Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 90


Բաժին 90

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեին, Կիրթլենդում, Օհայո, 1833թ. մարտի 8-ին (History of the Church, 1.329–331): Այս հայտնությունը հաջորդ քայլն է Առաջին Նախագահության հաստատման ուղղությամբ (տե՛ս 81-րդ բաժնի նախադրությունը). դրա արդյունքում, նշված խորհրդականները կարգվեցին 1833թ. մարտի 18-ին:

1–5՝ Արքայության բանալիները հանձնվել են Ջոզեֆ Սմիթին և նրա միջոցով՝ Եկեղեցուն. 6–7՝ Սիդնի Ռիգդոնը և Ֆրեդերիկ Գ. Վիլյամսը պետք է ծառայեն Առաջին Նախագահությունում. 8–11՝ Ավետարանը պետք է քարոզվի Իսրայելի ժողովուրդներին, հեթանոսներին և հրեաներին, և ամեն մարդ պիտի լսի իր իսկ լեզվով. 12–18՝ Ջոզեֆ Սմիթը և նրա խորհրդականները պետք է կարգի բերեն Եկեղեցին. 19–37՝ Տերը մի քանիսի խորհուրդ է տալիս ուղիղ քայլել և ծառայել իր արքայությունում:

1 Այսպես է ասում Տերը. Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ՝ որդիս, քո մեղքերը քեզ ներված են՝ քո խնդրանքի համաձայն, քանզի քո աղոթքները և քո եղբայրների աղոթքները հասել են իմ ականջին:

2 Հետևաբար, այսուհետև դու օրհնված ես, որ կրում ես քեզ տրված արքայության բանալիները. արքայություն, որը հաստատվում է վերջին անգամ:

3 Ճշմարիտ ասում եմ քեզ, որ այս արքայության բանալիները երբեք քեզանից չեն վերցվի՝ ո՛չ քանի դեռ դու աշխարհում ես, ո՛չ էլ գալիք աշխարհում.

4 Այնուամենայնիվ, քո միջոցով պետք է պատգամները տրվեն ուրիշների, այո, այսինքն՝ եկեղեցուն:

5 Եվ բոլոր նրանք, ովքեր ընդունում են Աստծո պատգամները, թող զգուշանան, թե ինչպես են պահում դրանք, չլինի թե թեթև բան համարեն, և այդպիսով, դատապարտության տակ ընկնեն և սայթաքեն ու ընկնեն, երբ որ փոթորիկներ բարձրանան և քամիներ փչեն և անձրևներ տեղան ու զարկեն իրենց տներին:

6 Եվ բացի այդ, ճշմարիտ ես ասում եմ քո եղբայրներ Սիդնի Ռիգդոնին և Ֆրեդերիկ Գ. Վիլյամսին, որ նրանց մեղքերը նույնպես ներված են իրենց, և նրանք քեզ հետ համարվում են հավասար՝ կրելու այս վերջին արքայության բանալիները.

7 Ինչպես և, քո պաշտոնավարությամբ, բանալիները մարգարեների դպրոցի, որը ես պատվիրել եմ, որ կազմակերպվի.

8 Որ դրանով նրանք կարողանան կատարելագործվել իրենց ծառայության մեջ՝ Սիոնի փրկության համար, և Իսրայելի ազգերի, և հեթանոսների, բոլոր նրանց, ովքեր կհավատան.

9 Որ քո պաշտոնավարությամբ նրանք կարողանան ստանալ խոսքը, և որ նրանց պաշտոնավարությամբ խոսքն առաջ գնա դեպի աշխարհի ծայրերը՝ սկզբում դեպի հեթանոսները, իսկ հետո, ահա և տե՛ս, նրանք պետք է դառնան դեպի հրեաները:

10 Եվ ապա, գալիս է օրը, երբ Տիրոջ բազուկը կհայտնվի զորությամբ՝ համոզելու ազգերին, հեթանոս ազգերին, Հովսեփի տանը, իրենց փրկության ավետարանի մասին:

11 Քանզի այդ օրը կլինի այնպես, որ ամեն մարդ կլսի ավետարանի լրիվությունն իր լեզվով՝ իր մայրենի լեզվով, նրանց միջոցով, ովքեր կարգված են այդ զորությանը, Մխիթարիչի սպասավորությամբ, որը կթափվի նրանց վրա Հիսուս Քրիստոսի հայտնության համար:

12 Եվ արդ, ճշմարիտ ասում եմ ձեզ. Ես տալիս եմ ձեզ պատվիրան, որ դուք շարունակեք ծառայության և նախագահության մեջ:

13 Եվ երբ որ դուք ավարտեք մարգարեների թարգմանությունը, դրանից հետո դուք պիտի նախագահեք եկեղեցու և դպրոցի գործերի վրա.

14 Եվ, ժամանակ առ ժամանակ, ինչպես որ կբացահայտվի Մխիթարիչի կողմից, կստանաք հայտնություններ՝ արքայության խորհուրդները բացելու համար.

15 Եվ կարգի դնելու եկեղեցիները, և ուսումնասիրելու ու սովորելու, և ծանոթանալու բոլոր լավ գրքերին և լեզուներին, բարբառներին ու ժողովուրդներին:

16 Եվ սա պիտի լինի ձեր գործն ու առաքելությունը, ողջ ձեր կյանքի ընթացքում՝ նախագահել խորհրդով, և կարգի դնել այս եկեղեցու և արքայության բոլոր գործերը:

17 Մի կաշկանդվեք, ոչ էլ ամաչեք. այլ ընդունեք խրատը բոլոր ձեր մեծամտության և հպարտության վերաբերյալ, քանզի դրանք որոգայթն են գցում ձեր հոգիները:

18 Կարգի դրեք ձեր տները. ձեզանից հեռու պահեք ծուլությունն ու անմաքրությունը:

19 Արդ, ճշմարիտ ասում եմ քեզ. Թող մի տեղ հատկացվի, որքան հնարավոր է շուտ, քո խորհրդականի ու դպիրի, այսինքն՝ Ֆրեդերիկ Գ. Վիլյամսի ընտանիքի համար:

20 Եվ թող իմ տարեց ծառան՝ Ջոզեֆ Սմիթ ավագը, շարունակի իր ընտանիքի հետ, այն տեղում, որտեղ այժմ ապրում է. և թող այն չվաճառվի, մինչև որ Տիրոջ բերանով չասվի:

21 Եվ թող իմ խորհրդականը, այսինքն՝ Սիդնի Ռիգդոնը, մնա այնտեղ, որտեղ այժմ ապրում է, մինչև որ Տիրոջ բերանով չասվի:

22 Եվ թող եպիսկոպոսը ջանասիրաբար փնտրի, որ գտնի մի գործակալ, և թող դա լինի մի մարդ, որը հարստություններ ունի կուտակած,– Աստծո մարդ և ամուր հավատքով մարդ,–

23 Որ այդպիսով, նա ի վիճակի լինի վճարելու բոլոր պարտքերը. որ Տիրոջ շտեմարանը վատ համբավ ձեռք չբերի ժողովրդի աչքում:

24 Փնտրեք ջանասիրաբար, աղոթեք անդադար և եղեք հավատացող, և բոլոր բաները միաժամանակ կգործեն ձեր բարիքի համար, եթե դուք ուղիղ քայլեք և հիշեք ուխտը, որով ուխտ եք կապել միմյանց հետ:

25 Թող ձեր ընտանիքները լինեն փոքր, հատկապես իմ տարեց ծառա Ջոզեֆ Սմիթ ավագինը, ինչ վերաբերում է նրանց, ովքեր չեն պատկանում ձեր ընտանիքին.

26 Որպեսզի այն բաները, որոնք հատկացված են ձեզ, իմ աշխատանքն իրագործելու համար, ձեզանից չվերցվի ու տրվի նրանց, ովքեր արժանի չեն,–

27 Եվ որ դա չխանգարի ձեզ՝ կատարելու այն բաները, որոնք ես պատվիրել եմ:

28 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ. Դա իմ կամքով է, որ իմ աղախին Վիեննա Հագուեսը դրամ ստանա՝ իր ծախսերը հոգալու համար և գնա Սիոնի հող.

29 Եվ դրամի մնացորդը նվիրաբերի ինձ, և նա իր վարձքը կստանա ինձ հարմար ժամանակ:

30 Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ իմ աչքին հաճելի է, որ նա Սիոնի հող գնա և ժառանգություն ստանա եպիսկոպոսի ձեռքից.

31 Որ նա կարողանա բնակվել խաղաղությամբ, որքան որ նա հավատարիմ է, և դրանից հետո ծույլ չլինի իր օրերում:

32 Եվ ահա, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ դուք պետք է գրի առնեք այս պատվիրանը, և ասեք Սիոնի ձեր եղբայրներին, սիրո ողջույնով, որ ես ձեզ կանչել եմ նախագահելու նաև Սիոնի վրա՝ ինձ հարմար ժամանակ:

33 Հետևաբար, թող նրանք դադարեն ինձ հոգնեցնել այս հարցի վերաբերյալ:

34 Ահա, ես ասում եմ ձեզ, որ Սիոնի ձեր եղբայրները սկսում են ապաշխարել, և հրեշտակները ցնծում են նրանց համար:

35 Այնուամենայնիվ, շատ բաներից ես գոհ չեմ. և ես գոհ չեմ իմ ծառա Վիլյամ Ի. Մակլելլինից, ոչ էլ իմ ծառա Սիդնի Գիլբերտից. և եպիսկոպոսը, և մյուսները ևս շատ բաներ ունեն, որոնցից պետք է ապաշխարեն:

36 Բայց ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ես՝ Տերս, պիտի վիճաբանեմ Սիոնի հետ, և աղերսեմ նրա ուժեղներին, և պիտի խրատեմ նրան, մինչև որ նա հաղթի և մաքրվի իմ առաջ:

37 Քանզի նա չպետք է իր տեղից շարժվի: Ես՝ Տերս եմ ասել դա: Ամեն: