Քայլելով հավելյալ մղոն
Երբեմն մի փոքր ջանք գործադրելը առաջացնում է մեծ բաներ:
Երբ Սթեյն Արթուր Անդերսենը մոտ 15 տարեկան էր, նա ակտիվ չէր Եկեղեցում: Ոչ էլ նրա ընտանիքն էր ակտիվ: Նրանք մի քանի անգամ տեղափոխվել էին Նորվեգիայի տարբեր շրջաններ: Այս անգամ նրանք ապրում էին Սթավանգերում: Այն չորրորդ ամենամեծ քաղաքն է երկրում և գտնվում է հարավարևմտյան ափին: Սթեյնը եղել էր Սթավանգերի Եկեղեցում մի քանի անգամ և հանդիպել էր այդ տարածքի Վերջին Օրերի Սրբերի մի քանի այլ երիտասարդների: Մի երիտասարդ Սթեյնի վրա հատկապես ուժեղ տպավորություն թողեց: Նրա անունն էր Թոր Լասսե Բյերգա:
Դա Եկեղեցի կատարած այն ոչ հաճախակի այցելություններից մեկի ընթացքում էր, երբ Սթեյնը հանդիպեց Թոր Լասսեին: «Նա մի քանի տարի ինձանից մեծ էր և իսկապես մեծ տպավորություն թողեց ինձ վրա»,- ասում է Սթեյնը: «Ես լավ էի զգում, երբ նրա հետ էի լինում և մտածում էի, որ նա հրաշալի տղա էր»: Եթե Սթեյնը Թոր Լասսեից լավ տպավորություն ստացած չլիներ, նա երևի չկամենար լսել նրան, երբ Թոր Լասսեն Սթեյնի տուն եկավ հատուկ հրավերով:
Այդ հրավերը եկավ 1970-ականների կեսերին, երբ սեմինարիայի ծրագիրը ներկայացվեց Նորվեգիայում և Թոր Լասսեն կանչվեց որպես սեմինարիայի առաջին ուսուցիչ: Այդ ժամանակ ընդամենը 18 տարեկան լինելով, Թոր Լասսեն մի քիչ լարված էր այդպիսի մեծ պատասխանատվություն իր վրա վերցնելու համար: «Ես բավականին շատ աղոթեցի այդ առթիվ»,- հիշում է նա: Մի բան, որ նա հաստատ գիտեր, այն էր, որ նա կամենում էր օգնել այդ տարածքի երիտասարդներին, որոնք ավելի քիչ ակտիվ էին: Թոր Լասսեն ասում է. «Ես անմիջապես զգացի, որ պետք է այցելության գնամ Սթեյն Արթուրին»:
«Ես հավանաբար ցուցակի անուններից մեկն էի», - ասում է Սթեյնը: Բայց Թոր Լասսեյի համար Սթեյնը շատ ավելին էր, քան ուղղակի մի անուն ցուցակում: Թոր Լասսեն հիշում էր Սթեյնի խելացիությունը և նրա հանգիստ ու վճռական բնավորությունը: Այսպիսով Թոր Լասսեն որոշեց անհատապես այցելել Սթեյնին՝ հրավիրելու նրան մասնակցել սեմինարիայի նոր ծրագրին:
Թոր Լասսեն նախօրոք զանգահարեց և խոսեց Սթեյնի ծնողների հետ՝ հավաստիանալու համար, որ նա տանը կլիներ այցելության պահին: Սթեյնի տուն հասնելու համար, Թոր Լասսեն պետք է ավտոբուս նստեր և 35 րոպե գնար գետանցին հասնելու համար: Ապա նա լաստանավով 45-րոպեանոց ուղևորություն պիտի կատարեր: Իսկ վերջում նա պետք է քայլեր 30 րոպե ևս: «Ես ողջ ժամանակ մտածում եմ այդ մասին»,- ասում է Սթեյնը: «Այն ինչ արեց Թոր Լասսեն, իսկապես հավելյալ մղոնը քայլելն էր»:
Երկու տղամարդիկ էլ դեռ լավ են հիշում այն ոգին, որ նրանք զգացին 35 տարի առաջ այդ հանդիպման ժամանակ: Երբ նրանք նստած էին ճաշասենյակում, Սթեյնի միտքը պտտվում էր բոլոր այն բաների շուրջ, որոնցում նա ներգրավված էր: «Ես խիստ զբաղված էի ֆուտբոլով, սքաութինգով, շեփոր էի նվագում և անում ամեն տեսակի այլ բաներ: Ես շատ էի զբաղված:
Թոր Լասսեն դիմեց ինձ, երբ խոսում էր սեմիանրիայի մասին, և ասաց. «Սթեյն Արթուր, չէի՞ր ցուցակագրվի սեմինարիայի ծրագրին և սկսեիր ուսումնասիրել սուրբ գրությունները մեզ հետ»: Ես նստած էի բուխարու մոտ և ես ասացի՝ այո: Ըստ ողջ տրամաբանական մտածողության, ես պետք է որ մերժեի նրան, որովհետև ես ժամանակ չունեի: Բայց ես ասացի՝ այո: Եվ ամեն ինչ սկսվեց դրանից:
«Ամեն ինչը» ներառում էր ամեն առավոտ վեր կենալը՝ տանը ինքնուրույն ուսումնասիրելու համար սուրբ գրությունները և իր սեմինարիայի դասերը: Ապա չորս կամ հինգ հոգուց բաղկացած փոքրիկ խումբն ամեն շաբաթ հանդիպում էր միմյանց: Աստիճանաբար ես սկսեցի զգալ Հոգին այն վաղ առավոտյան ժամերին, երբ ինքնուրույն կարդում էի և ես վեր էի կենում ամեն առավոտ»,- ասում է Սթեյնը: «Որոշ ժամանակ անց ես զգացի, որ օրն այն չէր լինում, ինչ կարող էր լինել, եթե ես առավոտյան չէի ուսումնասիրում սուրբ գրությունները: Եվ ես սկսեցի ձեռք բերել վկայություն առանց նույնիսկ իմանալու, որ ձեռք էի բերում այն:
Սթեյնը բացատրում է, որ «որոշ ժամանակ անց ես հասկացա, թե ինչ էին նշանակում այդ զգացումները»: Ես լավ էի զգում իմ սովորածի վերաբերյալ և զգում էի Հոգին: Ես զգացի, որ սա ճիշտ էր: Եվ ես գիտեի, որ սա մի բան էր, որի վրա ես կամենում էի կառուցել իմ կյանքը:
Բայց ինչո՞ւ Սթեյնն ասաց՝ այո, երբ նա այդքան զբաղված էր զգում: «Կարծում եմ Սուրբ Հոգու ազդեցությունը ներգործեց ինձ վրա»,- ասում է նա: «Ես ինչ որ ձևով պետք է որ նախապատրաստված լինեի: Այնպես որ, երբ Թոր Լասսեն եկավ հավատքով, նա անցավ հավելյալ մղոնը և ես պատրաստ էի ընդունել նրա հրավերը: Սա է Տիրոջ գործելու ուղին»:
Մոտավորապես մեկ տարի կամ մի քիչ անց, Թոր Լասսեն որոշեց միսիայի գնալ և կանչվեց ծառայելու Նորվեգիայում: Այդ ընթացքում Սթեյնը շարունակում էր ամրացնել ավետարանի իր սեփական վկայությունը: «Երբ Թորը վերադարձավ իր միսիայից, դա իսկապես ստիպեց ինձ ևս մտածել միսիայի մասին»,- ասում է Սթեյնը: «Ես եկա այն եզրակացության, որ պետք է գնամ, որովհետև ես ցանկանում էի ծառայել Տիրոջը, և մտածում էի, որ եթե չգնամ, ես երևի կզղջամ իմ մնացած ողջ կյանքում»:
Սթեյնը հիշում է, ինչպես քահանայության առաջնորդների հետ միսիայի գնալու մասին խոսելուց հետո տուն վերադառնալիսիրեն այնպես էր զգում, կարծես ոտքերը հազիվ էին գետնին դիպչում: Նախքան միսիայի գնալը (նույնպես Նորվեգիայում), Օսլոյում կազմակերպված երիտասարդական համաժողովի ժամանակ Սթեյնը հանդիպեց իր ապագա կնոջը՝ Հիլդեյին: Նրանք գրում էին միմյանց իր միսիայի ընթացքում և նրա տուն վերադառնալուց հետո, նրանք ամուսնացան: Այժմ նրանք չորս երեխա ունեն՝ երկու որդի, որոնք երկուսն էլ ամուսնացել են տաճարում, և երկու փոքրիկ դուստր, որոնք դեռ տանն են և ակտիվ են սեմինարիայում:
Այն երեկո, երբ Թոր Լասսեն եկավ մեր տուն, իմ ողջ կյանքը հիմնովին փոխվեց»,- ասում է Սթեյնը: Այդ այցելությունը սկիզբ դրեց այն ուղուն, որի վրա նա հանդիպեց իր կնոջը, ծառայեց միսիայում և հիմնեց ընտանիք, այդ բոլորն անելով՝ իր ոտքերն ամուր դրած ավետարանի հողի վրա: «Ես եղել եմ ճյուղի նախագահ, շրջանի նախագահ, եպիսկոպոս. և այդ ամենը ի շնորհիվ նրա, որ Թոր Լասսեն եկավ մեր տուն և ես սկսեցի սեմինարիայի ծրագիրը»: Այդ բոլորը տեղի ունեցավ այն պատճառով, որովհետև Թոր Լասսեն կամեցավ քայլել հավելյալ մղոն: