Նախագահների ուսմունքները
Աստծո թագավորությունը առաջ է շարժվում


Գլուխ 20

Աստծո թագավորությունը առաջ է շարժվում

«Նրանք, ովքեր հայտարարում են, որ զբաղված են [Աստծո] աշխատանքով , նրանց գործն է առաջ շարժվել: … Քանի դեռ մնում է մեկ քայլ առաջ գնալու, այդ քայլը պետք է արվի»:

Լորենզո Սնոուի կյանքից

1844 թվականին, երբ Լորենզո Սնոուն մի հանձնարարություն էր կատարում Միացյալ Նահանգների արևելյան մասում, նա տեղեկացավ, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը և նրա եղբայր Հայրումը նահատակվել էին: Նա ասաց. «Այս տխուր իրադարձության լուրը, իհարկե, եշատ անսպասելի էր ինձ համար և խոցեց խորն ապշանքով և վշտով, որը ոչ մի լեզու չի կարող նկարագրել»: Հնազանդվելով Տասներկու Առաքյալների Քվորումի հրահանգներին, նա նախապատրաստություններ տեսավ վերադառնալու իր տուն՝ Նավու, Իլինոյս:1

Նա հետագայում վերհիշում է. «Ոմանք մտածում էին Ջոզեֆի օրերում, որ այս Եկեղեցին չէր կարող բարգավաճել առանց դրա ճակատագրի Ջոզեֆի ղեկավարության և երբ եկավ ժամանակը, երբ նա պետք է հեռանար այս աշխարհից, որպես նահատակ դեպի հոգևոր աշխարհ, Սրբերն Աստծո ողջ թագավորությունում մեծ ցնցում ապրեցին: Դա անսպասելի մի բան էր: Նրանք գրեթե չգիտեին, թե ինչպես էին գործերն առաջ գնալու այդ ժամանակ: [Եկեղեցու ղեկավարության] պարտականությունն այդ ժամանակ դրվեց Տասներկու Առաքյալների Քվորումի վրա և Աստծո օրհնություններով նրանց վրա և ոգեշնրչման ոգով, որը բնակվում էր նրանց սրտերում և Ամենազորի առաջնորդությամբ, թագավորությունն առաջ գնաց»:2

Եկեղեցու երկրորդ Նախագահ Բրիգամ Յանգը մահացավ 1877 թվականին, Եկեղեցին 33 տարի ղեկավարելուց հետո: Երեց Լորենզո Սնոուն, որն այդ ժամանակ Տասներկուսի Քվորումի անդամ էր, մեկ անգամ ևս ականատես եղավ Եկեղեցու երկրային ղեկավարության փոփոխությանը: Նա հետագայում ասաց, որ Նախագահ Յանգը «գրեթե անսպասելիորեն հեռացավ կյանքից: Սրբերն այնքան էլ պատրաստ չէին դրան: Եվ այնուամենայնիվ, Աստծո թագավորությունն առաջ շարժվեց»:3

Երբ Ջոն Թեյլորը՝ Եկեղեցու երրորդ Նախագահը, մահացավ 1887 թվականին, Երեց Սնոուն կրկին հավաստիացրեց Սրբերին. «Տերը հարմար է տեսել այժմ կանչել մեր սիրելի եղբայր ՝ Նախագահ Թեյլորին տառապանքի, այս նահատակության տեսարաններից հեռու, և Եկեղեցին, այնուամենայնիվ, առաջ է շարժվում»:4

1898 թվականին՝ մոտ 11 տարի անց, Նախագահ Թեյլորի թաղմանը Սրբերին հավաստիացնելուց հետո, Լորենզո Սնոուն կրկին հայտնվեց այդպիսի հավաստաիացման անհրաժեշտության առաջ: Այդ ժամանակ նա ծառայում էր որպես Տասներկուսի Քվորումի Նախագահ: Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը ծառայում էր որպես Եկեղեցու Նախագահ և նրա ֆիզիկական առողջությունը գնալով վատթարանում էր: Նախագահ Սնոուն գիտեր, որ համաձայն հաջորդման հաստատված կարգի, եթե նա Նախագահ Վուդրուֆից ավելի շատ ապրեր, պետք է ինքը նախագահեր Եկեղեցու վրա: Մի երեկո նա առանձնապես ճնշված զգաց այդ հնարավորությունից: Համարելով իրեն ոչ համապատասխան ստանձնելու Եկեղեցու Նախագահի պաշտոնը, նա մենակ գնաց Սոլթ Լեյքի Տաճար՝ աղոթելու: Նա խնդրեց Աստծուն խնայել Նախագահ Վուդրուֆի կյանքը, բայց նաև խոստացավ, որ կկատարեր ամեն պարտականություն, որ Աստված կպահանջեր իրենից:

Նախագահ Վուդրուֆը մահացավ 1898 թվականի սեպտեմբերի 2- ին, տաճարում Նախագահ Սնոուի ջերմեռանդ աղոթքից ոչ շատ անց: Նախագահ Սնոուն Բրիգամ քաղաքում էր, մոտ 60 մղոն (100կիլոմետր) Սոլթ Լեյք Սիթիից՝ դեպի հյուսիս, երբ նա ստացավ նորությունը: Նա պատրաստվեց գնացքով ճանապարհորդել դեպի Սոլթ Լեյք Սիթի, նույն երեկոյան: Իր ժամանելուն պես, նա կրկին գնաց տաճարի մի առանձին սենյակ՝ աղոթելու: Նա ընդունում էր անհամապատասխանության իր զգացումները, բայց պատրաստակամություն արտահայտեց կատարել Տիրոջ կամքը: Նա առաջնորդություն խնդրեց և սպասեց պատասխանի, բայց ոչ մի պատասխան չստացավ: Այսպիսով, նա հեռացավ սենյակից:

Մտնելով մի երկար նախասենյակ, նա ստացավ պատասխան— և հավաստիացում—, որոնք փնտրում էր: Նրա առջև կանգնած էր հարություն առած Փրկիչը, որն ասաց նրան, թե ինչ պիտի աներ: Նախագահ Սնոուն հետագայում պատմեց իր թոռնուհուն՝ Ալիս Փոնդին այս փորձառության մասին: Ալիսը գրի է առել այն զրույցը, որը նա ունեցել էր իր պապի հետ, Սոլթ Լեյքի Տաճարում:

«Մեծ միջանցքում, որը տանում էր դեպի սելեստիալ սենյակ, ես քայլում էի պապիկից մի քանի քայլ առաջ, երբ նա կանգ առավ և ասաց. «Մի րոպե սպասիր, Ալլի, ես ուզում եմ մի բան պատմել քեզ: Սա հենց այն տեղն է, որտեղ Տեր Հիսուս Քրիստոսը հայտնվեց ինձ Նախագահ Վուդրուֆի մահվան ժամանակ: Նա պատվիրեց ինձ անմիջապես գնալ և միանգամից ընդունել Եկեղեցու Առաջին Նախագահությունը և ոչ թե սպասել, ինչպես արվել էր նախորդ նախագահների մահվան ժամանակ, և որ ես պետք է հաջորդեի Նախագահ Վուդրուֆին»:

Հետո պապիկը մի քայլ էլ մոտեցավ և, իր ձախ ձեռքը պարզելով, ասաց. «Նա կանգնած էր հենց այստեղ, հատակից մոտ երեք ոտնաչափ բարձրությամբ: Կարծես Նա կանգնած էր մաքուր ոսկե տախտակի վրա:

Պապիկը պատմեց ինձ, թե ինչ փառահեղ անձնավորություն է Փրկիչը և նկարագրեց Նրա ձեռքերը, ոտքերը, դեմքի արտահայտությունը և գեղեցիկ ճերմակ թիկնոց ը, որից այնպիսի փառավոր ճերմակության և պայծառության լույս էր ճառագում , որ նա հազիվ էր կարողանում նայել Նրան:

Այնուհետև [պապիկը] մեկ քայլ էլ մոտեցավ և դրեց իր աջ ձեռքը իմ գլխին ու ասաց. «Ուրեմն, թոռնիկս, ես կամենում եմ, որ դու հիշես, որ սա քո պապիկի վկայությունն է, որը նա պատմել է քեզ իր սեփական շուրթերով, որ նա իսկապես տեսել է Փրկչին, այստեղ Տաճարում, և խոսել է նրա հետ դեմ առ դեմ»:5

Նախագահ Սնոուի հանդիպումը Փրկչի հետ մի սրբազան հաստատում էր այն ճշմարտության, որը նա գիտեր շատ տարիներ, որ Հիսուս Քրիստոսը Եկեղեցու գլուխն է: Այս ճշմարտությունից ոգեշնչված, նախագահ Սնոուն հաճախ էր վկայում, որ չնայած ընդդիմությանը, Եկեղեցին կշարունակի իր առաջընթացը: Նա արտահայտեց իր երախտագիտությունը այն արտոնության համար, որ հանդիսանում էր մասնակից Տիրոջ վերջին օրերի աշխատանքի այդ առաջ ընթացող շարժմանը: 1898 թվականի գերագույն համաժողովում, որում նա հաստատվեց որպես Եկեղեցու Նախագահ, նա ասաց. «Եկեք որոշենք մեր սրտերում, եկեք մեր ներսում վկայենք Տիրոջը, որ մենք ավելի լավ մարդիկ կլինենք, ավելի միավորված ժողովուրդ, մեր հաջորդ համաժողովում, քան մենք այսօր ենք: Սա պետք է լինի յուրաքանչյուր տղամարդու և կնոջ զգացումը և վճռականությունը, ովքեր ներկա են այս հանդիասավոր հավաքույթում: Ես իմ սրտում զգում եմ, որ կփորձեմ լինել ավելի նվիրված, քան եղել եմ անցյալում, ի օգուտ Աստծո թագավորության և Նրա նպատակների իրագործման»6 [տես առաջարկ 1, էջ 285]:

Լորենզո Սնոուի ուսմունքները

Ի իրագործումն մարգարեության՝ Տերը վերականգնել է Իր Եկեղեցին երկրի վրա:

Որպես Աստծո ծառա, ես վկայություն եմ բերում Նրա կամքի հայտնության մասին տասնիններոդ դարում: Այն եկավ Իր սեփական ձայնով երկնքից, Իր Որդու անձնական հայտնությամբ և սուրբ հրեշտակների սպասավորմամբ: Նա պատվիրում է բոլոր մարդկանց ամենուրեք ապաշխարել, դառնալ իրենց չար ուղիներից և անարդար ցանկություններից, մկրտվել իրենց մեղքերի թողության համար, որպեսզի նրանք կարողանան ստանալ Սուրբ Հոգին և գան միավորման Նրա հետ: Նա սկսել է փրկագնման աշխատանքը, որը սկսվել է բոլոր սուրբ մարգարեների, իմաստունների ու տեսանողների կողմից, բոլոր դարերում և մարդկության բոլոր ցեղերի մեջ:7

Մորմոնիզմը, որը Վերջին Օրերի Սրբերի կրոնի մականունն է, չի դավանում որևէ նոր բան, բացառությամբ այս սերնդի համար: Այն հայտարարում է իրեն որպես փրկության սկզբնական ծրագիր, որը հաստատվել էր երկնքում նախքան աշխարհի ստեղծումը և հայտնի է դարձվել մարդուն տարբեր դարերում: Այն, որ Ադամը, Ենովքը, Նոյը, Աբրահամը, Մովսեսը և այլ հնադարյան արժանավորներ ունեցել են այս կրոնը հաջորդաբար, մի շարք տնտեսություններում, մենք որպես ժողովուրդ, իսկապես հավատում ենք: … Կարճ ասած, Մորմոնիզմը, նախնադարյան Քրիստոնեության վերականգված հավատքն է, նորից ետ բերված հնադարյան Ավետարանը, այս անգամ առաջնորդելու դեպի վերջին տնտեսություն, ներկայացնելու Հազարամյակը և եզրափակելու փրկագնման աշխատանքը, ինչ վերաբերում է այս մոլորակին:8

Մենք կարողանում ենք տեսնել Ամենազորի ձեռքը մի թագավորություն հաստատելիս, որի մասին խոսվել է դարեր առաջ Դանիել մարգարեի միջոցով, մի թագավորություն, որը կաճի և կտարածվի մինչև լցնի ողջ երկիրը [տես Դանիել Բ.44]: Երբ լույսն ու բանականությունն այնքան համատարած կտարածվեն, որ այլևս անհրաժեշտ չի լինի որևէ մարդու համար ասել իր ընկերներին. «Ճանաչեցէք Տիրոջը, որովհետեւ նորանք ամենքը պիտի ճանաչեն ինձ, նորանց փոքրերիցը մինչեւ նորանց մեծերը» [տես Երեմիա ԼԱ.34], և երբ Տիրոջ Հոգին դուրս կթափվի ամեն մարմնի վրա այնչափ, որ նրանց որդիներն ու դուստրերը կմարգարեանան, ծերերը երազներ կերազեն, նրանց երիտասարդները կտեսնեն տեսիլքներ [տես Յովել Բ.28], և երբ չի լինի ոչ մի բան, որ վնասի կամ ավերի Տիրոջ ողջ սուրբ սարում [տես Եսայիա ԺԱ.9].9 [տես առաջարկ 2, էջ 285]:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին կառուցված է ամուր հիմքի վրա և այն կշարունակի առաջ գնալ, չնայած ընդդիմությանը:

Եղբայրներ և քույրեր, Աստված հիմնել է Իր Եկեղեցին և Թագավորությունը երկրի վրա մարդկության ընտանիքի օգտի և օրհնության համար՝ առաջնորդելու նրանց ճշմարտության ուղով, պատրաստելու նրանց վեհացման համար Իր ներկայության մեջ և Իր փառավոր գալստյան և թագավորության համար երկրի վրա: Նրա նպատակները կիրագործվեն, չնայած ամեն ընդդիմության, որը կբերվի նրանց դեմ չար մարդկանց և խավարի զորությունների կողմից: Ամեն ինչ որ կանգնած է այս աշխատանքի ճանապարհին, կհեռացվի: Ոչ մի բան չի կարող դիմանալ Նրա զորությանը, այլ ամեն բան, որ նա վճռել է, լիովին և կատարելապես կիրականացվի: Աստծո սերը Իր ժողովրդի հանդեպ կշարունակվի և կմնա և նրանք կհաղթեն Նրա զորությամբ:10

Այսպիսով խոսեք այս թագավորության կործանման մասին: … Ինչո՞ւ դուք պետք է փորձեք քաղել աստղեր երկնքից, կամ էլ լուսինն ու արևը իր ուղեծրից: Դա երբեք չի կարող իրագործվել, քանզի դա Ամենազորի գործն է:11

Աստծո թագավորությունը շարժվում է առաջ ուժով ու զորությամբ և հսկայական ու փառահեղ հաջողությամբ:12

Այս աշխատանքը կառուցված է ամուր հիմքի վրա, լինելով կառուցված դարերի վեմի վրա:… Անկախ նրանից, թե ովքեր կկորչեն ճանապարհին և նավաբեկության կենթարկեն իրենց հավատքը, Եկեղեցին կգնա առաջ:13

Այս Եկեղեցին կդիմանա, որովհետև այն ամուր հիմքի վրա է: Այն մարդուց չէ, այն Նոր Կտակարանի կամ Հին Կտակարանի ուսումնասիրությունից չէ, այն արդյունք չէ ուսման, որը մենք ստանում ենք քոլեջներում կամ սեմինարիաներում, այլ այն եկել է ուղիղ Տիրոջից: Տերն այն ցույց է տվել մեզ Սուրբ Հոգու լույսի միջոցով հայտնի դարձված սկզբունքներով և Ամեն մարդ կարող է ստանալ այս նույն ոգին:

… Նա տալիս է մեզ գիտելիք, թե մենք ինչ պիտի անենք, այնքանով, որքանով մենք հոժար ենք զոհաբերել մեր կյանքը, քան դեմ գնալ այդ գիտելիքին: Նա բացում է մեզ համար սելեստիալ արքայության գաղտնիքները և նա անընդհատ հաղորդում է մեզ բաներ, որոնք երբեք չեն իմացվել նախկինում: Այս գիտությունն ու բանականությունը անընդհատ ընդլայնվում են մեզ համար: …

… Մենք խիստ շատ գիտելիք ենք ստացել և չենք կարող այլևս կանգ առնել մեր նպատակներում: Նրանք, ովքեր ցանկանում են հալածել և տապալել Մորմոնիզմը, թող առաջ գնան և անեն իրենց աշխատանքը: … Մեր աշխատանքն է աճել Աստծո գիտության մեջ, պահել Աստծո պատվիրանները, հավատարիմ լինել և շարունակել աճել և դառնալ ավելի ու ավելի կատարյալ, երբ զարգանում ենք տարիների ընթացքում14 [տես առաջարկ 3, էջ 285]:

Մենք Աստծո ժողովուրդն ենք, և Նա կպաշտպանի մեզ, երբ մենք առաջ ենք գնում և անում այն ամենը, ինչ Նա պահանջում է:

Շատ դեպքերում, … երբ Աստծո ժողովրդի կործանումը թվում էր անխուսափելի և թվում էր փախուստի ճանապարհ չկար, … հանկարծ մի բան էր հայտնվում կամ մեկ այլ բան, որը նախապատրաստվել էր նրանց փրկության համար, խուսափելու սպառնացող կործանումից: Մենք դա տեսնում ենք Իսրայելացիների դեպքում, երբ առաջնորդվոււմ էին Մովսեսի կողմից: Երբ նրանք հասան Կարմիր ծովին և եգիպտական բանակը նրանց հետապնդելով սպառնում էր նրանց կործանել, թվում էր ճանապարհ չկար փախուստի, բայց հենց այդ պահին, երբ պահանջվում էր ազատագրում, ահա այն հայտնվեց և նրանք ազատվեցին [տես Ելից ԺԴ.10–25]:

Այդպես է եղել և այդպես էլ կլինի հավիտյան մեզ հետ: Չնայած մեր դժվարությունները կարող են շատ մեծ թվալ, սակայն կլինեն ապահովված միջոցներ մեր փախուստի համար, եթե մենք ինքներս կատարենք այն պարտականությունները, որոնք պահանջվում են մեզանից, որպես Աստծո զավակներ: Բայց կարող է ապագայում անհրաժեշտ դառնալ —և սա է այն կետը որ ես ուզում եմ նշել, որոշ Սրբերի խաղան Եսթեր թագուհու դերը և հոժար լինեն զոհաբերել ցանկացած բան և ամեն բան, որ պահանջվում է իրենց ձեռքից, Վերջին Օրերի Սրբերի ազատումը իրագործելու նպատակով:

Առաջինը, մենք պետք է իմանանք, որ մենք Աստծո ժողովուրդն ենք: … Մեր գործն էառաջ գալ ինչպես արեց Եսթերը, և հոժար լինել վտանգի ենթարկելու ամենը՝ ժողովրդի փրկության համար: Հանձն առնելով իր անելիքը, Եսթերն ասաց. «Եթե կմեռնեմ թող մեռնեմ» [տես Եսթեր Դ.3–16]: … Բայց Աստծո ժողովուրդը չի մեռնի: Միշտ էլ կլինի մի խոյ մացառներումը բռնված՝ նրանց ազատման համար [տես Ծննդոց ԻԲ.13]: …

… Տերն ասել է. «Ես իմ սրտում որոշել եմ, որ ես կփորձեմ ձեզ բոլոր բաներում, թե արդյոք դուք կմնաք իմ ուխտի մեջ, մինչև իսկ մահով, որպեսզի դուք արժանի գտնվեք: Քանզի եթե դուք իմ ուխտի մեջ չմնաք, ապա արժանի չեք ինձ» [տես ՎևՈՒ 98.14–15]: Մենք որոշ բան ունենք ապրելու համար, մենք ամեն ինչ ունենք մեռնելու համար: Բայց այս դեպքերում մահ չկա: Կա փրկություն և կա կյանք, եթե Աստծո ժողովուրդը, նրանք ովքեր կոչվում են Տեր Հիսուս Քրիստոսի անունով, պահեն Նրա պատվիրանները և անեն այն, ինչ ընդունելի է Նրա աչքում: Ամենազորի ծրագրում չկա այնպիսի բան, որ Նա թույլ տա իր ժողովրդին կործանվել: Եթե մենք ճիշտ վարվենք և պահենք Նրա պատվիրանները Նա անպայման կազատի մեզ ամեն դժվարությունից15 [տես առաջարկ 4, էջ 286]:

Ժամանակն է մեզ համար խոնարհեցնել մեզ Աստծո առջև և իրագործել աշխատանքը, որը Նա վստահել է մեզ:

Նրանց գործը, ովքեր հայտարարում են, որ զբաղված են Նրա աշխատանքով, շարժվել շարունակելն է, առաջ գնալը, … առանց տրտնջալու կամ հարկադրվելու, քանի դեռ մնում է մի քայլ էլ կատարելու դեպի առաջ, այդ քայլը պետք է կատարել:16

Այժմ ժամանակն է, որ Վերջին Օրերի Սրբերը խոնարհեցնեն իրենց Ամենազորի առջև: …Այժմ ժամանակն է պարզել, թե ինչ են պարտավորվել անել և լինել, ժամանակն է Վերջին Օրերի Սրբերի համար ապաշխարել իրենց մեղքերից և սխալներից և կանչել առ Ամենազորը, որպեսզի Նրա օգնությունը տրվի,… որ մենք առաջ գնանք և իրագործենք այն վիթխարի աշխատանքը, որը մեր խնամքին է վստահված:17

Մենք զբաղված ենք Աստծո գործով: Հեռանկարները մեր առջևում փառահեղ են, բայց եկեք միշտ հիշենք, մեր ձեռքի ամեն գործում, որ մենք Աստծո ծառաներն ենք և կատարում ենք Նրա կամքը: Թող մեր հավատարմությունը չխաթարվի, այլ մեր հավատքն անընդհատ աճի, երբ մենք առաջ ենք գնում կյանքում: Ես բավարարված կլինեմ գործել որտեղ Ճակատագիրն է ինձ դրել, և խնդրել Տիրոջը, թե ինչ կարող եմ անել օգնելու Աստծո թագավորությունը կառուցելու այդ տեղում, և օգնելու ինձ ձեռք բերել գոյության միջոցներ իմ ընտանիքի համար:18

Մենք կարող ենք աճել գիտելիքով և զորությամբ և մեր ունակությամբ՝ Աստծո թագավորությունը երկրի վրա կառուցելու համար, և դա նաև մեր ջանասիրության, մեր համեստության և հավատարմության միջոցով առ այն ուխտերը, որ մենք կապել ենք:19

Կարող է թվալ Տիրոջ և Նրա նպատակների ուղիները լիովին չհասկանալու մեր անտեղյակության պատճառով, որ մեր առջև դրված ծրագիրն իրագործելիս մեր առաջընթացում, մենք երբեմն հասնենք մի տեղ, որտեղ կարող ենք կարճ դադար առնել, բայց փաստը նրանում է, որ այդպիսի բան չկա ծրագրում և չի էլ կարող լինել, քանի դեռ մարդիկ շարունակում են իրենց գործերը իրենց վստահությունը դնելով Աստծո խոստումների վրա: …

… Թող յուրաքանչյուր մարդ հավատարիմ լինի և շատ ջանասեր Աստծո պատվիրանները պահելիս և զարգացնի բարիք անելու ցանկությունը իրեն շրջապատող մարդկանց և եթե մտածելով անցյալի մասին, մենք տեսնում ենք, մենք խստորեն չենք գործել ըստ մեր խղճի թելադրանքի և պարտականության, եկեք մեզ ճիշտ դարձնենք Աստծո և մարդկանց առջև, որպեսզի մենք կարողանանք պատրաստ լինել ամեն բանի, որ կարող է պատահել: Թող տաճարների և պաշտամունքի տների կառուցումը շարունակվի, եկեք շարունակենք կրթել [մեր] երեխաներին և նրանց դաստիարարկել Տիրոջ երկյուղով, և թող Ավետարանը շարունակվի տարվել հեռու ազգերին: …

Սա Աստծո աշխատանքն է և նա է ղեկավարում դրա ընթացքը և առաջադիմությունը երկրի վրա և այս աշխատանքը պետք է լինի ամենակարևորը մեր մտքում և քանի դեռ մենք գտնվում ենք պարտականության ուղում, մենք անկասկած ամուր կմնանք և անսասան ու վճռական մեր նպատակում և այսպիսով ցույց կտանք աշխարհին մեր հավատքն ու նվիրվածությունը ճշմարտության սկզբունքներին, որոնք Աստված է հայտնի դարձրել: …

Տերը շատ հնարավոր է ծանր ճնշում գործադրի մեզ վրա, որը կպահանջի մեծ զոհաբերություն իր ժողովրդի ձեռքից: Հարցը մեզանում է, թե արդյոք մենք կանենք այդ զոհաբերությունը: Այս աշխատանքը Ամենազորի գործն է և խոստացված օրհնությունները, որոնց մենք ձգտում ենք, կգան, երբ մենք կստուգվենք և կանցնենք չարչարանքով: Ես չունեմ հատուկ խոսք այս ժողովրդին, որ կա կամ չկա նրանց առջև կրակի փորձություն, որով նրանք կկանչվեն անցնել, հարցն ինձանում է, թե արդյոք ես պատրաստ եմ ստանալ և ճիշտ ու պատշաճ օգտագործել ամեն օրհնություն, որ Տերը պահել է ինձ համար, կամ՝ Իր ժողովրդի, կամ՝ մյուս կողմից, արդյոք պատրաստ եմ կատարել ամեն զոհաբերություն, որ Նա կպահանջի ինձանից: Ես չէի տա մի ծեղ իսկ հանուն այն կրոնի, որի համար չարժե ապրել և որի համար չարժե մեռնել, և ես շատ չէի տա այն մարդու համար, որը չի կամենում զոհաբերել իր ամեն ինչը, հանուն իր կրոնի:

Դեհ, ես ասում եմ ինչպես մեկին այնպես էլ բոլորին՝ Առաջ շարժվեք, առաջ շարժվեք և տեսեք Տիրոջ փրկությունը և լուռ մի կանգնեք20 [տես առաջարկ 5, էջ 286]:

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Խորհեք այս գաղափարների շուրջ, երբ դուք ուսումնասիրեք գլուխը կամ երբ պատրաստվեք ուսուցանել: Լրացուցիչ օգնության համար տես էջեր viii–x:

  1. Վերանայեք 275–78 էջերի պատմությունները: Ի՞նչ եք կարծում, ինչ է նշանակում, երբ ասում ենք որ Աստծո թագավորությունը առաջ է շարժվում: Ի՞նչ փորձառություններ են օգնել ձեզ տեսնել, որ Աստծո թագավորությունը շարժվում է առաջ:

  2. Էջ 280 ի վերջին պարբերությունում, Նախագահ Սնոուն անդրադառնում է Հին Կտակարանի չորս մարգարեությունների: Ի՞նչ ուղիներով են իրագործվում այդ մարագարեություններն այսօր:

  3. Ուսումնասիրեք Նախագահ Սնոուի ուսմունքները չնայած ընդդիմությանը Եկեղեցու առաջ շարժվելու մասին (էջեր 280–81): Ինչպե՞ս կարող են այս ուսմունքներն օգնել մեզ, երբ մարդիկ հալածում են մեզ մեր հավատքի պատճառով: Ինչպե՞ս եք դիմակայել ընդդիմությանը, ունենալով ձեր վկայությունը:

  4. Էջ 282- ում քննարկեք երրորդ և չորրորդ պարբերությունները: Երբ մեզանից պահանջվում են զոհաբերություններ, ի՞նչ կարող ենք սովորել Եսթերի օրինակից: Այդպիսի իրավիճակներում ի՞նչ եք կարծում, ինչպես կօգնի դա մեզ իմանալ, որ մենք Աստծո ժողովուրդն ենք:

  5. Գլխի վերջին բաժնում Նախագահ Սնոուն խորհուրդ է տալիս անդամներին կառուցել Աստծո թագավորությունը, որտեղ որ Տերն է նրանց դրել: Ի՞նչ ուղիներով են ծնողների ջանքերը տանն օգնում կառուցել Աստծո թագավորությունը ողջ երկրագնդում: Ինչպե՞ս կարող են տնային ուսուցիչները և այցելող ուսուցիչները կառուցել Աստծո թագավորությունը:

Առնչվող սուրբ գրություններ. Մատթեոս ԻԴ.14, Եթեր ԺԲ.27, Մորոնի 7.33, ՎևՈՒ 12.7–9, 65.1–6, 128.19–23

Օգնություն ուսուցչին. «Հաճախ օգտակար է սկսել մտածել եկող դասի մասին, անմիջապես, նախորդ դասն ուսուցանելուց հետո: Դուք հավանաբար լավագույնս տեղյակ կլինեք նրանցից, ում ուսուցանում եք, և նրանց կարիքներից ու հետաքրքրություններից, նրանց հետ լինելուց անմիջապես հետո» (Ուսուցում՝ չկա ավելի մեծ կոչում, 97):

Հղումներ

  1. Տես Eliza R. Snow Smith, Biography and Family Record of Lorenzo Snow (1884), 79–82:

  2. In “Laid to Rest: The Remains of President John Taylor Consigned to the Grave,” Millennial Star, Aug. 29, 1887, 549.

  3. In “Laid to Rest: The Remains of President John Taylor Consigned to the Grave,” 549.

  4. In “Laid to Rest: The Remains of President John Taylor Consigned to the Grave,” 549.

  5. Alice Pond, in LeRoi C. Snow, “An Experience of My Father’s,” Improvement Era, Sept. 1933, 677; see also correspondence between Elder John A. Widtsoe and Noah S. Pond, husband of Alice Armeda Snow Young Pond, Oct. 30, 1945, and Nov. 12, 1946, Church History Library. Ալիսը քսան տաեկան դեռ չկար, օժտում ստացած և կնքված իր ամուսնու հետ, երբ Նախագահ Սնոուն կիսվեց այս փարձառությամբ նրա հետ տաճարում:

  6. In Conference Report, Oct. 1898, 55.

  7. “Greeting to the World by President Lorenzo Snow,” Deseret Evening News, Jan. 1, 1901, 5.

  8. “‘Mormonism’ by Its Head,” Land of Sunshine, Oct. 1901, 252.

  9. Deseret News, Jan. 24, 1872, 597.

  10. Deseret Semi-Weekly News, Oct. 4, 1898, 1.

  11. Deseret News, Jan. 24, 1872, 598.

  12. Deseret Weekly, Nov. 4, 1893, 609.

  13. Millennial Star, May 12, 1890, 293; from a detailed paraphrase of a discourse Lorenzo Snow delivered in the April 1890 general conference.

  14. In Conference Report, Apr. 1900, 3–4.

  15. Deseret News, Nov. 22, 1882, 690.

  16. Deseret News: Semi-Weekly, June 27, 1882, 1.

  17. Deseret News, Nov. 22, 1882, 690.

  18. In Journal History, July 11, 1865, 2.

  19. Deseret News, May 15, 1861, 82.

  20. Deseret News: Semi-Weekly, June 27, 1882, 1.

Նախագահ Լորենզո Սնոուն վկայեց Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով ավետարանի Վերկանգման մասին:

«Եղբայրներ և քույրեր, Աստված հիմնել է Իր Եկեղեցին և Թագավորությունը երկրի վրա մարդկության ընտանիքի օգտի և օրհնության համար»: