2013
Լավ կատարեք ձեր մասը
Հոկտեմբեր 2013


Լավ կատարեք ձեր մասը

Երիտասարդ չափահասների համար նախատեսված Եկեղեցու Կրթական համակարգի հավաքից, որը տրվել է Բրիգամ Յանգի Համալսարանում, Այդահո, մարտի 4, 2012թ.: Տեքստն անգլերենով ամբողջությամբ կարող եք գտնել lds.org/broadcasts/archive/ces-devotionals/2012/01?lang=eng:

Նկար
Երեց Քվենթին Լ. Քուք

Եղեք արդար: Կազմեք ընտանիք: Գտեք ապահովելու պատշաճ եղանակ: Ծառայեք ձեր կոչումներին համաձայն: Պատրաստվեք Աստծուն հանդիպելու համար:

Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյը (1873–1970) հաճախ է պատմել մի պատմություն, որը տեղի է ունեցել, մինչ նա Շոտլանդիայում ծառայող մի միսիոներ էր: Շատ կարճ ժամանակ միսիայում լինելուց և մոտակա Սթիրլինգ ամրոցի տեսարժան վայրերը մի քանի ժամ դիտելուց հետո նա սկսել էր կարոտել իրենց տունը: Երբ նա և նրա զուգընկերը վերադառնում էին ամրոցի այցելությունից, նրանք անցան մի շենքի մոտով, որտեղ դռան վերևի մասի քարին փորագրված էր մի մեջբերում, որը հաճախ վերագրվում է Շեքսպիրին, որտեղ ասվում է. «Ով էլ դու լինես, լավ կատարիր քո մասը»:

Հիշելով այս փորձառությունը՝ Նախագահ Մակքեյը բացատրել է. «Ես ասացի ինքս ինձ, կամ իմ ներսի Հոգուն. «Դու Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ ես: Դեռ ավելին, դու այստեղ ես որպես Տեր Հիսուս Քրիստոսի ներկայացուցիչ: Դու ընդունել ես պատասխանատվություն որպես Եկեղեցու ներկայացուցիչ»: Ապա ես մտածեցի [այն մասին], թե ինչ էինք մենք արել այդ օրը: Մենք դիտել էինք տեսարժան վայրերը. մենք, ճիշտ է, ձեռք էինք բերել պատմական ուսուցում և տեղեկատվություն, և դա ինձ մեծ հրճվանք էր պատճառել: … Այնուամենայնիվ, դա միսիոներական աշխատանք չէր: … Ես ընդունեցի ուղերձը, որ տրվել էր ինձ այդ քարի միջոցով, և այդ պահից սկսած մենք փորձեցինք անել մեր մասը՝ որպես Շոտլանդիայի միսիոներներ»:1

Այս ուղերձը շատ կարևոր էր և այնպիսի ազդեցություն ունեցավ նրա վրա, որ Նախագահ Մակքեյն օգտագործեց այն որպես ոգեշնչում իր կյանքի ողջ ընթացքում: Նա որոշեց, որ ինչ պարտականություն էլ որ նա ունենար, նա կաներ այն լավագույն ձևով:

Խուսափեք անազնվորեն գործելուց

Հաշվի առնելով հսկայական ներուժը, որ դուք՝ Եկեղեցու երիտասարդներդ, ունեք ձեր մեջ ի բարին գործադրելու համար, ի՞նչ մտահոգություն ես կարող եմ ունենալ ձեր ապագայի հետ կապված: Ի՞նչ խորհուրդ ես կարող եմ ձեզ տալ: Առաջինը, ձեզ կհարկադրեն անազնիվ վարվել, նույնիսկ դիմակ կրել, և դառնալ մեկը, ով իրականում չի ներկայացնում, թե ով եք դուք կամ ով եք ուզում լինել:

Եկեղեցու պատմության վաղ շրջանում Մարգարե Ջոզեֆը, Էմման և նրանց 11 ամսական զույգերը՝ Ջոզեֆը և Ջուլիան, Հայրոմում էին, Օհայո, Ջոն և Ալիս Ջոնսոնների տանը: Երկու երեխաներն էլ հիվանդացել էին կարմրուկով: Ջոզեֆը և նրա փոքրիկ տղան քնած էին դրսի դռան մոտ դրված անիվներով մահճակալի վրա:

Գիշերվա ընթացքում երեսները սև ներկած մարդկանց մի խումբ ներս խուժեց դռնից և դուրս քաշեց Մարգարեին, ապա նրանք ծեծեցին և ձյութով պատեցին նրան և Սիդնի Ռիգդոնին:

Այս իրադարձությունների ամենաողբերգական մասն այն էր, որ փոքրիկ Ջոզեֆը մրսել էր այդ գիշեր և ծանր հիվանդացել, մինչ նրա հորը քաշելով տարել էին: Արդյունքում նա մի քանի օր հետո մահացավ:2

Նրանք, ովքեր մասնակցել էին Մարգարեի և նրա եղբոր՝ Հայրումի նահատակությանը, նույնպես ներկել էին իրենց երեսները, որպեսզի թաքցնեին իրենց իրական իսկությունը:3

Մեր օրերում, երբ անհայտ մնալը շատ ավելի հեշտ է, քան երբևէ, կան կարևոր սկզբունքներ դիմակներ չկրելու և «հավատքին հավատարիմ [լինելու համար] … ինչի համար նահատակները մահացան»:4

Վատ ընտրություններ կատարելուց խուսափելու համար ձեր ամենամեծ պաշտպանություններից մեկը անհայտ մնալու համր ցանկացած դիմակ դնելուց հրաժարվելն է: Եթե դուք երբևէ զգաք, որ ուզում եք դա անել, խնդրում եմ, իմացեք, որ դա վտանգի լուրջ նշան է և հակառակորդի գործիքներից մեկը, որ ստիպի ձեզ անել մի բան, ինչը դուք չպետք է անեք:

Այսօր հաճախ ենք հանդիպում, երբ մեկը թաքցնում է իր ինքնությունը, երբ համացանցում գրում է վիրավորական, ծաղրական, ոչ խելամիտ բաներ: Ոմանք դա անվանում են սադրանք:

Պողոս Առաքյալը գրել է.

«Մի խաբուիք. չար ընկրակցութիւններն ապականում են բարի վարքերը:

Արթուն կացէք արդարութեամբ եւ մեղք մի գործէք. որովհետեւ մի քանիսն Աստուծոյ մասին տգէտ են» (Ա Կորնթացիս ԺԵ.33–34):

Պարզ է, որ չար ընկերակցությունները միայն վատ վարքագծի պատճառ չեն: Եթե գործածվում են Վերջին Օրերի Սրբերի կողմից, դրանք կարող են բացասական ազդեցություն ունենալ նրանց վրա, ովքեր գիտելիք չունեն Աստծո մասին կամ չունեն Փրկչի մասին վկայություն:

Համացանցի օգտագործումը, որն ուղղված է նսեմացնելու, ոչնչացնելու համաբը կամ վատ լույսով անձին ներակայցնելու, անընդունելի է: Մենք տեսնում ենք հասարակության մեջ, որ երբ մարդիկ կրում են անհայտ մնալու դիմակ, ավելի հավանական է, որ նրանք դրսևորեն նման վարքագիծ, որն այնքան կործանարար է քաղաքավարի քննախոսության համար: Այն նաև ոտնահարում է Փրկչի ուսուցանած հիմնական սկզբունքները:

Փրկիչը բացատրել է, որ Նա չի եկել աշխարհը դատելու համար, այլ աշխարհը փրկելու համար: Նա այնուհետև նկարագրել է, թե ինչ է նշանակում դատաստանը.

«Եւ սա է դատաստանը, որ լոյսն եկաւ աշխարհքը, եւ մարդիկ խաւարն աւելի սիրեցին քան թե լոյսը, որովհետեւ նորանց գործերը չար էին:

Որովհետեւ ամեն չար գործողը ատում է լոյսին, եւ չէ գալիս դէպի լոյսը, որ նորա գործերը չյանդիմանուին:

Իսկ ճշմարտութիւն գործողը գալիս է դէպի լոյսը, որ նորա գործերը յայտնուին, որ Աստուծով գործուեցան» (Հովհաննես Գ.19–21, տես նաև հատվածներ 17–18):

Արդարները կարիք չունեն դիմակներ կրելու, որ թաքցնեն իրենց իսկությունը:

Գործեք ձեր իրական համոզմունքների համաձայն

Դուք գործում եք ձեր իրական համոզմունքների համաձայն, ձեր ժամանակը ծախսելով այնպիսի բաների վրա, որոնք կամրացնեն և կզարգացնեն ձեր բնավորությունը և կօգնեն ձեզ դառնալ ավելի քրիստոսանման: Ես հուսով եմ, որ ձեզանից ոչ մեկը կյանքը չի տեսնում որպես պարզապես զվարճանք և խաղ, այլ որպես ժամանակ «նախապատրաստվելու՝ հանդիպելու Աստծուն» (Ալմա 34.32):

Ձեր մասը կատարելու և ժամանակը պատշաճորեն օգտագործելու հրաշալի օրինակ է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Լ. Թոմ Փերին, երբ որպես ծովային նա ներգրավված էր Ճապոնիան բռնագրավծ ԱՄՆ-ի ռազմական ուժերում Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ: Երեց Փերին կիսվել է այս պատմությամբ, երբ նա իր հատուկ վկայությունն է բերել Փրկչի մասին:

«Ես ծովահետևակայինների առաջին խմբերի կազմում էի, որոնք Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց հետո իջան Ճապոնիայի ափ: Գետնին հավասարեցված Նագասակի քաղաքը մտնելը իմ կյանքի ամենատխուր փորձառություններից էր: Քաղաքի մեծ մասը ամբողջովին ոչնչացված էր: Կային զոհվածներ, որոնց դեռ չէին թաղել: Որպես բռնագրավող ուժեր, մենք հենակետ հիմնեցինք և գործի անցանք:

Իրավիճակը շատ ճնշող էր և մեզանից մի քանիսը ցանկացան ավելին կատարել: Մենք գնացինք մեր զորագնդի հոգևորական սպասավորի մոտ և թույլտվություն խնդրեցինք վերականգնելու քրիստոնեական եկեղեցիները: Պատերազմի ընթացքում կառավարության կողմից մտցված սահմանափակումների պատճառով այդ եկեղեցիները գրեթե դադարել էին գործել: Մի քանի շենքեր մեծապես վնասվել էին: Մեզանից մի խումբ ցանկացավ կամավոր վերանորոգել և կրկին երեսապատել այդ եկեղեցիները հերթապահությունից ազատ ժամանակ, որպեսզի դրանք կրկին մատչելի լինեին քրիստոնեական ծառայությունների համար:

… Մենք գտանք եկեղեցական ծառայողների, որոնք պատերազմի տարիներին չէին կատարել իրենց ծառայությունները, և քաջալերեցինք նրանց, որ վերադառնան իրենց գործունեությանը: Վիթխարի փորձառություն էր աշխատել այդ մարդկանց հետ, երբ նրանք կրկին ազատ էին՝ գործադրելու իրենց քրիստոնեական հավատը:

Եկավ պահը, երբ մենք պետք է հեռանայինք Նագասակիից՝ տուն վերադառնալու նպատակով, որը ես միշտ կհիշեմ: Երբ բարձրանում էինք գնացք, որը պետք է հասցներ մեզ տունդարձի նավերին, մյուս զինծառայողները ծաղրում էին մեզ: Նրանց ընկերուհիները եկել էին իրենց ճանապարհելու: Նրանք ծիծաղում էին մեզ վրա՝ մատնանշելով, որ մենք չենք օգտվել Ճապոնիայում զվարճանալու հնարավորությունից: Այսինքն՝ մենք վատնել էինք մեր ժամանակը աշխատելու և պատեր սվաղելու վրա:

Այդ ժամանակ, երբ նրանք իրենց ծաղրի գագաթնակետին էին, կայարանի կողքին մի փոքր բարձրունքի վար հավաքվեցին մոտ 200 ճապոնացի բարի քրիստոնյաներ այն եկեղեցիներից, որոնք մենք վերանորոգել էինք, երգելով «Առաջ, Քրիստոսի զինվորներ»: Նրանք իջան ներքև և հեղեղեցին մեզ նվերներով: Ապա բոլորը շարվեցին երկաթգծի երկարությամբ, և երբ գնացքը սկսեց շարժվել, մենք ձգվում էինք, հասնելով և դիպչելով նրանց մատներին: Մենք չէինք կարողանում խոսել, մենք անչափ հուզված էինք: Բայց մենք երախտապարտ էինք, որ կարողացել էինք մի փոքր օգնել պատերազմից հետո քրիստոնեությունը այդ ժողովրդի մեջ վերահաստատելու գործին»:5

Խորհեք և հանգամանքներին ընդառաջ գնացող եղեք, երբ ընտրեք, թե ինչպես օգտագործեք ձեր ժամանակը: Ինչպես դուք կարող եք տեսնել Երեց Փերիի օրինակից, ես չեմ խոսում այն մասին, որ բոլորին ցուցադրենք մեր կրոնը կամ լինենք մակերեսայնորեն հավատարիմ: Դա կարող է ամոթալի լինել ձեզ համար և Եկեղեցու համար: Ես խոսում եմ այն մասին, որ դուք դառնաք այն, ինչ դուք պետք է լինեք:

Ունեցեք պատշաճ նպատակներ

Իմ երրորդ խորհուրդը վերաբերվում է որոշ նպատակներին, որոնց մասին դուք պետք է խորհեք: Մոտավորապես նույն ժամանակաշրջանում, երբ Երեց Փերին Ճապոնիայում էր ծովայինների հետ, Նախագահ Բոյդ Ք. Փաքերը՝ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահը, Երկրորդ Համաշխարհային պատերազմի վերջում ծառայում էր օդային ուժերում Ճապոնիայում:

2004թ. Նախագահ Փաքերի և ուրիշների հետ ես մեկնեցի Ճապոնիա: Նա հնարավորություն ունեցավ հետ դառնալ և անդրադառնալ որոշ փորձառություններին և որոշումներին, որոնք նա կայացրել էր այդ ժամանակ: Նրա թույլտվությամբ, ես կկիսվեմ նրա որոշ մտքերով և զգացմունքներով:

Նախագահ Փաքերը նկարագրեց փորձառություններ, որոնք տեղի էին ունեցել Օկինավա ծովեզրի կզղիներից մեկում: Նա սա համարում է անապատի իր լեռը: Նրա անձնական նախապատրաստությունը և այլ անդամների հետ հանդիպումը խորացրել էին նրա համոզմունքներն ավետարանի ուսմունքների մասին: Սակայն, նա դեռևս չուներ հաստատում՝ հաստատ գիտելիք այն բանի վերաբերյալ, ինչը նա արդեն իսկ զգացել էր, որ ճիշտ է:

Նախագահ Փաքերի կենսագիրը նկարագրել է, թե ինչ է պատահել. «Ի հակադրություն իր փնտրած խաղաղությանը, նա դեմ առ դեմ կանգնեց պատերազմի դժոխքի առաջ, որ մղվում էր անմեղների դեմ: Փնտրելով մենություն և խորհելու ժամանակ, մի օր նա սկսեց վեր մագլցել, որ բարձրանար օվկիանոսի վրա: Այնտեղ նա գտավ ամբողջովին ավերված մի փոքրիկ տնակի մնացորդները, որի կողքին գտնվում էր դրա անուշադրության մատնված քաղցր կարտոֆիլի արտը: Չորացող բույսերի մեջ նա տեսավ սպանված մոր և նրա երկու երեխաների դիակները: Տեսարանը լցրեց նրան խորը տխրությամբ, որը միախառնվեց իր սեփական ընտանիքի և բոլոր ընտանիքների հանդեպ ունեցած սիրո զգացմունքներին»:6

Հետո նա մտավ ինքնաշեն ռմբապաստարանը, որտեղ նա երկար մտածեց, խորհեց և աղոթեց: Նախագահ Փաքերը, ետ նայելով այս իրադարձությանը, նկարագրեց մի բան, ինչը ես կանվանեի հաստատող հոգևոր փորձառություն: Նա ոգեշնչում զգաց այն հարցի շուրջ, թե ինչ պիտի աներ իր կյանքում: Նա, իհարկե, գաղափար չուներ այն մասին, որ նա կկանչվեր այն բարձր և սուրբ կոչմանը, որը նա այժմ կրում է: Նրա տեսլականն էր, որ նա ուզում էր լինել ուսուցիչ՝ կարևորություն տալով Փրկչի ուսմունքներին: Նա մտովի որոշում կայացրեց, որ պիտի ապրեր արդար կյանքով:

Շատ հիմնավոր ձևով նա զգաց, որ պետք է գտներ արդար կին, և որ միասին նրանք կստեղծեին մեծ ընտանիք: Այս երիտասարդ զինվորը հասկացավ, որ իր ընտրած աշխատանքը կապահովեր համեստ վարձատրություն և որ իր սիրելի զուգընկերը պետք է ունենար նույն առաջնահերթությունները և ցանկանար ապրել առանց որոշ նյութական բաների: Քույր Դոննա Փաքերը եղել է և շարունակում է լինել Նախագահ Փաքերի կատարյալ զուգընկերը: Նրանք երբեք չեն ունեցել բավականաչափ լրացուցիչ գումար, սակայն նրանք իրենց ոչ մի առումով իրենց աղքատ չեն զգացել: Նրանք մեծացրել են 10 երեխաներ, և նրանք զոհաբերել են: Նրանք այժմ ունեն 60 թոռ և ավելի քան 80 ծոռ:

Ես կիսվում եմ այս ճշմարիտ պատմությամբ, քանի որ շատ հաճախ մեր նպատակները հիմնվում են այն ամենի վրա, ինչն աշխարհն է արժևորում: Կարևոր տարրերը իսկապես շատ պարզ են այն անդամների համար, ովքեր ստացել են փրկող արարողությունները: Եղեք արդար: Ընտանիք կազմեք: Գտեք պատշաճ եղանակ միջոցներ ապահովելու համար: Ծառայեք համաձայն ձեր կոչումների: Նախապատրաստվեք Աստծուն տեսնելուն:

Փրկիչը սովորեցրել է, որ «մարդիս ստացուածքի առաւելութիւնիցը չէ նորա կեանքը» (Ղուկաս ԺԲ.15):

Կառուցեք ձեր երկիրը և համայնքը

Ի լրացում անհատական հատկանիշների, որակների և որոշումների, եթե դուք ցանկանում եք լինել այն սերունդը, որը պետք է լինեք, դուք կկառուցեք ձեր երկիրը և համայնքը, որտեղ դուք ապրում եք: Ձեր սերունդը պետք է պահպանի արդարությունը և կրոնի ազատությունը: Հրեական քրիստոնեության ժառանգությունը, որը մենք ժառանգել ենք, ոչ միայն թանկարժեք է, այլ նաև կարևոր է մեր Երկնային Հոր ծրագրի համար: Մենք պետք է պահպանենք այն հետագա սերունդների համար: Մենք պետք է միանանք լավ մարդկանց, ներառյալ բոլոր նրանց, ովքեր այլ հավատքներից են, հատկապես նրանց, ովքեր պատասխանատու են իրենց համարում Աստծո առաջ իրենց արարքների համար: Սրանք այն մարդիկ են, ովքեր կհասկանան հետևյալ խորհուրդը. «Ով էլ դու լինես, լավ կատարիր քո մասը»: Հրեական քրիստոնեության արժեքների և կրոնի ազատության արդյունավետության մեծացումը կլինի որպես հրաշալի սերունդ ձեր սերնդի բնորոշումը:

Հաշվի առնելով այն խնդիրները, որոնք գոյություն ունեն աշխարհում այսօր, Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը հատկապես մտահոգված են, որ դուք պատշաճորեն մասնակցեք այն երկրի քաղաքական գործընթացներին, որտեղ դուք ապրում եք: Եկեղեցին չեզոք դիրքում է քաղաքական պայքարներում և չի աջակցում թեկնածուներին կամ կուսակցություններին: Այնուամենայնիվ, մենք ակնկալում ենք, որ մեր անդամներն ամբողջությամբ ներգրավված կլինեն աջակցելու իրենց ընտրած թեկնածուներին և կուսակցություններին, հիմնվելով այն սկզբունքների վրա, որոնք կապահովեն լավ կառավարություն: Մեր վարդապետությունը պարզ է. նրանք, ովքեր բարի են, «ազնիվ … և իմաստուն … պետք է փնտրվեն ջանասիրաբար» (ՎևՈՒ 98.10):

Մենք մեծապես վստահում ենք ձեզ: Եկեղեցու ղեկավարությունն անկեղծորեն հավատում է, որ դուք կարող եք կառուցել թագավորությունն այնպես, ինչպես ոչ մի նախորդ սերունդ չէր կարող: Դուք ունեք ոչ միայն մեր սերը և վստահությունը, այլ նաև մեր աղոթքները և օրհնությունները: Մենք գիտենք, որ ձեր սերնդի հաջողությունը կարևոր է, որ Եկեղեցին շարունակի հաստատվել և թագավորությունը մեծանալ: Մենք աղոթում ենք, որ դուք լավ կատարեք ձեր մասը, խուսափելով դիմակ կրելուց, գործելով ձեր իրական իսկության համաձայն, պատշաճ նպատակներ ունենալով և կառուցելով ձեր երկիրը և համայնքը:

Հղումներ

  1. David O. McKay, in Francis M. Gibbons, David O. McKay: Apostle to the World, Prophet of God (1986), 45.

  2. Mark L. Staker, “Remembering Hiram, Ohio,” Ensign, Oct. 2002, 32, 35.

  3. Տես Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 24:

  4. “True to the Faith,” Hymns, no. 254.

  5. L. Tom Perry, in “Joy—for Us and Others—Comes by Following the Savior,” http://lds.org/prophets-and-apostles/what-are-prophets-testimonies?lang=eng.

  6. Lucile C. Tate, Boyd K. Packer: A Watchman on the Tower (1995), 58–59.

Երեց Քվենթին Լ. Քուքի լուսանկարը Գրեյգ Դայմոնդի կողմից; լուսանկարները՝ Սքոթ Դեյվիսի

Երեց Լ. Թոմ Փերին լավ կատարեց իր մասը, երբ կայանել էր Ճապոնիայում:

Երեց Լ. Թոմ Փերիի լուսանկարը © IRI

Նախագահ Բոյդ Ք. Փաքերը օրհնվել է արդար նպատակներ ունենալու համար:

Նախագահ Բոյդ Ք. Փաքերի լուսանկարը, բազմացումն արգելվում է

Տպել