Բարի Հովվի ձայնը
Իմ 70 տարիների մեծ մասը լինելով ագարակատեր Մոնտանայում, ես անչափ բարձր եմ գնահատում Հովհաննես Ժ.1–18-ում տրված բարի հովվի առակը: Հետևյալ դեպքերը հատկապես ազդեցիկ ձևով են ներկայացնում այդ առակը կյանքում:
Աստվածաշնչյան ժամանակներում յուրաքանչյուր հովիվ իր անձնական հոտն առանձնացնում էր համատեղ հավաքված մյուս հոտերից գիշերելու նպատակով (տես հ. 3–4): Երբ տեղափոխում եմ իմ ոչխարներին, ես էլ պարզապես կանչում եմ, և նրանք լսում են:
Տարիներ առաջ, իմ 96-ամյա հարևանը՝ Էլիսը, որը նույնպես ոչխար էր պահում, ոչխարների ծնելիության շրջանում հիվանդացավ, և ես առաջարկեցի նրան, որպեսզի գիշերը գառներին խնամեմ: Երբ առաջին գիշերը մտա նրա փարախի գառների մասը «գործս կատարելու», Էլիսի մոտ 100 գառնուկները գիշերվա խաղաղ քուն էի մտել: Սակայն երբ ես հայտնվեցի, նրանք անմիջապես զգացին, որ օտար մարդ կա իրենց մեջ: Վախվորած, նրանք միանգամից ապահովություն փնտրեցին հեռավոր անկյուն քաշվելով (տես հ. 5):
Դա անընդհատ կրկնվում էր մի քանի գիշեր: Կարևոր չէր, թե որքան անձայն էի ես ներս մտնում, ոչխարները խռտնում էին և փախչում: Նորածին գառնուկներին կերակրելիս ես քնքշորեն էի խոսում նրանց հետ: Հինգերորդ գիշերը նրանք այլևս չխառնվեցին, երբ նրանց մեջ գործս էի կատարում: Նրանք ճանաչում էին իմ ձայնը և վստահում էին ինձ:
Ավելի ուշ ես ասացի Էլիսին, որ շշով կկերակրեմ իր բազմաթիվ որբուկ գառներին: (Որբուկ համարվում է այն գառը, որի մայրը սատկել է կամ բավականաչափ կաթ չի տալիս:) Էլիսի նման ես կանչեցի գառնուկներին. «Եկեք, Բաբա»: Եկեք, Բաբա»: Ես սպասում էի, որ քաղցած գառուկները միմյանց կոխկրտելով կվազեն դեպի ինձ, ինչպես նրան էին արձագանքում: Սակայն ոչ մեկը նույնիսկ չնայեց իմ կողմը: Այնուհետև Էլիսը դուրս եկավ իր խոհանոցից և կանչեց: Լսելով նրա ձայնը, նրանք անհամբեր վազեցին դեպի նա, պահանջելով իրենց կաթը:
Ապշած Էլիսը և ես փորձ կատարեցինք: Կանգնելով իմ փարախում, Էլիսը կրկնօրինակեց իմ ձայնը. «Ինձ մոտ եկեք, գառնուկնե՜ր: Ինձ մոտ եկեք, գառնուկնե՜ր», ոչ մի արձագանք: Իսկ երբ ես կանչեցի նույն խոսքերով, ոչխարներն արագ շուրջս հավաքվեցին: Թեպետ խոսքերը, որ մենք օգտագործում էինք ոչխարներին հավաքելու համար, նույնն էին, մեր անծանոթ ձայները ուշադրության չէին արժանանում: Ոչխարները հավատարմորեն լսում են միայն իրենց իսկական հովվին (տես հ. 4):
Հովհաննես Ժ միմյանցից տարբերակում է հովվին վարձու հովվին: Հովիվը, երբ ոչխարներն իրենն են, սիրով մտահոգվում է նրանց ապահովության համար: Իսկ վարձու հովիվը միայն «վարձկան» է և «հոգս չունի» (հ. 13): Այս առակը նաև սովորեցնում է, որ վարձկանը վտանգի պահին թողում է ոչխարները և փախչում (տես հ. 12), իսկ հովիվը իր անձը դնում է իր ոչխարների համար (տես հ. 11): Սա է իրոք բնորոշ մեր Բարի Հովվին՝ մեր Փրկչին, Հիսուս Քրիստոսին, որը սիրով տվեց Իր կյանքը մեզ համար (տես հհ. 15, 17–18):
Այս փորձերն ինձ համար հաստատեցին այդ առակի կարևորագույն պատգամներից մեկը՝ եթե ձգտենք անհատապես ճանաչել մեր Բարի Հովվին և պատրաստակամորեն ընդունել Նրա ձայնը, ապա սխալմամբ չենք հետևի վարձկան հովվին: Հավատարմորեն ականջ դնելով մեր Բարի Հովվի ձայնին, և ուրիշ ոչ ոքի, մենք կառաջնորդվենք դեպի հավերժական ապահովություն: