հյուրանոցում, հանրախանութում և արհեստանոցում աշխատելը։
Դորոթի Հանթերն ասել է, որ իր եղբայրն ուներ «խթանիչ ձգտում» և «պայծառ միտք»։14 Այս հատկանիշները լրացվում էին կարեկցանքի և մեծահոգության որակներով։ Վերհիշելով նրա հոգատար վերաբերմունքը, Դորոթին ասել է․ «Հովարդը միշտ ցանկանում էր լավ բան անել և լավը լինել։ Որպես հրաշալի եղբայր՝ նա հոգում էր իմ մասին։ Նա շատ սիրալիր էր մեր մոր ու հոր հանդեպ»։15
Հովարդը կարեկից էր նաև կենդանիների հանդեպ։ «Ամեն անտուն կատու կարող էր ապաստան գտնել մեր տանը՝ նույնիսկ ընտանիքի առարկություններին հակառակ», ասել է նա։16 Մի անգամ հարևանի տղաները տանջում էին մի փիսիկի՝ նետելով նրան Հանթերների տան մոտ գտնվող ոռոգման ջրի առուն։ Ամեն անգամ, երբ փիսիկը փորձում էր վեր բարձրանալ, տղաները կրկին նրան հետ էին մղում։ Շուտով նրանց մոտեցավ Հովարդը և փրկեց փիսիկին։ «Փիսիկը պառկած էր այնտեղ գրեթե սատկած,- վերհիշում էր Դորոթին,- և նա նրան տուն բերեց»։17
«Նա չի ապրի», ասաց նրա մայրը։
«Մայրիկ, մենք պետք է փորձենք», պնդեց Հովարդը։18
Դորոթին ասել է, որ նրանք «փաթաթեցին նրան վերմակի մեջ, դրեցին տաք վառարանի կողքին և կերակրեցին», և այս հոգատարության շնորհիվ փիսիկը ոտքի կանգնեց և ապրեց ընտանիքի հետ շատ տարիներ։
1923 թվականին Հովարդը կարգվեց որպես ուսուցիչ, Բոյսիի Երկրորդ Ցցի ստեղծումից անմիջապես առաջ։ Կարիք ունենալով մեկ այլ հավաքման վայրի և ակնկալելով հետագա աճ՝ տեղի Եկեղեցու ղեկավարները առաջարկեցին աղոթատուն կառուցել ցցի համար։ Բոյսիի Սրբերին խնդրեցին շենքի կառուցման համար նվիրաբերել 20000 դոլար։19 Ժողովի ժամանակ, երբ ղեկավարները նվիրատվության կոչ արեցին, երիտասարդ Հովարդ Վ․ Հանթերը եղավ առաջին անձնավորությունը, ով բարձրացրեց իր ձեռքը և պարտավորություն ստանձնեց։ Նա ստանձնեց 25 դոլարի պարտավորություն, որը մեծ գումար էր 1923 թվականին` հատկապես 15 տարեկանի համար։ «Ես աշխատում և գումար էի խնայում, մինչև որ կարողացա լիովին վճարել այն, ինչ պարտավորվել էի», ասել է նա հետագայում։20 Աղոթատունն ավարտին հասցվեց 1925 թվականին, և Նախագահ Հեբեր Ջ․ Գրանտը եկավ նվիրագործելու այն այդ դեկտեմբերին։21
Երիտասարդ տարիքից Հովարդն աչքի է ընկել երաժշտական ընդունակություններով և պատանեկության տարիներին նա սովորել է նվագել տարբեր գործիքների վրա։ 16 տարեկանում նա հիմնեց իր սեփական երաժշտական խումբը, որը նա կոչեց Hunter’s Croonaders։ Այս խումբը հաճախ էր ելույթ ունենում Բոյսիի տարածքում պարերի, երեկույթների և այլ առիթների ժամանակ։
Երբ Հովարդը 19 տարեկան էր, նրա հետ պայմանագիր կնքեցին, որ նա երաժշտություն ապահովեր նավի վրա, որը ճամփորդելու էր դեպի Ասիա։ 1927 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում Հովարդի հինգ հոգուց կազմված խումբը նվագում էր ընթրիքների և պարերի ժամանակ, մինչ նավն անցնում էր Խաղաղ օվկիանոսը և կանգ առնում Ճապոնիայի, Չինաստանի և Ֆիլիպինների բազմաթիվ քաղաքներում։ Այդ ճամփորդությունը ուսուցանող փորձառություն եղավ Հովարդի համար, որը թույլ տվեց նրան ծանոթանալ այլ մարդկանց և նրանց մշակույթի հետ։ Չնայած, որ նա իր եկամուտի մեծ մասը ծախսեց գեղատեսիլ վայրերի և հուշանվերների վրա, նա այդ մասին ասել է․ «Այն ամենը, ինչ սովորեցինք, արժանի էր նրան, ինչը մենք ծախսեցինք»։22
Մեծ որոշումների ժամանակներ
Երբ Հովարդը ճամփորդությունից տուն վերադարձավ, նա լսեց մի ուրախալի լուր․ նրա բացակայության ժամանակ հայրը մկրտվել էր։ Հաջորդ կիրակի Հովարդը և նրա հայրը առաջին անգամ միասին հաճախեցին քահանայության ժողովին։ Հոգատար եպիսկոպոսը խրախուսում էր Վիլ Հանթերին մկրտվել, և Հովարդն ասել էր, որ «[տնային] ուսուցչի շնորհիվ էր, որ ավելի մեծ հետաքրքրություն առաջացավ նրա մոտ եկեղեցու հանդեպ»։23
Շրջագայությունից հետո Հովարդը վստահ չէր, թե ինչ էր անելու ապագայում։ Նա շարունակում էր զբաղվել երաժշտական միջոցառումներով և այլ աշխատանքներով, ներառյալ իր սեփական բիզնեսը, սակայն սրանցից ոչ մեկը լավ կարիերայի հեռանկար չունեին։ Երբ նրա բիզնեսը 1928 թվականին փակվեց, նա որոշեց այցելել Հարավային Կալիֆորնիայում ապրող իր ընկերներից մեկին։ Ի սկզբանե նա ծրագրել էր մնալ ընդամենը մեկ կամ երկու շաբաթ, սակայն նա շուտով որոշեց մնալ և փնտրել այն, ինչը նա նկարագրել է որպես «հնարավորություն տվող աշխատանք»։24 Կալիֆորնիայում նա գտնելու էր ոչ միայն աշխատանք, այլ նաև իր կնոջը, Եկեղեցում ծառայելու մեծ հնարավորություններ և տուն՝ երեք տասնամյակից ավելի։
Կալիֆորնիայում Հովարդի առաջին աշխատանքներն են եղել կոշիկ վաճառելը և ցիտրուսային պտուղների փաթեթավորման գործարանում աշխատելը, որտեղ որոշ օրեր երթուղային վագոնների վրա նա բարձում էր 45-ից 50 տոննա նարինջ։ «Ես չգիտեի, որ այսքան շատ նարինջ կա աշխարհում», ասել է նա։ Մի անգամ նա «շատ վատ օր անցկացրեց», քանի որ պետք է առանձնացներ կիտրոններն ըստ գույնի, բայց նա չէր կարողանում տարբերել դեղին և կանաչ երանգները դալտոնիզմի պատճառով։ «Մինչ օրը կվերջանար, ես կարծում էի, որ կունենայի նյարդային խանգարում»,վերհիշել է նա։25
Ցիտրուսային պտուղների գործարանում երկու շաբաթ աշխատելուց հետո Հովարդը աշխատանքի համար դիմեց բանկ Լոս Անջելեսում, որն անմիջապես աշխատանքի ընդունեց նրան և սկսեց արագ առաջ քաշել։ Նա նաև շարունակեց իր երաժշտական միջոցառումները՝ երեկոյան ժամերին նվագելով զանազան խմբերի հետ։ 1928 թվականի սեպտեմբերին՝ Հովարդի Կալիֆորնիա տեղափոխվելուց մոտ վեց ամիս անց, նրա ընտանիքը վերամիավորվեց, երբ ծնողները և քույրը տեղափոխվեցին այնտեղ։
Իր պատանեկության տարիներին Հովարդը հաճախել էր եկեղեցի, սակայն խորությամբ չէր ուսումնասիրել ավետարանը։ Կալիֆորնիայում նա շատ ավելի մեծ ուշադրությամբ էր սկսել ուսումնասիրել ավետարանը։ «Առաջին անգամ ես իսկապես սկսեցի ընկալել ավետարանը Ադամի Ծխի Կիրակնօրյա Դպրոցի դասարանում, որտեղ ուսուցանում էր Եղբայր Պիտեր Ա․ Քլեյթոնը», վերհիշել է նա։ «Նա ուներ հարուստ գիտելիքներ և երիտասարդներին ոգեշնչելու ունակություն։ Ես ուսումնասիրում էի դասերը, կարդում արտադասարանային հանձնարարությունները, որ նա տալիս էր մեզ և մասնակցում էի հանձնարարված թեմայի շուրջ քննարկումներին։ … Իմ կյանքի այս ժամանակահատվածի մասին խորհելիս ես մտածում եմ, որ սա էր այն պահը, երբ ավետարանի ճշմարտությունները սկսեցին բացվել իմ առջև։ Ես միշտ ունեցել եմ վկայություն ավետարանի մասին, սակայն հանկարծ ես սկսեցի հասկանալ այն»։26 Այդ Կիրակնօրյա Դպրոցի դասարանում ունեցած փորձառություններից սկիզբ առավ Հովարդի սերը ավետարանն ուսումնասիրելու հանդեպ, որը շարունակվեց ողջ կյանքի ընթացքում։
Լոս Անջելեսի տարածքում Հովարդը վայելում էր այլ երիտասարդ չափահասների հետ շփումը։ Նրանք միասին հաճախում էին եկեղեցի, երբեմն գնալով երկու կամ երեք ծուխ մի կիրակի օրվա ընթացքում և մասնակցում էին բազմազան միջոցառումների։ Այդ միջոցառումներից մեկը հարատև նշանակություն ունեցավ Հովարդի համար։ Կալիֆորնիա գալուց մի քանի ամիս անց իր մի քանի ընկերների հետ նա հաճախել էր Եկեղեցու պարահանդեսներից մեկին, որից հետո գնացել էին ծովափ զբոսնելու։ Այդ երեկո Հովարդը հանդիպեց Կլարա Մեյ (Քլեյր) Ջեֆսին, ով հանդիպման էր եկել նրա ընկերներից մեկի հետ։ Հովարդի և Քլեյրի մոտ շուտով ի հայտ եկավ փոխադարձ համակրանք, որը հասունացավ ու դարձավ սեր։
Նրանք մի քանի անգամ հանդիպեցին 1928 թվականին և ավելի լուրջ տրամադրվեցին հաջորդ տարի։ «Նա ուներ բաց շագանակագույն մազեր և շատ գեղեցիկ աղջիկ էր», հետագայում ասել է Հովարդը։ «Կարծում եմ, որ ամենաշատը ինձ վրա տպավորություն գործեց նրա վկայության խորությունը»։27 1931 թվականի գարնանային մի երեկո, նրանց հանդիպումից գրեթե երեք տարի անց, Հովարդը Քլեյրին տարավ դիտելու Խաղաղ օվկիանոսը բարձր մի վայրից։ Այնտեղ նա ամուսնության առաջարկ արեց, իսկ Քլեյրն ընդունեց։ Նա վերհիշել է․
«Մենք մեքենայով հասանք մինչև Պալոս Վերդես և մեքենան կանգնեցրինք զառիվայրում, որտեղ մենք կարող էինք դիտել Խաղաղ օվկիանոսից եկող ալիքները, որոնք բախվում էին քարերին լիալուսնի լույսի ներքո։ Մենք խոսեցինք մեր ծրագրերի մասին, և ես ադամանդե մատանի դրեցի նրա մատին։ Մենք շատ որոշումներ կայացրինք այդ գիշեր և որոշ հաստատուն վճիռներ մեր կյանքի վերաբերյալ»։28
Այդ վճիռները ստիպեցին Հովարդին կայացնելու կյանքը փոխող որոշում հարսանիքից չորս օր առաջ։ Այդ գիշեր նրա խմբի ելույթից հետո նա հավաքեց իր գործիքները և երբեք այլևս չվերադարձավ այդ աշխատանքին։ Պարահանդեսների և երեկույթների համար նվագելը «որոշ առումով գրավիչ երևույթ էր»,- ասել է նա,- «և ես լավ փող էի վաստակում», սակայն նա զգացել էր, որ կենսակերպի որոշ մասեր անհամատեղելի էին այն կյանքի հետ, որը նա պատկերացնում էր իր ընտանիքի համար։ «Այս քայլով ես հրաժարվեցի մի բանից, ինչն ինձ դուր էր գալիս, [սակայն] որոշման համար երբեք չեմ զղջացել», ասել է նա տարիներ անց։29 Նրա որդի Ռիչարդը նկատել է․ «Ես հաճախ եմ մտածել նշանակալից կարգ ու կանոնի մասին (ես կոչում եմ այն վճռականություն), որը պահանջվում էր մի բան թողնելու համար, ինչը նա խորապես սիրում էր, քանի որ նա մեկ այլ բան ավելի էր գնահատում»։30
Դժվարություններ և օրհնություններ ամուսնության վաղ տարիներին
Հովարդը և Քլեյրը ամուսնացան Սոլթ Լեյք Սիթիի Տաճարում 1931 թվականի հունիսի 10-ին և վերադարձան Հարավային Կալիֆորնիա՝ միասին սկսելու իրենց կյանքը։ Միացյալ Նահանգների տնտեսական վիճակը գնալով վատթարանում էր Մեծ Ճգնաժամի պատճառով և 1932 թվականի հունվարին բանկը, որտեղ աշխատում էր Հովարդը, ստիպված էր փակվել։ Հաջորդ երկու տարիների ընթացքում նա զանազան աշխատանքներ է կատարել՝ փորձելով ծայրը ծայրին հասցնել։ Նա և Քլեյրը որոշել էին անկախ լինել որքան հնարավոր է երկար ժամանակ, սակայն մեկ տարի անց նրանք ընդունեցին հրավերը՝ ժամանակավորապես ապրելու Քլեյրի ծնողների հետ։
1934 թվականի մարտին ծնվեց Հովարդի և Քլեյրի առաջին երեխան` որդի, ում նրանք անվանեցին Հովարդ Վիլյամ Հանթեր Կրտ. և կոչում էին Բիլլի: Ամռանը նրանք նկատեցին, որ Բիլլին կարծես թմրած լիներ: Բժիշկները նրա մոտ ախտորոշեցին սակավարյունություն և Հովարդը երկու անգամ արյուն տվեց փոխներարկումների համար, սակայն Բիլլիի վիճակը չլավացավ: Հետագա անալիզներից պարզվեց, որ առկա էր ծանր աղիքային խնդիր, ուստի բժիշկներն առաջարկեցին վիրահատություն։ Հովարդը վերհիշել է․ «Ինձ տարան մի սենյակ, ուր կողքիս պառկած էր նա և արյուն տվեցի վիրահատության ընթացքում։ Վերջում բժիշկները հույս չէին տալիս»։31 Երեք օր անց յոթ ամսական Բիլլին մահացավ, մինչ նրա ծնողները նստած էին նրա մահճակալի մոտ։ «Մենք վշտից մտատանջ և ընդարմացած էինք, երբ գիշերը դուրս եկանք հիվանդանոցից», գրել է Հովարդը:32 «Սա ծանր հարված էր մեզ համար»։33
Բիլլի ծնվելուց երկու ամիս առաջ Հովարդը աշխատանք էր ձեռք բերել Լոս Անջելեսի Ջրհեղեղների Վերահսկման Բաժնում։ Այդ աշխատանքը կատարելիս նա առնչվում էր իրավաբանական փաստաթղթերի և դատական գործընթացների հետ, և նա որոշեց շարունակել իր աշխատանքը որպես իրավաբան։ Այդ նպատակն իրականացնելը պահանջեց վճռականություն և տքնաջան աշխատանք տարիների ընթացքում։ Չունենալով բակալավրի աստիճան՝ Հովարդը պետք է ավարտեր շատ դասընթացներ, նախքան կկարողանար ընդունվել իրավաբանական համալսարան։ Նա երեկոյան բաժնում էր սովորում, քանի որ պետք է շարունակեր աշխատել։ Նույնիսկ իրավաբանական համալսարանում սովորելու տարիներին նա շարունակեց աշխատել լրիվ օրվա գրաֆիկով։ «Ամբողջ օրն աշխատելը և երեկոյան համալսարան գնալը և ի լրումն այդ ամենին, սովորելու համար ժամանակ գտնելը հեշտ խնդիր չէր»,- գրել է նա։34 «Ինձ համար անսովոր չէր մինչև ուշ գիշեր սովորելը»։35 Հովարդը պահպանեց այդ խիստ ռեժիմը հինգ տարի, ի վերջո ավարտելով 1939 թվականին՝ որպես երրորդը դասարանում։
Մինչ Հովարդը սովորում էր իրավաբանական համալսարանում, Քլեյրը և նա ևս երկու զավակ ունեցան՝ Ջոնը 1936 թվականին և Ռիչարդը 1938 թվականին։ Ջրհեղեղների Վերահսկման Բաժնում Հովարդի աշխատանքի շնորհիվ ընտանիքը կարողացավ գնել մի փոքրիկ տուն։
Էլ Սերենո ծխի եպիսկոպոս
1940 թվականին, իրավաբանական համալսարանն ավարտելուց գրեթե մեկ տարի անց նա կանչվեց ծառայելու որպես եպիսկոպոս Կալիֆորնիայի նորաստեղծ Էլ Սերենո ծխում։ Անակնկալի գալով այս ծառայությունից՝ նա ասել է․ «Ես միշտ կարծել եմ, որ եպիսկոպոսը պետք է լինի տարիքով ավելի մեծ մարդ, և ես հարցրի, թե ինչպես կարող էի լինել ծխի հայր երեսուներկու տարեկան հասակում»։ Ցցի նախագահությունը պատասխանեց` հավաստիացնելով նրան, որ նա կարող էր «համապատասխանել հանձնարարությանը»։ Չնայած, որ Հովարդը ցնցված էր, նա խոստացավ․ «Ես կանեմ հնարավորը»։36 Նա կատարեց այդ խոստումը մեծ նվիրվածությամբ, ոգեշնչմամբ և կարեկցանքով՝ որպես եպիսկոպոս ծառայելու ավելի քան վեց տարիների ընթացքում։
Եվս մեկ անգամ Հովարդից պահանջվում էր խիստ ռեժիմ և եռանդ, սակայն նա զգաց, որ ի պատասխան իր ծառայության ստանում էր բազմաթիվ օրհնություններ։ «Ես ինձ գտնում էի հեղեղված հույժ կարևոր պարտականություններով», ասել է նա: «Դա փառահեղ աշխատանք էր և մեծ օրհնություն»։37
Նոր ծուխ ստեղծելու հրատապ անհրաժեշտությունից ելնելով` փնտրում էինք հավաքատեղի։ Եպիսկոպոսությունը վարձակալում է մի քանի սենյակներ տեղի մասնաշենքում, և ծխի անդամները սկսում են միջոցներ խնայել իրենց սեփական հավաքատան համար։ Եկեղեցու շենքի կառուցումը շուտով դադարեցվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմի պատճառով, սակայն ծխի անդամները նայում էին դեպի ապագան և շարունակում միջոցներ խնայել։ Միջոցներ ստեղծելու համար ոմանք գնում էին թթու դրած բանջարեղեն արտադրող գործարան՝ սոխ կտրատելու, որը հայտնի էր որպես «սոխի ծրագիր»։ Սոխի հոտը երկար էր մնում, որը դրդեց Եպիսկոպոս Հանթերին սրամտել․ «Հաղորդության ժողովի ժամանակ հեշտությամբ կարելի էր ասել, թե ովքեր էին սոխ կտրատողները»։38
Ուրիշներն էլ միջոցներ ստեղծելու համար կաղամբ էին կտրատում թթու դրած կաղամբ արտադրող գործարանում, փաթեթավորում և վաճառում էին հավելյալ նախաճաշի համար նախատեսված հացահատիկ։ «Սրանք երջանիկ օրեր էին, երբ մենք միասին աշխատում էինք, բոլոր խավերի և ունակությունների տեր մարդիկ աջակցում էին եպիսկոպոսությանը միջոցներ ստեղծելու համար, որպեսզի հավաքատուն կառուցվեր», վերհիշում է Նախագահ Հանթերը։ Մեր ծուխը նման էր մի մեծ երջանիկ ընտանիքի»։39 Մեծ համբերություն ցուցաբերելուց և մեծ զոհաբերություններից հետո ծխի սեփական հավաքատուն ունենալու նպատակն իրականացվեց 1950 թվականին, որպես եպիսկոպոս Հովարդի հետ կանչվելուց գրեթե չորս տարի անց։
Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին եպիսկոպոս լինելով՝ առանձնահատուկ խնդիրների առաջ էր կանգնում։ Ծխի շատ տղամարդիկ ծառայում էին բանակում՝ թողնելով ընտանիքներին առանց ամուսինների և տներն առանց հայրերի։ Տղամարդկանց քանակի նվազեցումը նաև խնդիրներ էր ստեղծում Եկեղեցու ծառայությունների հետ կապված։ Ուստի, որպես եպիսկոպոս իր պաշտոնավարման ընթացքում Հովարդը ծառայեց նաև որպես սկաուտների ղեկավար։ «Մենք ունեինք լավ պատանիների մի խումբ, ովքեր չէին կարող անտեսվել», ասել է նա։ «Ես գրեթե երկու տարի աշխատեցի տղաների հետ, և նրանք հրաշալի առաջընթաց ունեցան»։40
Հովարդը հետ կանչվեց եպիսկոպոսի իր կոչումից 1946 թվականի նոյեմբերի 10-ին։ «Ես միշտ երախտապարտ կլինեմ այս արտոնության և այդ տարիներին իմ սովորածի համար»,- ասել է նա։ Չնայած փորձառությունը «շատ առումներով բարդ» էր, նա և Քլեյրը «երախտապարտ էին արժեքների համար, որոնք այն բերել էր [իրենց] ընտանիք»:41 Երախտագիտություն հայտնելով Եպիսկոպոս Հանթերի ծառայության համար, ծխի անդամներից մեկը գրել է․ «Նա միավորեց մեր փոքր ծխի անդամների ուժերը և սովորեցրեց մեզ հասնել նպատակների, որոնք անհասանելի էին թվում մեզ։ Մենք որպես ծուխ միասին աշխատեցինք, մենք աղոթեցինք միասին, խաղացինք միասին և երկրպագեցինք միասին»։42
Չնայած Հովարդը հետ կանչվեց 1946 թվականին, նրա յուրահատուկ սերտ հարաբերությունները Էլ Սերենո Ծխի անդամների հետ շարունակվեցին։ Նրա որդի Ռիչարդն ասել է, որ «մինչև իր կյանքի վերջը նա կապ էր պաշտպանում նրանց հետ և գիտեր, թե որտեղ էին նրանք և ինչ պայմաններում էին ապրում։ Երբ նա մեկնում էր մի վայր, որտեղ ապրում էր հին ծխի անդամներից որևէ մեկը, նա կապվում էր նրանց հետ։ Ծխի անդամների հանդեպ ունեցած սերը շարունակվեց նրա ողջ կյանքի ընթացքում»։43
Հոգ տանելով ընտանիքի համար և հաջողությունների հասնելով աշխատանքում
Հովարդ և Քլեյր Հանթերները սիրառատ ծնողներ էին, ովքեր ուսուցանել էին իրենց որդիներին արժեքների, պարտականությունների և ավետարանի կարևորության մասին։ Երկուշաբթի երեկոն տնային ընտանեկան երեկոների համար նախատեսելու Եկեղեցու պաշտոնական հայտարարությունից դեռևս երկար ժամանակ առաջ Հանթերների ընտանիքը այդ երեկոն նվիրում էր ուսուցումներին, պատմություններ պատմելուն, միասին խաղալուն և տեղ գնալուն։ Երբ ընտանիքը ճամփորդում էր, նրանք երբեմն գնում էին տաճարներ, որպեսզի Ջոնը և Ռիչարդը կարողանային փոխարինող մկրտություններ կատարել մահացածների համար։ Հովարդը և նրա որդիները նաև վայելում էին ժամանակը, երբ միասին գնացքի նմուշներ էին կառուցում, գնում էին արշավների և կազմակերպում այլ բացօթյա միջոցառումներ։
Հովարդն աշխատում էր լրիվ դրույքով և միաժամանակ սովորում էր իրավաբանական համալսարանում, երբ ծնվեցին Ջոնը և Ռիչարդը, և նա կանչվեց եպիսկոպոս, երբ նրանք դեռևս փոքր էին՝ չորս և երկու տարեկան, ուստի ամուր ընտանիք ունենալը պահանջում էր լրացուցիչ նվիրվածություն Քլեյրի կողմից։ Նա ուրախությամբ էր տալիս այդ նվիրվածությունը։ «Իմ ցանկությունը և իմ ամենամեծ ձգտումը եղել է լավ կին լինելը, լավ տնային տնտեսուհի և շատ լավ մայր լինելը», ասել է նա։ «Մենք ջանասիրաբար աշխատել ենք, որ մեր տղաներին մոտ պահենք Եկեղեցուն․ տղաները և ես հրաշալի ժամանակ ենք անցկացրել միասին»։44 Հովարդը հաճախ է հարգանքի տուրք մատուցել Քլեյրին ՝ իրենց որդիներին մեծացնելիս նրա ազդեցության և զոհաբերությունների համար։
Ընտանիք պահելու և Եկեղեցու ղեկավար կոչումներում ծառայելու տարիներին Հովարդը նաև հաջող փորձ էր ձեռք բերել որպես իրավաբան։ Հիմնականում աշխատելով բիզնեսմենների և խոշոր առևտրական կազմակերպությունների հետ, նա դարձել էր մեծ հարգանք վայելող իրավաբան։ Նա ընտրվել էր ծառայելու ավելի քան երկու տասնյակ կազմակերպությունների տնօրենների խորհրդում։
Որպես մասնագետ Հովարդը հայտնի էր իր ազնվության, հստակ պատկերացում ունենալու, պարզ հաղորդակցման և արդար վերաբերմունքի համար։ Նա նաև հայտնի էր որպես «մարդկանց իրավաբան»՝ մեկը, ով «թվում է, թե միշտ ժամանակ ուներ և հետաքրքրված էր օգնել մարդկանց` լուծելու իրենց խնդիրները»։45 Մի իրավաբան ասել է, որ Հովարդը «ավելի շատ մտահոգվում էր տեսնելու, որ մարդիկ ստանում էին իրենց անհրաժեշտ օգնությունը, քան որ ինքը ստանար վարձատրություն դրա համար»։46
Փասադենա Կալիֆորնիա Ծխի Նախագահը
1950 թվականի փետրվարին Տասներկուսի Քվորումից Երեց Ստեփան Լ․ Ռիչարդսը և Երեց Հարոլդ Բ․ Լին մեկնեցին Կալիֆորնիա՝ արագ աճող Փասադենա Ցիցը բաժանելու համար։ Նրանք հարցազրույց անցկացրին ցցի շատ եղբայրների` ներառյալ Հովարդի հետ։ Աղոթքով խորհելուց հետո, թե ում կցանկանար Տերը կանչել ծառայելու որպես ցցի նախագահ, մոտ կեսգիշերին նրանք մարդ ուղարկեցին Հովարդի հետևից և նրան շնորհեցին այդ կոչումը։ Երեց Ռիչարդսը և Երեց Լին ասացին նրան, որ լավ քներ գիշերը և զանգահարեր նրանց հաջորդ օրը վաղ առավոտյան՝ խորհրդականների իր առաջարկով։ «Այդ գիշեր ես գնացի տուն, սակայն չքնեցի», ասել է Հովարդը։ «Այս կոչումը չափազանց մեծ էր: Քլեյրը և ես երկար զրույց ունեցանք»։47
Երբ Նախագահ Հանթերը և նրա խորհրդականները հաստատվեցին, նրանք սկսեցին որոշել ցցի կարիքները։ Ցցի նոր նախագահության համար առաջնահերթությունն անդամներին օգնելն էր, որ ձեռք բերեին հոգևոր ուժ։ Մտահոգություններից մեկն այն էր, որ ընտանիքները դառնում էին մասնատված մասամբ այն պատճառով, որ նրանք ներգրավվում էին բազմաթիվ միջոցառումների մեջ։ Այն բանից հետո, երբ ղեկավարները միասին աղոթեցին և խորհրդակցեցին, նրանք ոգեշնչում զգացին հատուկ ուշադրություն դարձնել տնային ընտանեկան երեկոների վրա և նվիրել երկուշաբթի երեկոներն ընտանիքներին։ Ցցի բոլոր Եկեղեցիների շինությունները երկուշաբթի երեկոյան փակ էին, և «ոչ մի այլ միջոցառում չէր անցկացվում, որը կարող էր խանգարել այդ սրբազան երեկոյին»,-բացատրել է Նախագահ Հանթերը։48
Իր ծառայության վաղ շրջանում Նախագահ Հանթերը և Հարավային Կալիֆորնիայի մյուս ցցերի նախագահները հանդիպել էին Երեց Ստեփան Լ․ Ռիչարդսի հետ՝ քննարկելու ավագ դպրոցի ուսանողների համար նախատեսված սեմինարիայի ծրագիրը։ Նախագահ Հանթերը վերհիշել է․ «[Երեց Ռիչարդսը] բացատրեց, որ նրանք կցանկանային փորձարկել վաղ առավոտյան սեմինարիայի դասերը մի տարածքում, որտեղ օրենքը թույլ չէր տալիս [դպրոցի] ժամերից տրամադրել կրոնական կրթությանը»։49 Նախագահ Հանթերը նշանակվել էր նախագահելու այն հանձնաժողովը, որն ուսումնասիրելու էր այդ գաղափարի իրագործելիությունը։ Այս ուսումնասիրությունն ավարտելուց հետո հանձնաժողովը խորհուրդ տվեց ներկայացնել վաղ առավոտյան սեմինարիան երեք ավագ դպրոցների ուսանողներին։ Որպես պատանի՝ Նախագահ Հանթերի որդի Ռիչարդը մասնակցում էր վաղ առավոտյան սեմինարիայի փորձարկմանը։ Նա վերհիշել է․«Մենք կարծում էինք, որ դա խելահեղ միտք էր` առավոտյան 6․00-ին դասը սկսելը, սակայն այն դարձավ օրվա մեր ամենասիրած ժամը, երբ մենք կարող էինք եկեղեցու ընկերներով միասին լինել և սովորել»։50 Այս ծրագիրը շուտով ընդլայնվեց, ներառելով մյուս ուսանողներին և Եկեղեցու երիտասարդության համար նախատեսված վաղ առավոտյան սեմինարիայի ծրագրի նախաբանն էր։
1951 թվականին հոկտեմբերի գերագույն համաժողովի ժամանակ Առաջին Նախագահությունը հանդիպում ունեցավ Հարավային Կալիֆորնիայի ցցերի նախագահների հետ, որպեսզի հայտարարեին Լոս Անջելեսում տաճար կառուցելու իրենց ցանկության մասին։ Մոտակայքում տաճար ունենալու հնարավորությունը մեծ ուրախություն պարգևեց և պահանջելու էր մեծ զոհաբերություն, քանի որ Եկեղեցու անդամներին խնդրել էին կառուցման համար նվիրաբերել 1 միլիոն դոլար։ Երբ Նախագահ Հանթերը վերադարձավ Կալիֆորնիա, նա հանդիպեց ցցի և ծխերի ղեկավարների հետ և ասաց․ «Մարդկանց հնարավորություն տվեք ստանալու մեծ օրհնություններ՝ տաճարի համար առատ նվիրատվություններ անելով»։51 Վեց ամիսների ընթացքում Հարավային Կալիֆորնիայի անդամները 1․6 միլիոն դոլարի ներդրում էին կատարել տաճարը կառուցելու համար, որը նվիրագործվեց 1956 թվականին։
Բացի տաճարի և Եկեղեցու այլ շենքերի համար միջոցներ նվիրաբերելը, անդամները կամավոր աշխատանքների էին մասնակցում։ Երբ հավաքատները կառուցվեցին, Նախագահ Հանթերը շատ ժամեր անցկացրեց՝ աջակցելով թիակներով, մուրճով կամ վրձնով։ Բացի դրանից, անդամներն անվճար աշխատում էին Եկեղեցու բարեգործական ծրագրերում, որոնք ներառում էին թռչնաբուծական ֆերմաները, ցիտրուսային պտուղների այգիները և պահածոների գործարանները։ Ութ տարիների ընթացքում Նախագահ Հանթերը նշանակված էր կազմակերպելու 12 ցցերի աշխատանքն այս ծրագրերում, և նա ինքն էլ հաճախ աջակցում էր այդ աշխատանքներին։ «Նա երբեք չէր խնդրում որևէ մեկին անել մի բան կամ կատարել մի հանձնարարություն, որն ինքն անձամբ չէր անի», նկատել է նրա ընկերներից մեկը։52 Տարիներ անց, որպես Տասներկուսի Քվորումի անդամ, Երեց Հանթերն ասել է․
«Ես երբեք չեմ մասնակցել մռայլ բարեգործական ծրագրի։ Ես բարձրացել եմ ծառեր և հավաքել կիտրոններ, մաքրել եմ մրգերի կեղևները, տեղափոխել եմ արկղեր, բեռնաթափել եմ բեռնատարներ, մաքրել եմ պահածոների գործարանը և հազար ու մի այլ բաներ, սակայն ամենաշատը ես հիշում եմ ծիծաղը, երգը և մարդկանց լավ վերաբերմունքը, ովքեր ներգրավված էին Տիրոջ ծառայության մեջ»։53
1953 թվականի նոյեմբերին Նախագահ և Քույր Հանթերները և Փասադենա Ցցի մյուս անդամները մեկնեցին Արիզոնա Տաճար՝ արարողություններ կատարելու համար։ Նոյեմբերի 14-ին լրացավ Նախագահ Հանթերի 46 տարին, և այդ օրը նախքան նիստի սկսվելը տաճարի նախագահը խնդրեց նրան` դիմել նրանց, ովքեր հավաքված էին հավաքատանը։ Նա հետագայում այս փորձառության մասին գրել է․
«Մինչ ես խոսում էի ներկաների համար, … հայրս և մայրս մտան հավաքատուն՝ սպիտակ հագնված։ Ես գաղափար անգամ չունեի այն մասին, որ հայրս պատրաստվել էր իր տաճարային օրհնություններին, չնայած մայրս անհամբեր սպասում էր այդ օրվան բավական ժամանակ։ Ես այնքան հուզված էի, որ չկարողացա շարունակել խոսել։ Նախագահ Փիրսը [տաճարի նախագահը] մոտեցավ ինձ և ամեն բան բացատրեց։ Երբ հայրս և մայրս այդ առավոտ եկել էին տաճար, նրանք խնդրել էին նախագահին, որ ինձ չասեին այն մասին, որ իրենք այնտեղ էին, քանի որ նրանք ուզում էին, որ դա լիներ ծննդյան անակնկալը։ Սա մի ծնունդ էր, որը ես երբեք չեմ մոռացել, քանի որ այդ օրը նրանք ստացան իրենց օժտումը, և ես արտոնություն ունեցա ներկա գտնվելու նրանց կնքմանը, որից հետո ես կնքվեցի նրանց հետ»։54
Մոտավորապես երեք տարի անց Նախագահ Հանթերի ընտանիքի հավերժական կապերն ամբողջացան, երբ Դորոթին կնքվեց իր ծնողների հետ նոր նվիրագործված Լոս Անջելես Կալիֆորնիա Տաճարում։
Որպես ցցի նախագահ, Հովարդն առաջնորդում էր սիրով։ Մի կին, ով ցցում ծառայություն է ունեցել, ասել է․ «Դու քեզ զգում էիր գնահատված, սիրված և անհրաժեշտ։ … Նա մարդկանց պատասխանատու էր դարձնում, երբ նրանք կոչում էին ստանում, սակայն, երբ նրանք ցանկանում էին լսել նրա կարծիքը կամ ունենում էին նրա խորհիդի կարիքը, նա միշտ նրանց կողքին էր լինում։ Մենք գիտեինք, որ ունեինք նրա ողջ աջակցությունը և որ նա հետաքրքրված էր մեզանով»։55 Նրա խորհրդականներից մեկը նշել է․ «Նա գովաբանում էր մարդկանց իրենց ձեռքբերումների համար և թույլ էր տալիս նրանց ավելի մեծ սպասելիքներ ունենալ»։56 Ցցի մի անդամ, ով ասել է, որ Նախագահ Հանթերը եղել է իր ամենաազդեցիկ ուսուցիչը, բացատրել է․ «Այս մարդը սիրում էր մարդկանց, տալով նրանց առաջնահերթություն, լսելով նրանց, որպեսզի հասկանար և կիսվելով իր փորձառություններով ուրիշների հետ»։57
Մինչև 1959 թվականի աշունը Հովարդ Վ․ Հանթերը նախագահել էր Փասադենա Ցցում ավելի քան ինը տարի, մատուցելով ծառայություն, որն օրհնել էր հազարավոր Վերջին Օրերի Սրբերի կյանքը Հարավային Կալիֆորնիայում։ Նրա ծառայությունը մոտ էր ավելի ծավալվելուն, որպեսզի օրհներ Եկեղեցու անդամների կյանքը ողջ աշխարհով մեկ։
Տասներկուսի Քվորում
«Դու պետք է վկայես իմ անվան մասին, … և դու պետք է առաջ ուղարկես իմ խոսքը մինչև աշխարհի ծայրերը» (ՎևՈւ 112․4):
1959 թվականի հոկտեմբերի 9-ին Սոլթ Լեյք Սիթիում գերագույն համաժողովի նիստերի միջև Հովարդն իմացավ, որ Նախագահ Դեյվիդ Օ․ Մակքեյը ցանկանում էր տեսնել իրեն։ Նա անմիջապես գնաց Եկեղեցու Վարչական Գրասենյակ, որտեղ Նախագահ Մակքեյը ջերմորեն ողջունեց նրան և ասաց․ «Նախագահ Հանթեր, … Տերը խոսել է։ Դու կանչվել ես լինելու նրա հատուկ վկաներից մեկը, և վաղը դու կհաստատվես որպես Տասներկուսի Խորհրդի անդամ»։58 Այդ փորձառության վերաբերյալ Հովարդը գրել է․
«Ես անզոր եմ բացատրելու այն զգացումը, որը պատեց ինձ։ Աչքերս արցունքով լցվեցին, և ես չէի կարողանում խոսել։ Ես երբեք այսքան լիովին խոնարհված չէի զգացել ինձ, ինչպես այն ժամանակ, երբ վայելում էի այս հիանալի, մեղմ, բարի մարդու՝ Տիրոջ մարգարեի ներկայությունը։ Նա ասաց ինձ, թե ինչ մեծ ուրախություն, եղբայրների հետ հրաշալի շփում էր այն բերելու իմ կյանքում, և որ այսուհետև իմ կյանքը և ժամանակը նվիրելու էի Տիրոջը, որպես նրա ծառա, և որ ես այսուհետև պատկանելու էի Եկեղեցուն և ողջ աշխարհին։ … Նա դրեց իր ձեռքն իմ ուսին և վստահեցրեց, որ Տերը սիրում էր ինձ, և ես ունենալու էի Առաջին Նախագահության և Տասներկուսի Խորհրդի հաստատող վստահությունը։ … Ես [ասացի նրան], որ ուրախությամբ կտայի իմ ժամանակը, իմ կյանքը և իմ ողջ ունեցվածքը այս ծառայության համար»։59
Հենց որ Հովարդը դուրս եկավ Նախագահ Մակքեյի գրասենյակից, նա գնաց հյուրանոցի իր սենյակը և զանգեց Քլեյրին, ով մեկնել էր Պրովո՝ այցելելու իրենց որդի Ջոնին, նրա կնոջը և նրանց երեխային։ Սկզբում Հովարդը դժվարանում էր խոսել։ Երբ նա վերջապես ասաց Քլեյրին իր կոչման մասին, այն մեծ հուզմունք պատճառեց երկուսին էլ։
Հաջորդ օրը գերագույն համաժողովի շաբաթ առավոտյան նիստի ժամանակ Հովարդ Վիլյամ Հանթերը հաստատվեց որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ։ «Ես զգացի … աշխարհի ծանրությունն իմ ուսերի վրա», ասել է նա այդ պահի վերաբերյալ։ «Կոնֆերանսի ընթացքում ես իմ տեղը չէի գտնում և խորհում էի, թե արդյոք ես երբևէ կկարողանայի զգալ, որ համապատասխանում էի այս տեղին»։60
Նախագահ Մակքեյը կանչեց Երեց Հանթերին` ելույթ ունենալ համաժողովի կիրակնօրյա ցերեկային նիստին: Հակիրճ ձևով իր կյանքն ամփոփելուց և իր վկայությունը բերելուց հետո նա ասաց․
«Ես ներողություն չեմ խնդրում արցունքների համար, որոնցով լցված են իմ աչքերն այս առիթով, քանի որ ես հավատացած եմ, որ տեսնում եմ ընկերների` Եկեղեցու իմ եղբայրներին և քույրերին, ում սիրտը նույն կերպ է բաբախում, ինչպես իմը՝ ուրախություն գտնելով ավետարանում և ուրիշներին ծառայելու մեջ։
Նախագահ Մակքեյ, … ես առանց որևէ վերապահման ընդունում եմ կոչումը, որը դուք տվեցիք ինձ, և ես հոժար եմ նվիրելու իմ կյանքը և այն ամենը, ինչ ունեմ, այս ծառայությանը։ Քույր Հանթերն ինձ հետ միասին ստանձնում է այս պարտավորությունը»։61
Երեց Հանթերը Առաքյալ կարգվեց 1959 թվականի հոկտեմբերի 15-ին։ 51 տարեկան հասակում նա հանդիսանում էր ամենակրտսեր անդամը Տասներկուսի Քվորումի անդամների մեջ, որոնց միջին տարիքը այդ ժամանակ մոտավորապես 66 էր։
Հաջորդ 18 ամիսների ընթացքում Երեց Հանթերը անընդհատ երթևեկում էր Կալիֆորնիա և Յուտա, մինչ նա ավարտին էր հասցնում իրավաբանի իր աշխատանքի հետ կապված անհրաժեշտ գործերը և նախապատրաստվում էր տեղափոխվելու։ Նրա հաճախորդներից մեկն ասել է, որ «Եկեղեցին պիտի որ շատ ձեռնտու առաջարկ արած լիներ», որ կարողանար համոզել նրան թողնել իրավաբանի այսքան հաջողված գործունեությունը։ Այդ կապակցությամբ Երեց Հանթերն իր օրագրում գրել է․
«Շատերը չեն հասկանում, թե ինչո՞ւ են մեր կրոնի մարդիկ արձագանքում ծառայելու կոչումներին կամ մեր ողջ ունեցածը տալու պարտավորություն ստանձնում։ …Ես իսկապես վայելել եմ իրավաբանական գործունեությամբ զբաղվելը, սակայն այս կոչումը, որը տրվել է ինձ, ամբողջությամբ ստվերում կթողնի մասնագիտական կամ դրամական շահույթի ձգտումները»։62
Երեց Հանթերի առաքելական ծառայությունը տևելու էր ավելի քան 35 տարի, և այդ ժամանակահատվածում նա ճամփորդելու էր դեպի աշխարհի գրեթե յուրաքանչյուր երկիրը՝ որպես Հիսուս Քրիստոսի հատուկ վկա` իր պարտականությունը կատարելու համար (տես ՎևՈւ 107․23):
Յուտայի Ծագումնաբանական Միությունը
«Եկեք … մատուցենք Տիրոջը … մի գիրք, որը կպարունակի մեր մահացածների գրանցումները, որն արժանի կլինի ամեն ընդունելության» (ՎևՈւ 128․24):
1964 թվականին Առաջին Նախագահությունը առաջարկեց նշանակել Երեց Հանթերին լինելու Եկեղեցու Ծագումնաբանական Միության նախագահը, որն այն ժամանակ հայտնի էր որպես Յուտայի Ծագումնաբանական Միություն։ Այդ կազմակերպությունը նախորդում էր Եկեղեցու Պատմության Բաժնին։ Դրա նպատակն էր հավաքել, պահպանել և կիսվել ծագումնաբանական տվյալներով ողջ աշխարհով մեկ։ Երեց Հանթերը նախագահեց այդ միությունում ութը տարի, և այդ ժամանակահատվածում նա կանխատեսեց ընտանեկան պատմության աշխատանքի արագացնող, կատարելագործող և ընդլայնող հեռահար փոփոխությունները։
Մինչև 1969 թվականը կազմակերպությունը հավաքել էր «ավելի քան 670000 միկրոֆիլմեր, որը համարժեք էր յուրաքանչյուրը 300 էջից բաղկացած երեք միլիոն հատորների»։ Այն նաև հավաքել էր «ընտանեկան խմբերի վեց միլիոն լրացված գրառումներ, 36 միլիոն անհատների քարտային ֆայլերի ցանկ և ավելի քան 90000 գրքերի հատորներ»։63 Ամեն շաբաթ մոտավորապես 1000 միկրոֆիլմեր էին ավելացվում աշխարհի տարբեր մասերից։ Այդ գրառումները մշակելը և դրանք հասանելի դարձնելը ուսումնասիրությունների և տաճարային աշխատանքի համար հսկայական աշխատանք էր։ Երեց Հանթերի ղեկավարության ներքո Ծագումնաբանական Միությունը սկսեց օգտագործել վերջին համակարգչային տեխնոլոգիաները՝ աշխատանքին աջակցելու համար։ Մի գրող նշել է, որ միությունը դարձել էր «մասնագիտական կազմակերպությունների մեջ աշխարհում հայտնի՝ իր գրառումներ պահպանելու միջոցների առաջադիմությամբ»։64
Երեց Հանթերը հետ կանչվեց Ծագումնաբանական Միության նախագահի կոչումից 1972 թվականին։ Ամփոփելով նրա ջանքերի արդյունքները՝ Երեց Ռիչարդ Գ․ Սքոթն ասել է․ «Իր կյանքի մի նշանակալից հատված նա նվիրել է այդ աշխատանքին և դրել է հիմքեր և տվել ուղղություն, որոնցից Եկեղեցին մինչ օրս օգուտներ է քաղում»։65
Պոլինեզիական Մշակույթի Կենտրոն
«Ականջ դրեք, դո՜ւք, ժողովուրդնե՜ր հեռվի, և դո՜ւք, որ կղզիներում եք ծովի, լսեցեք միասին» (ՎևՈւ 1․1):
1965 թվականին Առաջին Նախագահությունը առաջարկեց նշանակել Երեց Հանթերին լինելու Պոլինեզիայի Մշակույթի Կենտրոնի խորհրդի նախագահը Լեյիում՝ Հավայան կղզիներում։ Կենտրոնը բացվել էր դրանից ընդամենը 15 ամիս առաջ և կանգնած էր զանազան խնդիրների առաջ։ Շատ քիչ զբոսաշրջիկներ էին հաճախում այնտեղ, և մարդիկ տարբեր կարծիքներ ունեին կենտրոնի նպատակների և ծրագրերի վերաբերյալ։ Երեց Հանթերի նշանակումից մեկ շաբաթ անց նա գնաց Լեյի և սկսեց ուշադիր ուսումնասիրել կենտրոնի ուժեղ կողմերը և կարիքները։
Երեց Հանթերի ղեկավարության ներքո Պոլինեզիայի Մշակութային Կենտրոնը դարձավ Հավայան կղզիների ամենահայտնի զբոսաշրջության վայրերից մեկը՝ 1971թվականին` գրավելով գրեթե մեկ միլիոն այցելուների ուշադրությունը։ Երեց Հանթերը նաև կանխատեսեց կենտրոնի և դրա ծրագրերի մեծածավալ ընդլայնումը։ Երեց Հանթերի խոսքերով ասած՝ նաև կարևոր էր այն, որ կենտրոնը տալիս էր աշխատանք, որը հնարավորություն էր տալիս «Խաղաղ օվկիանոսի հարավի հազարավոր ուսանողների` աջակցություն գտնել կրթություն ստանալու համար, որոնցից շատերը [այլ կերպ] չէին կարող թողնել իրենց կղզիները՝ կրթություն ստանալու համար»։66
Պոլինեզիայի Մշակութային Կենտրոնում նախագահելուց 12 տարի անց Երեց Հանթերը հետ կանչվեց 1976 թվականին։ Որպես նախագահ նրա ծառայությունը օգնեց իրականացնել Նախագահ Դեյվիդ Օ․ Մակքեյի խոսքերը, ով 1955 թվականին ասել էր, որ Լեյի փոքրիկ գյուղը ներուժ ուներ դառնալու «միսիոներական գործոն, ներգործելով ոչ թե հազարավորների, ոչ թե տասնյակ հազարավորների, այլ միլիոնավոր մարդկանց վրա, ովքեր կգան, ցանկանալով իմանալ, թե ինչ է իրենից ներկայացնում այս գյուղը և թե ինչ կարևորություն ունի այն»։67
Եկեղեցու Պատմաբան
«Տիրոջ գործավարի պարտականությունն է, որին նա նշանակել է, պատմություն և ընդհանուր եկեղեցական գրանցում վարել, այն բոլոր բաների վերաբերյալ, որոնք տեղի են ունենում Սիոնում» (ՎևՈւ 85․1)։
1970 թվականի հունվարին Նախագահ Դեյվիդ Օ․ Մակքեյը մահացավ, և Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը ի սպաս դրվեց որպես Եկեղեցու նոր Նախագահ։ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը ծառայում էր որպես Եկեղեցու Պատմաբան նախորդ 49 տարիների ընթացքում, և երբ նա դարձավ Եկեղեցու Նախագահը, Երեց Հանթերը կանչվեց փոխարինելու նրան այդ հանձնարարության մեջ։ «Նախագահ Սմիթն այնքան երկար տարիներ էր եղել Եկեղեցու Պատմաբանը, որ ես դժվարությամբ կարող էի պատկերացնել ինձ այդ կոչման մեջ», ասել է նա։68
Երեց Հանթերը ստանձնեց այս նոր պարտականությունն իրեն հատուկ ջանասիրությամբ։ «Հանձնարարությունը, որը տրվում է Տիրոջ կողմից հայտնության միջոցով, շատ դժվարին է՝ թե հավաքելու և գրելու առաջադրանք կատարելը, և թե այդ նյութը Եկեղեցու անդամների համար մատչելի դարձնելը», ասել է նա։69 Եկեղեցու Նորություններում հաղորդել են, որ Եկեղեցու Պատմաբանը «պատասխանատու է Եկեղեցու բոլոր գրառումները պահելու համար, ներառյալ արձանագրությունները, տաճարային գրառումները, բոլոր կարգումները, հայրապետական օրհնությունները և Եկեղեցու պատմության ներկայիս բանաքաղությունը»։70
1972 թվականին Տասներկուսի անդամները ազատվեցին իրենց որոշ վարչական պարտականություններից, որպեսզի նրանք կարողանային ավելի շատ ժամանակ նվիրել իրենց առաքելական ծառայությանը։ Որպես այդ փոփոխության մի մաս Երեց Հանթերը ազատվեց Եկեղեցու Պատմաբանի կոչումից, սակայն պահպանեց իր Եկեղեցու Պատմության Բաժնի խորհրդականի դերը։ «Այսպիսով, ես շարունակեցի ղեկավարել իմ պաշտոնում, սակայն ազատվեցի գործելու պարտավորությունից», գրել է նա։71 Նա շարունակեց կատարել խորհրդատուի իր դերը մինչև 1978 թվականը։
Ծառայություն Սուրբ Երկրում
Հովարդ Վ․ Հանթերը յուրահատուկ սիրով սիրեց Սուրբ Երկիրը, երբ նա մեկնեց այնտեղ իր ընտանիքի հետ 1958 և 1960թվականներին։ Որպես Առաքյալ իր ծառայության ընթացքում նա վերադարձավ այնտեղ երկու տասնյակից ավելի անգամներ։ «Նրա ցանկությունը լինելու այնտեղ, որտեղ քայլել և ուսուցանել էր Փրկիչը, անհագ էր թվում», ասել է Տասներկուսի Քվորումից Երեց Ջեյմս Ի․ Ֆաուստը։72
Քաջատեղյակ լինելով տարածաշրջանի խնդիրներին՝ Երեց Հանթերն իր հետ տանում էր սիրո և խաղաղության ուղերձ։ «Թե հրեաները, թե արաբները մեր Հոր զավակներն են», ասել է նա։ «Նրանք երկուսն էլ խոստումի զավակներ են, և որպես եկեղեցի, մենք կողմնակալություն չենք անում։ Մենք սեր և հետաքրքրություն ունենք յուրաքանչյուր կողմի հանդեպ։ Հիսուս Քրիստոսի ավետարանի նպատակն է առաջ բերել որքան հնարավոր է շատ սեր, միություն և եղբայրություն»։73
1972-1989թթ․ ընթացքում Երուսաղեմում Երեց Հանթերն իրականացրել է կարևորագույն հանձնարարություններ երկու հատուկ ծրագրերի համար․ Օրսոն Հայդ Հիշատակի Պուրակը և Բրիգամ Յանգի Համալսարանի (ԲՅՀ) Երուսաղեմի Կենտրոնը Մերձավոր Արևելքի Ուսումնասիրությունների համար։ Եկեղեցու պատմության վաղ շրջանում՝ 1841թվականին, Տասներկուսի Քվորումից Երեց Օրսոն Հայդը նվիրագործման աղոթք ասաց Ձիթենյաց սարի վրա՝ Երուսաղեմի արևելքում։ 1972 թվականին Առաջին Նախագահությունը Երեց Հանթերին խնդրեց փնտրել հարմար վայր՝ Երուսաղեմում Օրսոն Հայդին նվիրված հուշարձան կառուցելու համար։ 1975 թվականին Երուսաղեմ քաղաքում բացվեց մի ուղի, որն ի վերջո դառնալու էր Օրսոն Հայդի Հիշատակի Պուրակ՝ կառուցված Ձիթենյաց սարի վրա։
Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Երեց Հանթերը բազմիցս մեկնեց Երուսաղեմ՝ հուշարձանի համար պայմանագրեր կնքելու և դրա նախագծումն ու կառուցումը վերահսկելու համար։ Նախագիծն ավարտին հասցվեց 1979 թվականին և այդ տարի նվիրագործվեց Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալի կողմից։ Նվիրագործման ծառայությունները ղեկավարելուց հետո Երեց Հանթերն արտահայտեց իր կարծիքը, որ հուշահամալիրը «բարու մեծ ազդեցություն կունենա Եկեղեցու համար բարենպաստ պատկերն ընդլայնելու համար»։74
Նույնիսկ մինչև Օրսոն Հայդի Հիշատակի Պուրակի ավարտը, Երեց Հանթերը փնտրել էր մի վայր, որտեղ Եկեղեցին կարող էր կենտրոն կառուցել ԲՅՀ-ի ուսումնասիրությունների արտասահմանյան ծրագրի համար։ Կենտրոնը նաև հանդիպման վայր էր ապահովելու Երուսաղեմի Ճյուղի անդամների համար։ Այս նախագիծը վերահսկելը լինելու էր Երեց Հանթերի ծառայության ամենաբարդ, ամենամեծ հոգատարությունը պահանջող հանձնարարություններից մեկը։
Եկեղեցու ղեկավարները ընտրել էին մի վայր, սակայն հողատարածքի համար վարձակալական պայմանագրի և շինարարական ծրագրերի թույլտվություն ձեռք բերելը պահանջեց գրեթե հինգ տարվա, ինչպես Երեց Հանթերն է նկարագրել, «անվերջ աշխատանք»։75 Մանրազնին քննարկումներից և բանակցություններից հետո Իսրայելի կառավարությունը թույլ տվեց, որպեսզի ընթանան կենտրոնի շինարարական աշխատանքները։
Մինչև 1988 թվականի մայիսը շինարարությունը մեծամասամբ ավարտին էր հասցված և վարձակալական պայմանագիրը պատրաստ էր ստորագրվելու։ Այդ ժամանակ Հովարդ Վ․ Հանթերը ծառայում էր որպես Տասներկուսի Գործող Նախագահ։ Նա ողնաշարի բարդ վիրահատություն էր տարել նախորդ տարի և չէր կարողանում քայլել, սակայն նա մեկնեց Երուսաղեմ՝ վարձակալական պայմանագիրը ստորագրելու համար։ Մինչ նա այնտեղ էր, ԲՅՀ ուսանողները և Երուսաղեմի Ճյուղի անդամները փոքրիկ երեկույթ կազմակերպեցին՝ իրենց երախտագիտությունը հայտնելու նպատակով։ Ճյուղի պատմության մեջ կարդում ենք երեկույթի այս հոգեհույզ տեսարանի մասին․ «Դեռևս գտնվելով ողնաշարի վիրահատության ապաքինման շրջանում՝ Նախագահ Հանթերը [Բրիգամ Յանգի Համալսարանի] գլխավոր մուտքից ներս մտավ անվասայլակին նստած՝ Նախագահ [Ջեֆրի Ռ․] Հոլլանդի օգնությամբ, մինչ երգչախումբը ողջունեց նրանց՝ երգելով «Սուրբ քաղաքը» օրհներգը»։76 Արցունքները ցած էին գլորվում Նախագահ Հանթերի այտերի վրայով։
1989 թվականի մայիսին Նախագահ Հանթերը վերադարձավ Երուսաղեմ՝ կենտրոնը նվիրագործելու համար: Այս նվիրագործման ծառայությունը գագաթնակետն էր նրա և այլոց տասնամյա արտակարգ ջանքերի՝ իրականություն դարձնելու Երուսաղեմի Կենտրոնի հետ կապված հույսերը։ «Նախագահ Հովարդ Վ․ Հանթերը … մշտապես զբաղված էր այդ նախագծով և սիրառատ հսկիչն էր աշտարակի դեռևս այն ժամանակից սկսած, երբ այն ընդամենը երազանք էր», ասել է Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդը։77 Նվիրագործման աղոթքում Նախագահ Հանթերն ասել է․
«Այս շինությունը … կառուցվել է նրանց ապաստան լինելու համար, ովքեր սիրում են քեզ և ձգտում են սովորել քո մասին և հետևել քո Որդուն՝ մեր Փրկչին և Քավիչին։ Այն գեղեցիկ է բոլոր առումներով՝ գեղեցկության օրինակ հանդիսանալով այն բանի, ինչն այն ներկայացնում է։ Օ Հայր, մենք շնորհակալ ենք քեզ այս տունը քեզ համար կառուցելու արտոնության համար՝ քո որդիների և դուստրերի օգտի և ուսման համար»։78
Ընդլայնվող Եկեղեցին
«Սիոնը պիտի աճի գեղեցկությամբ և սրբությամբ. նրա սահմանները պիտի ընդլայնվեն. նրա ցցերը պիտի ամրացվեն» (ՎևՈւ 82․14)։
Երբ 1959 թվականին Հովարդ Վ. Հանթերը կանչվեց որպես Առաքյալ, Եկեղեցին ուներ մոտավորապես 1,6 միլիոն անդամ: Հաջորդ տասնամյակների ընթացքում նա կարևոր դեր է խաղացել` աշխարհով մեկ Եկեղեցու աննախադեպ աճի հարցում։ Հարյուրավոր հանգստյան օրեր նա մեկնել է ցցեր՝ անդամներին ամրացնելու և նոր ղեկավարներ կանչելու համար։ Նա նաև հանդիպումներ է ունեցել տարբեր ազգերի կառավարության պաշտոնյաների հետ՝ օգնելով դռներ բացել միսիոներական աշխատանքի համար։
Մինչև 1975 թվականը Եկեղեցու անդամությունը հասավ մոտավորապես 3․4 միլիոնի և հատկապես արագ էր աճում Լատինական Ամերիկայում։ Այդ տարվա վերջին Երեց Հանթերը և Երեց Ջ․ Թոմաս Ֆիանսը՝ Տասներկուսի Խորհրդականը, հանձնարարություն ստացան բաժանելու 5 ցցեր Մեխիկո Սիթիում։ Տարածաշրջանի ղեկավարների հետ հանդիպումից և ցցերի նախագահներից ստացված տվյալների վերանայելուց հետո Երեց Հանթերը կազմակերպեց այդ 5 ցցերից 15 ցցեր կազմավորելու գործընթացը՝ այդ ամենն անելով երկու օրվա ընթացքում։79 Իրեն բնորոշ համեստությամբ՝ նա գրել է․ «Ես կասկածում եմ, որ Եկեղեցում երբևէ եղած լինի նման մեծ կազմակերպություն, և մենք հոգնած էինք, երբ տուն հասանք»։80
Քլեյրը՝ նվիրված կողակից
«Իմ կինը եղել է քնքուշ ու սիրող զուգընկեր»,- ասել է Երեց Հանթերը, երբ նա 1959 թվականին կանչվեց Տասներկուսի Քվորումում ծառայելու։81 Երկար տարիներ Քլեյրը սովորաբար ընկերակցում էր Երեց Հանթերին՝ որպես Առաքյալ իր ճամփորդությունների ընթացքում։ Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնը վերհիշել է այն ժամանակների մասին, երբ նա նկատել է, թե ինչպես է Քլեյրը սեր ցուցաբերել Տոնգայի երեխաների հանդեպ․ «Նա գրկում էր Տոնգայի այդ քնքուշ փոքրիկ երեխաներին և նստեցնում իր ծնկներին՝ մինչ նա խոսում էր նրանց հետ … և հետո բացատրում Երեխաների Խմբի ուսուցիչներին, թե որքան օրհնված և արտոնյալ էին նրանք, որ հնարավորություն ունեին ուսուցանելու այս թանկագին փոքրիկներին։ Նա գիտեր մարդկային հոգու արժեքը»։82
1974 թվականին հարցազրույցի ժամանակ Քլեյրի մասին Նախագահ Հանթերն ասել է․ «Մեր ամուսնության ողջ ընթացքում … նա միշտ կանգնած է եղել իմ կողքին՝ սիրով, հարգանքով և խրախուսելով։ … Նրա աջակցությունը մեծ է եղել»։83
Այդ հարցազրույցի ժամանակ Քլեյրը սկսել էր առողջական լուրջ խնդիրներ ունենալ։ Նախ նա ուժեղ գլխացավեր էր ունենում և երբեմն հիշողության կորուստ ու ապակողմնորոշում։ Ավելի ուշ նա մի քանի անգամ թեթև կաթվածներ ստացավ, որի արդյունքում նա դժվարանում էր խոսել կամ շարժել իր ձեռքերը։ Երբ նա հասավ այն վիճակին, որ մշտական հոգածության կարիք ուներ, Երեց Հանթերը որոշեց որքան հնարավորինս շատ ժամանակ տրամադրել նրան՝ միևնույն ժամանակ կատարելով նաև իր պարտականությունները որպես Տասներկուսի Քվորումի անդամ։ Նա պայմանավորվել էր մեկի հետ, ով կմնար Քլեյրի մոտ օրվա ընթացքում, իսկ նա հոգ էր տանում նրա մասին գիշերները։ Երեց Հանթերն այս տարիների ընթացքում ևս ունեներ առողջական խնդիրներ՝ ներառյալ սրտի կաթվածը 1980 թվականին։
Քլեյրը ուղեղի ներքին արյունազեղում ունեցավ 1981 և ևս մեկը 1982թվականին։ Երկրորդից հետո նրա վիճակն այնքան վատթարացավ, որ բժիշկները պնդեցին, որ նա բժշկական կենտրոն տեղափոխվեր, որպեսզի կարողանար պատշաճ բուժօգնություն ստանալ։ Իր կյանքի վերջին 18 ամիսները նա անցկացրեց այդ կենտրոնում։ Այդ ընթացքում Նախագահ Հանթերը այցելում էր նրան օրական առնվազն մեկ անգամ, բացառություն էին կազմում այն օրերը, երբ նա ճամփորդում էր՝ կատարելով Եկեղեցու հանձնարարությունները։ Չնայած, որ Քլեյրը հաճախ չէր ճանաչում նրան, նա շարունակում էր ասել կնոջը իր սիրո մասին և համոզվել, որ վերջինս իրեն լավ էր զգում։ Թոռնիկներից մեկն ասել է․ «Նա միշտ շտապում էր տեսնել նրան, լինել նրա կողքին և հոգ տանել նրա մասին»։84 Մտաբերելով իր հոր հոգատարությունն մոր հանդեպ՝ Ռիչարդ Հանթերը գրել է․
«Մայրս ուներ լավագույն հոգատարությունը, որ հնարավոր էր ունենալ իր կյանքի մայրամուտին, քանի որ հայրս էր հոգ տանում նրա համար։ Ողջ ընտանիքը մեծ ակնածանքով և հարգանքով հետևում էր, մինչ նա ստանձնում էր խնամակալի դերը։ … Ես հիշում եմ, թե որքան ծանր էր նրա համար, երբ բժիշկը զգուշացրեց, [որ] մայրս ամենավատ իրավիճակում կարող էր հայտնվել, եթե մնար տանը և չտեղափոխվեր մասնագիտացված խնամք ապահովող հաստատություն։ Եթե նա տանը մնար, հայրս հավանական է նույնպես մահանար, փորձելով հոգ տանել նրա համար՝ իր իսկ ֆիզիկական սահմանափակումների պատճառով։ Ապա նա մենակ կմնար իր մաքառումներում։ Նրա նվիրվածությունը մայրիկի հանդեպ այն թանկագին բաներից մեկն է, որը միշտ կմնա մեր ընտանիքի հիշողության մեջ»։85
Քլեյրը մահացավ 1983 թվականի հոկտեմբերի 9-ին։ Ականատես լինելով Երեց Հանթերի հոգատարությանը, մինչ Քլեյրը տառապում էր հիվանդության ավելի քան 10 տարիների ընթացքում, Երեց Ջեյմս Ի․ Ֆաուստն ասել է․ «Քնքշանքը, որն առկա էր նրանց շփման մեջ, հուզիչ էր։ Ես երբեք չեմ տեսել ամուսնու նվիրվածության նման օրինակ իր կնոջ հանդեպ»։86
Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ
Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալը մահացավ 1985 թվականի նոյեմբերին, և Էզրա Թավտ Բենսոնը հաջորդեց նրան` որպես Եկեղեցու Նախագահ։ Մարիոն Գ․ Ռոմնին դարձավ Տասներկուսի Քվորումի Նախագահը՝ քվորումի ավագ անդամը լինելու շնորհիվ։ Նախագահ Ռոմնիի առողջական խնդիրների պատճառով Երեց Հանթերը, ով ավագությամբ հաջորդն էր, ի սպաս դրվեց որպես Տասներկուսի Գործող Նախագահ։ Նա դարձավ Տասներկուսի Նախագահը 1988 թվականի հունիսին՝ Նախագահ Ռոմնիի մահից երկու շաբաթ անց։
Նախագահ Հանթերը ծառայեց որպես Գործող Նախագահ կամ Տասներկուսի Քվորումի Նախագահ ութ ու կես տարի: Այդ ժամանակահատվածում Տասներկուսի ծառայությունը ողջ աշխարհում շարունակեց ընդլայնվել, և Եկեղեցու աճն ավելացավ` 5․9 միլիոն անդամից հասնելով 8․7 միլիոնի՝ ծխեր և ճյուղեր ունենալով 149 ազգերում և տարածքներում։ «Սա Եկեղեցու պատմության իրադարձություններով լի ժամանակահատվածներից է», ասել է Նախագահ Հանթերը 1988 թվականին։ «Այսօր քայլելը բավականաչափ արագ չէ։ Մենք պետք է վազենք, որպեսզի համընթաց շարժվենք և առաջ տանենք աշխատանքը»։87 Ողջ աշխարհում Հիսուս Քրիստոսի մասին վկայելու և Եկեղեցին կառուցելու պարտավորությունը կատարելիս Նախագահ Հանթերն առաջնորդում էր օրինակով։ Որպես Տասներկուսի Նախագահ իր ծառայության ընթացքում նա ճամփորդել է ողջ Միացյալ Նահանգներում և ավելի քան 25 այլ երկրներում։
Նախագահ Հանթերն առաջ էր շարժվում՝ անկախ առողջական բազմաթիվ խնդիրներից։ 1986 թվականին նա սրտի բաց վիրահատություն տարավ, և 1987 թվականին՝ ողնաշարի վիրահատություն։ Չնայած նրա ողնաշարը լավացավ, նա չէր կարողանում քայլել ներվի վնասվելու և այլ բարդությունների պատճառով։ Այդ հոկտեմբերին նա նստել էր անվասայլակին՝ մինչ ելույթ էր ունենում գերագույն համաժողովի ժամանակ։ «Ներեցեք ինձ, եթե ես նստած մնամ մինչ կներկայացնեմ այս մի քանի ակնարկները», ասել է նա ելույթի սկզբում։ «Ընտրության արդյունքում չէ, որ ես խոսում եմ անվասայլակին նստած։ Ես նկատեցի, որ դուք կարծես թե վայելում եք համաժողովը նստած, ուստի, ես կհետևեմ ձեր օրինակին»։88
Որոշելով կրկին քայլել՝ Նախագահ Հանթերը լարված ժամեր անցկացրեց զբաղվելով ֆիզիկական թերապիայով։ Հաջորդ գերագույն համաժողովի ժամանակ՝ 1988 թվականի ապրիլին, նա դանդաղ քայլեց դեպի ամբիոնը` ձեռնափայտի օգնությամբ։ Դեկտեմբերին նա ձեռնափայտի օգնությամբ մասնակցեց Առաջին Նախագահության և Տասներկուսի ամենշաբաթյա տաճարային ժողովին, առաջին անգամն էր ավելի քան մեկ տարվա ընթացքում, որ նա չէր եկել անվասայլակի վրա։ «Երբ ես մտա խորհրդի սենյակը, եղբայրները կանգնեցին և ծափահարեցին», ասել է նա։ «Սա առաջին անգամն էր, որ ես տաճարում ծափահարություն էի լսում։ … Բժիշկների մեծ մասն ինձ ասել էր, որ ես երբեք չեմ կարողանա կանգնել կամ քայլել, սակայն նրանք սխալմամբ հաշվի չէին առել աղոթքի զորությունը»։89
1990 թվականի ապրիլին, երբ ավարտին էր մոտենում Տասներկուսի Քվորումի ժողովը, Նախագահ Հանթերը հարցրեց․ «Որևէ մեկն ունի՞ ինչ-որ բան ասելու, ինչը օրակարգում ներառված չէ»։ Երբ ոչ ոք չխոսեց, նա հայտարարեց․ «Լավ, ուրեմն, … եթե ոչ ոք ոչինչ չունի ասելու, ես մտածեցի, որ պարզապես ձեզ կհայտնեմ, որ այսօր կեսօրին ես ամուսնանալու եմ»։ Տասներկուսի անդամներից մեկն ասել է, որ հայտարարությունն այնքան անակնկալ էր, որ «յուրաքանչյուրը խորհեց, թե արդյոք ճիշտ էր լսել»։ Նախագահ Հանթերը բացատրեց իր եղբայրներին․ «Ինիս Ստանտոնը Կալիֆորնիայի մի հին ծանոթ է։ Ես որոշ ժամանակ այցելում էի նրան, և ես որոշել եմ ամուսնանալ»։90 Ինիսը եղել է Էլ Սերենո Ծխի անդամ, երբ Նախագահ Հանթերը եպիսկոպոս էր։ Նրանց ուղիներն ավելի ուշ խաչվեցին, երբ Ինիսը տեղափոխվեց Յուտա և ընդունարանի աշխատող էր Եկեղեցու Գրասենյակի շենքում։ Նրանք ամուսնացան Սոլթ Լեյքի տաճարում 1990 թվականին ապրիլի 12-ին՝ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի կողմից:
Մոտավորապես յոթ տարի էր անցել Քլեյրի մահվանից հետո։ Ինիսը մեծ մխիթարության և ուժի հրաշալի աղբյուր էր Նախագահ Հանթերի համար՝ որպես Տասներկուսի Քվորումի Նախագահ և Եկեղեցու Նախագահ իր ծառայության ընթացքում։ Նա ընկերակցում էր Նախագահ Հանթերին ճամփորդությունների մեծ մասի ընթացքում, որպեսզի հանդիպեր Սրբերին ողջ աշխարհով մեկ։
1993 թվականի փետրվարի 7-ին Նախագահ Հանթերը գնաց Բրիգամ Յանգի Համալսարան, որպեսզի խոսեր մի հավաքի ժամանակ, որին մասնակցում էին 17000 մարդ։ Նա ուզում էր սկսել իր ելույթը, երբ մի մարդ վազելով մոտեցավ բեմահարթակին՝ մի ձեռքում բռնած փոքրիկ մի պայուսակ, իսկ մյուսում՝ մի սև առարկա։ «Մնացեք ձեր տեղում», գոռացել էր մարդը: Նա սպառնացել էր պայթեցնել այն, ինչը հայտարարել էր, թե ռումբ է, եթե Նախագահ Հանթերը չկարդար նախապատրաստած հայտարարությունը։ Նախագահ Հանթերը մերժեց և խիստ վճռական կանգնեց ամբիոնի մոտ ողջ ընթացքում, մինչ մարդը սպառնում էր նրան։ Մինչ վախը և իրարանցումը տարածվեցին շինությունով մեկ, հավաքվածները սկսեցին երգել «Փառք Քեզ, Տեր, Մարգարեի համար» օրհներգը: Սպասողական վիճակի մի քանի րոպեներից հետո անվտանգության երկու աշխատակիցներ բռնեցին մարդուն, և փորձեցին ապահով պայմաններ ստեղծել Նախագահ Հանթերի համար։ Երբ կարգ ու կանոնը վերականգնվեց, նա մի պահ հանգստացավ և ապա շարունակեց իր ելույթը։ «Կյանքը շատ մարտահրավերներ ունի,- սկսեց նա և այնուհետև ավելացրեց,- ինչում համոզվեցինք»։91
Նախորդ 20 տարիների ընթացքում Նախագահ Հանթերը տարել էր բազմաթիվ դժվարություններ, ներառյալ վատթարացող առողջությունը, Քլեյրի մահը, բազմաթիվ օրեր հիվանդանոցում իր իսկ առողջական խնդիրների պատճառով և մեծ ցավ ու հաշմանդամություն։ Նրա ուսմունքներն այդ տարիներին հաճախ կենտրոնանում էին հակառակորդի վրա և վկայություն էր բերում Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի մասին՝ որպես խաղաղության և օգնության աղբյուր փորձության պահին։ Քարոզներից մեկի ժամանակ նա ուսուցանել է․
«Եկեղեցու Մարգարեները և Առաքյալները հանդիպել են … անձնական դժվարությունների։ Ես հաստատում եմ, որ ես հանդիպել եմ մի քանիսին, և դուք էլ անկասկած ինքներդ կհանդիպեք մի քանիսին այժմ և ավելի ուշ ձեր կյանքում։ Երբ այս փորձառությունները խոնարհեցնում են մեզ, կատարելագործում, ուսուցանում և օրհնում են մեզ, դրանք կարող են զորեղ գործիքներ դառնալ Աստծո ձեռքում` դարձնելու մեզ ավելի լավ մարդիկ, դարձնելու մեզ ավելի երախտապարտ, ավելի սիրող և ավելի մտահոգ ուրիշների հանդեպ՝ մինչ ինքներս դժվար ժամանակներ ենք ապրում»։92
Նման ուսմունքները սիրառատ գրկախառնություն էին նրանց համար, ովքեր տառապում էին։ Նախագահ Հովարդ Վ․ Հանթերի ոգեշնչված խոսքերը քաջալերել են շատերին` դառնալու դեպի Փրկիչը, ինչպես ինքն է արել։
Եկեղեցու Նախագահ
«Նախագահ Հանթերը ամենասիրառատ, Քրիստոսանման մարդկանցից է, ում մենք երբևէ ճանաչել ենք։ Նրա հոգևոր խորությունն այնքան մեծ է, որ անբացատրելի է։ Երկար տարիներ լինելով Տեր Հիսուս Քրիստոսի հատուկ վկա, Նրա առաջնորդող ազդեցության ներքո՝ Նախագահ Հանթերը հոգևոր առումով նշանակալի կատարելագործման է հասել։ Դա նրա ողջ էության աղբյուրն է» (Ջեյմս Ի․ Ֆաուստ)։93
1994 թվականի մայիսի 30-ին Նախագահ Էզրա Թավտ Բենսոնը մահացավ երկարատև հիվանդությունից հետո։ Վեց օր անց Տասներկու Առաքյալների Քվորումը հանդիպում ունեցավ Սոլթ Լեյքի Տաճարում՝ Առաջին Նախագահությունը վերակազմավորելու համար։ Որպես ավագ Առաքյալ՝ Հովարդ Վ․ Հանթերը ի սպաս դրվեց որպես Եկեղեցու Նախագահ: Նա կանչեց Գորդոն Բ․ Հինքլիին և Թոմաս Ս․ Մոնսոնին, ովքեր ծառայել էին որպես Նախագահ Բենսոնի խորհրդականներ` լինելու իր խորհրդականները։
Հաջորդ օրը մամլո ասուլիսի ժամանակ Նախագահ Հանթերն իր առաջին ելույթն ունեցավ որպես Եկեղեցու Նախագահ։ «Մեր ընկեր և եղբայր Էզրա Թավտ Բենսոնի մահը մեծ ցավ պատճառեց մեր սրտերին», ասել է նա։ «Նրա կորուստը ես անձամբ շատ առանձնահատուկ ձևով եմ զգացել այն նոր պարտավորությունների ներքո, որոնք դրվել են ինձ վրա նրա մահից հետո։ Ես շատ արցունք եմ թափել և փնտրել իմ Երկնային Հորն անկեղծ աղոթքով, ցանկանալով համապատասխան լինել այն բարձր և սուրբ կոչմանը, որն այժմ իմն է։
Այս վերջին ժամերի և օրերի ընթացքում ինձ մեծ ուժ է հաղորդում իմ հաստատուն վկայությունը, որ սա Աստծո աշխատանքն է, ոչ թե մարդկանց, որ Հիսուս Քրիստոսը լիազորված և կենդանի գլուխն է այս եկեղեցու, և Նա առաջնորդում է այն խոսքով և գործով։ Ես պարտավորվում եմ իմ կյանքով, իմ զորությամբ և իմ ողջ հոգով լիարժեք ծառայել Նրան»։94
Իր սերն արտահայտելուց հետո Նախագահ Հանթերը երկու հրավեր հղեց Եկեղեցու անդամներին։ Առաջինը Հիսուս Քրիստոսի օրինակին հետևելիս ավելի ջանասեր լինելն էր, իսկ երկրորդը տաճարի օրհնությունները ավելի լիարժեք ճաշակելն էր (տես էջ 1-3)։ Նա նաև հրավիրեց նրանց, ովքեր ցավ են ապրել, պայքարում են կամ վախենում՝ «վերադարձեք [և] թույլ տվեք կանգնել ձեր կողքին և սրբել ձեր արցունքները»:95
Չնայած իր փխրուն առողջական վիճակին՝ Նախագահ Հանթերը վճռական էր տրամադրված` անելու այն , ինչ կարող էր, որ հանդիպեր և ամրացներ Սրբերին։ Նախագահ դառնալուց երկու շաբաթ անց նա հանդես եկավ իր առաջին մեծ ելույթներով՝ խոսելով միսիայի նոր նախագահների հետ և այնուհետև ավելի քան 2200 միսիոներների հետ։ Այդ ամսվա վերջում նա մեկնեց Իլինոյսի նահանգի Քարթեջ և Նավու քաղաքները՝ Ջոզեֆ և Հայրում Սմիթների նահատակության 150-րդ տարելիցի հիշատակը հավերժացնելու նպատակով։ «Որտեղ էլ մենք գնում էինք, մարդիկ հավաքվում էին նրա շուրջը», ասել է Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին։ «Նա սեղմում էր հազարավորների ձեռքը, մի յուրահատուկ ժպիտ շնորհելով, երբ երեխաները հավաքվում էին նրա շուրջը՝ նայելու նրա աչքերի մեջ և բռնելու նրա ձեռքը»։96
1994 թվականի հոկտեմբերի 1-ին գերագույն համաժողովի շաբաթ օրվա առավոտյան նիստի ժամանակ Եկեղեցու անդամները պաշտոնապես հաստատեցին Հովարդ Վ․ Հանթերին որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ և որպես մարգարե, տեսանող և հայտնող։ Իր առաջին ելույթի ժամանակ Նախագահ Հանթերը Եկեղեցու անդամների համար կրկնեց Փրկչի օրինակին հետևելու և «որպես ձեր անդամության մեծ խորհրդանիշ Տիրոջ տաճարին նայելու» իր հրավերները։97 Նա կրկին շեշտը դրեց տաճարների վրա հաջորդ շաբաթ, երբ մեկնեց Ֆլորիդա՝ Օրլանդո Ֆլորիդա Տաճարը նվիրագործելու համար։ «Ավետարանի ծրագիրը, որը Տերը հայտնել է, թերի է մնում առանց տաճարի,- ուսուցանել է նա,- քանի որ այնտեղ են կատարվում արարողությունները, որոնք անհրաժեշտ են կյանքի և փրկության Նրա ծրագրի համար»։98
Նոյեմբերին Նախագահ Հանթերը խոսել է արբանյակային հեռարձակմամբ, որը կազմակերպվել էր ի պատիվ Ծագումնաբանական Միության 100-րդ տարեդարձի, մի իրադարձություն, որը յուրահատուկ իմաստ ուներ նրա համար, քանի որ նա նախագահել էր այդ կազմակերպությունը 1964-1972 թվականներին։ «Ես զարմանքով ետ եմ նայում տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը առաջ տանելու Տիրոջ գործերին», ասել է նա: Այնուհետև նա հայտարարել է․ «Ես ունեմ մի կարևորագույն ուղերձ. Այս աշխատանքը պետք է արագացվի»:99
Նախագահ Հանթերը շարունակեց եռանդով աշխատել մինչև տարվա վերջ։ Առաջին Նախագահության Սուրբ Ծննդյան հոգևոր երեկոյի ժամանակ Նա վկայեց Փրկչի մասին և կրկին շեշտեց Նրա օրինակին հետևելու կարևորությունը։
«Փրկիչը նվիրաբերեց Իր կյանքը ուրիշների կյանքն օրհնելուն։ … [Նա] երբեք չէր տալիս ստանալու ակնկալիքով։ Նա տալիս էր շռայլորեն և սիրով, և Նրա պարգևներն անգին էին։ Նա աչքեր էր տալիս կույրին, ականջներ՝ խուլին և ոտքեր՝ կաղին․ մաքրություն՝ անմաքուրին, ողջություն՝ հիվանդին և շունչ՝ անկենդանին։ Նրա պարգևները հնարավորություն էին ոտնահարվածների, ազատություն՝ կեղեքվածների, ներում՝ ապաշխարողների, հույս՝ հուսահատվածների և լույս՝ խավարում գտնվողների համար։ Նա տվեց մեզ Իր սերը, Իր ծառայությունը և Իր կյանքը։ Եվ ամենակարևորը, Նա տվեց մեզ և բոլոր մահկանացուներին հարություն, փրկություն և հավերժական կյանք։
«Մենք պետք է ձգտենք տալ այնպես, ինչպես Նա տվեց։ Մեր անձը տալը սուրբ պարգև է։ «Մենք տալիս ենք, հիշելով այն ամենը, ինչ տվել է Փրկիչը»։100
Որպես իր ուղերձի մի մաս, նա նաև վերամշակել էր մի ուղերձ, որը լույս էր տեսել մի թերթում այն նույն տարին, երբ նա կանչվել էր որպես Առաքյալ․
«Այս Սուրբ Ծնունդին հաշտվեք նրանց հետ, ում հետ վիճել էիք։ Փնտրեք մոռացված ընկերոջը։ Վանեք կասկածները և փոխարինեք այն վստահությամբ։ Նամակ գրեք։ Տվեք մեղմ պատասխան։ Քաջալերեք երիտասարդներին։ Հավատարմություն ցուցաբերեք խոսքով և գործով։ Պահեք խոստումը: Հրաժարվեք ոխակալությունից։ Ներեք թշնամուն։ Ներողություն խնդրեք։ Փորձեք հասկանալ։ Քննեք ուրիշների հանդեպ ձեր պահանջները։ Նախ մտածեք մեկ ուրիշի մասին։ Եղեք բարի: Եղեք մեղմ։ Մի քիչ ավելի շատ ծիծաղեք։ Հայտնեք ձեր երախտագիտությունը: Ողջունեք անծանոթին։ Ուրախացրեք մի երեխայի սիրտը։ Վայելեք աշխարհի գեղեցկությունը և հրաշքները: Արտահայտեք ձեր սերը և ապա կրկին արտահայտեք այն»։101
Հաջորդ շաբաթ Նախագահ Հանթերը մեկնեց Մեխիկո Սիթի, որպեսզի կազմավորեր Եկեղեցու 2000-րդ ցիցը։ Տասնինը տարի առաջ Մեխիկո Սիթիում նա կազմակերպել էր 15 ցցերի կազմավորումը 5 ցցերից՝ երկու օրվա ընթացքում։ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին 2000-րդ ցցի կազմավորումը նկարագրում է որպես «Եկեղեցու պատմության նշանակալից ուղենիշ»։102
Այդ ամիսների ընթացքում մի երեկո Նախագահ Հանթերի որդի Ռիչարդը գտնվում էր Ջոզեֆ Սմիթի Հուշահամալիրում և տեսնում է, որ աշխատողներից մեկը անվասայլակով է։ «Ես կարող էի ասել, որ դա նոր բան էր նրա համար», ասել է նա: «Ես գնացի, որ խոսեի նրա հետ և ասացի, որ հայրս անվասայլակ ուներ, ճիշտ ինչպես իրենն էր։ Նա ասաց ինձ, որ իր Եկեղեցու մարգարեն նույնպես անվասայլակ ուներ, ճիշտ ինչպես իրենն էր։ Նա ասաց, որ եթե մարգարեն կարողանում էր անել ադ, ապա միգուցե ինքը նույնպես կարողանար։ Դա հույս էր տվել նրան։ Ես կարծում եմ, որ հայրս շատերի կողմից է սիրվել։ Հավանաբար, դրա պատճառներից մեկն այն է, որ նրանք տեսնում էին, որ նա տառապում էր ճիշտ այնպես, ինչպես իրենք, և նա արիաբար դիմանում էր այդ տառապանքներին, և դա հույս էր տալիս նրանց»։103
1995 թվականը Նախագահ Հանթերը սկսեց Բաունթիֆուլ Յուտա Տաճարի նվիրագործմամբ։ Նա նախագահեց նվիրագործման վեց նիստերի ժամանակ, մինչև որ այնքան ուժասպառ եղավ, որ հիվանդանոց տեղափոխվեց։ Մի քանի օր անց հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Եկեղեցին հայտարարեց, որ նա ուներ շագանակագեղձի քաղցկեղ, որը տարածվել էր նրա ոսկորների մեջ։ Իր կյանքի վերջին հաջորդ վեց շաբաթների ընթացքում Նախագահ Հանթերը հրապարակային այլ հանդիպում չունեցավ, չնայած նա շարունակում էր հանդիպել իր խորհրդականների հետ և ղեկավարել Եկեղեցու գործերը իր բնակարանում։ «Ես երախտապարտ եմ, որ նա հնարավորություն ունեցավ նվիրագործելու [այդ տաճարը],- ասել է Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին,- հատկապես հաշվի առնելով վաղ ժամանակներում նրա խնդրանքը, որ Եկեղեցու անդամները «նայեն Տիրոջ տաճարին որպես [իրենց] անդամության մեծ խորհրդանիշի»։104
Նախագահ Հովարդ Վ․ Հանթերը մահացավ 1995 թվականի մարտի 3-ին՝ 87 տարեկան հասակում։ Նրա վերջին բառը, որ ասվել է «շատ ցածր, մեղմ ձայնով» նրանց, ովքեր եղել են իր մահճակալի կողքին, պարզապես եղել է. «Շնորհակալություն»։105 Չնայած որ նա Նախագահ է եղել ընդամենը ինը ամիս, նրա ազդեցությունը շատ մեծ է եղել։ «Եկեղեցու անդամները ողջ երկրով մեկ կապվել էին նրա հետ յուրահատուկ ձևով՝ որպես իրենց մարգարե, տեսանող և հայտնող», ասել է Երեց Ջեյմս Ի․ Ֆաուստը։ «Նրանք նրա մեջ տեսնում էին հենց Փրկչի հատկանիշների մարմնավորումը։ Նրանք ցայտուն կերպով արձագանքել են նրա մարգարեական ուղերձին՝ դարձնելու մեր կյանքերն ավելի Քրիստոսանման և մեր տաճարները` մեր երկրպագության կենտրոնը»։106
Նախագահ Հանթերի թաղման արարողության ժամանակ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին, հարգանքի տուրք մատուցելով, ասել է․
«Անտառում ընկել է մի հսկա ծառ՝ դատարկ տեղ թողնելով։ Մի մեծ և ազդեցիկ ուժ է հեռացել մեզանից։
Շատ բան է ասվել նրա տառապանքների մասին։ Ես կարծում եմ, որ այն ավելի երկար է տևել և ավելի սուր ու խորն է եղել, քան մեզանից որևէ մեկն իրականում իմացել է։ Նա ձեռք էր բերել մեծ համբերատարություն ցավի հանդեպ և չէր բողոքում դրա համար։ Այն, որ նա երկար ապրեց, ինքնին մի հրաշք էր։ Նրա տառապանքը մխիթարել և մեղմացրել է շատերի ցավը, ովքեր տառապել են։ Նրանք գիտեն, որ նա հասկանում էր, թե որքան ծանր է իրենց բեռը։ Նա այս ամենին մոտենում էր յուրահատուկ սիրով։
«Շատ բան է ասվել նրա բարության, հոգատարության, ուրիշների հանդեպ նրա բարեկիրթ վերաբերմունքի մասին։ Այդ ամենը ճիշտ է։ Նա անձնատուր էր եղել Տիրոջ օրինակին, ում նա սիրում էր։ Նա խոնարհ և հոգատար մարդ էր։ Սակայն նա նաև կարողանում էր արտահայտել խիստ և իմաստուն կարծիքներ։ …
Եղբայր Հանթերը բարի էր և մեղմ։ Սակայն նա նաև կարող էր լինել խիստ և համոզիչ իր հայտարարություններում։ … Նա փորձառու իրավաբան էր։ Նա գիտեր, թե ինչպես ներկայացներ խնդիրը։ Նա ենթադրությունները ներկայացնում էր կանոնավոր կերպով։ Այնուհետև նա կատարում էր իր եզրակացությունները։ Երբ նա խոսում էր, մենք բոլորս լսում էինք։ Նրա առաջարկները շատ հաճախ ընդունվում էին։ Սակայն, երբ դրանք չէին ընդունվում, նա հարմարվում էր և հանում իր առաջարկը։ …
Ահա արդեն երեսունվեց տարի` կրելով սուրբ առաքյալ լինելու թիկնոցը, նրան է պատկանել առաջնորդող և զորեղ ձայնը` հայտարարելու Հիսուս Քրիստոսի ավետարանի ուսմունքները և առաջ տանելու Եկեղեցու գործը։ Նա բազմիցս ճամփորդել է ողջ երկրով մեկ՝ Վարդապետին ծառայելով որպես ճշմարիտ և ունակ ծառա։ …
Հովարդ Վ․ Հանթերը՝ մարգարեն, տեսանողը և հայտնողը, հաստատուն վկայություն ուներ Աստծո կենդանի իրականության՝ մեր Հավերժական Հոր մասին։ Նա մեծ համոզվածությամբ բերում էր իր վկայությունը Տեր Հիսուս Քրիստոսի՝ մարդկության Քավիչի աստվածայնության մասին։ Նա սիրով էր խոսում Մարգարե Ջոզեֆ Սմիթի և բոլոր նրանց մասին, ովքեր հաջորդել էին նրան հաջորդականության շղթայում մինչև Նախագահ Հանթերի ժամանակը։ …
«Թող Աստված օրհնի նրա հիշատակն ի բարին առ մեզ»։107