Նախագահների ուսմունքները
Գլուխ 2. «Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ»


Գլուխ 2

«Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ»

«Խաղաղությունը կարող է համակել մարդուն միայն անմնացորդ նվիրման դեպքում, նվիրվելով նրան, ով խաղաղության Իշխանն է, ով զորություն ունի խաղաղություն հաստատելու»:

Հովարդ Վ. Հանթերի կյանքից

Տասներկուսի Քվորումից Նախագահ Հովարդ Վ. Հանթերի գործընկերներից մեկը նկարագրել է նրան որպես մի մարդու, ով ունի «արտասովոր համբերություն, որը գալիս է մեծ ներքին խաղաղությունից»:1 Նախագահ Հանթերը հաճախ է խոսել ներքին խաղաղության մասին` ուսուցանելով, որ մարդը կարող է ստանալ այն` միայն առ Աստված դառնալով, վստահելով Նրան, հավատք գործադրելով և ձգտելով կատարել Նրա կամքը: Նման խաղաղությունն օգնել է նրան բազմաթիվ դժվարին ժամանակներում:

1975թ. վերջին բժիշկը ուղեղի վիրահատություն խորհուրդ տվեց Նախագահ Հանթերի կնոջը` Քլեյրին: Նախագահ Հանթերին մտատանջում էր այն հարցը, թե արդյոք վիրահատությունը լավագույն տարբերակ էր հանդիսանում Քլեյրի համար, քանի որ այն կհյուծեր նրա փխրուն մարմինը և միգուցե չէր լավացնելու նրա վիճակը: Նա գնաց տաճար, խորհրդակցեց ընտանիքի անդամների հետ և շուտով զգաց, որ վիրահատությունը լավագույն հույսն էր ներշնչում Քլեյրի վիճակը որոշակիորեն թեթեևացնելու համար: Նկարագրելով վիրահատության օրվա իր զգացումները` նա գրել է.

«Ես նրան ուղեկցեցի մինչև վիրահատարանի դռները, համբուրեցի նրան և նրան ներս տարան: Մինչ ժամանակն անցնում էր, ես սպասում էի և խորհում: … Հանկարծ լարված անհանգստությունը փոխարինվեց խաղաղության զգացումով: Ես հասկացա, որ ճիշտ որոշում էր կայացվել և իմ աղոթքները տեղ էին հասել»:2

1989թ. Նախագահ Հանթերը մեկ այլ փորձառություն ունեցավ, երբ նա խաղաղություն զգաց անախորժ իրավիճակում: Նա Երուսաղեմում էր` Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների Բրիգամ Յանգի Համալսարանի Երուսաղեմի Կենտրոնը նվիրագործելու նպատակով: Մի քանի խմբակցություններ բողոքարկել էին Երուսաղեմում Եկեղեցու առկայության դեմ, և ոմանք էլ սպառնացել էին բռնության դիմել: Նվիրագործման խոսնակներից էր Տասներկուսի Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերը, ով հետագայում պատմել է հետևյալ միջադեպը.

«Մինչ ես խոսում էի, իրարանցում նկատվեց միջանցքի վերջում: Զինվորական համազգեստով մարդիկ էին մտել սենյակ: Նրանք մի երկտող ուղարկեցին Նախագահ Հանթերին: Ես շրջվեցի և հարցրեցի, թե ինչ անել: Նա ասաց. «Մտավախություն կա, որ սենյակում ռումբ կա տեղադրված: Դուք վախենո՞ւմ եք»: Ես ասացի` ոչ: Նա ասաց. «Ոչ էլ ես եմ վախենում. ավարտեք ձեր ելույթը»:3 Նվիրագործման ծառայություններն անցան առանց միջադեպի. ոչ մի ռումբ էլ չկար այնտեղ:

Նման իրավիճակներում Նախագահ Հանթերը վստահում էր խաղաղության մասին Փրկչի տված այս խոստումին, որը նա հաճախ էր մեջբերում. «Խաղաղությիւն եմ թողում ձեզ, իմ խաղաղությիւնն եմ տալիս ձեզ. ոչ թէ ինչպէս աշխարհքն է տալիս` ես տալիս եմ ձեզ. Ձեր սիրտը չխռովի եւ չվախենայ» (Հովհաննես ԺԴ.27):

Քրիստոսը Պետրոսի հետ ջրերի վրա

Մենք պետք է «մեր հայացքն ուղղենք դեպի Հիսուսը» և երբեք «մեր հայացքը չհեռացնենք նրանից, ում մենք պետք է հավատանք»:

Հովարդ Վ. Հանթերի ուսմունքները

1

Հիսուս Քրիստոսն իրական խաղաղության մեր աղբյուրն է:

Քրիստոսի ծննդյան մասին նախապես մարգարեանալով այդ իրադարձությունից ավելի քան 700 տարի առաջ` Եսայիա մարգարեն օգտագործել է մեծ հիացմունք արտահայտող տիտղոսներ: … Տիտղոսներից մեկը, որը մեր արդի աշխարհում մասնավորապես հետաքրքրական է, «Խաղաղության Իշխանն» է (Թ.6): «Իշխանութիւնը շատացնելուն եւ խաղաղութեանը վերջ չկայ»,- հայտարարել է Եսայիան (հ.7): Ինչպիսի հուզումնալից հույս պատերազմներից հոգնած և մեղքերով ծանրաբեռնված աշխարհի համար:4

Խաղաղությունը, որը փափագում է աշխարհը, պատերազմների դադարեցման ժամանակաշրջան է. սակայն մարդիկ չեն գիտակցում, որ խաղաղությունը գոյության մի վիճակ է, որը մարդուն տրվում է միայն Աստծո կողմից սահմանված ժամկետներով և պայմաններով, և ոչ մի այլ ճանապարհով:

Եսայիայի գրքի սաղմոսներում են գտնվում հետևյալ խոսքերը. «Հաստատ միտքը պահում ես խաղաղ խաղաղութիւնով, որովհետեւ քեզ է յուսացած»: (Ես. ԻԶ.3:) Եսայիայի կողմից նշված այս կատարյալ խաղաղությունը տրվում է մարդուն միայն առ Աստված հավատքի միջոցով: Սա անհասկանալի է անհավատ աշխարհի համար:

Իր կյանքի վերջին իրադարձությունների ժամանակ, երբ Հիսուսն ընթրիք ունեցավ Տասներկուսի հետ, նա լվաց նրանց ոտքերը, հացը կտրեց նրանց համար և փոխանցեց նրանց բաժակը. ապա, երբ Հուդան հեռացավ նրանցից, Վարդապետը որոշ ժամանակ խոսեց նրանց հետ: Այլ բաների շարքում, նա ասաց իր վերահաս մահվան և ժառանգության մասին, որը թողնելու էր նրանցից յուրաքանչյուրին: Նա չէր կուտակել իրեր, կալվածքներ կամ հարստություն: Գրություններում չի խոսվում ոչ մի ուրիշ ունեցվածքի մասին, բացի նրա կրած հագուստներից, և հաջորդ օրը` խաչելությունից հետո սա բաժանվելու էր զինվորների կողմից, ովքեր վիճակ էին գցելու նրա հանդերձների համար: Իր աշակերտներին տված նրա ժառանգությունն ամփոփվում էր այս հասարակ, սակայն խորիմաստ բառերում. «Խաղաղությիւն եմ թողում ձեզ, իմ խաղաղությիւնն եմ տալիս ձեզ. ոչ թէ ինչպէս աշխարհքն է տալիս` ես տալիս եմ ձեզ. Ձեր սիրտը չխռովի և չվախենայ»: (Հովհաննես ԺԴ.27:)

Նա օգտագործեց ողջույնի և օրհնության հրեական ձևը. «Իմ խաղաղությիւնն եմ տալիս ձեզ»: Այս ողջույնը և օրհնությունը նրանց կողմից չպետք է ընդունվեր սովորական ձևով, քանի որ նա ասաց. «ոչ թէ ինչպէս աշխարհքն է տալիս` ես տալիս եմ ձեզ»: Դրանք դատարկ ցանկություններ չէին, ոչ էլ պարզապես քաղաքավարի արարողություն, ինչպես աշխարհիկ մարդիկ են օգտագործում բառերն ըստ ընդունված կարգի, այլ որպես խաղաղության հեղինակ և Իշխան, նա տվեց այն նրանց: Նա պարգևեց դա նրանց և ասաց. «Ձեր սիրտը չխռովի և չվախենայ»: Մի քանի ժամ անց նրանք փորձության էին ենթարկվելու, սակայն նրա խաղաղությունն ունենալով, նրանք կկարողանային հաղթահարել վախը և ամուր կանգնել:

Այդ հիշարժան երեկոյի ժամանակ նրանց ուղղված նրա վերջին նախադասությունը եղավ հետևյալը. «… աշխարհքումը նեղութիւն կունենաք. բայց քաջացէք, ես յաղթել եմ աշխարհքին»: (Հովհաննես ԺԶ.33:)5

2

Մենք խաղաղություն ենք ձեռք բերում, երբ ապրում ենք ավետարանի սկզբունքներով:

Տիեզերքում կա միայն մեկ առաջնորդող ձեռք, միայն մեկ իրական հուսալի լույս, մեկ անսպառ փարոս աշխարհի համար: Այդ լույսը Հիսուս Քրիստոսն է, աշխարհի լույսը և կյանքը, լույսը, որը Մորմոնի Գրքի մարգարեն նկարագրել է որպես «լույս, որն անվերջ է, որը երբեք չի կարող խավարեցվել»: (Մոսիա 16.9:)

Երբ մենք փնտրում ենք ապահովության և խաղաղության ափը, լինենք մենք անհատ կանայք կամ տղամարդիկ, համայնքներ կամ ազգեր, Քրիստոսը միակ փարոսն է, ում մենք կարող ենք վերջ ի վերջո ապավինել: Նա իր առաքելության մասին ասել է․ «Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը»։ (Հովհաննես ԺԴ.6:) …

Խորհեք, օրինակ, իր հետևորդներին տված Քրիստոսի այս հրահանգի մասին: Նա ասաց. «Սիրեցէք ձեր թշնամիներին, օրհնեցէք ձեզ անիծողներին. բարի արէք ձեզ ատողներին. եւ աղօթք արէք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար»: (Մատթ. Ե.44:)

Խորհեք, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ զուտ այս մեկ հորդորը ձեր և իմ հարևանների շրջանում, համայնքներում, որտեղ ապրում եք դուք և ձեր երեխաները, ազգերի մեջ, որոնք կազմում են մեր մեծ համընդհանուր ընտանիքը: Ես հասկանում եմ, որ այս վարդապետությունը մեծ մարտահրավեր է ներկայացնում, բայց, անշուշտ դա ավելի հաճելի մարտահրավեր է, քան սարսափելի խնդիրները, որոնք պատերազմի և աղքատության և ցավի արդյունք են, որոնց հետ աշխարհը շարունակում է բախվել:6

Երբ մենք փորձում ենք օգնել նրանց, ովքեր նեղացրել են մեզ, երբ մենք աղոթում ենք նրանց համար, ովքեր անարդարացի են վարվել մեզ հետ, մենք կարող ենք գեղեցիկ կյանքով ապրել: Մենք կարող ենք խաղաղություն ունենալ, երբ միավորվում ենք Հոգու և միմյանց հետ, մինչ ծառայում ենք Տիրոջը և պահում ենք նրա պատվիրանները:7

Աշխարհը, որում մենք ապրում ենք, լինի այն տանը մոտ կամ հեռու, ունի Հիսուս Քրիստոսի ավետարանի կարիքը: Այն պատրաստում է միակ ուղին, որով աշխարհը երբևէ խաղաղություն կգտնի: … Մենք կարիք ունենք ավելի խաղաղ աշխարհի, ավելի խաղաղ ընտանիքներում և շրջապատում և համայնքներում մեծանալու կարիքն ունենք: Նման խաղաղություն ապահովելու և այն մեծացնելու համար «մենք պետք է սիրենք ուրիշներին, նույնիսկ մեր թշնամիներին պետք է սիրենք այնպես, ինչպես մեր ընկերներին» [Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 420]: … Մենք պետք է բարեկամության ձեռք մեկնենք: Մենք պետք է լինենք ավելի բարի, ավելի մեղմ, ավելի ներողամիտ և ավելի ուշ բարկացող:8

Աստված հիմնականում գործում է համոզելով և համբերությամբ և երկայնամտությամբ, ոչ թե պարտադրմամբ և բացարձակ առճակատմամբ: Նա գործում է մեղմ խնդրանքով և քաղցր թովչանքով:9

Խաղաղության խոստում չեն ստանում նրանք, ովքեր մերժում են Աստծուն, ովքեր չեն պահում նրա պատվիրանները, կամ նրանք, ովքեր խախտում են նրա օրենքները: Եսայիա մարգարեն խոսել է ղեկավարների անկման և ապականության մասին և ապա, շարունակելով իր նախազգուշացումները, ասել է. «Բայց ամբարիշտները ալեծուփ ծովի նման են, որ չէ կարող հանդարտել, եւ նորա ջուրերը տիղմ ու ցեխ են դուրս տալիս: Խաղաղութւին չկայ, ասում է իմ Աստուածը, ամբարիշտների համար»: (Ես. ԾԷ.20–21:) …

… Փրկչի հանդեպ անտարբերությունը կամ Աստծո պատվիրաններում թերանալը հանգեցնում են անապահով մի վիճակի, ներքին խառնաշփոթի և հակառակության: Սրանք խաղաղությանը հակառակ բաներ են: Խաղաղությունը կարող է համակել մարդուն միայն անմնացորդ նվիրման դեպքում, նվիրվելով նրան, ով խաղաղության Իշխանն է, ով զորություն ունի խաղաղություն հաստատելու»:10

Աշխարհի խնդիրները, որոնք հաճախ արտահայտվում են աղաղակող խորագրերում, պետք է հիշեցնեն մեզ, որ փնտրենք խաղաղություն, որն առաջ է գալիս Քրիստոսի ավետարանի պարզ սկզբունքներով ապրելու արդյունքում: Այդ աղմկոտ փոքրամասնությունները չեն խանգարի մեր հոգու խաղաղությանը, եթե մենք սիրենք մեր մերձավորներին և հավատանք Փրկչի քավող զոհաբերությանը և համոզված լինենք, որ նա մեզ կտա հավերժական կյանք: Որտե՞ղ մենք կարող ենք գտնել նման հավատք այս անհանգիստ աշխարհում: Տերն ասել է. «Խնդրեցէք` եւ կտրուի ձեզ, որոնեցէք եւ կգտնէք, դուռը թակեցէք եւ կբացուի ձեզ: Որովհետեւ ամեն ով որ խնդրում է` առնում է. եւ ով ով որոնում է` գտնում է, եւ ով որ դուռը թակում է` բացվում է նորան: (Ղուկաս ԺԱ.9–10:)11

Թվում է, որ երկու հավերժական ճշմարտություններ պետք է ընդունվեն բոլորի կողմից, եթե մենք ցանկանում ենք խաղաղություն գտնել այս աշխարհում և հավերժական կյանք` գալիք աշխարհում: (1) Հիսուսը Քրիստոսն է, մեր Երկնային Հոր հավերժական որդին, ով աշխարհ եկավ մարդկությանը մեղքից և մահից փրկելու գլխավոր նպատակով, և նա ապրում է, որ մեզ հետ բերի դեպի Հոր ներկայությունը: (2) Ջոզեֆ Սմիթը, ով նրա մարգարեն էր` բարձրացված այս վերջին օրերում, վերականգնելու էր այն ճշմարտությունը, որը կորել էր մարդկության համար օրինազանցության պատճառով: Եթե բոլոր մարդիկ ընդունեն և ապրեն այս երկու հրաշալի ճշմարտություններով, խաղաղություն կտիրի աշխարհին:12

Եթե դուք ինքներդ դիմակայեք … գայթակղություններին և որոշեք ամեն օր ջանասիրաբար աշխատել` ապրելու Բերքահավաքի Օրենքի համաձայն` մաքուր, բարոյական մտքերով և վարքով, արդար ու ազնիվ հարաբերություններով, ազնվորեն և խղճմտանքով կատարելով ձեր ուսումնասիրությունները, ծոմապահությամբ, աղոթքով և երկրպագությամբ, դուք կհնձեք ազատության պտուղները և ներքին խաղաղությունն ու բարգավաճումը:13

Անշահախնդիր ծառայությամբ լեցուն կյանքը նաև լցված կլինի խաղաղությամբ, որը վեր է ամեն հասկացողությունից: … Այս խաղաղությունը կարող ենք ձեռք բերել միայն այն ժամանակ, երբ ապրում ենք ավետարանի սկզբունքներով: Այս սկզբունքներից է կազմված Խաղաղության Իշխանի ծրագիրը:14

Մեր աշխարհում շատ բաներ են նախատեսված հազար ու մի տեսակ մեղքերի և գայթակղությունների միջոցով անձնական խաղաղությունը կործանելու համար: Մենք աղոթում ենք, որ սրբերը կարողանան ապրել իրենց կյանքը` համաձայն Հիսուս Նազովրեցու` մեզ թողած օրինակի:

Մենք աղոթում ենք, որ Սատանայի ջանքերը խափանվեն, որ անձնական կյանքերը կարողանան խաղաղ ու հանգիստ լինել, որ ընտանիքները կարողանան մոտ լինել և մտահոգված ամեն անդամի համար, որ ծխերը և ցցերը, ճյուղերն ու շրջանները կազմեն Քրիստոսի մեծ մարմինը` աջակցելով ամեն կարիքի դեպքում, հանգստացնելով ամեն ցավ, բուժելով ամեն վերք, մինչև որ ողջ աշխարհը, ինչպես Նեփին էր խնդրում, «առաջ [մղվի] Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ` ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր` Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ: …

Իմ սիրելի եղբայրներ»,- շարունակել է Նեփին,- «սա է ճանապարհը. և չկա ոչ մի այլ ճանապարհ»: (2 Նեփի 31.20–21:)15

Քրիստոսի ոտքերն օծող կինը

«Անշահախնդիր ծառայությամբ լեցուն կյանքը նաև լցված կլինի խաղաղությամբ, որը վեր է ամեն հասկացողությունից»:

3

Փրկիչը կարող է օգնել մեզ գտնելու խաղաղություն` անկախ մեր շուրջը տիրող խառնաշփոթից:

Հիսուսը զերծ չէր վշտից ու ցավից, տառապանքից ու հարվածներից: Լեզուն ի զորու չէ նկարագրելու այն անսահման բեռը, որը նա կրեց, ոչ էլ մենք իմաստություն ունենք հասկանալու Եսայիա մարգարեի նկարագիրը նրա վերաբերյալ, որպես «ցաւի տեղեակ»: (Ես. ԾԳ.3:) Նրա նավը տարուբերվում էր ջրերի վրա իր կյանքի մեծ մասի ընթացքում, և, առնվազն սա է մարդկանց կարծիքը, որ այն ի վերջո կործանիչ հարված ստացավ Գողգոթայի ժայռոտ ափին: Մեզանից պահանջվում է, որ մենք մահկանացու աչքերով չնայենք կյանքին. հոգևոր տեսլականով մենք գիտենք, որ խաչի վրա տեղի էր ունենում ինչ-որ մի այլ բան:

Խաղաղությունը Փրկչի շուրթերի վրա և սրտի մեջ էր, անկախ այն ամենից, թե ինչ կատաղի փոթորիկ էր մոլեգնում: Թող որ մենք էլ լինենք այդպիսին` մեր իսկ սրտում, մեր իսկ տանը, աշխարհի մեր ազգերում և նույնիսկ ժամանակ առ ժամանակ Եկեղեցուն հասցված հարվածների ժամանակ: Մենք չպետք է ակնկալենք, որ կյանքը պիտի անցնի առանց անհատական կամ խմբակային որոշ հակասությունների:16

Մարդը կարող է ապրել գեղեցիկ ու խաղաղ միջավայրում, սակայն, ներքին ընդվզումների և տարաձայնությունների պատճառով գտնվի մշտական խառնաշփոթի մեջ: Մյուս կողմից, մարդը կարող է գտնվել լիակատար ոչնչացման և արյունահեղ պատերազմի մեջ, սակայն ունենա անասելի խաղաղության անդորրը: Եթե մենք նայենք մարդկանց և աշխարհի ուղիներին, մենք կգտնենք խառնաշփոթություն և իրարանցում: Սակայն, եթե մենք դառնանք դեպի Աստված, մեր անհանգիստ հոգին խաղաղություն կգտնի: Սա պարզ արտահայտվում է Փրկչի խոսքերում. «աշխարհքումը նեղութիւն կունենաք» (Հովհաննես ԺԶ.33). և Տասներկուսին և ողջ մարդկությանը թողած իր կտակում նա ասել է. «Խաղաղութիւն եմ թողում ձեզ, իմ խաղաղությիւնն եմ տալիս ձեզ. ոչ թէ ինչպէս աշխարհքն է տալիս …»: (Հովհաննես ԺԴ.27:)

Մենք կարող ենք այժմ գտնել այս խաղաղությունը հակասությունների աշխարհում, եթե մենք միայն ընդունենք այս մեծ պարգևը և նրա հետևյալ հրավերը. «Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնավորուածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ:

Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեր անձերի համար հանգստութիւն կ’գտնէք»։ (Մատթ. ԺԱ.28-29:)

Այս խաղաղությունը պաշտպանում է մեզ աշխարհիկ աղմուկից: Իմացությունը, որ Աստված ապրում է, որ մենք նրա զավակներն ենք և որ նա սիրում է մեզ, հանգստություն է բերում անհանգիստ սրտին: Հարցի պատասխանը գտնվում է առ Աստված և նրա Որդի Հիսուս Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատքի մեջ: Սա խաղաղություն կբերի մեզ այժմ և հավերժության մեջ, որը կհետևի այս կյանքին:17

Շփոթմունքի և շտապողականության, նյութական առաջընթացի այս աշխարհում մենք պետք է վերադառնանք Քրիստոսի պարզությանը: … Մենք պետք է ուսումնասիրենք Վարդապետի ուսուցանած ճշմարտությունների պարզ հիմունքները և զերծ մնանք հակասություններից: Մեր հավատքն առ Աստված պետք է իրական լինի և ոչ թե շահադիտական: Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը կարող է զարգացնող և վերափոխող ազդեցություն ունենալ, և այն իսկապես ընդունելը մեզ տալիս է իմաստալից, հոգևոր փորձառություն: Մորմոնական կրոնի ուժեղ կողմերից մեկը համոզմունքների այս կիրառումն է ամենօրյա մտածելակերպում և վարքում: Սա փոխարինում է խառնաշփոթը և իրարանցումը խաղաղությամբ և հանդարտությամբ:18

4

Մեր հայացքը Հիսուսի վրա սևեռելով` մենք կարող ենք հաղթանակ ձեռք բերել այն տարրերի վրա, որոնք կործանում են խաղաղությունը:

Եկեք վերհիշենք հրաշալի պատմություններից մեկը, երբ Քրիստոսը հաղթեց մի բանի, ինչը կարծես ստուգում և փորձում է մեզ, և վախ է ներշնչում մեր սրտին: Երբ Քրիստոսի աշակերտները դուրս էին եկել Գալիլեայի ծովում իրենց հերթական ճամփորդության, մութ գիշեր էր, և բնությունն իր տարերքի մեջ էր: Ալիքներն ալեկոծվում էին, և քամին ուժգնանում էր, և այս մահկանացու, թուլակազմ մարդկանց պատել էր վախը: Ցավոք, նրանց հետ չկար մեկը, ով կհանգստացներ և կփրկեր նրանց, քանի որ Հիսուսը մենակ մնացել էր ափում:

Ինչպես միշտ, նա հսկում էր նրանց: Նա սիրում էր նրանց և մտահոգվում էր նրանց համար: Իրենց ամենադժվար պահին նրանք նայեցին և մթության մեջ տեսան մի անձնավորության, որի հագուստները տարուբերվում էին քամուց, ով քայլում էր իրենց ուղղությամբ ծովի ալիքների վրայով: Այդ պատկերից վախեցած` նրանք սկսեցին աղաղակել, մտածելով, որ դա ուրվական էր, որը քայլում էր ալիքների վրայով: Եվ փոթորկի ու մթության մեջ նրանց համար, ինչպես և հաճախ մեզ համար, երբ պատված ենք լինում կյանքի խավարով, օվկիանոսն այնքան մեծ և նավակներն այնքան փոքր են թվում, և նրանք լսեցին խաղաղության կատարյալ և հուսադրող մի ձայն, որն այս պարզ հայտարարությունն արեց. «Ես եմ` մի վախենաք»: Պետրոսը բացականչեց. «Տէր, եթէ դու ես, հրամայիր ինձ, որ ջրերի վերայով քեզ մօտ գամ»: Եվ Քրիստոսը նրան տվեց այն նույն պատասխանը, որը տալիս է մեզ բոլորիս. «Եկ»:

Պետրոսը նավի տախտակամածից ցատկեց անհանգիստ ալիքների մեջ, և մինչ նրա հայացքը սևեռված էր Տիրոջ վրա, քամին կարող էր խառնել նրա մազերը և ջուրը կարող էր մի փոքր թրջել նրա հանդերձները, սակայն ամեն ինչ լավ էր: Միայն այն ժամանակ, երբ տատանվող հավատքով նա իր հայացքը հեռացրեց Վարդապետից` նայելու կատաղի ալիքներին և իր ոտքերի տակ գտնվող սև անդունդին, միայն այդ ժամանակ նա սկսեց ընկղմվել: Կրկին, ինչպես մեզանից շատերը, նա աղաղակեց. «Տէր, փրկիր ինձ»: Ոչ էլ Հիսուսն էր լքել նրան: Նա մեկնեց իր ձեռքը և բռնեց խեղդվող աշակերտին` մեղմորեն հանդիմանելով նրան. «Թերահաւատ, ի՞նչու երկմտեցիր»:

Ապա, ապահով մտնելով իրենց փոքրիկ նավակը, նրանք տեսան, թե ինչպես քամին խաղաղվեց, և ալիքների ալեկոծությունը փոխարինվեց մեղմ ծփանքով: Շուտով նրանք հասան իրենց համար ապահով մի վայր` իրենց անվտանգ նավահանգստին, որտեղ բոլորն էլ հույս ունեն, որ մի օր կհասնեն: Նավում գտնվողները, ինչպես նաև աշակերտները, լցված էին խորը զարմանքով: Նրանցից մեկը դիմեց նրան մի տիտղոսով, որի մասին ես հայտարարում եմ այսօր. «Ճշմարիտ` դու Աստուծոյ Որդին ես»: (Farrar, The Life of Christ, pp. 310–13; տես Մատթ. ԺԴ.22–33:)

Ես խորապես համոզված եմ, որ եթե որպես անհատներ, որպես ընտանիքներ, համայնքներ և ազգեր, մենք կարողանանք Պետրոսի նման սևեռել մեր հայացքները Հիսուսի վրա, մենք նույնպես կկարողանանք հաղթանակած քայլել «անհավատության մեծացող ալիքների» վրա և մնալ «անվախ` կասկածի բարձրացող ալիքների մեջ»: Բայց, եթե մենք հեռացնում ենք մեր հայացքը նրանից, ում մենք պետք է հավատանք, քանի որ դա շատ հեշտ է անել, և աշխարհը մեծապես գայթակղվում է անելու դա, եթե մենք նայում ենք մեր շուրջը գտնվող սարսափելի և կործանարար տարրերի զորությանը և ցասմանը, նրան նայելու փոխարեն, ով կարող է օգնել և փրկել մեզ, ապա մենք անխուսափելիորեն կընկղմվենք տարաձայնությունների, վշտի և հուսահատության ծովում:

Նման պահերին, երբ մենք զգում ենք, որ ջրհեղեղները փորձում են խեղդել մեզ և ջրի հորձանքները պատրաստվում են կուլ տալ մեր հավատքի հողմակոծ նավակը, ես աղոթում եմ, որ մենք կարողանանք փոթորիկների և խավարի մեջ միշտ լսել աշխարհի Փրկչի այդ քաղցր խոսքերը. «Քաջ եղէք, ես եմ` մի վախենաք»: (Մատթ. ԺԴ.27:)19

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Նախագահ Հանթերն ուսուցանում է, որ Հիսուս Քրիստոսն իրական խաղաղության մեր աղբյուրն է (տես բաժին 1): Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, որոնք օգնել են ձեզ իմանալ այս ճշմարտության մասին: Ինչպե՞ս մենք կարող ենք ստանալ խաղաղությունը, որն առաջարկում է Հիսուսը:

  • Ինչպե՞ս է ուրիշներին օգնելը մեզ խաղաղություն բերում: (Sես բաժին 2:) Ինչպե՞ս է ավետարանով ապրելն օգնում մեզ խաղաղություն ունենալ: Ինչո՞ւ է Փրկչին «անվերապահորեն նվիրվելը» կարևոր, որպեսզի մենք խաղաղություն ունենանք:

  • Վերանայեք Նախագահ Հանթերի ուսմունքները բաժին 3-ում: Ինչպե՞ս եք դուք զգացել ձեր հոգսերից ձեզ ազատելու Փրկչի խոստման իրականացումը, երբ դուք եկել եք Նրա մոտ:

  • Անդրադարձեք Նախագահ Հանթերի` Պետրոսը քայլում է ջրերի վրա պատմությանը (տես բաժին 4): Ի՞նչ կարող ենք սովորել այս պատմությունից այն մասին, թե ինչպես գտնել խաղաղություն դժվար ժամանակներում: Ինչպե՞ս է Փրկիչն օգնել ձեզ «քաջ լինել» և «չվախենալ» դժվար ժամանակներում:

Առնչվող սուրբ գրություններ

Սաղմոս ԽԶ.10, ՁԵ.8, Եսայիա ԼԲ.17, Մարկոս Դ.36–40, Հռովմայեցիս Ը.6, Գաղատացիս Ե.22–23, Փիլիպպեցիս Դ.9, Մոսիա 4.3, ՎևՈւ 19.23, 59.23, 88.125

Օգնություն ուսուցչին

Դասարանի անդամներին հրավիրեք ընտրել գլխի բաժիններից մեկը, որը նրանք կցանկանային քննարկել, և կազմել խումբ նրանց հետ, ովքեր ընտրել են նույն բաժինը: Յուրաքանչյուր խմբին հորդորեք գլխի վերջում գտնվող հարցերից քննարկել իրենց թեմային վերաբերող հարցը:

Հղումներ

  1. In Eleanor Knowles, Howard W. Hunter (1994), 185.

  2. In Knowles, Howard W. Hunter, 266.

  3. Boyd K. Packer, “President Howard W. Hunter—He Endured to the End,” Ensign, Apr. 1995, 29.

  4. “The Gifts of Christmas,” Ensign, Dec. 2002, 16.

  5. In Conference Report, Oct. 1966, 15-16.

  6. “The Beacon in the Harbor of Peace,” Ensign, Nov. 1992, 18.

  7. The Teachings of Howard W. Hunter, ed. Clyde J. Williams (1997), 40.

  8. “A More Excellent Way,” Ensign, May 1992, 61, 63.

  9. “The Golden Thread of Choice,” Ensign, Nov. 1989, 18.

  10. In Conference Report, Oct. 1966, 16.

  11. In Conference Report, Oct. 1969, 113.

  12. The Teachings of Howard W. Hunter, 172–73.

  13. The Teachings of Howard W. Hunter, 73-74.

  14. “The Gifts of Christmas,” 19.

  15. In Conference Report, Apr. 1976, 157.

  16. “Master, the Tempest Is Raging,” Ensign, Nov. 1984, 35.

  17. In Conference Report, Oct. 1966, 16-17.

  18. In Conference Report, Oct. 1970, 131-32.

  19. “The Beacon in the Harbor of Peace,” 19.