Ի՞նչ է Քավությունը նշանակում ձեզ համար
Բրիգամ Յանգ Համալսարանի Կանանց համաժողովի ելույթից, 5 մայիսի, 2006թ.:
Քավությունը խիստ անձնական և առանձնահատուկ կերպով իրագործվել է մեր անձնական պայմանների և իրավիճակների համար:
Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Մեր կրոնի հիմնական սկզբունքները Առաքյալների և Մարգարեների վկայությունն է Հիսուս Քրիստոսի մասին, որ Նա մահացավ, թաղվեց և երրորդ օրը հարություն առավ և համբարձվեց երկինք. իսկ մեր կրոնի բոլոր մյուս բաները լոկ դրա հավելումներն են»:1
Այդ հիմնական սկզբունքները հիմված են Հիսուս Քրիստոսի Քավության վրա: Քավություն բառը «անգլերենում նշանակում է նրանց «մեկ լինելը», ովքեր իրարից հեռացել են, և ցույց է տալիս Աստծո հետ մարդու հաշտությունը: Մեղքը հեռանալու պատճառ է հանդիսանում, ուստի քավության նպատակն է՝ ուղղել կամ հաղթահարել մեղքի հետևանքները»:2 Ես հավատում եմ, որ նաև հնարավոր է Աստծուց հեռանալ բացահայտ մեղքից բացի շատ այլ պատճառներով:
Մեր Երկնային Հորից և Փրկչից հեռանալու վտանգը հսկայական է և մշտապես մեր շուրջն է: Բարեբախտաբար, Քավությունը վերաբերում է նաև բոլոր այդ իրավիճակներին: Այդ պատճառով Հակոբը՝ Նեփիի եղբայրը, Քավությունը ներկայացնում է որպես «անսահման» (2 Նեփի 9.7), որը նշանակում է առանց սահմանափակումների կամ արտաքուստ պարտադրված ճնշումների: Ահա թե ինչու է Քավությունն այդքան հրաշալի և կարևոր: Ուրեմն չպետք է զարմանալ, որ մենք ոչ միայն պետք է գնահատենք այդ անհամեմատելի պարգև, այլև այն հստակորեն հասկանանք:
Միայն Հիսուս Քրիստոսը կարող էր կատարել այդ վիթխարի Քավությունը, որովհետև Նա էր միակ կատարյալ մարդը և Հայր Աստծո Միածին Որդին: Այս կարևոր աշխատանքը կատարելու հանձնարարությունը Նա ստացավ Իր Հորից՝ նախքան աշխարհի հիմնադրումը: Մեղքից զուրկ նրա կատարյալ մահկանացու կյանքը, Իր արյունը հեղելը, պարտեզում և խաչի վրա Նրա տառապանքը, Նրա կամավոր մահը, և գերեզմանից Իր մարմնի Հարությունը՝ հնարավոր դարձրեցին լիարժեք Քավությունը բոլոր սերունդների և ժամանակների մարդկանց համար:
Քավությունը իրական է դարձնում Հարությունը բոլորի համար: Ինչևէ, ինչ վերաբերում է մեր անհատական զանցանքներին ու մեղքերին, Քավությունը պահանջում է՝ հավատ առ Տեր Հիսուս Քրիստոս, ապաշխարություն և ավետարանի օրենքներին և արարողություններին հնազանդվելու պատրաստակամություն:
Անմահություն և հավերժական կյանք
Հավանաբար, մեր ելույթներում և հոդվածներում ամենահաճախակի մեջբերվող հատվածը այս պարզաբանող ու ամփոփող հատվածն է Մովսեսի գրքից. «Քանզի ահա, սա է իմ գործը և իմ փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39):
Հարության շնորհիվ մենք բոլորս անմահ կդառնանք: Քավության շնորհիվ, նրանք, ովքեր բավականաչափ հավատ ունեն Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ, որպեսզի իրենց վրա վերցնեն Նրա անունը, ովքեր ապաշխարում և ապրում են ըստ Նրա ավետարանի, ովքեր պահում են Նրա և Նրա Հոր հետ կապած ուխտերը, և ովքեր մասնակցում են փրկող արարողություններին, որոնք մատչելի են սուրբ եղանակներով և վայրերում, կունենան և կվայելեն հավերժական կյանքը:
Ես չեմ կարող հիշել ինձ երբևէ հանդիպած մարդու, որն ամուր հավատ է ունեցել Հիսուս Քրիստոսի հանդեպ, և միաժամանակ մեծապես անհանգստացել է Հարության մասին: Այո, մենք բոլորս էլ կարող է հարցեր ունենանք մանրամասների վերաբերյալ, սակայն մենք հասկանում ենք, որ հիմնական խոստումը համապարփակ և հաստատուն է:
Քանի որ հավերժական կյանքը պայմանական է և պահանջում է մեր ջանքերն ու կամեցողությունը, մեզանից շատերը ժամանակ առ ժամանակ անհանգստանում են, միգուցե հաճախակի, անգամ մշտապես, այն հարցերի շուրջ, որոնք առնչվում են ճիշտ ձևով ապրելուն: Ինչպես Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն է հարցրել. «Չլինի թե՞ սխալմամբ հավատում ենք, որ պետք է ինքնուրույն անցնենք դեպի ավելի լավը դառնալու ճանապարհը և սուրբ դառնանք աննկուն տոկալով, կամքի ուժով և կարգապահությամբ»:3
Եթե մեր փրկությունը կախված լիներ միայն մեր ջանքերից, մենք լուրջ խնդիր կունենայինք, քանի որ բոլորս էլ անկատար ենք և չենք կարող ամեն ինչ մշտապես կատարյալ ձևով անել: Այդ դեպքում, ինչպե՞ս ենք ստանում մեզ անհրաժեշտ օգնությունն ու աջակցությունը: Նեփին պարզաբանել է շնորհի և գործերի միջև կապը, երբ վկայել է. «Քանզի մենք գիտենք, որ շնորհի միջոցով է, որ մենք փրկվում ենք՝ այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել» (2 Նեփի 25.23):
Աստվածաշնչի Բառարանը հիշեցնում է մեզ, որ շնորհ նշանակում է աստվածային մեխանիզմ կամ սարք, որը ուժ կամ օգնություն է բերում Հիսուս Քրիստոսի ողորմության միջոցով և մատչելի է դարձել Նրա Քավությամբ:4 Ուստի, Քրիստոսի շնորհով է, որ մենք հարություն ենք առնելու, և Նրա շնորհը, սերը և Քավությունն է, որ օգնում են մեզ կատարել բարի գործեր և անհրաժեշտ առաջընթաց ապրել, քանի որ հակառակ դեպքում անհնար կլինի, եթե ապավինենք լոկ մեր ուժին և կարողությանը:
Երջանկություն Քավության միջոցով
Նեփիի հիացմունքի արժանի բազմաթիվ գծերից ես սիրում եմ նրա վերաբերմունքը: Նրա կյանքը հեշտ չէր, հատկապես երբ համեմատում ենք մեզանից շատերի համար սովորական դարձած հարմարավետության հետ: Նեփին և նրա ընտանիքը տարիներ շարունակ ապրեցին ամայի վայրում, մինչև խոստացված երկիր հասնելը: Նրանք տառապեցին քաղցից, ծարավից և վտանգներից: Նեփին ունեցավ ընտանեկան լուրջ խնդիրներ, որոնք հրահրվում էին Լամանի և Լեմուելի կողմից, և ի վերջո նա իր համախոհների հետ առանձնացավ Լամանի և Լեմուելի համախոհներից:
Այս բոլոր զրկանքների և դժվարությունների առկայության պայմաններում, Նեփին կարողացավ ասել. «Եղավ այնպես, որ մենք ապրեցինք երջանիկ» (2 Նեփի 5.27):
Նա հասկացավ, որ կա ապրելու մի եղանակ, որի արդյունքում ունենում ենք երջանկություն, անկախ մեր բոլորի կյանք ներթափանցող դժվարությունների, խնդիրների և հուսահատությունների: Նա կարողացավ կենտրոնանալ իր և իր ժողովրդի համար Աստծո ծրագրի համայնապատկերի վրա և այդպիսով կարողացավ դիմակայել, որպեսզի չընկճվի և չպնդի, որ կյանքն անարդար է: Այն իրոք արդար չէ, սակայն նա և իր ժողովուրդը երջանիկ էին: Նրանք հասկանում էին, որ Քավություն է տեղի ունենալու, և նրանք վստահ էին, որ այն իրենց վրա էլ է տարածվելու:
Նեփին ինքն իրեն կարևոր հարցեր էր տալիս, որոնք մենք կարող ենք տալ ինքներս մեզ, եթե խորհում ենք, թե մեր կյանքում ինչպիսի տեղ է գրավում Քրիստոսի Քավությունը:
«Օ՜, այդ դեպքում, եթե ես տեսել եմ այդքան մեծ բաներ, եթե Տերը մարդկանց զավակների հանդեպ իր բարեհաճությամբ, այցելել է մարդկանց այդքան մեծ ողորմածությամբ, ինչո՞ւ պետք է լա իմ սիրտը, և՛ հոգիս քարշ գա վշտի հովտում, և՛ մարմինս հյուծվի, և՛ ուժս հատնի՝ իմ չարչարանքների պատճառով:
Եվ ինչո՞ւ ես պիտի իմ մարմնի պատճառով անձնատուր լինեմ մեղքին: Այո, ինչո՞ւ ես պիտի տեղի տամ գայթակղություններին, որպեսզի չարը տեղ ունենա իմ սրտում՝ կործանելու իմ խաղաղությունը և չարչարելու հոգիս: Ինչո՞ւ եմ ես բարկացած՝ իմ թշնամու պատճառով»: 2 Նեփի 4.26–27):
Իր ողբից հետո, նա պատասխանեց իր հարցերին, իմանալով թե ինչպես պետք է մոտենա իր խնդիրներին. «Զարթնի՛ր, իմ հոգի: Այլևս մի՛ վհատվիր մեղքի պատճառով: Ուրախացի՛ր, ո՛վ իմ սիրտ, և այլևս տեղ մի՛ տուր իմ հոգու թշնամուն: … Ո՜վ Տեր, ես քե՛զ եմ ապավինելու, և ես քե՛զ եմ ապավինելու հավիտյանս» (2 Նեփի 4.28, 34):
Արդյո՞ք դա նշանակում է, որ Նեփին այլևս խնդիրներ չուներ: Արդյո՞ք դա նշանակում էր, որ նա լիովին հասկանում էր այն ամենը, ինչ տեղի էր ունենում իր հետ: Հիշեք հրեշտակին տված նրա պատասխանը մի քանի տարի առաջ, երբ նրան կարևոր հարց տվեցին Քրիստոսի Քավության մասին, որը պետք է հետագայում տեղի ունենար. «Ես գիտեմ, որ նա սիրում է իր զավակներին. սակայն ես չգիտեմ բոլոր բաների իմաստը» (1 Նեփի 11.17):
Մենք նաև չենք կարող և չենք իմանա ամեն ինչի նշանակությունը, սակայն մենք կարող ենք և պետք է իմանանք, որ Տերը սիրում է Իր զավականերին և, որ մենք կարող ենք մեծապես օգտվել Քրիստոսի շնորհից և Քավությունից մեր կյանքում և մեր մաքառումներում: Նմանապես, մենք կարող ենք և պետք է հիշենք, որ չարին մեր սրտում տեղ հատկացնելը հիմարություն է և իրենից վտանգ է ներկայացնում:
Անգամ, երբ լիովին հասկանում ենք և պարտավորվում թույլ չտալ չարին ներթափանցել մեր սիրտ և մեր կյանք, մենք թերանում ենք, որովհետև շատ հաճախ մենք «բնական» տղամարդիկ և կանայք ենք (տես Մոսիա 3.19): Ուրեմն, մենք պետք է երախտապարտ լինենք և կիրառենք ապաշխարության սկզբունքները: Մինչ մենք հաճախ ենք խոսում մեր ապաշխարության մասին որպես իրադարձություն, ինչը երբեմն այդպես է, մեզանից շատերի համար դա մշտական, կյանքի տևողություն ունեցող գործընթաց է:
Իհարկե, կան թե բացթողումներ և թե մեղսագործություններ, որոնց համար մենք կարող ենք անհապաղ սկսել ապաշխարության գործընթացը: Կան որոշակի մեղքեր և սխալներ, որոնք կարող ենք այժմ թողնել և երբեք այլևս չանդրադառնալ դրանց: Օրինակ, մենք կարող ենք լինել լրիվ տասանորդ վճարողներ հետագա մեր ողջ կյանքի ընթացքում, եթե միշտ չենք պահել այդ սկզբունքը: Սակայն մեր կյանքի այլ ուղղություններ մշտապես բարելավման և ուշադրության կարիք ունեն, օրինակ մեր հոգևոր աճը, գթասրտությունը, մյուսների հանդեպ նրբազգացությունը, հարգանքն ընտանիքի անդամների հանդեպ, հարևանների մասին մտահոգությունը, սուրբ գրությունները հասկանալը, տաճար հաճախելը և մեր անձնական աղոթքների որակը:
Մենք կարող ենք երախտապարտ լինել, որ Փրկիչը, մեզանից ավելի լավ հասկանալով մեզ, հաստատել է հաղորդությունը, որպեսզի կարողանանք մշտապես նորոգել մեր ուխտերը՝ սուրբ խորհրդանիշները ճաշակելով և պարտավորվելով մեզ վրա վերցնել Նրա սուրբ անունը, միշտ հիշել Նրան և պահել Նրա պատվիրանները: Երբ մենք հետևում ենք օրինակին, որը մեզ «երջանիկ ապրելու» հնարավորություն է տալիս, մեր ապաշխարությունը և պահվածքն ավելի բարձր որակ է ձեռք բերում, իսկ Քավությունը հասկանալու և գնահատելու մեր կարողությունն աճում է:
Ապաշխարություն և հնազանդություն
1830թ. Եկեղեցին կազմավորելուց շաբաթներ առաջ, Մարգարե Ջոզեֆ Սմիթը մի հրաշալի հայտնություն ստացավ, որը մեծացնում է Քավության մեր ընկալումը, որովհետև Փրկիչն Ինքն էր խոսում և ուսուցանում: Նա Ինքն Իրեն անվանեց «աշխարհի Քավիչ» (ՎևՈւ 19.1), նշելով, որ կատարում է Հոր կամքը, և ասաց. «Ես պատվիրում եմ ձեզ ապաշխարել և պահել պատվիրանները, որոնք դուք ստացել եք» (ՎևՈւ 19.13):
Ապաշխարության և հնազանդության այս պարզ օրինակը «երջանիկ կյանքով ապրելու» հիմքն է: Մենք գիտենք, որ դա պետք է անել, թեպետ երբեմն մենք հնարավոր է մոռանանք, թե ինչու: Նույն հայտնության հետևյալ խոսքերով Տերը հիշեցնում է մեզ, թե ինչու պետք է այդպես վարվել.
«Քանզի ահա, ես՝ Աստվածս, տառապել եմ այս բաները բոլորի համար, որպեսզի նրանք չտառապեն, եթե ապաշխարեն.
Բայց եթե չապաշխարեն, նրանք պետք է տառապեն, ճիշտ ինչպես ես.
Տառապանք, որը ստիպեց ինձ, նույնիսկ Աստծուս, բոլորից մեծագույնիս, ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից և տառապել՝ թե՛ մարմնով, թե՛ ոգով,- և ես ցանկացա, որ գուցե չխմեմ դառը բաժակը և ընկրկեմ,-
Այնուամենայնիվ, փա՛ռք լինի Հորը, և ես ճաշակեցի ու ավարտեցի իմ նախապատրաստությունները մարդկանց զավակների համար» (ՎևՈւ 19.16–19):
Ի՜նչ հրաշալի դաս է: Վստահ եմ, որ մեզանից ոչ ոք չի կարող պատկերացնել Տիրոջ ցավի մեծությունն ու ուժգնությունը, երբ Նա մեծ Քավությունն էր իրագործում: Ես կասկածում եմ, որ Ջոզեֆ Սմիթը այդ ժամանակ լիարժեքորեն զգացել է Տիրոջ տառապանքը, թեպետ Մարգարեն հետագայում ավելի խորը գնահատանք և հասկացողություն ձեռք բերեց իր իսկ փորձություններից և չարչարանքներից: Մտածեք այն հրահանգի մասին, երբ Հիսուսը խորհուրդ տվեց ու սփոփեց Ջոզեֆին Լիբերթի բանտում անցկացրած մութ ժամերին: Այդ ժամանակ Տերը պարզապես ասաց. «Մարդու Որդին իջել է այդ ամենից ցած: Մի՞թե դու ավելի մեծ ես, քան նա»: (ՎևՈւ 122.8):
Ջոզեֆին հղված այս հարցը նաև ուղղված է մեզանից յուրաքանչյուրին, որ գտնվում է անձնական և առանձնահատուկ մաքառումների և դժվարությունների մեջ: Մեզանից ոչ ոք երբեք չպետք է կասկածի, թե որն է ճիշտ պատասխանը:
Իրոք սթափեցնող է այն, որ ինչ Հիսուսը տարավ, Նա կրեց ոչ թե որովհետև Նա չէր կարող խուսափել դրանից, այլ որովհետև Նա սիրում է մեզ: Հիսուսը նաև խորապես և հավատարմորեն սիրում և պատվում է Իր Հորն այնպես, ինչպես մենք միայն կարող ենք պատկերացնել: Եթե ի պատասխան մենք ուզում ենք պատվել և սիրել Փրկչին, ապա երբեք չպետք է մոռանանք, որ Նա այդ ամենը կատարեց մեզ համար, որ մենք չտառապենք այնքան, որքան արդարությունը կպահանջի մեզանից:
Խարազանվելը, զրկանքների մատնվելը, ծեծվելը և աներևակայելի ճնշվածությունն ու տառապանքը ստիպեցին, որ Նա ապրի տանջանքներով լի հոգևարք, որին ոչ ոք չէր կարող դիմանալ առանց Նրա զորությունների և Նրա վճռականությանը՝ շարունակելու սկսածը և տոկալու այն ամենը, ինչը հարկավոր էր կատարել:
Քավության համապարփակությունը
Երբ խորհում ենք Քավության համապարփակության և մեր մեղքերի համար տառապելու Քավիչի պատրաստակամության մասին, մենք պետք է երախտագիտությամբ ընդունենք, որ քավիչ զոհաբերությունը նաև իր մեջ շատ ավելին է ընդգրկում: Խորհեք Քավությունն իրականցվելուց գրեթե մեկ դար առաջ Գեդեոնի հավատարիմ ժողովրդին ուղղված Ալմայի խոսքերի շուրջ.
«Եվ [Հիսուսը] պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի. և այս՝ որպեսզի խոսքը կարողանա իրագործվել, որն ասում է. նա վեր կառնի իր վրա իր ժողովրդի ցավերն ու հիվանդությունները:
Եվ նա վեր կառնի իր վրա մահ, որ նա կարողանա արձակել մահվան կապանքները, որոնք կապում են իր ժողովրդին. և նա իր վրա վեր կառնի նրանց թուլությունները, որպեսզի նրա սիրտը լցվի ողորմությամբ՝ համաձայն մարմնի, որպեսզի նա կարողանա իմանալ, համաձայն մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին ըստ նրանց թուլությունների:
Արդ, Հոգին գիտի բոլոր բաները. այնուամենայնիվ, Աստծո Որդին տառապում է ըստ մարմնի, որպեսզի նա կարողանա վեր առնել իր վրա իր ժողովրդի մեղքերը, որ նա կարողանա ջնջել նրանց օրինազանցությունները համաձայն իր ազատման զորությանը. և այժմ, ահա այս է վկայությունը, որն իմ մեջ է» (Ալմա 7.11–13):
Մտածեք, թե որքան լիարժեք և արդյունավետ բալասան է սա մեր ցավերի, չարչարանքների, գայթակղությունների, հիվանդությունների, մեղքերի, հիասթափությունների և զանցանքների համար: Կարո՞ղ եք պատկերացնել Հիսուսի Քավությանը փոխարինող մեկ այլ բան: Ապա դրան ավելացրեք անզուգական Հարությունը, և մենք սկսում ենք այնքան խորը հասկանալ, որ ուզում ենք երգել. «Հիսուսի մեծ սիրուց ես մնում եմ զարմացած»:5
Ի՞նչ է Քավությունը նշանակում ձեզ և ինձ համար: Դա ամեն ինչ է: Ինչպես Հակոբն է բացատրել, մենք կարող ենք «հաշտվել [Հոր] հետ, նրա Միածին Որդու՝ Քրիստոսի քավությամբ» (Հակոբ 4.11):Սա նշանակում է, որ մենք կարող ենք ապաշխարել, լիովին ներդաշնակ լինել Նրա հետ և ընդունվել Նրա կողմից, և խույս տալ սխալներից կամ անհասկացողությունից, որն «ուրանում է Քրիստոսի ողորմությունները, և անարգում նրա քավությունն ու փրկագնելու նրա զորությունը» (Մորոնի 8.20):
Մենք պատվում և հարգում ենք Փրկչի Քավությունը՝ հետևելով Հելամանի խորհրդին, որը նույնքան տեղին է այսօր, որքան Տիրոջ երկրային ծառայությանն անմիջապես հաջորդող տարիներին. «Օ՜հ, հիշե՛ք, հիշե՛ք, ի՛մ որդիներ … որ չկա ուրիշ ճանապարհ կամ միջոց, որով մարդ կարողանա փրկվել, միայն քավող արյամբ Հիսուս Քրիստոսի, որը պիտի գա. այո, հիշե՛ք, որ նա գալիս է՝ փրկագնելու աշխարհը» (Հելաման 5.9):
Նրա Քավությունն իսկապես ընդգրկում է աշխարհը և ողջ մարդկությունը՝ սկզբից մինչև վերջ: Սակայն եկեք չմոռանանք, որ իր համապարփակությամբ և լիարժեքությամբ այն նաև խիստ անձնական է և առանձնահատուկ կերպով ուղղված է կատարելապես համապատասխանելու մեր անհատական հանգամանքներին: Հայրը և Որդին մեզանից յուրաքանչյուրին գիտեն ավելի լավ, քան մենք գիտենք ինքներս մեզ, և այնպիսի Քավություն են պատրաստել մեզ համար, որը լիովին համապատասխանում է մեր կարիքներին, դժվարություններին և հնարավորություններին:
Փառք Աստծուն Իր Որդու պարգևի համար, և Փառք Փրկչին Իր Քավության համար: Այն ճշմարիտ է, գործում է և մեզ կառաջնորդի այնտեղ, ուր մենք ցանկանում ենք գնալ և պետք է լինենք: