Սովորելու խանդավառություն
«Ուսում փնտրեք, այսինքն՝ ուսումնասիրելով և նաև հավատքով» (ՎևՈւ 88.118):
Ռասելը զգուշորեն տեղավորեց իր երկու մատիտներն ու նոթատետրը դպրոցական պայուսակի մեջ: Նա սանրեց իր մազերը և ստուգեց, թե արդյոք իր հագուստը լավ տեսք ունի: Գրկախառնվելով իր մայրիկին և հրաժեշտ տալով՝ նա վազեց դեպի ավտոկանգառ: Նրան թվում էր, թե կպայթի, եթե ավտոբուսնը շուտով չգա: Նա ոգևորված սպասում է առաջին անգամ դպրոց գնալուն:
Ամեն տարի Ռասելը տեսնում էր, թե ինչպես են իր ավագ եղբայրները և քույրերը քայլում դեպի ավտոբուսի կանգառ և նստում դպրոցական ավտոբուս: Նա ուզում էր նրանց հետ ավտոբուս նստել: Իսկ ավելի շատ նա ուզում էր սովորել այն, ինչ նրանք էին անում: Նա ավելի շատ էր ուզում սովորել դինոզավրերի մասին: Նա ուզում էր իմանալ, թե ինչպես են աշխատում գնացքները: Նա ուզում էր կարդալ սովորել: Նա գիտեր, որ սիրելու է դպրոցը:
Ռասելի ուսուցչուհին, տիկին Վիլսոնը, ժպտաց, երբ նա մտավ դասարան: Նա Ռասելին ցույց տվեց, թե որտեղ է գտնվում նրա սեղանը: Նա նրան ցույց տվեց նաև, թե որտեղ պետք է կախի իր պայուսակը:
«Մի գուցե մենք սկզբից սովորենք դինոզավրերի մասին», - մտածեց Ռասելը:
«Բարի գալուստ դպրոց»,- ասաց տիկին Վիլսոնը: «Մենք հիմա կներկայանանք և կպատմենք ինչ-որ բան մեր մասին»:
Ռասելը տխրեց: «Դե, մենք պետք է ճանաչենք միմյանց», - մտածեց նա: «Մի գուցե դրանից հետո մենք սովորենք դինոզավրերի մասին»:
Երբ հասավ Ռասելի ներկայանալու հերթը, նա ասաց. «Ես Ռասելն եմ: Ես ուզում եմ սովորել ամեն ինչ, հատկապես գնացքների և դինոզավրերի մասին»:
«Հիանալի է, Ռասել»,- ասաց տիկին Վիլսոնը: Ռասելը ժպտաց: Նա վստահ էր, որ իրենք շուտով կսովորեն գնացքների և դինոզավրերի մասին:
Բայց նրանք չսովորեցին: Նրանք նախաճաշեցին և խաղացին գնդաձև, եռանկյունաձև և քառակուսի խորանարդիկներով:
«Տիկին Վիլսոն, ե՞րբ ենք մենք սովորելու դինոզավրերի և գնացքների մասին»,- հարցրեց Ռասելը:
«Հենց հիմա չէ, Ռասել», - ասաց նա: «Այժմ պատմվածք կարդալու ժամանակն է»:
«Այն դինոզավրի մասի՞ն է»:
«Ոչ, Ռասել»:
Պատմվածքից հետո նրանք սովորեցին այբուբենի մասին: Ապա տուն գնալու ժամանակը եկավ:
Ռասելը զայրացած էր:
Ավտոբուսի պատուհանից նրա դժգոհ դեմքն էր երևում: Նա ավտոբուսի կանգառից վազեց տուն և դռնից սլացավ ներս: Նա վազեց իր սենյակ և գլուխը թաքցրեց վերմակի տակ:
Մայրիկը ներս մտավ և դրեց իր ձեռքը Ռասելի գլխին: «Ինչպե՞ս անցավ առաջին օրը», - հարցրեց նա:
«Ահավոր: Ես երբեք ոչինչ չեմ սովորի, ես այլևս չեմ գնա: Այսօր մենք միայն խաղացինք խորանարդիկներով և պատմվածքներ կարդացինք»:
«Դե, Ռասել, սա քո առաջին օրն էր»,- ասաց մայրիկը:
Ռասելը նստեց և նայեց մայրիկին: «Ես ուզում եմ սովորել դինոզավրերի և գնացքների մասին, և կարդալ, հիմա»:
Մայրիկը նստեց անկողնու վրա Ռասելի կողքին: «Դու չես կարող ամեն ինչ միանգամից սովորել: Սովորելու համար ժամանակ է հարկավոր: Իսկ որքան շատ դու հիմա սովորես, այնքան ավելի շատ կկարողանաս սովորել հետագայում»:
«Ի՞նչ ի նկատի ունես»,- հարցրեց Ռասելը:
«Դե, դու նախ պետք է սովորես այբուբենը, հետո նոր կարդալ: Դու պետք է սովորես կարդալ, իսկ հետո դու կկարողանաս կարդալ այն ամենի մասին, ինչը քեզ հետաքրքիր է»,- ասաց նա:
Ռասելը մտածեց այդ մասին: Մի գուցե բացի դինոզավրերից և գնացքներից կային այլ բաներ էլ, որոնց մասին կարելի էր սովորել: «Դե լավ, ես կփորձեմ վաղն էլ գնալ դպրոց», - ասաց նա:
Մայրիկը ժպտաց նրան:
«Բայց, մայրիկ, կարո՞ղ ենք գրադարանից դինոզավրերի մասին մի գիրք վերցնել»:
«Իհարկե, կարող ենք»: