Գլուխ 15
Տիրոջ ընթրիքի հաղորդությունը
«Երբ [Հիսուսը] վերցրեց հացը և կտրեց այն, և վերցրեց բաժակն ու օրհնեց այն, նա ներկայացնում էր իրեն որպես Աստծո Գառ, ով ապահովելու էր հոգևոր սնունդ և հավերժական փրկություն»:
Հովարդ Վ. Հանթերի կյանքից
Հովարդ Վ. Հանթերին մեծացրել են Վերջին Օրերի ակտիվ Սուրբ մայրը և լավ հայրը, ով այդ ժամանակ չէր միացել որևէ եկեղեցու: Նրա հայրը դեմ չէր, որ ընտանիքը հաճախեր Եկեղեցի. նա նույնիսկ երբեմն նրանց հետ միասին հաճախում էր հաղորդության ժողովին, սակայն չցանկացավ, որ իր երեխաները մկրտվեին, երբ նրանք 8 տարեկան էին: Նա կարծում էր, որ նրանք չպիտի կայացնեին այդ որոշումը, մինչև ավելի մեծանային: Երբ Հովարդը դարձավ 12 տարեկան, նա չէր կարող ստանալ Ահարոնյան Քահանայությունը և կարգվել սարկավագ, քանի որ չէր մկրտվել: Չնայած որ նա կարողանում էր երիտասարդ տղամարդկանց հետ մասնակցել այլ միջոցառումների, Հովարդը խորապես հուսահատվում էր, որ նա չէր կարող բաժանել հաղորդությունը նրանց հետ:
«Հաղորդության ժողովին ես նստում էի մյուս տղաների հետ միասին», պատմում է նա: «Երբ գալիս էր պահը, որ նրանք պետք է բաժանեին հաղորդությունը, ես ցած էի սահում աթոռից: Ես ինձ այնքան միայնակ էի զգում: Ես ցանկանում էի բաժանել հաղորդությունը, սակայն չէի կարող, քանի որ չէի մկրտվել»:1
12 տարին բոլորելուց մոտ հինգ ամիս անց Հովարդը համոզեց իր հորը, որ թույլ տա իրեն մկրտվել: Դրանից կարճ ժամանակ անց նա կարգվեց որպես սարկավագ: «Հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ բաժանեցի հաղորդությունը», ասել է նա: «Ես վախեցած էի, սակայն ոգևորված` ունենալով այդ արտոնությունը: Ժողովից հետո եպիսկոպոսը գովեց ինձ իմ պահելաձևի համար»:2
Երբ Հովարդ Վ. Հանթերը կանչվեց որպես Առաքյալ, նա հաճախ մասնակցում էր հաղորդության արարողությանը մյուս Բարձրագույն Իշխանավորների հետ Սոլթ Լեյքի Տաճարում: Երեց Դեյվիդ Բ. Հեյթը, ով ծառայել է Երեց Հանթերի հետ Տասներկուսի Քվորումում, նկարագրել է փորձառություն, երբ լսել է նրան հաղորդությունն օրհնելիս.
«Ես կցանկանայի, որ ողջ Եկեղեցու Ահարոնյան Քահանայության տղաները կարողանային ունենալ նույն հնարավորությունը, լսելու Երեց Հովարդ Վ. Հանթերին հաղորդությունն օրհնելիս, ինչպես մենք ենք լսել տաճարում: Նա Հիսուս Քրիստոսի հատուկ վկան է: Մինչ ես լսում էի նրան, թե ինչպես էր խնդրում մեր Երկնային Հորը, որ օրհներ հաղորդությունը, ես մեծ հոգևոր ուժ զգացի նրա մեջ: Յուրաքանչյուր բառը պարզ և իմաստալից էր: Նա չէր շտապում: Մեր Երկնային Հորը դիմելիս նա ներկայացնում էր բոլոր Առաքյալներին»:3
Այս պատմությունները ցուցադրում են ողջ կյանքի ընթացքում Նախագահ Հանթերի ակնածանքը Քրիստոսի քավիչ զոհաբերության սուրբ խորհրդանիշերի հանդեպ:
Ինչպես ցույց են տալիս այս գլխի ուսուցումները, ուղիներից մեկը, որով Նախագահ Հանթերը փորձում էր օգնել Եկեղեցու անդամներին հասկանալ հաղորդության կարևորությունը, դրա կապը բացատրելն է Զատկի հին տոնի հետ և վերանայելը, թե ինչպես Փրկիչը ներկայացրեց այս արարողությունը Իր աշակերտների հետ Զատկի ընթրիքի ընթացքում:
Հովարդ Վ. Հանթերի ուսմունքները
1
Զատիկը հայտարարում է, որ մահը չունի մշտական իշխանություն մեզ վրա:
[Զատիկը] հրեական տոներից ամենահինն է, որի ժամանակ տոնվում է մի իրադարձություն, որը տեղի է ունեցել Մովսեսի ավանդական օրենքը ստանալուց առաջ: Յուրաքանչյուր սերնդի այն հիշեցնում է Իսրայելի զավակների վերադարձը խոստումի երկիր և դրան նախորդող բազմաթիվ չարչարանքները Եգիպտոսում: Այն նշում է մարդկանց անցումը հպատակությունից ու գերությունից դեպի ազատություն և փրկություն: Այն Հին Կտակարանի գարնան տոնն է, երբ բնությունը կենդանանում է, աճում ու ցանկալի արդյունք տալիս:
Զատիկը կապված է քրիստոնեական Զատկի տոնի հետ: … Զատիկը [և նոր ուխտի Զատիկը] վկայում են Աստծո տված մեծ պարգևի և զոհաբերության մասին, որ ներառում է այդ պարգևը: Այս երկու մեծ կրոնական տոներն էլ հայտարարում են, որ մահը կզատվի մեզանից և չի ունենա հարատև զորություն մեզ վրա, և որ մահը հաղթանակ չի ունենա:
Եգիպտոսից Իսրայելի զավակներին ազատելիս Եհովան անձամբ խոսեց Մովսեսի հետ վառվող թփի միջից` ասելով.
«Իրաւ տեսայ իմ ժողովրդի չարչարանքը, որ Եգիպտոսումն է, եւ գործավարների պատճառով նորանց աղաղակը լսեցի. որովհետեւ նորանց նեղութիւնները իմացայ: …
Ուստի եկ հիմա քեզ Փարաւօնի մօտ ուղարկեմ, եւ հանիր իմ ժողովուրդը` Իսրայէլի որդիքը Եգիպտոսիցը»: (Ելից Գ.7, 10:)
Քանի որ Փարավոնն անզիջում էր, բազմաթիվ պատուհասներ բերվեցին Եգիպտոսի վրա, սակայն, այնուամենայնիվ, «Փարաւօնի սիրտը կարծրացաւ, եւ Իսրայէլի որդիներին չարձակեց»: (Ելից Թ.35:)
Ի պատասխան Փարավոնի այդ մերժմանը` Տերն ասաց. «Եւ ամեն առաջինեկը կմեռնի Եգիպտոսի երկրումը` իր աթոռի վերայ նստող Փարաւօնի առաջինեկից մինչեւ երկանքի ետեւին եղող աղախնի առաջինեկը եւ բոլոր անասունների առաջինեկը»: (Ելից ԺԱ.5:)
Որպես պաշտպանություն այս վերջին և ամենասարսափելի պատժից, որը վրա էր հասել եգիպտացիներին, Տերը հրահանգեց Մովսեսին, որ Իսրայելի որդիներից յուրաքանչյուրը վերցներ մի անարատ գառ:
«Եւ արիւնիցն առնեն եւ տների երկու կողմի դրանդիներին եւ վերի սեմին քսեն, ուր որ նորան պիտի ուտեն:
Եւ միսն այն գիշերն ուտեն. նորան կրակի վերայ խորոված` եւ բաղարջ ուտեն լեղի խոտերով: …
Եւ այսպէս ուտեք նորան. ձեր գոտիները ձեր մէջքին` եւ ձեր կոշիկները ձեր ոտքերին` եւ ձեր ցուպերը ձեր ձեռքին լինելով, եւ նորան շտապելով ուտէք. նա զատիկ է Եհովային: …
Եւ երբոր կլինի որ ձեր որդիքը ձեզ կասեն. Ի՞նչ է ձեր այս պաշտօնը:
Այն ժամանակ ասէք, որ սա զատկի զոհն է Եհովայի համար, որ Եգիպտոսի մէջ Իսրայէլի որդիների տների վերայից անցաւ»: (Ելից ԺԲ.7–8, 11, 26–27:)
Երբ իսրայելացիները փախան Փարավոնի ձեռքից և եգիպտացիների անդրանիկները մահացան, իսրայելացիներն, ի վերջո, անցան Հորդանանը: Գրված է, որ «Իսրայելի որդիքը բանակ տուին Գաղգաղայումը, եւ զատիկն արին ամսի տասնեւչորսերորդ օրը իրիկնադէմին` Երիքովի դաշտերումը»: (Հեսու Ե.10:) Եվ այդպես էին վարվում հրեա ընտանիքները տարեցտարի, այդ թվում նաև Հովսեփի ու Մարիամի ու պատանի Հիսուսի ընտանիքը:4
2
Զատկի տոնի ընթրիքի ժամանակ Փրկիչը հաստատեց հաղորդության արարողությունը:
Ինչպես Հովհաննեսի Ավետարանն է հստակեցնում, Զատկի ընթրիքը շեշտադրեց հատկանշական հիմնաքարեր Քրիստոսի մահկանացու ծառայության ընթացքում: Իր ծառայության ընթացքում` առաջին Զատիկի ժամանակ, Հիսուսը հայտնի դարձրեց իր առաքելությունը, մաքրագործելով տաճարը, երբ նա դուրս հանեց դրամափոխներին և կենդանիներ վաճառողներին: Երկրորդ Զատիկի ժամանակ Հիսուսը հայտնի դարձրեց իր զորությունը` նկանակների և ձկների հրաշքի միջոցով: Այստեղ Քրիստոսը ներկայացրեց խորհրդանիշեր, որոնք ավելի ուշ պիտի ունենային էլ ավելի մեծ նշանակություն Վերնատանը: «Ես եմ կեանքի հացը»,- ասաց նա: «Ինձ մօտ եկողը չի սովիլ, եւ ինձ հաւատացողը երբէք չի ծարաւիլ»: (Հովհաննես Զ.35:)
Իհարկե, դա լինելու էր իր վերջին Զատիկի ընթրիքը, որը կտար այս հինավուրց տոնի լիարժեք պատկերը: Մինչ իր մահկանացու ծառայության այդ վերջին շաբաթը` Հիսուսը հստակ գիտեր, թե այս Զատիկն ինչ նշանակություն էր ունենալու իր համար: Վտանգն արդեն իսկ կախված էր օդում: Մատթեոսը գրել է.
«Երբոր Յիսուսը այս ամեն խօսքերը վերջացրեց, իր աշակերտներին ասեց.
Գիտէք, որ երկու օրից յետոյ զատիկ կլինի. եւ մարդի Որդին կմատնուի խաչուելու»: (Մատթ. ԻԶ.1-2:)
Լիովին գիտակցելով իրեն սպասվելիքը` Հիսուսը խնդրեց Պետրոսին և Հովհաննեսին` պատրաստություններ տեսնել Զատիկի ընթրիքի համար: Նա ասաց նրանց, որ հարցնեն մի առանձնատան տիրոջը. «Ո՞ւր է այն օթեւանը, ուր ես զատիկն ուտեմ իմ աշակերտների հետ»: (Ղուկաս ԻԲ.11:)
Ծնվելիս նրա միայնությունը պետք է ինչ որ առումով կրկնվեր իր մահվան միայնության ժամանակ: Աղվեսները որջեր ունեին և թռչունները բներ, բայց Մարդու Որդին տեղ չուներ իր գլուխը դնելու համար` ոչ իր ծնվելու օրը, ոչ էլ մահկանացու կյանքի վերջին ժամերին [տես Մատթեոս Ը.20]:
Ի վերջո, ավարտվեցին Զատիկի տոնի ընթրիքի նախապատրաստությունները, ավանդույթ, որն ուներ մոտավորապես հազար հինգ հարյուր տարվա պատմություն: Հիսուսը նստեց իր աշակերտների հետ և այս ավանդական ընթրիքի զոհաբերության գառն ուտելուց, հացն ու գինին ճաշակելուց հետո նա ուսուցանեց նրանց Աստծուց տրված այդ վաղեմի օրհնության ավելի նոր և ավելի սուրբ նշանակությունը:
Նա վերցրեց տափակ, կլոր բաղարջի նկանակներից մեկը, օրհնեց այն և կտրեց, որ բաժաներ Առաքյալներին` ասելով. «Այս է իմ մարմինը, որ ձեզ համար տրվում է. այս արէք իմ յիշատակի համար»: (Ղուկաս ԻԲ.19:)
Երբ բաժակը լցվեց, նա վերցրեց այն, գոհացավ, հրավիրեց նրանց խմել դրանից, ասելով. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արիւնովը, որ ձեզ համար թափվում է»: (Ղուկաս ԻԲ.20:) Պողոսն այդ մասին ասել է. «Որովհետեւ քանի անգամ որ այս հացն ուտէք, եւ այս բաժակը խմէք, Տիրոջ մահը պատմեցէք՝ մինչեւ որ Նա կգայ»: (Ա Կորնթ. ԺԱ.26:)
Հացը և գինին, այլ ոչ թե կենդանիները և խոտաբույսերն էին դառնալու Գառի մարմնի և արյան խորհրդանիշերը, խորհրդանիշեր, որոնք պետք է միշտ ուտել և խմել ակնածանքով և ի հիշատակ նրա:
Այս պարզ, սակայն տպավորիչ կերպով Փրկիչը հաստատեց արարողությունը, որը հայտնի է որպես Տիրոջ Ընթրիքի հաղորդություն: Գեթսեմանի տառապապանքներով, Գողգոթայի զոհաբերությամբ և պարտեզի գերեզմանից հարություն առնելու միջոցով, Հիսուսը կատարեց հին օրենքը և սկիզբ դրեց մի նոր տնտեսության` հիմնված զոհաբերության ավելի բարձր, ավելի սուրբ օրենքի վրա: Մարդկանցից այլևս չէր պահանջվի մատուցելու իրենց հոտի անդրանիկ գառին, քանի որ Աստծո Անդրանիկը եկել էր առաջարկելու իրեն` որպես «անսահման և հավերժական զոհաբերություն»:
Քավության և Հարության մեծությունը կայանում է նրանում, որ ոչ միայն զատվում ենք մահից, այլ ստանում ենք հավերժական կյանքի պարգևը անսահման զոհաբերության շնորհիվ:5
Որքան պատշաճ էր այս հին ուխտի պահպանման կատարման ընթացքում [Զատիկի ընթրիքը], որ Հիսուսը պետք է հաստատեր ապահովության նոր ուխտի խորհրդանիշերը` իր իսկ մարմնի ու արյան խորհրդանիշերը: Երբ նա վերցրեց հացը և կտրեց այն և վերցրեց բաժակը և օրհնեց այն, նա ներկայացնում էր իրեն որպես Աստծո Գառ, ով ապահովելու էր հոգևոր սնունդ և հավերժական փրկություն:6
3
Մեր մասնակցությունը հաղորդությանը մի հնարավորություն է` մեր կյանքը վերանայելու և մեր ուխտերը վերանորոգելու համար:
Վերջերս ես … հնարավորություն ունեցա հաճախելու հաղորդության ծառայությանը մեր տան տարածքի ծխում: … Մինչ քահանաները նախապատրաստում էին հաղորդությունը, մենք երգում էինք.
Հայր մեր, լսիր աղոթքը մեր,
Այս սուրբ օրը օրհնանք բեր,
Երբ նշխարներն ենք ուտում,
Փրկչի սերն ենք ճաշակում:
[Օրհներգեր, հ. 21]
Քահանան ծնկի իջավ մանրացված հացի առաջ և աղոթեց. «Որ նրանք կարողանան ուտել, ի հիշատակ Որդուդ մարմնի, և վկայեն քեզ, ո՛վ Աստված, Հա՜յր Հավերժական, որ նրանք հոժար են իրենց վրա վերցնել անունը քո Որդու և միշտ հիշել նրան և պահել նրա պատվիրանները»: (ՎևՈւ 20.77:) Սարկավագները բաժանեցին հացը` անցնելով աղոթատնով մեկ: Նրանցից մեկը մոտեցավ մեր շարքին և պահեց արծաթագույն սկուտեղը, մինչ ես ճաշակում էի: Ապա ես պահեցի սկուտեղը, որպեսզի Քույր Հանթերը կարողանար ճաշակել, և նա պահեց այն իր կողքին նստած անձնավորության համար: Այսպիսով սկուտեղն անցավ ողջ շարքով մեկ` մինչ յուրաքանչյուրը ծառայում էր և ծառայում էին իրեն:
Ես խորհեցի իրադարձությունների մասին, որոնք տեղի էին ունեցել մոտավորապես երկու հազար տարի առաջ այն երեկոյան, երբ Հիսուսին դավաճանեցին: … Տիրոջ ընթրիքի հաղորդությունը հաստատվեց [կենդանիների] զոհաբերությանը փոխարինելու և հիշեցում լինելու բոլոր նրանց համար, ովքեր ճաշակում են, որ նա իրոք զոհաբերություն կատարեց նրանց համար և լինելու լրացուցիչ հիշեցում ուխտերի համար, որոնք նրանք կապել են հետևելու Նրան, պահելու Նրա պատվիրանները և հավատարիմ լինելու մինչև վերջ:
Մինչ [ես] մտածում էի այդ մասին, հիշեցի Պողոսի խրատը` Կորնթոսում գտնվող եկեղեցուն ուղղված իր նամակում: Նա ասել է. «Ուրեմն ով որ այս հացն ուտէ՝ կամ Տիրոջ բաժակը խմէ անարժանութեամբ, նա պարտական կլինի Տիրոջ մարմնին եւ արիւնին:
Ուրեմն թող մարդ փորձէ իր անձը, եւ ապա այն հացիցն ուտէ՝ եւ այն բժակիցը խմէ:
Որովհետեւ անարժանութեամբ ուտողը եւ խմողն իր անձի համար դատաստան է ուտում եւ խմում, որ չէ որոշում Տիրոջ մարմինը»: (Ա Կոր. ԺԱ.27–29:)
Ես անհանգստացա: Ես ինձ տվեցի այս հարցը. «Արդյո՞ք ես Աստծուն ամեն բանից վեր եմ դնում և պահում Նրա բոլոր պատվիրանները»: Ապա եկան խորհրդածություններն ու որոշումները: Տիրոջ հետ ուխտ կապելը, որ միշտ պահենք նրա պատվիրանները, լուրջ պարտավորություն է և հաղորդություն ընդունելով` այդ ուխտը վերանորոգելը հավասարաչափ լուրջ է: Հաղորդության սպասավորման ժամանակ լուրջ խորհրդածություններ ունենալը մեծ նշանակություն ունի: Դրանք ինքնաքննման, ինքնադիտողության, ինքնաճանաչման պահեր են, խորհելու և որոշումներ կայացնելու պահեր:
Այդ պահին մյուս քահանան էր ծնկի իջնում սեղանի մոտ, աղոթելով, որ բոլորը, ովքեր կըմպեն, «կարողանան անել այդ, ի հիշատակ Որդուդ արյան, որ հեղվել է իրենց համար, … որ նրանք միշտ հիշում են նրան, որպեսզի նրանք նրա Հոգին իրենց հետ ունենան»: (ՎևՈւ 20.79:)
Բոլորը լուռ մտորում էին. լռությունը խախտում էր միայն փոքր երեխան, ում մայրն անմիջապես գրկում էր նրան: Ցանկացած բան, որ խախտում է լռությունը այս սրբազան արարողության ընթացքում, անտեղի է թվում, սակայն փոքրիկի ձայնը միանշանակ չի զայրացնի Տիրոջը: Նրան նույնպես գրկել է սիրող մայրը մահկանացու կյանքի սկզբում, որը սկսվեց Բեթլեհեմում և ավարտվեց Գողգոթայի խաչի վրա:
Երիտասարդ տղամարդիկ ավարտեցին հաղորդությունը սպասավորելը: Ապա հնչեցին քաջալերող խոսքեր և հրահանգներ, փակման օրհներգը և աղոթքը, և սուրբ պահերը` աշխարհիկ հոգսից ազատ, մոտեցան ավարտին [տես «Սուրբ աղոթք», Hymns, no. 144]: Տուն վերադառնալիս … այս միտքը ծագեց իմ գլխում. Ինչ հրաշալի կլիներ, եթե բոլոր մարդիկ հասկանային մկրտության նպատակը և հոժար լինեին այն ընդունելու, ցանկանային պահել ուխտերը, որոնք կապել են այդ արարողության ժամանակ` ծառայելու Տիրոջը և ապրելու Նրա պատվիրաններով, և, ի լրումն, ցանկանային ճաշակել հաղորդությունից Հանգստության օրը` վերանորոգելու համար Նրան ծառայելու և մինչև վերջ հավատարիմ մնալու այդ ուխտերը: …
Հաղորդության ժողովին մասնակցելը և հաղորդությունն ընդունելը օրն ավելի իմաստալից դարձրեց, և ես զգացի, որ ավելի լավ սկսեցի հասկանալ պատճառը, թե ինչու է Տերն ասել. «Եվ որ դու կարողանաս էլ ավելի անբիծ պահել քեզ աշխարհից, դու պետք է գնաս աղոթքի տուն և քո հաղորդությունները մատուցես իմ սուրբ օրը.
Քանզի, ճշմարիտ, դա է քեզ նշանակված օրը, որ քո աշխատանքներից հանգստանաս և քո տուրքը մատուցես Բարձրյալին»: (ՎևՈւ 59.9-10:)7
Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ
Հարցեր
-
Վերանայեք Նախագահ Հանթերի ուսմունքները, որոնք վերաբերում են հին Իսրայելում Զատիկի տոներին (տես բաժին 1): Ի՞նչ կարող ենք սովորել Զատիկից: Ինչպե՞ս է Զատիկը կապված քրիստոնեական Զատիկի տոնի հետ:
-
Վերանայեք Նախագահ Հանթերի Փրկիչը հաստատում է հաղորդությունը զեկույցը (տես բաժին 2): Ինչո՞ւ է այս իրադարձությունը կարևոր ձեզ համար: Ի՞նչ եղանակներով է հաղորդությունը «ապահովության ուխտ» հանդիսանում մեզ համար:
-
Ի՞նչն է տպավորություն թողել ձեզ վրա հաղորդություն ընդունելու վերաբերյալ Նախագահ Հանթերի պատմության մեջ բաժին 3-ում: Ի՞նչ կարող ենք սովորել այս պատմությունից` հաղորդությունն ավելի իմաստալից դարձնելու համար: Ինչպե՞ս է հաղորդություն ճաշակելը օրհնություն ձեզ համար:
Առնչվող սուրբ գրություններ
Ա Կորնթացիս Ե.7–8, ԺԱ.23–29, 3 Նեփի 18.3–14, 20.8–9, Մորոնի 6.5–6, ՎևՈւ 20.75–79, 27.1–2
Օգնություն ուսուցչին
«Երբ մենք ուսուցանում ենք ավետարանը, մենք պետք է խոնարհաբար ընդունենք, որ Սուրբ Հոգին է ճշմարիտ ուսուցիչը։ Մենք ունենք բացառիկ հնարավորություն ծառայելու որպես գործիքներ, ում միջոցով Սուրբ Հոգին կարող է ուսուցանել, վկայել, մխիթարել և ոգեշնչել» (Ուսուցում, չկա ավելի մեծ կոչում [1999], 41):