Ընկեր
Ռեյնան կրկին փորձում է
Հուլիս 2024


«Ռեյնան կրկին փորձում է», Ընկեր, հուլիս 2024, 36-37։

Ռեյնան կրկին փորձում է

«Սա վերջին անգամն է, որ ես նորից ինչ-որ նոր բան կփորձեմ»,- ասաց Ռեյնան։

Այս պատմությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում։

Ռեյնան կրկին իր դպրոցում կարդաց թռուցիկի խոսքերը։ Ակնարկագիրների մրցույթ. շահեք անվճար ճանապարհորդություն դեպի Նյու Յորք։

Դա մրցույթ էր շրջանի բազմաթիվ դպրոցների աշակերտների համար։ Ռեյնան պատկերացրեց իրեն Նյու Յորքում՝ շուրջը բարձր երկնաքերեր, իսկ մոտակայքում՝ Ազատության արձանը։ Նա ուզում էր գնալ։

«Դու պետք է մասնակցես»,- ասաց Սիդնին։ «Դու լավագույնն ես մեր հասակակիցների շրջանում»։

Ռեյնան լավ զգաց իրեն, երբ լսեց Սիդնիի խոսքերը։ Նա շատ բան չգիտեր ակնարկներ գրելու մասին։ Բայց ցանկացավ փորձել։

Դասերից հետո Ռեյնան նստել էր իր նստարանին։ Թըփ, թըփ, թըփ։ Նա մատիտը թփթփացրեց թղթի վրա, մինչ մտածում էր իր գաղափարների մասին։ Ի վերջո, նա սկսեց գրել։

Աշխատանքն ավարտելու համար Ռեյնայից պահանջվեց մի ամբողջ շաբաթ։ Բայց մայրիկի որոշակի օգնությամբ նա վերջապես զգաց, որ պատրաստ է ներկայացնել իր ակնարկը։

Անցավ մի քանի շաբաթ։ Ռեյնան անհամբեր սպասում էր, թե ով է հաղթելու։ Միգուցե շուտով նա կմեկնի Նյու Յորք։

«Հարյուրից ավելի ուսանողներ մասնակցեցին»,- ասաց պարոն Ռայթը դասարանին։ «Շնորհակալ եմ նրանց, ովքեր ակնարկ գրեցին»։

Ռեյնայի սիրտը հուզմունքից բաբախեց։

«Թեև մեր ուսանողներից որևէ մեկը չի հաղթել մրցույթում, Ռեյնան բոլոր հայտերի մեջ լավագույն հնգյակում էր։ Շնորհավորում ենք, Ռեյնա»,- ասաց պարոն Ռայթը։

Ռեյնան ժպտաց, մինչ դասընկերները ծափահարում էին։ Բայց ներքուստ նա չափազանց տխրեց։ Լավագույն հնգյակում լինելը այնքան լավ չէր, որքան հաղթելը։ Նյու Յորքը տեսնելու նրա երազանքը հօդս ցնդեց։

Երբ Ռեյնան վերադարձավ տուն, նա ընկավ խոհանոցում գտնվող աթոռին՝ իր ծնողների կողքին։ «Ես պարտվեցի մրցույթում»,- ասաց նա։ «Դա վերջին անգամն է, որ ես նորից ինչ-որ նոր բան կփորձեմ։ Ես կանեմ միայն այն, ինչը գիտեմ, որ լավ է ստացվում ինձ մոտ»։ Նա գլուխն առավ ձեռքերի մեջ։

Նկար
Տխուր աղջիկը ծնողների հետ նստած է խոհանոցի սեղանի շուրջը

«Ցավում եմ, որ չհաղթեցիր։ Ես և մայրիկը հպարտ ենք քեզնով, որ փորձել ես»,- ասաց հայրիկը։ Նա նստեց Ռեյնայի կողքին։ «Հիշու՞մ ես, երբ ես մի քանի տարի առաջ գործազուրկ էի»։

Ռեյնան գլխով արեց։

«Ես դիմեցի շատ աշխատանքների համար, բայց դրանցից ոչ մեկում աշխատանքի չընդունվեցի»,- ասաց հայրիկը։ «Ես շատ հուսահատված էի»։

Ռեյնան բարձրացրեց գլուխը։ «Իսկապե՞ս»։

Հայրիկը գլխով արեց։ «Բայց ես չհանձնվեցի։ Երկար ժամանակ անց ես գտա ինձ համար կատարյալ մի աշխատանք։ Բայց դա տեղի չէր ունենա, եթե ես դադարեի փորձել»։

Մայրիկը մխիթարելու համար ձեռքը դրեց Ռեյնայի մեջքին։ «Գիտե՞ս, թե քանի պատմություն եմ ուղարկել տարբեր ամսագրերի»,- հարցրեց նա։ «Իսկ գիտե՞ս, թե քանիսն են մերժվել։ Բայց ես չեմ կարող հանձնվել, եթե ուզում եմ տեսնել իմ աշխատանքները տպագրված։ Գրելը կարևոր է ինձ համար, ուստի, ես շարունակում եմ փորձել»։

Ռեյնան միշտ մտածել էր, որ իր ծնողների մոտ շատ լավ է ստացվում այն ամենը, ինչ անում են։ Նա երբեք չի իմացել, որ նրանց նույնպես մերժել են։

Նա դեռ տխուր էր, բայց հիմարություն էր թվում այլևս երբեք որևէ նոր բան չփորձելը։ Դա այն չէր, ինչ Երկնային Հայրն էր ցանկանում նրա համար։ Ռեյնան որոշեց, որ չի հանձնվի։ Նա կարող էր ավելի շատ բաներ փորձել, նույնիսկ այն, ինչը նրա մոտ սկզբում լավ չէր ստացվում։

«Կարծում եմ, որ հաջորդ տարի նորից կմասնակցեմ մրցույթին»,- ասաց Ռեյնան։ Մրցույթում պարտվելը չպետք է լինի նրա երազանքների վերջը։

Ռեյնան գնաց իր գրասեղանի մոտ և վերցրեց մատիտը։ Գրելը բավականին զվարճալի էր։ Թըփ, թըփ, թըփ։ Այսպիսով, ի՞նչ նոր բան կարող է նա գրել հաջորդը։

Նկար
Ժպտացող աղջիկը նստած է գրասեղանի մոտ՝ ձեռքին մատիտ և թուղթ
Նկար
Պատմություն PDF

Նկարները` Վիվիան Մինիքերի

Տպել