2009
Վառել հույսի լույսը
April 2009


Վառել հույսի լույսը

Բրազիլիայի հազարավոր Վերջին Օրերի Սրբերի համար Կրթության մշտական ֆոնդը կյանք փոխող օրհնություն է:

Երբ Դիլսոն Մեյսել դե Կաստրո Կրտ.-ը կորցրեց իր աշխատանքը Սան Պաոլոյում, նա և նրա կինը տեղափոխվեցին Ռեսայֆ՝ մի մեծ նավահանգստային քաղաք Բրազիլիայի հարավարևելյան մասում, որպեսզի ապրեին նրա ծնողների հետ: Չնայած հեռուստահաղորդակցության բնագավառում Դիլսոնի ունեցած փորձին, միակ աշխատանքը, որ նա կարողանում էր Ռեսայֆում գտնել, մի շարք պատահական աշխատանքներ էին:

«Կյանքը շատ դժվար էր մեզ համար այդ ժամանակ»,- վերհիշում է Դիլսոնը: Նրանց խնդիրները վատթարացան, երբ ջրհեղեղի ժամանակ զույգը կորցրեց այն ամենը, ինչ ուներ:

Այդ խղճուկ վիճակում Դիլսոնը, որը ծառայել էր Բրազիլիայի Սան Պաոլոյի Հարավային Միսիայում, հանդիպեց Երեց Գուտենբերգ Ամորիմի, Տարածաշրջանի Յոթանասունականի և կրոնի ինստիտուտի տնօրենի հետ, զրուցելու կարիերայի և կրթության հնարավորությունների մասին: Երբ Դիլսոնը քննարկեց իր հետաքրքրությունները, նա ստացավ հոգևոր հուշում, որ պետք է սովորեր բժշկություն: Ի շնորհիվ Եկեղեցու այդ ժամանակ նոր գործող Կրթության մշտական ֆոնդի (ԿՄՖ), 2003 թվականին Դիլսոնը այդ հուշումը դարձրեց մասնագիտություն, անցնելով 18-ամսյա բժշկական դասընթաց:

«Առանց ֆոնդի ինձ համար անհնարին կլիներ անցնել այդ դասընթացները, որոնց կարիքն ունեի», - ասում է Դիլսոնը, որն աշխատում է Ռեսայֆի պետական հիվանդանոցում: Նմանապես նրա կինը՝ Ալեքսանդրան չէր կարողանա ստանալ դպրոցի ուսուցչի կրթություն ստանալու համար անհրաժեշտ վարկ:

«Վեց տարի առաջ մենք գործազուրկներ էինք»,- ասաց Դիլսոնը: «ԿՄՖ-ն կարևոր էր բոլոր այն բաների համար, որոնք մենք կարողացանք իրականացնել: Այն փոխեց մեր կյանքը»:

Պատասխան Տիրոջից

Երբ Բրազիլիայի Եկեղեցու անդամները նկարագրում են Կրթության մշտական ֆոնդը, նրանք չեն կարողանում չօգտագորել գերադրական աստիճան՝ ամենահրաշալի, ամենաոգեշնչված, ամենասքանչելի: Դա այն պատճառով է, որ ֆոնդն իրականացնում է այն, ինչ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008) էր կանխագուշակել. «Այն կդառնա մի օրհնություն բոլոր նրանց համար, ում կյանքին այն կառնչվի՝ երիտասարդ տղամարդկանց և կանանց, նրանց ապագա ընտանիքներին, Եկեղեցուն, որը կօրհնվի նրանց տեղական ամուր ղեկավարությամբ» և այն կբարձրացնի «հազարավորների աղքատության ճահճից՝ դեպի գիտության լույսն ու դեպի բարգավաճում»:1

Երբ Նախագահ Հինքլին հայտարարեց ծրագրի մասին, Եկեղեցու առաջնորդները՝ ինչպես օրինակ Պաուլո Ռ. Գրահլը՝ Բրազիլիայի տարածաշրջանի կրոնի սեմինարիաների և ինստիտուտների տնօրենը, մաքառում էին Բրազիլիայի Վերջին Օրերի Սրբերի, հատկապես, վերադարձած երիտասարդ միսիոներների կրթության և աշխատանքի հետ կապված մտահոգությունների հետ:

«Բայց մենք պատասխան չունեինք, մինչև Տերը հայտնեց Նախագահ Հինքլիին, որ մենք պետք է հիմնադրենք այս հրաշալի ֆոնդը»,- ասաց Եղբայր Գրահլը: «Նախկինում մեր երիտասարդներից շատերը վերադառնում էին իրենց միսիայից՝ չունենալով կրթություն և մասնագիտություն ձեռք բերելու հնարավորություն: Այժմ նրանք գիտեն, որ երբ վերադառնան, եթե կարիքը լինի, գոյություն ունի ֆոնդը: Այն մեծ օրհնություն է և օգնություն երիտասարդների համար: Այն հույս է տալիս»:

Մոտավորապես 10,000 Վերջին Օրերի Սրբեր Բրազիլիայում ներկայումս վստահում են ԿՄՖ-ի վարկերին՝ իրենց կրթությունը և նաև իրենց աշխատանքային հեռանկարներն ընդարձակելու համար: Բրազիլիան ուժեղ տնտեսություն ունի և հնարավորությունները մեծանում են կրթվածների համար՝հատկապես, երբ կրթությունը զուգորդվում է այնպիսի հատկանիշներով, որոնք երիտասարդները ձեռք են բերում միսիոներական դաշտում:

Բացել դռներ

Երեց Պեդրո Փենհան, որը Տարածքային Յոթանասունական է և Ռեսայֆի Հյուսիսային մասի Կրոնի Ինստիտուտի տնօրենը, ասում է, որ վերադարձած միսիոներներն օժտված են այն հատկանիշներով, որոնք կամենում են գործատուները: «Աշխատանքային հնարավորությունների համար արագ դռներ են բացվում, նրանց փորձառության, սովորելու սովորույթների, արտաքինի և մաքուր վարքի շնորհիվ»,- ասում է նա: «Նրանք արագ են առաջ գնում և նրանց վարքը մարդկանց գրավում է դեպի Եկեղեցի»:

2002 թվականին իր ծառայությունն ավարտելով Բրազիլիայի Սան Պաոլոյի Հյուսիսային մասի Միսիայում, Ռիկարդո Աուրելիո դա Սիլվա Ֆիուսան օգտագործեց ԿՄՖ-ի վարկը բիզնեսի կառավարման 4-ամյա դասընթացում գիտական աստիճան ձեռք բերելու համար:

«Ֆոնդն օգնել է ինձ աճել, պատրաստվել աշխատանքի, ամուսնության և Եկեղեցում ավելի լավ ծառայելու համար»,- ասում է Ռիկարդոն: ԿՄՖ-ի շատ ստացողների պես, նրան աշխատանք առաջարկվեց, նախքան նույնիսկ իր գիտական աստիճանի պաշտապանության ավարտը: «Ֆոնդն օրհնություն է եղել իմ կյանքում: Ես երախտապարտ եմ իմ վարկի դիմաց ամենամսյա վճարումներ կատարելու համար, որպեսզի ուրիշ մարդիկ էլ կարողանան օգտագործել ֆոնդը»:

Իր միսիայի ժամանակ Ռիկարդոն սովորեց խոսել մարդկանց հետ, շատ սովորել և հնազանդվել: Այդ հատկանիշները նրան դարձրեցին լավ ուսանող և աշխատող:

«Իմ շատ դասախոսներ ասում էին, որ իմ մեջ ինչ որ տարբեր մի բան կա, որը նրանք չէին կարողանում բացատրել»,- ասում է Ռիկարդոն, որն աշխատում է Ռեսայֆի հարավում գտնվող Սուապեյի նավահանգստի մի ընկերության նյութա-տեխնիկական սպասարկման բաժնում: «Ես նրանց ասացի, որ դա իմ կրոնական սկզբունքների պատճառով էր»: Այդ պատասխանը իր դասախոսների և ուրիշների հետ Եկեղեցու մասին խոսելու հնարավորություններ ընձեռեց Ռիկարդոյին::

Մաուրիկիո Ա. Արաուջոն, բրազիլացի առաջին վերադարձած միսիոներներից մեկը, որն օրհնվեց ԿՄՖ-ի կողմից, ավելացրեց. «Իմ կարիերայի աճի շնորհիվ ես ավելի շատ հնարավորություններ ունեմ իմ օրինակով ազդելու մարդկանց վրա: Երբեմն մարդիկ ասում են ինձ. «Դեհ, դու տարբեր ես: Դու հավատարիմ ես քո կնոջը: Դու քայլում ես համաձայն նրա, ինչ խոսում ես:Օգտվելով ԿՄՖ-ի հնարավորությունից և անելով մեր բաժինը, մենք ստանում ենք օրհնություններ և օրհնում ենք ուրիշներին»:

Մաուրիկիոն, որը ծառայել է 1990-ականների վերջում Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյի Միսիայում, ԿՄՖ-ի կողմից ֆինանսավորվող հաճախորդների հետ կապերի կառավարման ծրագիրն ավարտելուց հետո, ունեցել է մի շարք առաջխաղացումներ ՝ վաճառողից դառնալով թիմի ղեկավար, հետո կառավարումից անցնելով Սան Պաոլոյի ժամանակի կառավարման միջազգային ուսուցման ընկերության տնօրենների խորհուրդ:

«Կրթության մշտական ֆոնդը ոգեշնչված է Աստծո կողմից»,- ասում է նա: «Ֆոնդն այն բանալին է, որի կարիքն ունեի կրթությունս լրացնելու և իմ կարիերայում առաջ գնալու համար»:

Լավ ներդրում

Չնայած Սալոմեո Նետոն Վերջին Օրերի Սուրբ չէ, նա ճիշտ նույն ձևով օրհնված է զգում Կրթության մշտական ֆոնդից: «Սա մեծ գործ է ձեր եկեղեցու կողմից»,- ասում է նա, խոսելով Բրազիլիայի բազմաթիվ գործատուների անունից:

Պր. Նետոն՝ Սան Պաոլոյում առևտրի ավտոմատ մեքենաների մեծ ընկերության տնօրեն և փայատեր, ունի երախտապարտ լինելու պատճառ: Նա այնքան մեծ տպավորություն էր ստացել Եկեղեցու անդամ Սիլվիա Օ.Հ.Փարրայի մասնագիտական որակավորումից, որը գիտական աստիճան էր ստացել բիզնեսի կառավարման բնագավառում ԿՄՖ-ի վարկի օգնությամբ, որ նա վարձեց նրան որպես գործադիր քարտուղար:

«Մենք հավանում ենք նրա կատարած աշխատանքը: Նա աշխատասեր է և որակյալ: Մենք հավատում ենք և վստահում նրան»,- ասում է Պր.Նետոն: «Նրա համար ձեր եկեղեցու կատարած ներդրումը իրեն արդարացրեց՝ և ձեզ համար, և իր համար և մեզ համար»:

Երախտապարտ լինելով Կրթության Մշտական Ֆոնդի և Եկեղեցու անդամակցության համար, Սիլվիան ուսուցանում է անգլերեն դասեր Սենտ Պաոլոյի իր ծխում՝ ինչպես անդամներին այնպես էլ ոչ անդամներին: «Քանի որ ես ստացել եմ,- ասում է նա,-ես էլ եմ ուզում տալ»:

Ինչպես ցույց է տալիս Սիլվիայի հաջողությունը, երիտասարդ տղամարդիկ միակը չեն, որ Բրազիլիայում օգտվում են Կրթության Մշտական Ֆոնդի հնարավորությունից: Տնտեսական պատճառներով շատ Վերջին Օրերի Սուրբ կանայք Բրազիլիայում ևս ստիպված են աշխատանք որոնել:

«Բրազիլիայում կանանց մեծամասնությունը այն պատճառով չի աշխատում, որովհետև ուզում է գնել նոր ավտոմեքենա կամ թանկարժեք հագուստներ, այլ ավելի շուտ կարիքից ելնելով»,- ասում է Լորիվալ Վիանա դե Ագուիրրան, Եկեղեցու աշխատանքային ռեսուրսների կենտրոնի տնօրենը Կուրիտիբայում, հարավային Բրազիլիա: «Նրանք կամենում են, որ իրենց ընտանիքներն ավելի լավ սնվեն և իրենց երեխաներն ունենան պատշաճ հագուստներ և որակյալ կրթություն»:

Ավելի մեծ երջանկություն, ավելի ամուր վկայություններ

Քեյթ դե Լիմա Ա. Ահմեդը և Վիվիանա Տորրես Նոգուերան պայքարում էիմ ծայրը ծայրին հասցնելու համար, չնայած նրանց ամուսինները տքնաջան աշխատում էին իրենց ընտանիքների համար: Երկուսի համար էլ ԿՄՖ-ն մեծ օրհնություն էր:

Քեյթի ընտանիքի ավելի քիչ ակտիվ անդամները կասկածներ հայտնեցին, երբ նա գրանցվեց անվտանգության տեխնիկայի 18-ամսյա ծրագրին: Բայց նա իր ուսման մեջ փայլուն հաջողության հասավ և նրան 2007 թվականին ամբողջ դրույքով պաշտոն առաջարկեցին իր բնագավառում:

«Ֆոնդն արեց ավելին, քան միայն օգնելով ուսուցում և աշխատանք գտնել, այն նաև օգնեց ինձ ավելի լավ զգալ և ավելի վստահել իմ ունակություններին», - ասում է Քեյթը՝ Կուրիտիբային մոտ գտնվող Սան Հոսե դոս Փինհայսում մի ընկերության անվտանգության ստուգումները, ուսուցումը և իրագորկիրառումը ղեկավարելու համար վարձված առաջին կանանցից մեկը: «Այս ոգեշնչված ծրագիրը մեր ընտանիք բերեց ավելի մեծ երջանկություն և ավելի ուժեղ վկայություններ»,- ասում է նա:

Քեյթի ծնողները, քույրերն ու եղբայրները, ցարմացած նրա կատարածից և վճռականությունից և թե ինչպես է ԿՄՖ-ն օրհնել նրա ընտանիքը, վերադարձել են Եկեղեցում ակտիվ գործունեության: «Նրանց հիշեցվեց, որ Եկեղեցին բարձրացնում է մարդկանց և օգնում նրանց աճել բազմաթիվ ուղիներով՝ ոչ միայն հոգեպես, այլ նաև բոլոր կարևոր ուղիներով, որոնք կյանքը դարձնում են լիարժեք», - ասում է նա:

Վիվիանան և նրա ամուսինը՝ Ռաֆայելը, Կոլումբիայից 2002 թվականին տեղափոխվեցին Մանաուս ՝ մի կարևոր արդյունաբերական կենտրոն հյուսիսային Բրազիլիայում, որոնելով տնտեսական հնարավորություններ: «Աղոթքը, ընտանեկան խորհուրդները, քահանայության ղեկավարների առաջնորդությունը և կարիերայի վերաբերյալ գործնական պարապմունքներն օգնեցին մեզ իմանալ, թե ինչ էր մեր Երկնային Հայրը կամենում մեզ համար, և օգնեցին ընդունել ճիշտ որոշում ճիշտ ժամանակին»,- ասում է Վիվիանան, որը զգացել էր ԿՄՖ-ի վարկը միջազգային բիզնես սովորելու համար օգտագործելու հուշումը:

2007 թվականին Վիվիանան գնացել էր աշխատելու Մանաուսում որպես սուպերմարկետի ներկրումների վերահսկիչ: Նրա ընտանիքը կարիք ուներ լրացուցիչ եկամուտի, բայց սպասվող մանկիկի պատճառով, նա ստիպված էր թողնել աշխատանքը: Այդ երեխայից մի քանի ամիս անց, ծնվեց զույգերի չորրորդ երեխան, Վիվիանային առաջարկեցին մեկ այլ ընկերության միջազգային առևտրի տնօրենի պաշտոնը: Մինչև այդ նա սովորել էր խոսել պորտուգալերեն և նրա մայրենի իսպաներեն լեզուն նրան անփոխարինելի էին դարձնում Բրազիլիայի իսպանախոս հարևանների հետ գործարարություն անելու համար:

«Երբ ինձ առաջարկվեց այդ աշխատանքը, ես ասացի. «Ես չորս երեխա ունեմ: Ես չեմ կարող հանձն առնել աշխատել առավոտյան 8:00-ից մինչև երեկոյան 6:00»,- ասում է Վիվիանան: «Ղեկավարս ասաց որ նա մեծ վստահություն ունի իմ ունակությունների հանդեպ, ասելով. «Ինձ անհրաժեշտ է մեկը, որին ես կարող եմ վստահել: Աշխատիր տանը:Դա ինձ զարմացրեց»:

Օգտագործելով ինտերնետը և համակարգիչը, Վիվիանան աշխատում է տանը, մինչ նրա մեծ երեխաները դպրոց են հաճախում և նրա մանկիկը քնում է: Նա միայն դեպքից դեպք է ստիպված լինում գնալ գրասենյակ:

Ռաֆայելը ընտանիքի օրհնությունները չի վերագրում զուգադիպությանը: «Օրհնությունները, որոնք մենք ստացել ենք եկել են մի շարք աղոթքով որոշումներից և գործողություններից հետո, որոնք հնարավոր են դարձել այն միջոցների շնորհիվ, որոնք ապահովել է Եկեղեցին»,- ասում է նա:

Հույսի լույսը

Գիլմար Դիաս դա Սիլվան՝ ԿՄՖ-ի տնօրենը Բրազիլիայում, ասում է, որ որոշ բրազիլացի Վերջին Օրերի Սրբեր իրենց կրթությունն ավարտելուց հետո դիմակայում են մարտահրավերների աշխատանք գտնելիս, «բայց մեր ԿՄՖ-ի մասնակիցների մեծ մասը առաջադիմում են իրենց աշխատանքներում և բարելավում իրենց կյանքը: Ֆոնդն այստեղ մեծ հաջողություն ունի»:

Այդ հաջողությունը Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի խոսքերով «վառել է հույսի լույս նրանց աչքերում, ովքեր զգում էին, որ միջակության են դատապարտված, բայց այժմ ավելի պայծառ ապագայի հնարավորություն ունեն:2

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. Գորդոն Բ. Հինքլի «Կրթության մշտական ֆոնդ, Լիահոնա, հուլիս 2001, 62; Ensign, մայիս 2001, 52, «Անհրաժեշտություն ավելի մեծ բարության համար» Լիահոնա և Ensign, մայիս 2006, 61:

  2. Թոմաս Ս. Մոնսոն, «Նրանք հետևելու համար ուղի նշեցին » “They Marked the Path to Follow,” Լիահոնա, հոկտ. 2007, 6, Ensign, Oct. 2007, 8:

Լուսանկարները՝ Մայքլ Ռ. Մորրիսի

ԿՄՖ-ի նշանաբանը՝ Բեթ Մ. Ուիթիկերի

Կրթության մշտական ֆոնդի օգնությամբ Դիլսոն Մակիել դե Կաստրո Կրտ.-ը իր ոգևոր հուշումը դարձրեց մանագիտություն՝ դառնալով բուժակ Ռեսայֆում, Բրազիլիա: Ներքևում՝ Օլինդա գաղութային քաղաքից բացվող Ռեսայֆի մի տեսարան:

Վերևից՝ Խանութի ցուցափեղկեր Լարգո դա Օրդեմում՝ Կուրիտիբայի պատմական կենտրոնում: Կրթության մշտական ֆոնդը բանալի էր Ռիկարդո Աուրելիո դա Սիլվա Ֆիուսայի կրթական և մասնագիտական առաջընթացի համար, Մաուրիցիո Ա. Արաուջոն, պատկերված է գործարարական ժողով վարելիս Վերջին Օրերի Սրբեր Ռենատո Ա. Ռոմերոյի (ձախից)և Ջոաո Բ. Մորեիրայի (կենտրոնում), և Սիլվիա Օ. Հ. Փարրայի հետ, նկարված Ադան Թոլմանի՝ կրոնի սեմինարիաների և ինստիտուտների տարածքային քարտուղարի հետ:

Վերևում՝ Քեյթ դե Լիմա Ա. Ահմեդը քննարկում է անվտանգության հարցեր Լորիվալ Վիանա դե Ագուիրրայի՝ Եկեղեցու աշխատանքային ռեսուրսների Կուրիտիբայի կենտրոնի տնօրենի հետ: Ներքևում՝ Վիվիանա Տորրես Նոգուերան աշխատում է իր տանը Մանուասում: Ներդիր՝ Վիվիանան իր ամուսնու՝ Ռաֆայելի և իրենց երեխաների հետ: